top of page
Search
Kaizen Mastery

Ի՞նչ անել բացասական մտքերի և էմոցիաների հետ (5 պարզ քայլ)

Բացասական մտքեր


ԿայզենTV-ի տեսանյութերում լայֆ քոուչ Արևիկ Հայրապետյանը հաճախ է խոսում դրական մտածելու կարևորության մասին:

Չէ՞ որ դրական մտքերը նպաստում են մեր լավ ինքնազգացողությանը, իսկ երբ մենք մեզ լավ ենք զգում, հակված ենք անել այնպիսի քայլեր, որոնք մեզ առաջ են մղում: Բնական է՝ այդ դրական քայլերից բխող արդյունքը ամենից հաճախ դրական է լինում:

Այս ամենը հաշվի առնելով՝ կարևոր է հասկանալ և ընդունել այն փաստը, որ ուրախ ու երջանիկ օրերի կողքին մենք ունենում ենք նաև տխուր օրեր, լուսավոր պահերի կողքին լինում են շփոթվածության պահեր, դրական մտքերին ու էմոցիաներին զուգահեռ մենք ունենում ենք այսպես կոչված «բացասական էմոցիաներ»:


Ու այստեղ հարց է ծագում՝ ի՞նչ անել այդ «բացասական էմոցիաների» հետ:

Փախուստ վատ մտքերից և էմոցիաներից


Շատ մարդիկ, հատկապես նրանք, ովքեր դրական մտածելակերպի կողմնակիցներն են, նախընտրում են ամեն կերպ ապահովագրել իրենց «բացասական էմոցիաներից», հերքել դրանց գոյությունը:

Ու քանի որ այդ մարդիկ ուզում են միշտ բարձր տրամադրություն ունենալ, նրանք հաճախ անտեսում են այն էմոցիաները, որոնք այդքան էլ հաճելի չեն իրենց, գուցե ինչ-որ տեղ տհաճ են ու ներքին անհարմարավետություն են պատճառում:

Նման վարքագիծը այնքան էլ զարմանալի չէ, քանի որ հասարակությունը հաճախ խրախուսում է նման վարքագիծը. մեզ հաճախ են ասում` եթե տրամադրությունդ լավ չէ, մի հատ կինո նայիր, սկսիր գիրք կարդալ, կամ գնա ընկերներիդ հետ խմելու, ու տրամադրությունդ իսկույն կկարգավորվի:

Այսինքն` ամեն առումով մեզ խրախուսում ենք անտեսել մեր «բացասական» էմոցիաները, ամեն կերպ փախչել այդ էմոցիաներից ու հնարավորինս շուտ մոռացության մատնել նրանց:

Հավանաբար հիմա հիշում եք վերջին մի իրադարձություն, երբ տխուր էիք ու այդ պահին որոշեցիք Ձեզ շեղել մի լավ ֆիլմ նայելով, ու իրականում դա աշխատեց, ու Ձեր տրամադրությունը բարձրացավ:

Այո՛, այդ տարբերակը կարող է աշխատել, միայն թե արդյունքը միշտ կարճաժամկետ է:

Անկախ նրանից՝ որքան ենք ուզում փախչել մեր էմոցիաներից, որքան ենք ուզում ճնշել դրանք, մեկ է՝ նրանք չեն անհետանում, նրանք ճնշված վիճակով մնում են մեր մեջ ու շարունակում են վնասել մեզ:

Հավատացա՛ծ եղեք՝ այն, ինչին դիմադրում ենք, այն, ինչը չենք ուզում ընդունել, այն, ինչից շարունակաբար փախչում ենք, շարունակում է գոյություն ունենալ մեր կյանքում ու հետապնդել մեզ:

Ու քանի դեռ մենք չենք սովորել մեր էմոցիաների հետ առողջ հարաբերություններ կառուցել, դրանով միմիայն վնասելու ենք մեզ:

Երբ ճահճի մեջ ես ու ուզում ես անհապաղ դուրս գալ ճահճից, ավելի ես խրվում այդ ճահճի մեջ: Նմանապես, երբ ունենալով բացասական էմոցիա, անհապաղ ուզում ես ազատվել նրանից, որպեսզի չզգաս այն տհաճությունը, երբեմն էլ խորը ցավը, որ այդ էմոցիան պատճառում է քեզ, այնքան այդ էմոցիան ուժգնանում է:

Հիմա հավանաբար մտածում եք՝ լավ, ի՞նչ անեմ այն պահերին, երբ զգում եմ որևէ բացասական էմոցիա, ի՞նչ անեմ այդ էմոցիայի հետ:


Օգտակար խորհուրդներ քոուչ Արևիկ Հայրապետյանից

Լայֆ քոուչ Արևիկ Հայրապետյանը ներկայացնում է հետևյալ խորհուրդները:

Բացասական մտքերը և էմոցիաները բնական են


Խորհուրդ 1-ին՝ Կարևոր է հիշել, որ մեր այսպես կոչված «բացասական էմոցիաները» նույնքան բնական են, որքան մեր դրական էմոցիաները, և ոչ մի պատճառ չկա ամաչելու, մեզ վատ զգալու կամ մեզ դատապարտելու նրա համար, որ մենք ինչ-որ բացասական էմոցիաներ ունենք:

Օրինակ, եթե Դուք ինչ-որ մեկի նկատմամբ վախի, բարկության կամ նախանձի զգացում ունեք, դա չի նշանակում, որ Ձեզ հետ ինչ-որ բան այն չէ:

Փոխարենը, պետք է գիտակցենք, որ էմոցիաների ամբողջ սպեկտրը տրված է մեզ բնության կողմից, և այդ էմոցիաներից յուրաքանչյուրը մարդկային է, այդ էմոցիաներից յուրաքանչյուրն իր տեղն ու դերը ունի մեր կյանքում, մարդկային գոյության պրոցեսում:


Թու՛յլ տվեք Ձեզ զգալ տխրությունը


Խորհուրդ 2-րդ՝ Մենք պետք է պատրաստակամ լինենք՝ լիովին զգալու այն էմոցիաները, որոնցից փախչում ենք: Որքան շատ եք փախչում Ձեր էմոցիաներից, այնքան փախչում եք Ձեզնից: Բայց Դուք ոչ մի տեղ չեք հասնի՝ ինքներդ Ձեզնից փախչելով:

Երբ որևէ «բացասական էմոցիա եք զգում», ապա ընդառաջ գնացեք այդ էմոցիային ու լիարժեք ձևով ընդունեք այն՝ առանց դիմադրելու, զգացե՛ք այդ էմոցիան այնպես, ինչպես որ այն կա:

Մենք չենք կարող ազատվել ցավից, եթե շարունակ ճնշած ենք պահում այդ ցավը, անտարբեր ենք ձևանում ու թույլ չենք տալիս մեզ զգալ այն:

Եթե ուզում եք ազատվել տխրությունից, նախևառաջ պետք է տխրեք, զգաք տխրությունը ու ցավը Ձեր ամբողջ էությամբ ու հետո միայն կկարողաք բաց թողնել այդ ցավը լիարժեքորեն ու անմնացորդ:

Բացահայտե՛ք Ձեր կարիքները


Խորհուրդ 3-րդ՝ Այն բանից հետո, երբ ընդառաջ եք գնացել Ձեր էմոցիային ու արդեն որոշ ժամանակ զգացել եք այն Ձեր մարմնի ամեն մասնիկով, փորձեք հասկանալ՝ ինչ է ուզում հաղորդել կամ սովորեցնել Ձեզ այդ էմոցիան:

Օրինակ, եթե ինչ-որ երևույթի պատճառով բարկանում եք, նախևառաջ ընդունեք, որ բարկացած եք, այնուհետ փորձեք հարցեր տալ Ձեզ՝ ինչու՞ եմ բարկանում, ի՞նչ է այս էմոցիան փորձում ասել ինձ:

Այս ներքին հարցուպատասխանի ընթացքում գուցե պարզ դառնա, որ Դուք բարկացած եք, քանի որ անընդհատ արհամարհում եք Ձեր սեփական կարիքները՝ այլ մարդկանց հաճոյանալու համար:

Բարկության էմոցիան այցի է գալիս՝ հիշեցնելու Ձեզ, որ Դուք սպառվել եք, որ ժամանակն է կանգ առնել ու հոգ տանել Ձեր մասին: Ու քանի դեռ ականջալուր չեք նրան, թե ինչ է իրականում ուզում հաղորդել բարկության էմոցիան Ձեզ, այն շարունակաբար այցի է գալու Ձեզ՝ ուժգնացած ձևերով:

Կատարե՛ք անհրաժեշտ փոփոխությունները


Խորհուրդ 4-րդ՝ Այն պահից սկսած, երբ գիտակից եք դառնում Ձեր բարկության իրական պատճառների մասին, հարցրեք Ձեզ՝ ինչպե՞ս կարող եմ տրանսֆորմացնել կամ փոխակերպել բարկության էմոցիան որևէ դրական էմոցիայի, օրինակ՝ սիրո էմոցիայի: Չէ՞ որ հենց սիրո պակասից եք Դուք բարկություն զգում:

Այս փոխակերպումից էլ միանշանակ կբխի դրական որևէ քայլ: Օրինակ, գուցե որոշեք բարկության էներգիան փոխակերպել ինքներդ Ձեր նկատմամբ հոգատարությամբ, ինչից բխող քայլն էլ կլինի այն, որ Դուք գնաք զբոսնելու մոտակա այգում կամ զբաղվեք Ձեր սիրելի հոբբիներից մեկով:

Խորհուրդ 5՝ Շնորհակա՛լ եղեք Ձեր մեջ ծագած յուրաքանչյուր էմոցիային. չէ՞ որ եթե այդ էմոցիան չլիներ, Դուք կշարունակեիք անտեսել Ձեր կարիքները և հնարավորություն չէիք ունենա ինքներդ Ձեր նկատմամբ սիրով լցվելու.

Վստա՛հ եղեք ամեն անգամ, երբ Ձեզ հնարավորություն տաք լիովին զգալու Ձեր էմոցիաները, հաստատ մի նոր բան կբացահայտեք Ձեր մասին, Ձեր էության մասին, ու դա հնարավորություն լինի Ձեզ համար աճելու, զարգանալու, կյանքում առաջ շարժվելու:

 

Կայզեն TV-ի մասին


Շնորհակալ ենք Կայզեն TV-ի այս հաղորդմանը հետևելու համար:

Եթե այն օգտակար էր Ձեզ համար, ապա կիսվեք այս տեսանյութով սոցիալական մեդիայի Ձեր էջերում և բաժանորդագրվեք մեր ալիքին:

Ուրախ կլինենք իմանալ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ այս տեսանյութի վերաբերյալ: Վստա՛հ գրեք այն: :)

Եվ եթե ուզում եք, որ Ձեր հարցը նույնպես հնչի ԿայզենTV-ի եթերում, ապա ուղարկեք մեզ Ձեր հարցերը նամակի տեսքով Kaizen Mastery ֆեյսբուքյան էջին:

Ձգտե՛ք Կատարելության...

Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտ

0 comments

Yorumlar


bottom of page