top of page
Search

Բարկություն. օգտակար խորհուրդներ

Arevik Hayrapetyan

ԿայզենTV-ի այսօրվա թողարկմանը ցանկանում եմ խոսել բարկության մասին, հատկապես այն պատճառով, որ բարկության վերաբերյալ կան բազմաթիվ թյուրընկալումներ մեր իրականության մեջ:


Ի՞նչ է բարկությունը


Բարկությունը մարդկային էմոցիաներից մեկն է: Իհարկե, այն երկրորդային էմոցիա է, ամեն դեպքում այն ոչ այլ ինչ է, քան մարդկային էմոցիա: Քանի որ շատ մարդիկ հակված են մտածել, որ բարկությունը մեղք է, որ բարկանալը մարդուն վատն է դարձնում, մեղսավոր է դարձնում, իրենք միանգամայն սխալ հարաբերության մեջ են սեփական բարկության հետ, ինչից իհարկե հենց իրենք շատ են տուժում:


Բարկությունը մեզանում առաջ է գալիս, երբ մենք ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին դիտարկում ենք որպես սպառնալիք (այն կարող է լինել իրական կամ թվացյալ սպառնալիք) ոչ միայն մեր ֆիզիկական գոյատևմանը, այլև մեր էմոցիոնալ բարօրությանը: Դա է պատճառը, որ երբ մենք բարկացած ենք, մեր գոյատևման բոլոր մեխանիզմները ակտիվանում են:


Հարկ է հասկանալ, որ երբ մենք ինչ-որ սպառնալիքի ենք հանդիպում, մենք մեզ սկսում ենք անզոր զգալ, թվում է՝ մենք իրավիճակի զոհն ենք: Բնական է՝ մարդկանց մեծամասնությունը չի ուզում երկար մնալ անզորության վիճակում: Ահա թե ինչու մենք նախընտրում ենք բարկանալ: Երբ մենք բարկացած ենք, մեզ թվում է, որ մենք դուրս ենք եկել ցավոտ անզորությունից և գոնե ինչ-որ ձևով կարող ենք ազդել իրավիճակի կամ մեկ այլ մարդու վարքագծի վրա:


Բարկությունը զսպելու բացասական հետևանքները


Բայց կան նաև մարդիկ (սա հատկապես վերաբերում է կանանց), ովքեր ձգտում են անել ամեն հնարավոր բան, միայն թե չբարկանան, իսկ բարկանալիս՝ անել ամեն հնարավոր բան՝ ցույց տալու համար, թե իբր իրենք բարկացած չեն: Չէ՞ որ շատ աղջիկ երեխաների դաստիարակում են այն գաղափարով, թե իրբ «աղջկան չի սազում բարկանալը», «բարկացած աղջիկները վատն են, նրանց չեն սիրում»: Ու քանի որ յուրաքանչյուրիս համար սիրված լինելը թթվածնի պես կարևոր կարիք է ու փոքրուց մեզ ասել են, որ եթե բարկանանք, մեզ չեն սիրի, ամեն անգամ, երբ մենք ինչ-որ բանից բարկանում ենք, մենք ձգտում ենք ամեն կերպ ճնշել այդ բարկությունը: Արդյունքում, մենք շարունակում ենք մնալ անզորության վիճակի մեջ:


Այն մարդիկ, ովքեր իրենց թույլ չեն տալիս բարկանալ, հակված են իրական կյանքում հանդիպել մարդկանց, ովքեր իրենց վրա են թափում սեփական բարկությունը, այսպիսով՝ այդ մարդիկ շարունակաբար մնում են զոհի, անզորության հոգեվիճակներում:


Ինչպե՞ս փոխել կյանքը բարկության էմոցիայի միջոցով


Հարկ է մեկընդմիշտ հասկանալ մի բան. ոչ մի վատ բան, ոչ մի ամոթ բան, ոչ մի հանցանք չկա բարկություն զգալու մեջ: Ես չեմ ասում, որ բարկությունը լավագույն վիճակն է, որում Դուք կարող եք լինել, կամ որ պետք է օրը 24 ժամ, շաբաթը 7 օր լինեք բարկացած: Բայց հարկ է գիտակցել, որ բարկությունը շատ կարևոր գործառույթ ունի յուրաքանչյուրիս կյանքում: Բարկությունը կենսական դեր ունի մեր գոյատևման համար, այն դուրս է հանում մեզ անզորության վիճակից, առանց բարկության մենք չենք կարող դուրս գալ անզորության վիճակից: Բարկության էմոցիան հիշեցնում է Ձեզ, որ Դուք անզոր չեք, որ ունեք ընտրության հնարավորություն, և ընտրություն ունենալու գիտակցումը օգնում է Ձեզ զգալ սեփական զորությունը:


