top of page
Search
  • Arevik Hayrapetyan

Էմպաթիա. հաղորդակցման հմտություններ

Ի՞նչ է էմպաթիան

Ինչու՞ է կարևոր էմպաթիան


Հասկանալու համար, թե ինչ է էմպաթիան և ինչու է այն այդքան կարևոր, մենք պետք է նախևառաջ ընդունենք, որ թեև մենք ապրում ենք համընդհանուր օբյեկտիվ իրականության մեջ, մեզանից յուրաքանչյուրն ապրում է իր սուբյեկտիվ իրականության մեջ, այլ կերպ ասած՝ սեփական փուչիկի մեջ: Սա նշանակում է, որ միևնույն իրավիճակի մեջ հայտնվելով՝ մեզանից յուրաքանչյուրն այդ իրավիճակն ընկալում է յուրովի, մեզանից յուրաքանչյուրը սեփական մտքերն ու ապրումներն է ունենում այդ իրավիճակում:


Միևնույն իրավիճակը կարող է մեկ մարդու մեջ վախ ու տագնապի զգացում հարուցել, մեկ այլ մարդու այդ նույն իրավիճակը կարող է ոգեշնչել: Օրինակ՝ Կովիդ 19-ի ժամանակ բոլորս հայտնվեցինք միևնույն իրավիճակում՝ կարանտինի մեջ: Այն մարդուն, ով փոքրիկ հյուրատուն ունի և իր ամբողջ ֆինանսական վիճակը կախված է հյուրատան գործունեությունից, այդ իրավիճակը սարսափելի թվաց: Մեկ այլ մարդ, ով սիրում է տանը աշխատել, կարանտինի սահմանափակումները լավ հնարավորություն դարձան տանը մնալու համար:

Միջանձնային կոնֆլիկտ


Խնդիրն առաջ է գալիս այն դեպքում, երբ մենք սկսում ենք դիմացինին և նրա ապրումները դատել՝ առանց հասկանալու, թե ինչպիսի իրականության մեջ է ապրում այդ մարդը, ինչ կարիքներ ու ցանկություններ նա ունի, ինչ վախեր ու ապրումներ նա ունի: Այսինքն՝ մենք ենթադրություններ ենք անում դիմացինի իրակության մասին՝ մնալով մեր իսկ իրականության մեջ, ու մեզ սխալմամբ թվում է, թե այլ մարդկանց իրակությունը հենց այնպիսինն է, ինչպիսին մերը, թե իբր այլ մարդիկ աշխարհը ընկալում են հենց այնպես, ինչպես մենք, թե իբր նրանք ունեն նույն այն արժեքները, կարիքները, ցանկությունները, առաջնահերթությունները, ինչ մենք: Ժամանակն է գիտակցել և ընդունել, որ դա այդպես չէ: Մենք պետք է հասկանանք, որ առողջ մարդկային փոխհարաբերությունների համար անչափ կարևոր է, որ մեզանից յուրաքանչյուրը սովորի տեսնել և ընդունել այլ մարդկանց իրականությունը, որքան էլ այն տարբեր լինի մեր իրականությունից:


Էմպաթիայի բնորոշումը. ապրումակցում


Այս գործում մեզ օգնության է գալիս էմպաթիան, որը անձի ընդունակությունն է՝ հասկանալու մեկ այլ մարդու իրականությունը, նրա ապրումները, աշխարհայացքը և ապրումակցելու նրա հետ: Այլ կերպ ասած՝ էմպաթիան այն է, երբ Դուք Ձեզ տալիս եք հնարավորություն մեկ այլ մարդու կաշվի մեջ մտնելու ու զգալու այն, ինչ նա է զգում: Էմպաթիան անչափ կարևոր է ամեն տեսակի փոխհարաբերությունների համար՝ սիրային, ընտանեկան, ընկերական աշխատանքային, հարևանական և այլն:


Հարկ է նշել, որ մենք ֆիզիոլոգիապես ևս հակված ենք էմպաթիա դրսևորել: Գիտնականները պարզել են, որ մեր ուղեղում կան այսպես կոչված «հայելանման նեյրոններ», որոնք օգնում են մեզ կրկնել դիմացինի գործողությունները, օրինակ՝ երբ ինչ-որ մեկը հորանջում է, մենք էլ ենք սկսում հորանջել: Նմանապես, երբ տեսնում ենք, որ ինչ-որ մեկը տխուր է կամ լաց է լինում, դա մեզ անտարբեր չի թողնում, և մենք ևս տխրում ենք:


Էմոցիոնալ ինտելեկտ


Հնարավո՞ր է զարգացնել էմպաթիան


Բնական է՝ կան մարդիկ, ովքեր ի բնե առավել զարգացած էմոցիոնալ ինտելեկտ, հետևաբար նաև էմպաթիա ունեն: Այնուամենայնիվ, էմպաթիան հմտություն է, որը ցանկության դեպքում կարող է զարգացնել յուրաքանչուր ոք: Էմպաթիա ցուցաբերելու համար մենք պետք է պատրաստ լինենք ժամանակավորապես դուրս գալ մեր իրականությունից և մտնել ուրիշի իրականության մեջ: Էմպաթիան զարգացնելու շատ լավ առիթ է մեկ այլ մարդու հետ երկխոսությունը: Երբ զրուցում եք ինչ-որ մեկի հետ, փորձեք հետևել այս խորհուրդներին՝


Լսե՛ք հասկանալու համար


Դիմացինին լսեք առանց նրան ընդհատելու և փորձեք Ձեր ուշադրությունը լիովին կենտրոնացնել Ձեր զրուցակցի ասած ամեն խոսքի վրա: Շատ կարևոր է, որ զրույցի ժամանակ չշեղվեք հեռախոսով կամ այլ մտքերով: Երբ նկատում եք, որ շեղվել եք, վերստին կենտրոնացրեք Ձեր ուշադրությունը զրուցակցի վրա:


