Search
  • Arevik Hayrapetyan

Առողջ ապրելակերպ վարելու «վնասները». լինել ֆիզիկապես առողջ և ներդաշնակ

Առողջ ապրելակերպի սկզբունքները


Ճիշտ սննդակարգ, ֆիզիկական վարժություններ


Կան միանգամայն ադեկվատ պատճառներ մարզասրահ գնալու, առողջ սնվելու համար: Մենք բոլորս գիտենք կամ գոնե լսել ենք այլ մարդկանցից, որ եթե սնվենք առողջ, հոգ տանենք մեր մարմնի մասին, ապրենք ֆիզիկապես ակտիվ կյանքով, օրինակ՝ հաճախենք մարզասրահ, մենք մեզ կսկսենք ավելի լավ զգալ, ավելի շատ էներգիա կունենանք, և առհասարակ մեր կյանքի որակը կբարելավվի:


Մեր մարմնի մասին հոգ տանելու և առողջ ապրելակերպ վարելու մեկ այլ հետևանք է այն, որ մեր մարմինը կազատվի ավելորդ քաշից, կդառնա ավելի մկանեղ, բարեկազմ և սլացիկ:

Բայց արի ու տես, որ շատ մարդկանց համար հենց իրենց արտաքին տեսքը փոխելն է դառնում կարևորագույն պատճառ՝ մարզասրահ գնալու կամ առողջ սնվելու համար:

Եթե մի փոքր էլ խորանանք, պարզ է դառնում, որ շատ մարդիկ, ովքեր ունեն ավելորդ քաշ կամ բարեկազմ չեն (ի դեպ, սա հավասարապես վերաբերում է թե՛ կանանց, թե տղամարդկանց), այնքան էլ չեն սիրում իրենք իրենց ու իրենց մարմինը:


Նրանք մտածում են, որ իրենց հետ ինչ-որ բան այն չէ, քանի դեռ նրանք ունեն այդ ավելորդ կիլոգրամները և որպեսզի լինեն սիրված կամ գնահատված իրենց միջավայրում կամ ինչ-որ կոնկրետ մարդու հավանությանը արժանանան, պետք է ունենան համապատասխան արտաքին:


Որպես արդյունք՝ մարզասրահում պարապելով կամ առողջ սնվելով՝ այդ մարդիկ, ասես, պայքարում են իրենք իրենց դեմ ու պատժում են իրենք իրենց՝ ձգտելով ազատվել ավելորդ կիլոգրամներից:


Ինքս շաբաթը 3 անգամ գնում եմ մարզասրահ ու հաճախ եմ նկատում, թե ինչպես են մարդիկ հուսահատված նայում կշեռքին, երբ գիտակցում են, որ այդքան պարապելուց հետո իրենց քաշը շարունակում է նույնը մնալ, կամ երբ կանայք ու տղամարդիկ իրենց տանջում են՝ չափից ծանր քաշ ունեցող ծանրաձողեր բարձրացնելով, որովհետև հավատացած են, որ միայն մկանեղ մարմինը իրենց կդարձնի ուրիշների հավանությանը արժանի մարդ:


Հավատացե՛ք՝ նույնիսկ, երբ ինքնաքննադատությունը մոտիվացնում է Ձեզ գնալ մարզասրահ կամ առողջ սնվել, սա միայն կարճաժամկետ լուծում է, որովհետև ինչ-որ պահի Դուք զգալու եք, որ այնքան եք քննադատել ու տանջել ինքներդ Ձեզ, որ ժամանակն է մի քիչ Ձեզ երես տալու:


Որպես արդյունք՝ սկսելու եք բաց թողնել մարզասրահ գնալը, սկսելու եք ուտել անառողջ սնունդ, որից Ձեզ երկար ժամանակ հեռու էիք պահում, հետո Ձեզ մեղավոր եք զգալու թույլ գտնվելու համար, էլի Ձեզ քննադատելով և ստիպելով Ձեզ՝ գնալու եք մարզասրահ, ու այս արատավոր շղթան շարունակվելու է:


Սպորտով զբաղվելու, նիհարելու իրական մոտիվացիան


Իրականում, ամեն մարդ պետք է ինքն իր համար հասկանա, թե որն է իր համար առողջ ապրելակերպ վարելու՝ մարզասրահ գնալու, առողջ սնվելու հիմնական դրդապատճառը:


Եթե Դուք դա անում եք հենց Ձեզ համար, այսինքն՝ որպեսզի կարողանաք Ձեր մարմնում Ձեզ ավելի լավ զգալ, ավելի շատ էներգիա ունենալ, ավելի թեթև ու կենսունակ լինել, թեկուզ ավելի սլացիկ ու բարեկազմ դառնալու համար, բայց էլի դա անում եք հենց Ձեզ համար, այլ ոչ թե ինչ-որ մեկի հավանությունը մուրալու համար, անում եք դա այն հիմքի վրա, որ Դուք սիրում եք Ձեզ՝ անկախ նրանից՝ քանի կգ եք կամ ինչպիսի կազմվածք ունեք, ապա ես միմիայն խրախուսում եմ, որ շարունակեք հենց այդպես:


Բայց եթե ինքներդ Ձեզ հետ անկեղծ լինելով՝ հասկանում եք, որ մարզվելու կամ առողջ սնվելու Ձեր առաջնային մոտիվացիան այն է, որ Դուք ունենաք գրավիչ մարմին (սա վերաբերում է հավասարապես թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց), ու որպեսզի հենց այդ գրավիչ մարմնի շնորհիվ դառնաք ավելի սիրված կամ ցանկալի այլ մարդկանց համար, ապա այստեղ խնդիր կա:


Փաստացի ոչ թե Ձեր ավելորդ կգն են Ձեզ անհանգստացնում, այլ այն, թե ինչպես եք Դուք տեսնում և ընկալում Ձեր մարմինը , ինչպես նաև Ձեզ անհանգստացնում է այն, թե ինչպես են այլ մարդիկ տեսնում Ձեզ և ինչ կարծիք ունեն Ձեր մասին: Այսինքն՝ նշանակում է, որ առաջին հերթին ոչ թե Ձեր մարմինը կարիք ունի փոխվելու, այլ հենց Ձեր ընկալումները Ձեր մարմնի մասին:


Ստացվում է նաև, որ իրականում Դուք կարիք ունեք ոչ թե ազատվելու ավելորդ քաշից, այլ կարիք ունեք սիրո, ու Ձեզ թվում է, թե իբր համապատասխան քաշը կտա Ձեզ այդ սերը:


Բայց պետք է ասեմ Ձեզ, որ նույնիսկ այն պարագայում, երբ Դուք հասնեք այդ իդեալական քաշին կամ ինչ-որ մարդիկ սկսեն հիանալ Ձեր բարեկազմությամբ, մեկ է, դա Ձեզ համար բավարար չի լինելու, ու Դուք շարունակական կախվածության մեջ եք լինելու այլ մարդկանց կարծիքներից:


Պատճառը պարզ է. քանի դեռ Դուք Ձեզ չեք սիրում, չեք տալիս Ձեզ այն սերը, որի կարիքը ունեք, ուրիշ ոչ մեկի սերը և հավանությունը Ձեզ չի հագեցնելու: Դուք նորանոր միջոցներ եք փնտրելու մի քիչ էլ նիհարելու, ինչ-որ թերություններ Ձեր արտաքինում ուղղելու՝ այն հույսով, որ եթե վերջապես ունենաք կատարյալ արտաքին, կդառնաք սիրո արժանի:


Բայց հավատացե՛ք՝ դա չի լինելու: Չէ՞ որ միակ բանը, որի կարիքը Դուք ունեք՝ Ձեզ ներդաշնակ ու բավարարված զգալու համար, ինքներդ Ձեր նկատմամբ սերն է:

Ահա թե ինչու՝ իմ խորհուրդն է Ձեզ՝ սկսեք սիրել ինքներդ Ձեզ հենց այնպիսին, ինչպիսին կաք: Այո՛, սկսեք ընդունել և սիրել Ձեզ՝ Ձեր բոլոր ավելորդ կիլոգրամներով, սկսեք սիրել Ձեզ՝ Ձեր բոլոր այսպես կոչված «թերություններով»: Չակերտների մեջ եմ դնում «թերություններ» արտահայտությունը, քանի որ այն, ինչ մենք հաճախ ընկալում ենք որպես թերություն մեր արտաքինի մեջ, ոչ այլ ինչ է, քան այլ մարդկանց սահմանափակ մտածողության արդյունք:


