top of page
Search
Kaizen Mastery

Ինչու՞ են երջանիկ մարդիկ սիրում մենակ մնալ (ժամանակ առ ժամանակ)

Բլեզ Պասկալը մենակության մասին


Սիրու՞մ եք արդյոք մենակ լինել:

Սիրու՞մ եք արդյոք մենակ մնալ ու ոչ մի գործ չանել՝ ոչ աշխատել, ոչ գիրք կարդալ, ոչ ֆիլմ նայել: Ուղղակի մնալ մենակ ու լինել ինքներդ Ձեզ հետ:

Եվ հետաքրքիր է՝ ի՞նչ եք զգում, երբ մենակ եք ու ոչինչ չեք անում:

Հարմարավե՞տ եք Ձեզ զգում, թե՞ անհանգիստ եք ու ուզում եք անպայման ինչ-որ բանով զբաղվել կամ ինչ-որ մեկի հետ պարտադիր խոսել:

Ֆրանսիացի մաթեմատիկոս, մտածող Բլեզ Պասկալը ժամանակին ասել է. «Մարդկության բոլոր խնդիրները ծագում են նրանից, որ մարդ չի կարողանում մենակով հանգիստ նստել իր սենյակում»:

ԿայզենTV-ի այսօրվա թողարկումը նրա համար է, որ հասկանանք մենակ մնալու, ինքներս մեզ հետ լինելու կարևորությունը՝ լիարժեք կյանքով ապրելու համար:

Ինքնաճանաչում. ո՞վ եմ ես


Ինքներս մեզ հետ մենակ մնալը մեծագույն հնարավորություն է՝ ինքներս մեզ ճանաչելու, ինքներս մեզ հետ մերձենալու, հասկանալու՝ ով ենք մենք, հասկանալու՝ որոնք են մեր արժեքները, մենակ մնալը հնարավորություն է՝ լսելու մեր ներքին ձայնը, որպեսզի կարողանանք տարանջատել մեր էգոյի ձայնը մեր իսկական ձայնից, մենակ մնալը հնարավորություն է՝ հասկանալու ինչ ուղղությամբ պետք է շարժվենք կյանքում կամ ինչ որոշումներ պետք է կայացնենք:

Չէ՞ որ շատ հաճախ շրջապատի ազդեցության տակ ընկնելով՝ մենք մոռանում ենք նրա մասին, թե ով ենք մենք, որոնք են մեր արժեքները, ինչ ենք առհասարակ ուզում կյանքում ու այդ աղմուկի ազդեցության տակ մենք կորցնում ենք ինքներս մեզ:

Մենակ մնալը լավագույն մեթոդներից է՝ ինքներս մեզ վերագտնելու համար:

Էքստրովերտ, թե՞ ինտրովերտ


Եվ հարց է ծագում. ինչու՞ շատ մարդիկ չեն սիրում մենակ մնալ կամ նյարդայնանում են մենակ մնալուց: Գուցե պատճառն այն է, որ այդ մարդիկ էքստրովերտներ են, ոչ թե ինտրովերտներ: Ի տարբերություն ինտրովերտների, էքստրովերտները նախընտրում են անընդհատ շրջապատված լինել մարդկանցով, այն դեպքում, երբ ինտրովերտները սիրում են մենակ մնալ, լինել իրենք իրենցով:

Անկախ նրանից՝ որ խմբին եք Դուք Ձեզ դասում, էքստրովերտ եք, թե ինտրովերտ, վստահ եղեք, որ մենակ մնալը նույնքան օգտակար կլինի Ձեզ համար:

Բայց արի ու տես, որ շատ մարդիկ նպատակային կերպով ձգտում են լցնել իրենց ժամանակի ամեն րոպեն հազար ու մի բաներով ՝ աշխատելով, ֆիլմ նայելով, գիրք կարդալով, ինտերնետում ժամանակ անցկացնելով, միայն թե ստիպված չլինեն իրենց մտքերը լսեն:

Ինչու՞:

Վախ՝ բացասական և կպչուն մտքերից


Պատասխանը շատ պարզ է. քանի որ այն, ինչ կարող ենք լսել մենակ մնալու լռության մեջ, կարող է ոչ միայն մեզ դուր չգալ, այլև խորը ցավ պատճառել:

Օրինակ՝ մենակ մնալու ժամանակ գլուխ կարող են բարձրացնել այն բոլոր մտքերը, որոնց մասին ձգտում ենք չմտածել, այն բոլոր էմոցիաները, որոնք թաքցրել ենք, որոնց դիմադրել ենք երկար ժամանակ:

Մեր ներքին ձայնը, որին այդքան ժամանակ ճնշել ենք, կարող է սկսել խոսել ու հիշեցնել մեզ, որ մեր արժեքներին համահունչ չենք ապրում մեր կյանքը:

Իհարկե, սա այնքան էլ հաճելի պրոցես չէ, բայց քանի դեռ մենք քաջություն չենք գտել մեր մեջ ապրող խնդիրներին, մեր ամենացավոտ կողմերին առերեսվելու, մենք թակարդված ենք մնալու անցյալում, շարունակելու ենք ապրել այնպես, ինչպես ապրել ենք առաջ ու ոչ մի իրական առաջընթաց չենք ունենալու:


Օգտակար խորհուրդներ մենակ մնալու համար


Հավանաբար մտածում եք՝ լավ ինչպե՞ս մենակ մնամ կամ ի՞նչ անեմ, երբ մենակ եմ:

Լայֆ քոուչ Արևիկ Հայրապետյանը ներկայացնում է Ձեզ իր խորհուրդները:

Պլանավորում


Խորհուրդ 1-ին՝ Նպատակային կերպով պլանավորեք Ձեր մենակ մնալու ժամանակը: Հարց է ծագում՝ որքա՞ն պետք է տևի այն կամ ի՞նչ հաճախականությամբ:

Օրինակ՝ մեկ մարդու համար գուցե ճիշտ լինի ամեն օր 15-20 րոպե միայնակ նստել իր սենյակում կամ զբոսնել մոտակա այգում, իսկ մյուսը գուցե հնարավորություն ունենա շաբաթվա կամ ամսվա մեջ մեկ օր միայնակ գնալ քաղաքից դուրս: Իհարկե, բնությանը մոտ լինելը օգնում է մեզ մերձենալ ինքներս մեզ հետ:

Ամենակարևորն այն է, որ մենակ մնալու, ինքդ քեզ հետ լինելու պրակտիկան լինի հետևողական կերպով: Անկախ նրանից՝ որքան զբաղված առօրյա ունեք, հաստատ կարող եք օրական 10 րոպե տրամադրել ինքներդ Ձեզ հետ լինելուն: Դա կարևորագույն ներդրում է Ձեր հոգևոր, մտավոր ու ֆիզիկական առողջության համար:

Կյանքի օրագիր


Խորհուրդ 2-րդ՝ Մենակ մնալու ժամանակ Ձեզ հետ անպայման վերցրեք Ձեր օրագիրը և օրագրում գրեք այն մտքերը, այն խոհերը, որոնք առաջ են գալիս ինքներդ Ձեզ հետ լինելու ընթացքում:

Եթե մտածում եք, որ գրելը Ձերը չէ կամ Ձեր մտքին ոչինչ չի գա, ուղղակի Ձեր ձեռքին տվեք ազատություն և կտեսնեք, թե ինչքան բան կարտահայտվի թղթի վրա, որի մասին գաղափար անգամ չունեիք:

Նման պահերին պետք չէ մտածել ո՛չ ուղղագրության, ո՛չ քերականության մասին, ուղղակի ազատություն տվեք Ձեր ձեռքին ու կտեսնեք՝ ինչքան խճճված կծիկներ կքանդվեն և ինչ հստակություն ու պարզություն կտիրի Ձեր մտքում, ինչքան շատ բաներ կհասկանաք Ձեր ու շրջապատող աշխարհի մասին, ինչքան նոր մտքեր ու իդեաներ կգեներացնեք Ձեր բիզնեսի կամ կարիերայի առաջխաղացման համար և առհասարակ Ձեր կյանքը բարելավելու համար:

Հետեւողականություն


Խորհուրդ 3-րդ՝ Որպեսզի այս ամենը իրականություն դառնա, ու Դուք Ձեր մաշկի վրա զգաք մենակ մնալու, ինքներդ Ձեզ հետ մերձենալու դրական ազդեցությունը, անչափ կարևոր է, որ Դուք տեղ բացեք Ձեր կյանքում, որպեսզի այդ մտքերը հնարավորություն ունենան արտահայտվելու, իսկ եթե անընդհատ զբաղեցնեք Ձեզ նոր ֆիլմերով ու գրքերով, հազար ու մի բաներով, այդ ինքնաբացահայտումը պարզապես տեղի չի ունենա:

Անկախ նրանից՝ ինչ մասնագիտության տեր մարդ եք, կին եք, թե տղամարդ, անկախ նրանից՝ քանի տարեկան եք, վստա՛հ եղեք, որ ինքներդ Ձեզ հետ մենակ մնալուց Դուք այնպիսի օգուտներ եք ստանալու, որոնց մասին հիմա գաղափար անգամ չունեք:

 

Կայզեն TV-ի մասին


Շնորհակալ ենք Կայզեն TV-ի այս հաղորդմանը հետևելու համար:

Եթե այն օգտակար էր Ձեզ համար, ապա կիսվեք այս տեսանյութով սոցիալական մեդիայի Ձեր էջերում և բաժանորդագրվեք մեր ալիքին:

Ուրախ կլինենք իմանալ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ այս տեսանյութի վերաբերյալ: Վստա՛հ գրեք այն: :)

Եվ եթե ուզում եք, որ Ձեր հարցը նույնպես հնչի ԿայզենTV-ի եթերում, ապա ուղարկեք մեզ Ձեր հարցերը նամակի տեսքով Kaizen Mastery ֆեյսբուքյան էջին:

Ձգտե՛ք Կատարելության...

Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտ

0 comments

Commenti


bottom of page