top of page
Search
Arevik Hayrapetyan

Ինչպե՞ս հաղթել դիմադրության ուժը և հասնել նպատակներին

Ինչպե՞ս հասնել նպատակներին և դառնալ հաջողակ

ԿայզենTV-ի եթերում ես հաճախ եմ խոսում մեր երազանքներն ու նպատակներն իրագործելու մասին. չէ՞ որ մեզանից յուրաքանչյուրն արժանի է իրագործել սեփական երազանքները, ապրել լիարժեք, ներդաշնակ կյանքով: Ես արդեն խոսել եմ նաև այն մասին, թե ինչ հիմնական քայլեր են անհրաժեշտ կատարել մեր նպատակներն իրագործելու համար:

Բայց արի ու տես, որ լինում են դեպքեր, երբ անկախ նրանից` որքան եք աշխատում Ձեր նպատակին հասնելու ուղղությամբ, Ձեզ մոտ ոչ մի կերպ չի ստացվում հասնել այդ նպատակին: Այսօր ցանկանում եմ անդրադառնալ հենց նրան, թե ինչու Ձեզ մոտ չի ստացվում հասնել որևէ նպատակի, որին այդքան ցանկանում եք հասնել և ինչ կարող եք անել Դուք այդ նպատակին հասնելու համար:


Այսպիսով, Ձեզ Ձեր նպատակից հետ պահող երևույթի անունը կարելի է արտահայտել ընդամենը մեկ բառով՝ դիմադրություն: Որպեսզի մենք կարողանանք հասնել ցանկացած նպատակի մեր կյանքում, մենք պետք է լինենք մեր նպատակի հետ ներդաշնակության մեջ: Սա նշանակում է, որ մեր էության յուրաքանչուր մասնիկը պետք է ցանկանա, պետք է կողմ լինի, պետք է փոխաբերաբար ասած «կողմ» քվեարկի և իր աջակցությունը հայտնի այդ նպատակին հասնելու համար:


Բայց արի ու տես, որ գրեթե յուրաքանչյուրիս մեջ ապրում են բազում մասնիկներ, որոնք միշտ չէ, որ ունեն միևնույն կարիքներն ու ցանկությունները, այսինքն՝ փաստացի մեր էության մի մասնիկը իրոք շատ է ուզում հասնել այդ բաղձալի նպատակին, բայց մյուս մասնիկը իրականում չի ուզում հասնել այդ նպատակին, վախենում է այդ նպատակին հասնելու հետևանքներից, ինչի պատճառով ձգտում է ամեն կերպ մեզ հետ պահել այդ նպատակին հասնելուց:


Դիմադրության ուժը


Որպես արդյունք՝ մեր ներսում սկսվում է պայքար մեր՝ հակառակ կարիքներ ունեցող մասնիկների միջև: Հաճախ մենք գաղափար անգամ չունենք մեր մեջ ընթացող այս պայքարի մասին, քանի որ այս պայքարը տեղի է ունենում միանգամայն խորքային մակարդակում: Ինչպես մենք արդեն գիտենք, ցանկացած փոփոխություն սկիզբ է առնում գիտակից դառնալու արդյունքում: Ահա թե ինչու խնդրում եմ, որ հենց հիմա մտածեք այն նպատակի մասին, որին այդքան ուզում եք հասնել ու որին քանիցս փորձել եք հասնել, ու ամեն անգամ ինչ-որ կերպ դա Ձեզ մոտ չի ստացվել:


Հիմա տվե՛ք Ձեզ հետևյալ հարցերը՝ «Կարո՞ղ է լինել այնպես, որ ես իրականում չեմ ուզում հասնել այս նպատակին, ի՞նչ վատ բան տեղի կունենա, եթե ես հասնեմ այս նպատակին»: Այնուհետև սկսե՛ք հատ առ հատ թվարկել բոլոր այն մեծ ու փոքր պատճառները, որոնք հետ են պահում Ձեզ Ձեր նպատակին հասնելուց:


