Արևիկ Հայրապետյան

Sep 19, 2016

Բացասական մտքերից ազատվելու 3 խորհուրդ

Updated: Sep 10, 2020

Նպատակին հասնել և դառնալ հաջողակ

Լինում են պահեր, երբ ցանկանում ենք մի ինչ-որ յուրահատուկ բան իրագործել մեր կյանքում, այնպիսի մի բան, որի մասին մեր ընտանիքի անդամները կամ հասակակիցները երբևէ չէին էլ կարող երազել: Մեր երևակայության մեջ մենք մեզ ազատություն ենք տալիս՝ ներկայից աներևութանալու և մեծ երազանքներ կառուցելու համար: Դրանք մեզ թևեր են տալիս, մենք զգում ենք դրական էներգիայի հոսք և պատրաստ ենք գրավել աշխարհը:

Եթե միայն այս պահերը անվերջ լինեին...

Հիասթափություն

Յուրաքանչյուրիս ճանապարհին էլ լինում են պահեր, երբ ամեն ինչ այնպես չի ստացվում, ինչպես մենք էինք պլանավորել: Մենք հիասթափվում ենք և կորցնում մեր ուղին: Եվ սա լավ առիթ է մեր բացասական, երբեմն էլ կպչուն մտքերի համար՝ սկսելու իրենց «դասախոսությունը»:

«Ի՞նչն է ստիպում քեզ մտածել, որ դու կարող ես դա անել»: «Ո՞վ ես դու, որ նույնիսկ փորձես ինչ-որ նշանակալից բան ստեղծել»: «Դու շատ փոքր ես՝ որևէ փոփոխություն իրականացնելու համար: Ապրի՛ր միջակության սկզբունքով»:

Ծանոթ է, չէ՞:

Բացասական և կպչուն մտքեր

Հատկապես եթե Դուք հեռուն գնալու ծրագրեր ու մեծ երազանքներ ունեք, պատրա՛ստ եղեք, որ այդ բացասական մտքերը շարունակաբար փորձելու են ահաբեկել Ձեզ: Այդ իսկ պատճառով անչափ կարևոր է սովորել պայքարել նման մտքերի դեմ՝ ցանկացած իրավիճակում սեփական մտքերի համար պատասխանատվություն ստանձնելով: Ինչպես և ցանկացած այլ ճակատամարտում, մեր գլխում պտտվող անպիտան մտքերի դեմ պայքարելը և դրանց նկատմամբ հաղթանակ տանելը պահանջում է ռազմավարություն:

Երբ զգում եք, որ բացասական մտքերը սկսում են գլուխ բարձրացնել և վերահսկել Ձեզ, խորհուրդ ենք տալիս կիրառել հետևյալ 3 պարզ, միաժամանակ օգտակար քայլերից բաղկացած ռազմավարությունը:

Ինչպե՞ս հաղթահարել կպչուն մտքերը

Ճանաչել կպչուն մտքերը

1-ին՝ Երբևէ մի՛ անտեսեք Ձեր գլխում պտտվող բացասական մտքերը: Դուք կկարողանաք հաղթել այս ճակատամարտում միմիայն այն դեպքում, եթե լավ գիտակցեք, թե ով է Ձեր «թշնամին» և լավ ճանաչեք վերջինիս: Այս գործընթացը որքան հնարավոր է հետաքրքի՛ր դարձրեք: Օրինակ, Դուք կարող եք յուրաքանչյուր մտքի մի որևէ ծիծաղելի անուն տալ: Որքան հնարավոր է ստեղծարա՛ր եղեք: Օրինակ, ամեն անգամ, երբ զգում եք, որ վախի ձայնը սկսում է իր «ներկայացումը», սկսե՛ք խոսել նրա հետ. կարող եք ասել նրան հետևյալը, «Իզուր ես եկել, Բուբաբու՛, ասա՛ այն, ինչ ունես ասելու մինչ ես քո հարցերը կլուծեմ» :)

Առողջ ինքնագնահատական

2-րդ՝ Բուբաբուի ուղերձն ուշադիր, բայց սառնասրտորեն լսելուց հետո, Դուք պետք է նրան մի լավ դաս տաք: Կարող եք բարձրաձայնել բոլոր այն հաջողությունները՝ մեծ կամ փոքր, որ ունեցել եք Ձեր կյանքում: Ասե՛ք Բուբաբուին, որ նախկինում ևս Ձեր գլխում իր նման բացասական մտքեր են բզզացել, բայց դա Ձեզ չի խանգարել ձեռբերումներ ունենալ և հաջողությունների հասնել:

Եվ վերջում, ի սրտե «Շնորհակալությու՛ն» հայտնեք Բուբաբուին: Հիշե՛ք՝ այն, որ Ձեզ այցի է գալիս Բուբաբուն կամ իր նման մեկ այլ միտք, փաստում է, որ Դուք ինչ-որ նշանակալից բանի հասնելու ճանապարհին եք: Դա նշանակում է, որ ԴՈՒՔ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԵՔ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ:

Փոքրիկ քայլերի արվեստը

Երբ Դուք կատարեք այս 3 պարզ քայլերը, Դուք Ձեզ թեթևացած կզգաք. կարծես Ձեր ուսերից ծանր բեռ հանված լինի: Դուք Ձեզ ավելի ուժեղ կզգաք: Որքան շատ կիրառեք այս ռազմավարությունը, այնքան Ձեր մտքերը կառավարելու և ամենակարևորի վրա կենտրոնանալու հարցում ավելի հմուտ կդառնաք:

Հիշեք, որ ձախողելու կամ քննադատվելու վախը միշտ էլ Ձեզ այցի է գալու. դա մարդկային աճի անբաժանելի մասն է:

Այն դրական ազդեցությունը, որ Դուք կարող եք ունենալ աշխարհում՝ Ձեր լավագույն տաղանդները արտահայտելու շնորհիվ, անչափ կարևոր է մեզ բոլորիս համար, և Դուք պարզապես իրավունք չունեք Ձեր գլխում պտտվող անպիտան մտքերին վերջին խոսքի իրավունք տրամադրել: Այնպես որ՝ Առա՛ջ:

Ձգտե՛ք կատարելության,

Արևիկ

Հ.Գ. Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին (Կայզեն TV), որտեղ կգտնեք մասնագիտական օգտակար խորհուրդներ՝ Ձեր նպատակները ամենօրյա փոքրիկ քայլերով իրականացնելու, երջանիկ ու ներդաշնակ կյանքով ապրելու համար:

0