Երբ Դուք բարկություն եք զգում, դա նշանակում է, որ Ձեզ համար կարևոր ինչ-որ մի բան ոտնահարվել է: Բարկությունը հիշեցնում է Ձեզ, որ ինչ-որ մեկն արել է մի բան, որը Ձեզ համար անընդունելի: Երբ Դուք բարկացած եք ինքներդ Ձեզ վրա, Դա նշանակում է, որ Դուք ինքներդ եք արել այնպիսի մի բան, որը Ձեր համոզմունքների համաձայն՝ չպետք է անեիք: Բարկությունը առաջ է գալիս Ձեզ տեղեկացնելու, թե ինչն այնպես չեք անում, ինչը Ձեր սրտով չէ, ինչը Ձեր կյանքում փոփոխության կարիք ունի: Դուք չեք կարող կյանքի կոչել Ձեր ներքին ճշմարտությունը կամ Ձեր կյանքում փոխել մի բան, որից բավարարված չեք, առանց Ձեր բարկության էմոցիայի հետ կապ ունենալու: Չեմ բացառում այն փաստը, որ Ձեր համոզմունքները վերանայման կարիք ունեն: Ամեն դեպքում կարևորն այն է, որ գիտակցենք, որ բարկության էմոցիան առաջ է գալիս մեզ կարևոր ինֆորմացիա հաղորդելու նպատակով՝ հաշվի առնելով մեր ներկա համոզմունքները:


Վախեր, ինքնագնահատական և բարկություն


Ինչպես արդեն նշել եմ, բարկությունը երկրորդային էմոցիա է, ինչը նշանակում է, որ բարկության տակ միշտ մեկ այլ էմոցիա է թաքնված, սովորաբար դա վախն է: Եթե Դուք հակված եք հաճախակի բարկանալ, շատ կարևոր է հասկանալ, որ Ձեր կյանքում կա որևէ իրական կամ թվացյալ սպառնալիք, որից Դուք վախենում եք: Դուք ունեք ներքին անզորության վիճակ, որին Դուք ոչ մի կերպ չեք ուզում առերեսվել: Հարկ է հասկանալ, որ հաճախ մեզանում խիստ բարկություն է առաջացնում այն, որ մարդիկ չեն տեսնում մեզ այնպիսին, ինչպիսին մենք կանք: Այսինքն՝ նրանք մերժում են մեր իրական էությունը և ուզում են մեզ դարձնել այնպիսին, ինչպիսին իրենք են ուզում, որ մենք լինենք: Օրինակ՝ շատ դեռահասներ հենց այս պատճառով են ներքուստ խիստ բարկացած. նրանք իրենց ընդունված ու հասկացված չեն զգում շրջապատի մարդկանց կողմից, նրանք անընդհատ զգում են իրենց ծնողների, ուսուցիչների ճնշումը՝ դառնալու այնպիսին, ինչպիսին այլ մարդիկ են ուզում իրենց տեսնել:


Օգտակար խորհուրդներ բարկությունը արտահայտելու համար


Շատ կարևոր է հասկանալ, որ բարկացած լինելը, բարկություն զգալը և սեփական բարկությունը ուրիշի վրա թափելը կամ ոչ կառուցողական ձևով արտահայտելը միանգամայն տարբեր բաներ են: Երբ անհատը թույլ է տալիս իրեն ընդունել սեփական բարկությունը, գտնել սեփական բարկության արտահայտման կառուցողական ձևեր, ապա այդ մարդը երբեք չի թափի սեփական բարկությունը ուրիշի վրա՝ իրեն թեթևացած կամ բավարարված զգալու համար:


Այսպիսով՝ մենք չպետք է ճնշենք մեր բարկությունը, միևնույն ժամանակ չպետք է թափենք մեր բարկությունը այլ մարդկանց վրա: Ահա մի քանի օգտակար խորհուրդներ, որոնք կօգնեն Ձեզ կառուցողական մոտեցում ձևավորել Ձեր բարկության նկատմամբ՝


