Search
  • Arevik Hayrapetyan

Ինչպե՞ս գտնել երկրորդ կեսին. սեր, թե՞ կախվածություն

Մտքեր սիրո մասին


Հարաբերությունները անչափ կարևոր ազդեցություն ունեն մեր կյանքի որակի վրա: Անկախ նրանից՝ որքան հարուստ, հայտնի կամ հաջողակ եք, առանց որակյալ ու լիարժեք մարդկային հարաբերությունների Ձեր կյանքը չի կարող լինել լիարժեք. չէ՞ որ մարդը սոցիալական էակ է, մենք սնվում ենք մեր հարաբերություններով:


Ինչպես շատ այլ թեմաների վերաբերյալ, սիրո մասին ևս, մարդիկ ունեն սահմանափակող համոզմունքներ: Այս թեմայի շուրջ խոսելիս՝ մարդիկ բաժանվում են երկու հակադեմ խմբերի:

Ինչպե՞ս գտնել երկրորդ կեսին


Առաջին խմբի ներկայացուցիչները հավատում են իրենց «երկրորդ կեսի» գոյությանը և սրտատրոփ սպասում են այդ մարդուն հանդիպելուն, ինչից հետո իրենց կյանքը միանգամայն կփոխվի, իրենք վերջապես կդառնան երջանիկ, կլցվեն երանությամբ: Այս թեմայով կան բազմաթիվ գեղեցիկ բանաստեղծություններ, ռոմանտիկ երգեր ու ֆիլմեր, որոնք հիշեցնում են, թե ինչքան դատարկ է մարդու կյանքը առանց իր սիրած էակի: Այսինքն՝ այդ մարդիկ համարում են, որ քանի դեռ իրենք չեն հանդիպել իրենց «երկրորդ կեսին», իրենք լիարժեք չեն, իրենց մեջ կա մի դատարկություն, որը կարող է լցվել միայն իրենց «երկրորդ կեսի» կողմից: Ու հենց իրենք հանդիպեն իրենց «երկրորդ կեսին», իրենց բոլոր խնդիրները միանգամից կլուծվեն: Թեև շատ մարդիկ են ապրում այս գաղափարով, անհրաժեշտ է հասկանալ, որ այս գաղափարի հիմքում ընկած է մի համոզմունք, որի համաձայն մարդ էակը «կիսատ» է, և այդ «կիսատությունը» կարող է լցվել մեկ այլ անհատի հետ հարաբերություն ունենալու շնորհիվ:


Առողջ ինքնագնահատական


Յուրաքանչյուր մարդկային էակ ի բնե լիարժեք է, մենք ծնվում ենք լիարժեք ու, անկախ նրանից՝ որքան դժվարությունների ենք հանդիպում կյանքում, մեր լիարժեքությունը հօդս չի ցնդում, այն չի կոտրվում, մենք չենք դատարկվում: Փոխարենը տեղի է ունենում մեկ այլ բան. կյանքի տարբեր իրադարձությունները հաճախ ստիպում են մեզ մոռանալ մեր լիարժեքության, մեր ամենաիսկական էության մասին, ու մեզ սկսում է թվալ, որ մենք դատարկ ենք, մեզ սկսում է թվալ, որ մեզ հետ ինչ-որ բան այն չէ, ու, մենք հավատալով այդ ստին, սկսում ենք քաղցած երեխայի պես նայել տարբեր մարդկանց ու հույս ունենալ, որ իրենց տված սերը պետք է լցնի այն «դատարկությունը», որ կա մեր մեջ: Ահա թե ինչու սեփական լիարժեքությունը չգիտակցող մարդիկ ձևավորում են կախվածություն սիրային հարաբերություններից, հանդիպում են մի շարք դժվարությունների ու հիասթափությունների իրենց հարաբերությունների մեջ:


Ինչու՞ սիրել ինքդ քեզ


Պատճառը շատ պարզ է. եթե անհատը համարում է, որ ինքը դատարկ է, որ ինքը լիարժեք չէ, որ ինքն իր մեջ չի կարող երջանկություն գտնել, ապա այդ մարդը շարունակաբար դեպի իրեն է ձգում այնպիսի մարդկանց, ովքեր իրենց վերաբերմունքով վերահաստատում են այդ մարդու անլիարժեքությունը: Որքան անլիարժեք է մարդն իրեն զգում ներքուստ, այդքան նա հակված է կախվածություն ձևավորել այլ մարդկանցից: Այդ մարդը չի կարողանում երկար ժամանակ ապրել առանց ինչ-որ մեկի: Այսինքն՝ այդ մարդը հակված է մի հարաբերության ավարտից հետո անմիջապես մեկ այլ հարաբերության մեջ մտնել՝ առանց փորձելու վերլուծել նախորդ հարաբերությունը, սեփական սխալները և այն դասերը, որ կարելի է քաղել այդ հարաբերությունից, որպեսզի հաջորդ հարաբերությունում չանի միևնույն սխալները: Նման մարդիկ սարսափում են մենակ մնալուց, որովհետև մենակ մնալը նրանց հիշեցնում է այն «դատարկության» մասին, որից նրանք այդքան շատ ուզում են փախչել:


