top of page
Search
Kaizen Mastery

3 օգտակար խորհուրդներ մոտիվացվելու համար

Ինչպե՞ս մոտիվացվել


Այսօր ԿայզենTV-ում մեկնարկում է «ՀարցուՊատասխան» թողարկումների շարքը, որի ընթացքում քոուչ Արևիկ Հայրապետյանը պատասխանում է ԿայզենTV-ի հետևորդների հետաքրքիր հարցերին:

Այսպիսով, այսօրվա հարցը մեզ է ուղարկել Լուսինեն՝

«Բարև Ձեզ, Արևիկ: Տարվա սկզբից ինձ համար մի քանի նպատակ եմ դրել, որոնց անպայման ուզում եմ հասնել: Սկսել եմ ինչ-որ քայլեր անել, բայց նախկին փորձս հաշվի առնելով վախենում եմ, որ որոշ ժամանակ անց մոտիվացիաս ուղղակի կընկնի ու չեմ կարող շարունակել սկսածս: Ի՞նչ խորհուրդ կարող եք տալ ինձ մոտիվացիաս պահպանելու համար: Շնորհակալություն»:

Ի պատասխան Լուսինեի հարցին՝ քոուչ Արևիկ Հայրապետյանը ներկայացնում է հետևյալ 3 օգտակար խորհուրդները:

Ինչպե՞ս ճիշտ նիհարել


Խորհուրդ N 1՝ Կենտրոնացե՛ք ոչ թե Ձեր նպատակի կամ ցանկալի վերջնարդյունքի վրա, այլ այդ նպատակն իրականացնելու համար անհրաժեշտ քայլերի վրա:

Կարող է փոքր-ինչ հակասական թվալ, բայց որքան քիչ ենք մտածում վերջապես մեր նպատակին հասնելու մասին, այնքան ավելի հեշտ ենք մոտիվացվում և կենտրոնանում անհրաժեշտ քայլերի վրա:

Օրինակ, եթե Դուք ուզում եք 3 ամսում 10 կգ նիհարել, ապա մի՛ կենտրոնացեք նրա վրա, թե երբ եք վերջապես ազատվելու այդ 10 կգ-ից:

Փոխարենը կենտրոնացե՛ք ամեն օր առողջ սնվելու և ֆիզիկապես ակտիվ լինելու վրա: Այս եղանակով Դուք և՛ կհասնեք Ձեր նպատակին, և՛ այդ 3 ամիսները Ձեզ համար այնքան տանջալից չեն լինի, որքան պատկերացնում եք:

Ախորժակն ուտելիս է բացվում


Խորհուրդ N 2՝ Մի՛սպասեք ոգեշնչման, ինքներդ ոգեշնչե՛ք Ձեզ:

Լինում են չէ՞ այնպիսի պահեր օրվա ընթացքում, երբ ոչինչ անելու տրամադրություն չունեք: Գուցե պատճառը անձրևոտ ու ամպամած եղանակն է, գուցե Դուք հոգնած եք, իսկ գուցե ուղղակի ծուլանում եք: Նման պահերին հավանաբար մտածում եք՝ «Ինձ մի քիչ ոգեշնչում է պետք, հենց ոգեշնչվեմ, կանցնեմ գործի»: Ու այդպես ձեռքերը ծալած սպասում եք, թե երբ եք վերջապես տրամադրվելու, որ գործի անցնեք:

Ասում են՝ ախորժակն ուտելիս է բացվում: Նմանապես, ինչ-որ գործ անելու համար պարտադիր չէ, որ հենց սկզբից տրամադրված լինեք: Ուղղակի սկսեք, իսկ որոշ ժամանակ անց չեք էլ զգա, թե որքան եք խորասուզվել Ձեր գործի մեջ:

Իհարկե, առանց տրամադրված լինելու ինչ-որ գործ սկսելն այնքան էլ հաճելի չէ, գուցե ինչ-որ տեղ ձանձրալի կամ անհետաքրքիր:

Ենթադրենք, օրինակ, պլանավորել եք աշխատանքից հետո մարզասրահ գնալ, բայց արի ու տես, որ ընդհանրապես տրամադրված չեք մարզվելու: Դրան էլ գումարած ձյուն է գալիս, ու շատ ցուրտ է:

Ի՞նչ անել նման իրավիճակում: Դե իհարկե, անպայման գնալ մարզասրահ: Չէ՞ որ նման քայլով Դուք և՛ կբարելավեք Ձեր ինքնազգացողությունը, և՛ կբարձրացնեք Ձեր ինքնագնահատականը:

Այսպիսով, եթե միայն փոքր-ինչ ջանք գործադրեք և ուղղակի անեք այն, ինչ պետք է արվի տվյալ պահին, լավ տրամադրությունն ինքն-իր ոտքով կգա Ձեզ այցի:

ինչպես մոտիվացվել

Մոտիվացնող ֆիլմեր, դրական մտքեր և աֆորիզմներ


Խորհուրդ N 3՝ շրջապատե՛ք Ձեզ լավատես մարդկանցով և դրական ամեն ինչով։

Քոուչ Արևիկ Հայրապետյանը խորհուրդ է տալիս, որ ամեն Ձեր օրը սկսեք որևէ մոտիվացնող աֆորիզմով, շաբաթվա ընթացքում դիտեք մոտիվացնող ֆիլմեր ու ԿայզենTV-ի տասնյակ տեսանյութերից որևէ մեկը, կարդաք ոգեշնչող պատմություններ։ Եվ ժամանակի ընթացքում կտեսնեք, թե որքան եք մոտիվացվում, և որքան է լուսավորվում Ձեր կյանքը:

Դե ինչ, այսքանով ամփոփենք քոուչ Արևիկ Հայրապետյանի առաջարկած 3 խորհուրդները՝ մոտիվացվելու և Ձեր մոտիվացիան պահպանելու համար:

Հաճախակի կիրառեք դրանք Ձեր կյանքում, և արդյունքը չի ուշանա:

 

Կայզեն TV-ի մասին


Շնորհակալ ենք Կայզեն TV-ի այս հաղորդմանը հետևելու համար:

Եթե այն օգտակար էր Ձեզ համար, ապա կիսվեք այս տեսանյութով սոցիալական մեդիայի Ձեր էջերում և բաժանորդագրվեք մեր ալիքին:

Ուրախ կլինենք իմանալ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ այս տեսանյութի վերաբերյալ: Վստա՛հ գրեք այն: :) Եվ եթե ուզում եք, որ Ձեր հարցը նույնպես հնչի ԿայզենTV-ի եթերում, ապա ուղարկեք մեզ Ձեր հարցերը նամակի տեսքով Kaizen Mastery ֆեյսբուքյան էջին:

Ձգտե՛ք Կատարելության...

Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտ

0 comments

Kommentarer


bottom of page