1- Մենք պետք է ճանաչենք բարկությունը, երբ այն դրսևորվում է մեզանում, օրինակ ասելով՝ «Ես զգում եմ, որ հիմա բարկացած եմ», «Ես ընդունում եմ, որ հիմա խիստ բարկացած եմ»:


2- Մենք պետք է բարկության էմոցիային վերաբերվենք որպես կարևոր և արժանի մեր ուշադրությանը: Մենք չպետք է փորձենք հնարավորինս շուտ ազատվել մեր բարկությունից, փոխարենը՝ մենք պետք է հնարավորություն տանք մեզ հասկանալու մեր բարկության իրական պատճառը: Դրա համար անհրաժեշտ է միանգամայն անկեղծ լինել ինքներս մեզ հետ ու տալ մեզ հետևյալ հարցերը՝


Ի՞նչ սպառնալիք եմ տեսնում իմ առջև: Ինչի՞ց եմ իրականում ես այդքան վախենում այս իրավիճակում: Իմ ո՞ր կարիքը բավարարված չէ այս իրավիճակում: Ի՞նչն է ինձ ամենաշատը ցավ պատճառում այս իրավիճակում: Ի՞նչ է ուզում իմ բարկությունը հաղորդել ինձ:


Երբ մեզ թվում է, թե ինչ-որ բան սպառնում է մեզ ու մեր բարօրությանը, մենք սկսում ենք մեզ միանգամայն խոցելի զգալ: Օրինակ՝ Դուք աշխատանքի եք դիմել, բայց Ձեզ չեն ընտրել: Դրա արդյունքում Դուք խիստ բարկացել եք: Եթե անկեղծ լինեք ինքներդ Ձեզ հետ, կհասկանաք, որ Ձեր բարկության տակ թաքնված է այն վախը, որ գուցե Դուք բավական լավը չեք՝ որպես մասնագետ կամ որ Դուք երբեք էլ չեք կարող հասնել Ձեր մասնագիտական նպատակներին: Երբ գիտակցում եք Ձեր բարկության իրական պատճառները, Ձեզ համար շատ ավելի հեշտ է դառնում բաց թողնել բարկությունը՝ հասկանալով, որ բարկությունը ընդամենը ախտանշան է առավել խորքային խնդրի: Եթե լուծեք այդ խնդիրը, ապա բարկությունը շատ ավելի քիչ առիթներ կունենա Ձեզ այցելելու:

բարկությունը զսպելու հետևանքները

Նկարի աղբյուրը՝ unsplash.com


Սթրես, լարվածություն մարմնում


3- Երբ մենք բարկացած ենք, սովորաբար դա ստիպում է մեզ սեղմել մեր ատամները, մկանները և լարվածություն կուտակել մեր մարմնում: Երբ մենք պահում ենք բարկությունը մեր մարմնում, այն կարող է խիստ վատ անդրադառնալ առողջության վրա: Հիշե՛ք՝ այն բանից հետո, երբ բարկությունը արտահայտվում է մեր ներսում և հաղորդում է իր ուղերձը, մենք պետք է նրանից կառչելու փոխարեն, բաց թողնենք այն:


4-Թու՛յլ տվեք Ձեզ զգալ բարկությունը Ձեր մարմնում, փորձե՛ք զգալ, թե Ձեր մարմնի որ հատվածում է այն դրսևորվում, ինչ զգացողություններ են արթնանում:


5-Խորը շնչեք և երկար արտաշնչեք 10-12 անգամ:


6-Թղթի վրա կամ Ձեր օրագրում գրե՛ք Ձեր բարկության մասին, տվե՛ք Ձեզ լիարժեք ազատություն արտահայտելու Ձեր բարկությունը: Դուք կարիք չունեք հետ պահելու Ձեր «վատ մտքերը», փոխարենը տվեք Ձեզ հնարավորություն դուրս հանելու այն ամենը, ինչը կուտակված է Ձեր մեջ: Եթե ինչ-որ մեկի նկատմամբ բարկացած եք, գրելով արտահայտեք այդ բարկությունն այնպես, ասես հենց այդ մարդու հետ եք խոսում: Այնուհետև գրեք Ձեր բարկության իրական պատճառների մասին: Եթե օրինակ ինչ-որ մեկի արարքը հիշեցրեց Ձեզ նրա մասին, թե որքան անկարևոր եք Դուք այդ մարդու համար, ապա գրելով արտահայտեք, թե որքան ցավոտ է Ձեզ համար լինել անկարևոր:

Մոտիվացիա


7-Շատ մարդկանց համար բարկությունը դառնում է մոտիվացիայի աղբյուր, և նրանք կարող են ինչ-որ մեկի վրա բարկացած լինելու էներգիան օգտագործել ինչ-որ բան ստեղծելու համար՝ ներքուստ ցանկանալով ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցել, նույնիսկ վրեժ լուծել սեփական հաջողություններով, որոնց մոտիվացիան հենց բարկությունն է: Ես չեմ բացառում, որ բարկությունից մոտիվացվելով՝ Դուք շատ բաների կարող եք հասնել, քանի որ բարկության էներգիան իսկապես ուժեղ է:


Այնուամենայնիվ, հարկ է հիշել, որ բարկության տակ թաքնված է վախը, անապահովության, անարժանության զգացումը, իսկ դրանց հիման վրա կառուցվող ոչ մի բան չի կարող երկարաժամկետ դրական հետևանքներ ունենալ: Փոխարենը, մենք կարող ենք հասկանալ, թե ինչ է բարկությունը ուզում հաղորդել մեզ, բացահայտել բարկության խորքային պատճառները: Դա կարող է ոգեշնչել մեզ լուծել մեր ներքին խնդիրները և կառուցողական քայլեր անել մեր կյանքը բարելավելու ուղղությամբ:


8-Շատ կարևոր է քաջություն գտնել մեր մեջ և անել հնարավոր ամեն բան կառուցողական ձևով արտահայտելու մեր բարկությունը այն մարդուն, ում արարքը առաջ է բերել այդ բարկությունը: Այսինքն՝ բարկությունը մեր մեջ պահելու փոխարեն՝ մենք պետք է անկեղծ լինենք մեզ հետ, հասկանանք, թե ինչով է դիմացինի արարքը մեզ ցավ պատճառել: Այնուհետև այդ մարդուն պատմենք դրա մասին, ասենք, թե մեր որ կարիքներ են աչքաթող արվել կամ գուցե ոտնահարվել, ինչ ենք մենք զգում դրա արդյունքում:


Օրինակ, եթե Դուք խիստ բարկացած եք, որ Ձեր սիրելի մարդը Ձեզ ժամանակին չի զանգահարել, նրա վրա Ձեր բարկությունը թափելու փոխարեն, Դուք կարող եք նրա հետ անկեղծանալ այն մասին, որ նրա չզանգելը ստիպեց Ձեզ անհանգստանալ, Ձեզ զգալ անկարևոր ու լքված: Եթե այդ մարդը Ձեզ լսելու ցանկություն չունի կամ Ձեր ասելուց հետո շարունակում է նույն կերպ վարվել, ապա Դուք պետք է վերագնահատեք այդ մարդու հետ Ձեր հարաբերությունների հետագա հնարավորությունը:

 

Շնորհակալ ենք Կայզեն TV-ի այս հաղորդմանը հետևելու համար:

Եթե այն օգտակար էր Ձեզ համար, ապա կիսվեք այս տեսանյութով սոցիալական մեդիայի Ձեր էջերում և բաժանորդագրվեք մեր ալիքին:

Ուրախ կլինենք իմանալ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ այս տեսանյութի վերաբերյալ: Վստա՛հ գրեք այն: :)

Եվ եթե ուզում եք, որ Ձեր հարցը հնչի և իր պատասխանը ստանա ԿայզենTV-ի եթերում, ապա ուղարկեք մեզ Ձեր հարցերը նամակի տեսքով Kaizen Mastery ֆեյսբուքյան էջին:


Ձգտե՛ք Կատարելության...

Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտ

 
 

Commenti


© 2016-2024 by Kaizen Mastery

People Development Institute

  • LinkedIn Social Icon
  • YouTube Social  Icon
  • Facebook Social Icon
  • images

Email: kaizenmastery@gmail.com

WhatsApp: +374 (0) 55 345219

Yerevan, Armenia

bottom of page