Ուշադրություն դարձրեք Ձեր մարմնի լեզվին. Ձեր մարմինը իր դիրքով պետք է բաց լինի երկխոսության համար: Ձեր աչքերն ուղղեք զրուցակցին, մի՛ խուսափեք նրան նայելուց: Ձեր ուշադրությունը պահելով զրուցակցի վրա՝ Դուք ցույց եք տալիս նրան, որ նա կարևոր է Ձեզ համար:


Փորձե՛ք հասկանալ այդ մարդու տեսակետը, նույնիսկ եթե համաձայն չեք նրա հետ: Շատ կարևոր է հասկանալ, որ Դուք պարտավոր չեք ընդունել ինչ-որ մեկի իրականությունը, մտքերը, ապրումները՝ որպես բացարձակ ճշմարտություն: Միևնույն ժամանակ շատ կարևոր է ընդունել, որ եթե այդ մարդը աշխարհն ընկալում է որևէ ձևով, ապա նա ունի իր սուբյեկտիվ պատճառները դրա համար: Երբ Դուք Ձեզ տալիս եք հնարավորություն բացահայտելու այդ մարդու իրականությունը, պատկերացնելու Ձեզ այդ մարդու կարգավիճակում, տեսնելու աշխարհն այդ մարդու աչքերով, դրանով Դուք ընդլայնում եք Ձեր մտահորիզոնը, և մեծանում է ընդհանուր եզրեր գտնելու հավանականությունը:

միջանձնային կոնֆլիկտի օրինակ - էմպաթիա - hաղորդակցման հմտություններ

Վավերացրե՛ք էմոցիաները


Փորձե՛ք չդատել զրուցակցին իր էմոցիաների և ապրումների համար, որքան էլ դրանք Ձեզ անհիմն են թվում: Փոխարենը ձգտե՛ք վավերացնել նրա ապրումները: Օրինակ՝ Ձեր ընկերը պատմում է այն մասին, որ ձախողել է մի ամբողջ նախագիծ աշխատավայրում և որքան վատ է նա զգում, որքան անարժան է զգում իրեն դրա պատճառով: Գուցե Ձեր իրականության մեջ տեղի ունեցածը աշխարհի վերջը չէ, և Ձեր ընկերը կարիք չունի այդքան հուսահատվելու: Բայց եթե ցանկանում եք էմպաթիա դրսևորել, պետք է ընդունեք, որ տեղի ունեցածը Ձեր ընկերոջ սուբյեկտիվ ընկալմամբ «աշխարհի վերջն է», ու նա այդ պահին իրեն ձախողակ է զգում: Վավերացնել նրա ապրումները կնշանակի ասել նրան հետևյալը. «Ես տեսնում եմ, որ դու քեզ շատ վատ ես զգում ու հասկանում եմ, թե ինչու ես քեզ անարժան զգում, ես էլ նույնը կզգայի քո փոխարեն: Ազատորեն կիսվի՛ր ինձ հետ քո ապրումների մասին»: Այս արտահայտությունը վավերացնում է Ձեր ընկերոջ ապրումները՝ առանց համաձայնելու նրա ասած բոլոր մտքերի հետ: Ասելով «ես հասկանում եմ, որ դու քեզ հիմա անարժան ես զգում» չի նշանակում, որ Դուք հաստատում եք Ձեր ընկերոջ անարժան լինելը:


Ձգտե՛ք ներգրավված լինել զրույցի մեջ, տվե՛ք հարցեր Ձեր զրուցակցի տեսակետը, նրա ապրումներն առավել լավ հասկանալու համար: Հարցեր տալուց հետո տվե՛ք Ձեր զրուցակցին ժամանակ և տարածություն արտահայտվելու համար:


Մտքեր էմպաթիայի մասին


Էմպաթիա ունենալը օգնում է մեզ հոգ տանել այլ մարդկանց բարօրության մասին: Միևնույն ժամանակ այն կարող է խանգարել մեզ, քանի որ մենք կարող ենք սկսել ապրել այլ մարդկանց կյանքով և մոռանալ մեր իսկ կարիքների մասին: Այն կարող է պատճառ դառնալ, որ այլ մարդիկ օգտագործեն Ձեզ սեփական նպատակների համար:


Այլ մարդկանց նկատմամբ էմպաթիա ցուցաբերելու համար Դուք պետք է նախևառաջ ինքներդ Ձեզ հետ խորապես մտերիմ լինեք: Դուք պետք է Ձեր իսկ էմոցիաները լիովին զգաք ու հասկանաք, մինչև կկարողանաք զգալ ու հասկանալ մեկ այլ մարդու ապրումներն ու էմոցիաները:

 

Շնորհակալ ենք Կայզեն TV-ի այս հաղորդմանը հետևելու համար: Եթե այն օգտակար էր Ձեզ համար, ապա կիսվեք այս տեսանյութով սոցիալական մեդիայի Ձեր էջերում և բաժանորդագրվեք մեր ալիքին:


Ուրախ կլինենք իմանալ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ այս տեսանյութի վերաբերյալ: Վստա՛հ գրեք այն: :) Եվ եթե ուզում եք, որ Ձեր հարցը հնչի և իր պատասխանը ստանա ԿայզենTV-ի եթերում, ապա ուղարկեք մեզ Ձեր հարցերը նամակի տեսքով Kaizen Mastery ֆեյսբուքյան էջին:

Ձգտե՛ք Կատարելության...

Kaizen Mastery

0 comments

Comments


bottom of page