Թողնել ծխելը


Օրինակ՝ ենթադրենք Դուք ցանկանում եք թողնել ծխելը, շատ եք ուզում թողնել ծխելը, բայց արի ու տես, որ Դուք իրականում մտածում եք, որ ծխելը թողնելով Դուք վտանգի տակ եք դնում Ձեր սոցիալական կյանքը, այսինքն՝ վախենում եք, որ եթե թողնեք ծխելը, ապա կկորցնեք Ձեր ընկերներին, քանի որ նրանց դուր չի գա այն փաստը, որ Դուք այլևս չեք ծխում:

ինչպես թողնել ծխելը և հասնել նպատակին

Նկարի աղբյուր՝ Pexels.com


Ստեղծել երջանիկ հարաբերություններ


Մեկ այլ օրինակ՝ ենթադրենք Դուք ցանկություն ունեք կայացնել Ձեր անձնական կյանքը, ստեղծել ներդաշնակ հարաբերություններ: Բայց արի ու տես, որ Ձեր մեջ կա մի մասնիկ, որ այդքան էլ չի ուզում որևէ մեկի հետ երկարաժամկետ հարաբերության մեջ լինել, քանի որ խիստ վախենում է, որ այդ հարաբերությունների պատճառով Դուք կկորցնեք Ձեր անկախությունը, ազատությունը:


Գումար աշխատել


Մեկ այլ օրինակ՝ ենթադրենք Դուք ուզում եք առավել համարձակ քայլեր անել Ձր բիզնեսում կամ կարիերայում և արդյունքում շատ ավելի մեծ գումար վաստակել, քանի հիմա եք վաստակում: Թեև Դուք գիտակցում եք այն բոլոր հնարավորությունները, որ կունենաք ավելի մեծ գումար վաստակելով, այնուամենայնիվ Ձեր մեջ կա մասնիկ, որը չի ուզում, որ Դուք այդքան մեծ գումար վաստակեք: Պատճառներից մեկը կարող է լինել այն, որ Ձեզ փոքրուց ասել են, որ այն մարդիկ, ովքեր շատ հարուստ ենք «հաստատ մի վատ բան անելով են հասել այդ հարստությանը»: Թեև Դուք հիմա հասուն կին եք կամ տղամարդ, այնուամենայնիվ Ձեր մեջ դեռ ապրում է այն վախը, որ շատ փող վաստակելով՝ Դուք կդառնաք «վատը» կամ այլ մարդիկ Ձեզ կքննադատեն շատ փող ունենալու համար: Ու քանի որ Դուք չեք ուզում ուրիշների հնարավոր քննադատությանն արժանանալ, Դուք փաստացի Ձեզ սաբոտաժի եք ենթարկում և սահմանափակում եք սեփական առաջընթացը և Ձեր իսկ պոտենցիալի ռեալիզացումը:


Ինքնաճանաչում առանց ամաչելու


Այսպիսով, եթե մենք ունենք նպատակ, որին ոչ մի կերպ չենք կարողանում հասնել, ապա դա ուղղակիորեն նշանակում է, որ մեր մեջ կա նվազագույնը մի մասնիկ, որը դեմ է այդ նպատակի իրականացմանը:


Կարևոր է գիտակից լինել, որ երբեմն մեր այն մասնիկը, որը դիմադրում է տվյալ նպատակի իրականացմանը, անում է դա, քանի որ հասկանում է, որ այդ նպատակի իրականացումը մեր իրական շահերից չի բխում և մենք իրականում այլ բան ենք ցանկանում:


Գուցե հիմա մտածում եք. «Ես իմ մեջ ոչ մի մասնիկներ էլ չունեմ, ես ուզում եմ հասնել իմ նպատակին և վերջ»: Ամեն դեպքում հորդորում եմ, որ հիմնվելով արդեն ներկայացված օրինակների վրա, անպայման խորհեք ու փորձեք անկեղծ լինել Ձեզ հետ ու խոստովանել նույնիսկ փոքրագույն թվացող դիմադրությունը Ձեր մեջ:


Կարճ ասած՝ մի՛ դիմադրեք այն դիմադրությանը, որ արդեն կա Ձեր մեջ, դիմադրելով դիմադրությանը Դուք միմիայն ուժեղացնում եք այդ դիմադրությունը և թույլ չեք տալիս ինքներդ Ձեզ հասնել Ձեր նպատակին:


Հիշե՛ք՝ ոչ մի ամոթ բան չկա նրանում, որ Դուք Ձեր ներսում ունեք իրար հակասող կարիքներ, ոչ մի ամոթ բան չկա նրանում, որ Դուք վախենում եք կորցնել Ձեր ընկերներին ու մենակ մնալ ծխելը թողնելու դեպքում:


Գտնել կառուցողական լուծումներ


Դրա փոխարեն պարզապես պետք է ընդունել առկա դիմադրությունը և կառուցողական լուծում գտնել իրավիճակին այնպես, որ Ձեր մեջ ապրող բոլոր մասնիկների կարիքները բավարարվեն: Տվե՛ք Ձեզ հետևյալ հարցը՝ «ինչպե՞ս կարող եմ միաժամանակ թողնել ծխելը և ունենալ շատ լավ ընկերներ իմ կյանքում»: Եթե համարում եք, որ Ձեր ներկայիս ընկերները կօտարանան Ձեզնից զուտ այն պատճառով, որ Դուք այլևս չեք ծխում, ապա հաստատ արժի վերանայել ընկերության մասին Ձեր ունեցած պատկերացումները: Այն մարդիկ, ովքեր իսկապես Ձեր ընկերներն են, պետք է միմիայն ուրախ լինեն այն առիթով, որ Դուք Ձեր կյանքում դրական քայլեր եք անում և ոչ մի դեպքում չպետք է խոչընդոտեն այդ քայլերը, իսկ լավագույն դեպքում իրենք էլ կմիանան Ձեզ:


Մենք պետք է աշխատենք դիմադրությունը վերացնելու ուղղությամբ, որպեսզի մեր մեջ ապրող յուրաքանչյուր մասնիկ միանա մեր նպատակին հասնելու գործընթացին, որպեսզի յուրաքանչյուր մասնիկի էներգիան ուղղվի մեր նպատակի իրականացմանը, այլ ոչ թե հակառակ ուղղությամբ:


Պատկերացրեք՝ ինչ-որ տեղ եք ուզում հասնել, իսկ Ձեր ոտքը կապված է: Նման դեպքում ոչ թե պետք է ավելի շատ ուժ գործադրեք առաջ շարժվելու համար, այլ պետք է ազատեք Ձեր ոտքը կապանքներից ու հետո հանգիստ քայլեք Ձեր երազանքին ընդառաջ: Ահա թե ինչու ցանկացած իրավիճակում, երբ ուզում եք որևէ քայլ անել Ձեր նպատակի ուղղությամբ, նախևառաջ բա՛ց թողեք ամեն տեսակի դիմադրություն, որ կա Ձեր մեջ, հետո միայն անցեք գործի:


Այո՛, կարող են լինել խանգարող արտաքին հանգամանքներ, արտաքին դիմադրություն, բայց վստահեցնում եմ Ձեզ, որ եթե բաց թողնեք ներքին դիմադրությունը, ապա արտաքին դիմադրությունը, արտաքին խոչընդոտները մեկը մյուսի հետևից կվերանան:


Որպես ամփոփում՝ ուզում եմ Ձեզ հիշենել, որ երբ Ձեր մեջ ծնվում է երազանք, ամբողջ Տիեզերքն է ուզում, որ Դուք հասնեք այդ երազանքին: :)

 

Շնորհակալ ենք Կայզեն TV-ի այս հաղորդմանը հետևելու համար:

Եթե այն օգտակար էր Ձեզ համար, ապա կիսվեք այս տեսանյութով սոցիալական մեդիայի Ձեր էջերում և բաժանորդագրվեք մեր ալիքին:


Ուրախ կլինենք իմանալ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ այս տեսանյութի վերաբերյալ: Վստա՛հ գրեք այն: :)

Եվ եթե ուզում եք, որ Ձեր հարցը հնչի և իր պատասխանը ստանա ԿայզենTV-ի եթերում, ապա ուղարկեք մեզ Ձեր հարցերը նամակի տեսքով Kaizen Mastery ֆեյսբուքյան էջին:


Ձգտե՛ք Կատարելության...

Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտ

0 comments

Comments


bottom of page