Ահա թե ինչու այս խմբի մարդկանց համար ուղղակի պարտադիր է որոշ ժամանակ չլինել հարաբերության մեջ ոչ մեկի հետ: Բնական է՝ սա միանգամայն դժվար պրոցես է, սա նույնն է, ինչ-որ խնդրել առանց այդ էլ քաղցած մարդուն չուտել այն հացը, որն իր առջև է դրված: Բայց այս պրոցեսը անչափ կարևոր է, եթե Դուք նպատակ ունեք բացահայտել Ձեր լիարժեքությունը, ստեղծել առողջ հարաբերություններ, ինչպես նաև ապրել երջանիկ կյանքով: Հավանաբար մտածում եք. «լավ, իսկ ի՞նչ պետք է անեմ այդ ընթացքում»: Պատասխանը շատ պարզ է հնչում. Դուք պետք է նվիրվեք ինքներդ Ձեզ և սովորեք սիրել ինքներդ Ձեզ: Դուք մեկ օրում հաստատ դա չեք անի, բայց ժամանակի ընթացքում այս քայլերին հետևելով՝ Դուք կտեսնեք ռեալ փոփոխություններ Ձեր կյանքում:


Այո՛, Ձեր սիրած էակին հանդիպելով ու առողջ հարաբերություններ ստեղծելով՝ Դուք կարող եք և կդառնաք առավել երջանիկ, բայց դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե մինչև այդ մարդուն հանդիպելը, Դուք բացահայտեք երջանկությունը Ձեր մեջ:

Ինչպե՞ս հաղթահարել վախերը


Երկրորդ խմբին պատկանող մարդիկ ներկայացնում են մեկ այլ ծայրահեղություն: Այս մարդիկ անում են ամեն հնարավոր բան հարաբերություններ չունենալու համար: Հաճախ այս մարդիկ առաջ են քաշում ամենատարբեր պատրվակները, թե ինչու իրենց անձնական կյանքում ոչ մի բան տեղի չի ունենում. նրանք զբաղված են, աշխատում են, նրանք ժամանակ չունեն, նրանք ասում են. «ես ոչ մեկի կարիքը չունեմ իմ կյանքում, ես այսպես ինձ շատ լավ եմ զգում»: Այո՛, կան դեպքեր երբ անհատի համար իր կյանքի տվյալ փուլում հարաբերությունները առաջնահերթ տեղում չեն, փոխարենը նա նախընտրում է իր էներգիան ու ժամանակը ուղղել սեփական կարիերայի, բիզնեսի զարգացմանը կամ շուրջերկրյա ճամփորդությանը, այսինքն՝ այդ անհատը անկեղծորեն չի ուզում լինել հարաբերությունների մեջ կյանքի այս փուլում, ինչը միանգամայն նորմալ է:


Մտքեր ազատության մասին


Բայց հարկ է հասկանալ, որ ամենից հաճախ մարդիկ խուսափում են հարաբերությունների մեջ մտնելուց, քանի որ նրանց նախկին փորձառությունները սովորեցրել են, որ մարդկային հարաբերությունների մեջ լինելը ցավոտ է, որ մարդկային հարաբերությունների մեջ լինելը նշանակում է կորցնել սեփական «ես»-ը, սեփական ինքնությունը, հրաժարվել սեփական կարիքներից ու ցանկություններից՝ այլ մարդկանց հաճոյանալու և նրանց սերը պահպանելու համար: Մեծամասամբ, դա գալիս է մանկությունից. երբ ծնողներից մեկը կամ երկուսն էլ խիստ վերահսկող են եղել երեխայի նկատմամբ, երեխան ստիպված է եղել մի կողմ թողնել սեփական կարիքները՝ ծնողների ցանկություններին հաճոյանալու համար, ինչի արդյունքում երեխայի մոտ ձևավորվում է հարաբերությունների հենց այս մոդելը:


Ծնող-երեխա հարաբերություններ


Եկե՛ք չմոռանանք, որ հասուն տարիքում մեր հարաբերությունները արտացոլում են մանկության տարիներին մեր ծնողների կամ հիմնական այլ խնամակալների հետ ունեցած հարաբերությունները: Ահա թե ինչու անհատը մեծանալով՝ ձգտում է ամեն կերպ պահպանել իր ձեռք բերած ազատությունը, ոչ մի կերպ թույլ չտալ ինչ-որ մեկին այլևս վերահսկել սեփական կյանքը: Այնպես չէ, որ այս մարդիկ անկեղծորեն չեն ուզում լինել հարաբերությունների մեջ, պարզապես այն վտանգը, որ նրանք կապում են հարաբերությունների հետ, ամեն կերպ հետ է պահում նրանց՝ հարաբերությունների մեջ մտնելուց, ու նրանք ուղղակի չեն հավատում, որ հնարավոր է լինել այնպիսի հարաբերության մեջ, որտեղ մյուս կողմը չփորձի իրենց պարտադրել սեփական ցանկությունները և չփորձի վերահսկել իրենց ամեն մի քայլը:


Կարճ ասած՝ այդ մարդկանց համար հարաբերության մեջ լինել նշանակում է խեղդվել, նրանք էմոցիոնալ մակարդակում պարզապես շնչահեղձ են լինում: Ահա թե ինչու այս խմբի մարդիկ փորձում են ամեն կերպ հերքել այն փաստը, որ իրենք կարիք ունեն լինել հարաբերությունների մեջ կամ նրանք փորձում են ճնշել այդ կարիքը իրենց մեջ: Բայց դա անհնար է. չէ՞ որ յուրաքանչյուր մարդ սոցիալական էակ է: Դա նշանակում է, որ մենք ունենք կարիքներ, որոնք կարող են բավարարվել միմիայն այլ մարդկանց հետ համատեղ, օրինակ՝ մտերմության, պատկանելիության կարիքը կարող է բավարվել միմիայն այլ մարդկանց միջոցով:

Նկարի աղբյուրը՝ unsplash.com


Լինել երջանիկ


Այս խմբի մարդիկ պետք է անպայման փոխեն այն սխալ համոզմունքը, թե իբր մարդկային հարաբերության մեջ լինելով՝ նրանք զրկվում են իրենց ինքնությունից կամ կարիքներից, քանի որ դա այդպես չէ. ՀՆԱՐԱՎՈՐ է լինել այնպիսի հարաբերության մեջ, որտեղ Ձեր կարիքները, ցանկությունները կարևորվում են, և հարաբերության մյուս կողմը ոչ մի կերպ չի փորձում սահմանափակել Ձեր ազատությունը:


Հարկ է հասկանալ, որ որքան փորձեք հերքել կամ ճնշել մարդկային հարաբերության մեջ լինելու Ձեր կարիքները, դրանք չեն կարող անհետանալ, քանի որ դրանք մարդկային կարիքներ են: Մեկ այլ կարևոր դիտարկում. այդ կարիքներն ունենալը մեզ պակաս լիարժեք չի դարձնում: Այո՛, մենք պետք է բացահայտենք երջանկությունը մեր մեջ, միևնույն ժամանակ պետք է թույլ տանք մեզ ընդառաջ գնալ էլ ավելի մեծ երջանկության, որը հնարավոր է հենց այլ մարդու հետ առողջ ու լիարժեք հարաբերություն ունենալու շնորհիվ: Տվյալ դեպքում մարդկային հարաբերությունները մեզ համար ոչ թե կախվածություն են, այլ գեղեցիկ հնարավորություն՝ էլ ավելի լիարժեք ապրելու կյանքը և բացահայտելու մարդկային մտերմության երանությունը:

Շնորհակալ ենք Կայզեն TV-ի այս հաղորդմանը հետևելու համար: Եթե այն օգտակար էր Ձեզ համար, ապա կիսվեք այս տեսանյութով սոցիալական մեդիայի Ձեր էջերում և բաժանորդագրվեք մեր ալիքին:

Ուրախ կլինենք իմանալ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ այս տեսանյութի վերաբերյալ: Վստա՛հ գրեք այն: :) Եվ եթե ուզում եք, որ Ձեր հարցը հնչի և իր պատասխանը ստանա ԿայզենTV-ի եթերում, ապա ուղարկեք մեզ Ձեր հարցերը նամակի տեսքով Kaizen Mastery ֆեյսբուքյան էջին:


Ձգտե՛ք Կատարելության...

Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտ

© 2016-2020 by Kaizen Mastery

People Development Institute

  • LinkedIn Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
  • Facebook Social Icon
  • images

Email: kaizenmastery@gmail.com

Phone: +374 (0) 55 345219

Yerevan, Armenia