Առողջ ինքնագնահատական


Հավանաբար մտածում եք՝ ինչպե՞ս սիրեմ իմ «թերությունները» կամ ավելորդ կիլոգրամները: Պատասխանը շատ պարզ է. երբ նայում եք Ձեզ հայելու մեջ, ու Ձեր ներքին քննադատը սկսում է քննադատել Ձեզ ու ասել, թե որքան վատն ու անարժանն եք Դուք, որ ունեք այս բոլոր թերությունները, հենց այդ պահին հիշեցրեք Ձեզ, որ Դուք ընտրություն եք կատարում ինքներդ Ձեզ սեր տալու: Այո՛, սեր տալու Ձեր ավելորդ կիլոգրամներին, սեր տալու բոլոր այն «թերություններին», որ տեսնում եք Ձեր մեջ ու Ձեզ վրա: Հիշեցնում եմ սա հավասարապես վերաբերում է թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց:


Ասում եմ ընտրություն կատարեք, քանի որ Ձեր ներքին քննադատություններին տրվելը, ինքներդ Ձեզ չսիրելը և հակառակը ինքներդ Ձեզ սիրելն ու գնահատելը ընտրություններ են, որոնք Դուք եք կատարում ամեն պահ, ուրիշ ոչ ոք այդ ընտրությունը չի կատարում Ձեր փոխարեն:


Եվ երկրորդ հարցը, որ կարող է ծագել այստեղ հետևյալն է. եթե ես ընդունեմ ու սիրեմ ինձ՝ իմ ավելորդ կիլոգրամներով կամ այսպես կոչված «թերություններով», ապա էլ ինչու՞ պետք է փոխվեմ, գնամ մարզասրահ, առողջ սնվեմ, հենա կմնամ էնպիսին, ինչպիսին կամ:


Պատճառն այն է, որ մեր մարմինն ավելին է, քան այդ մի քանի ավել կգ-ը, մեր մարմինն ավելին է, քան այս կամ այն թերությունը. կան հարյուրավոր պատճառներ, թե ինչու մենք պետք է սիրենք ու գնահատենք մեր մարմինը. չէ՞ որ այն մեր տունն է, մեր ապաստանն է, այն կրում է մեր էությունն իր մեջ՝ անկախ նրանից՝ մենք որտեղ ենք, այն հնարավորությունն է տալիս մեզ շարժվելու, հազար ու մի բան անելու օրվա ընթացքում, այն հնարավորություն է տալիս մեզ լինելու, գոյություն ունենալու, ապրելու:


Եվ այս ամենը հաշվի առնելով, կարծում եմ՝ կհամաձայնեք, որ մեր մարմինն արժանի է, որ մենք նրան հարգանքով ու սիրով վերաբերվենք ու հոգ տանենք նրա մասին:


Կապ չունի՝ ինչպիսինն է Ձեր մարմինը. եթե տաք նրան անպայմանական սեր, եթե ասեք Ձեր մարմնին հենց այն բառերը, որոնք ակնկալում եք լսել այլ մարդկանցից, եթե սկսեք երախտագիտությամբ վերաբերվել Ձեր մարմնին այն բոլոր հնարավորությունների համար, որ այն Ձեզ տալիս է, հավատացե՛ք Ձեր մարմնի հետ հարաբերությունները որակապես լրիվ ուրիշ մակարդակի կլինեն, ինչից կբարեփոխվի նաև Ձեր կյանքի որակը, Դուք կդառնաք լիարժեք, ներդաշնակ ու ինքնաբավ անհատ:

Շնորհակալ ենք Կայզեն TV-ի այս հաղորդմանը հետևելու համար:

Եթե այն օգտակար էր Ձեզ համար, ապա կիսվեք այս տեսանյութով սոցիալական մեդիայի Ձեր էջերում և բաժանորդագրվեք մեր ալիքին:

Ուրախ կլինենք իմանալ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ այս տեսանյութի վերաբերյալ: Վստա՛հ գրեք այն: :)

Եվ եթե ուզում եք, որ Ձեր հարցը հնչի և իր պատասխանը ստանա ԿայզենTV-ի եթերում, ապա ուղարկեք մեզ Ձեր հարցերը նամակի տեսքով Kaizen Mastery ֆեյսբուքյան էջին:

Ձգտե՛ք Կատարելության...

Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտ

© 2016-2020 by Kaizen Mastery

People Development Institute

  • LinkedIn Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
  • Facebook Social Icon
  • images

Email: kaizenmastery@gmail.com

Phone: +374 (0) 55 345219

Yerevan, Armenia