Հիշողությունը զարգացնելու մասին
Շատ մարդկանց է հետաքրքիր, թե ինչպես իրենք կարող են բարելավել իրենց հիշողությունը: Գուցե ցանկանում եք ավելի լավ մտապահել նոր ծանոթների անունները, գուցե նոր լեզու եք սովորում կամ պատրաստվում եք կարևոր քննության, այսօրվա թողարկումը լի է օգտակար մեթոդներով՝ Ձեր հիշողությունը վարժեցնելու համար:
Վատ հիշողություն
Որպես առաջին քայլ՝ ազատվեք «վատ հիշողություն ունեցող մարդու» պիտակից և ինքնությունից: Ինքներդ Ձեր մասին ունեցած համոզմունքները թելադրում են Ձեր կյանքի որակը և այն արդյունքները, որ Դուք ստանում եք այս կամ այն բանն անելիս: Ունենալով համոզմունք, որ Դուք վատ հիշողություն ունեք, Դուք չեք կարող լավ հիշողություն ունենալ:
Առողջ ապրելակերպ
Ֆիզիկական ակտիվություն՝ ֆիզիկապես ակտիվ լինելը, օրինակ աերոբիկ և կարդիո վարժությունները, այդ թվում վազքը, պարը, մեծացնում են արյան հոսքը դեպի հիպոկամպ: Հիպոկամպը ուղեղի մաս է, որը կենսական նշանակություն ունի սովորելու և հիշողության համար: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ծերանալուն զուգահեռ հիպոկամպի չափը տարեկան փոքրանում է 1-2 տոկոսով, ինչը, բնական է, ազդում է հիշողության վրա: Ահա թե ինչու այդքան կարևոր է երիտասարդ տարիքից ապրել ֆիզիկապես ակտիվ կյանքով և հոգ տանել մեր հիշողության մասին:
Առողջ քունը լավ հիշողություն ունենալու կարևոր նախապայման է. երբ տուժում է քնի քանակը և որակը, տուժում է նաև հիշողությունը: Բացի այդ, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ինչ-որ բան սովորելուց հետո թեկուզ կարճատև քնելը մեծապես օգնում է մեր ուղեղին ամրապնդել և կոնսոլիդացնել այդ ինֆորմացիան:
Առողջ սնունդը լավ հիշողություն ունենալու մեկ այլ կարևոր նախապայման է: Հիշողությունը բարելավելու համար Ձեր ճաշացանկում ներառե՛ք ձկնեղեն, քրքում, հապալաս, դդմի կորիզներ, բրոկոլի, սև շոկոլադ, ընդեղեն և սերմեր, կանաչ թեյ: Կարևոր է նշեն նաև շաքարի բացասական ազդեցությունը ուղեղի, ինչպես նաև հիշողության վրա: Ձգտե՛ք հնարավորինս քչացնել շաքարի օգտագործումը:
Ինչպե՞ս զարգացնել ուղեղը
Ինչպե՞ս մարզել ուղեղը
Փազըլ հավաքելը պահանջում է մի շարք կոգնիտիվ ունակությունների ակտիվացում: Փազըլ հավաքելիս պետք է շարունակաբար մտածենք, թե որն է ամեն մի կտորի տեղը ընդհանուր պատկերում: Դա հրաշալի միջոց է ուղեղը մարզելու համար, ինչը իր հերթին նպաստում է հիշողության բարելավմանը:
Ուղեղը մարզելու հրաշալի միջոց է օգտագործել մեր ոչ դոմինանտ ձեռքն առօրյա գործողություններ անելիս՝ օրինակ ատամները լվանալիս կամ գրելիս: Այս վարժությունն օգնում է ներգրավել Ձեր ուղեղի այն մասնիկները, որոնք սովորաբար ակտիվ չեն:
Մեր ուղեղը մարզելու կենսական միջոց է անընդհատ նոր հմտություններ զարգացնելը: Օրինակ՝ կարող եք սովորել նոր լեզու կամ նոր պարային շարժումներ, նոր երաժշտական գործիք նվագել կամ գուլպա գործել: Ընտրությունը Ձերն է:
Աշխատանքից տուն վերադառնալիս ընտրե՛ք սովորականից տարբերվող երթուղիներ, իսկ երթուղու ավարտին ստեղծեք այդ երթուղու քարտեզը Ձեր մտքում:
Հիշողությունը զարգացնող խաղեր
Արե՛ք այնպիսի գործողություններ, որոնք ներգրավում են Ձեր բոլոր զգայարանները, դա օգնում է ուղեղի տարբեր մասնիկներին միաժամանակ ակտիվանալ: Օրինակ կարող եք անել հետևյալ վարժությունը. դրե՛ք մի քանի մետաղադրամ Ձեր գրպանի մեջ և միմիայն շոշափելով փորձեք գուշակել ինչ մետաղադրամ է դրանցից յուրաքանչյուրը: Դրե՛ք սեղանին մի քանի տարբեր համեմունքներ՝ առանձին-առանձին տարաներով և, փակ աչքերով հոտ քաշելով, փորձե՛ք գուշակել, թե դրանցից յուրաքանչյուրը որ համեմունքն է:
Փակ աչքերով փորձե՛ք տեղաշարժվել Ձեր տանը և գտնել ինչ-որ բաներ: Սա կօգնի Ձեզ մարզել Ձեր հիշողությունը, ինչպես նաև կստիպի Ձեր ուղեղին աշխատել իրեն ոչ ծանոթ ու ոչ հարմարավետ ձևերով: Իհարկե, անհրաժեշտ է այս վարժությունն անել այնպես, որ չվնասեք ինքներդ Ձեզ. կարող եք խնդրել Ձեր ընտանիքի անդամին լինել ներկա այս վարժության ժամանակ և ուղղորդել Ձեզ անհրաժեշտության դեպքում:
Հիշողությունը զարգացնող վարժություններ
Երբ որևէ նոր բան եք սովորում, փորձե՛ք հասկանալ, թե ինչպես է այդ ինֆորմացիան կապված նրան, ինչն արդեն գիտեք: Նման կապակցումներ ստեղծելով նոր ինֆորմացիայի ու Ձեզ արդեն ծանոթ ինֆորմացիայի միջև, Դուք կմեծացնեք նոր ինֆորմացիան հիշելու հավանակությունը:
Հիշողությունը վարժեցնելու օգտակար մեթոդ է ուշադրություն դարձնել մեզ շրջապատող միջավայրի մանրամասներին, այնուհետ ավելի ուշ փորձել հիշել դրանք: Օրինակ՝ ինչ-որ մեկի հետ զրուցելու ժամանակ, փորձե՛ք նկատել այդ մարդու հետ կապված 4 դետալ, օրինակ՝ այդ մարդու վերնաշապիկի գույնը, մազերի կտրվածքը, ձեռքի ժամացույցը կամ օրինակ ականջօղը:
Անելով այս վարժությունը՝ Դուք սովորեցնում եք Ձեր ուղեղին երկու բան՝ նկատել և հիշել: Հաճախ մենք կարող ենք ժամերով ինչ-որ սենյակում լինել, բայց հետո չհիշել անգամ այդ սենյակի պատերի գույնը կամ կարող ենք տարիներով ճանաչել մի մարդու, բայց չիմանալ անգամ նրա աչքերի գույնը: Չենք իմանում, քանի որ չենք նկատում: Այսպիսով՝ որքան ավելի շատ զարգացնենք նկատելու մեր ունակությունը, այնքան ավելի լավը կլինի մեր հիշողությունը:
Որպես առաջադրանք՝ սկսե՛ք օրական գոնե մեկ մարդու մասին 4 բան նկատելուց: Այնուհետև որոշ ժամանակ անց փորձե՛ք մտաբերել այն, ինչ նկատել էիք: Այնուհետև մեծացրեք այդ թիվը. 4-ի փոխարեն փորձե՛ք հիշել ավելի մեծ թվով բաներ: Որքան շատ բան նկատեք մարդկանց մասին, այնքան կբարելավվեն մարդկանց հետ շփվելու Ձեր հմտությունները: Նմանապես կարող եք հիշել մանրամասներ Ձեզ շրջապատող կառույցների, շենքերի, մեքենաների մասին:
Հիշողությունը բարելավելու մեկ այլ կարևոր մեթոդ, որը նաև կբարելավի Ձեր լսելու կարողությունը. շատ մարդիկ, երբ լսում են ուրիշին, իրականում չեն լսում այդ մարդու ասածը և մտածում են մեկ այլ բանի մասին: Դուք կարող եք մարզել Ձեր ուղեղը և հիշել այն, ինչ Ձեզ ասում են՝ մտքում կրկնելով զրուցակցի ասածը, նրա ասած ամեն մի բառը: Սա ստիպում է Ձեր ուղեղին մտապահել ինֆորմացիան, այդպիսով մարզում է Ձեր ուղեղը:
Մեր ուղեղը և հիշողությունը մարզելու տեխնիկաները բազմազան են: Կարևորն այն է, որ ամեն օր հաստատակամորեն կատարեք վերը նշված վարժությունները՝ ըստ Ձեր նախընտրության:
Շնորհակալ ենք Կայզեն TV-ի այս հաղորդմանը հետևելու համար: Եթե այն օգտակար էր Ձեզ համար, ապա կիսվեք այս տեսանյութով սոցիալական մեդիայի Ձեր էջերում և բաժանորդագրվեք մեր ալիքին:
Ուրախ կլինենք իմանալ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ այս տեսանյութի վերաբերյալ: Վստա՛հ գրեք այն: :) Եվ եթե ուզում եք, որ Ձեր հարցը հնչի և իր պատասխանը ստանա ԿայզենTV-ի եթերում, ապա ուղարկեք մեզ Ձեր հարցերը նամակի տեսքով Kaizen Mastery ֆեյսբուքյան էջին:
Ձգտե՛ք Կատարելության...
Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտ
Comments