Search
  • Kaizen Mastery

Ինչպե՞ս ներել, երբ ներելն անհնար է թվում (5 օգտակար խորհուրդ)


ԿայզենTV-ի այսօրվա թողարկման ընթացքում լայֆ քոուչ Արևիկ Հայրապետյանը խոսում է ներելու կարևորության մասին:

«Գիտե՞ք, ընկերնե՛ր, երբեմն մտածում եմ՝ ի~նչ լավ կլիներ, եթե օրինակ դպրոցում մեզ սովորեցնեին՝ ինչպես ներել և բաց թողնել այն վիրավորանքը, որ զգում ենք այլ մարդկանց` մեր նկատմամբ արած ոչ այնքան բարի քայլերից»։

Թեև ներելու ունակությունը այնպիսի հմտություն չէ, որի համար երեխային կարելի է գնահատական դնել, սակայն ներելու ունակությունը շատ ավելի լավ կարող է կանխատեսել անհատի կյանքի որակը, քան բոլոր գերազանց գնահատականները միասին վերցված։

Չէ՞ որ ներել նշանակում է բաց թողնել այն հսկայական բեռը, որ մենք կրում ենք մեր ուսերին տարիներ, երբեմն տասնամյակներ շարունակ ու, քանի դեռ կրում ենք այդ բեռը, մենք չենք կարողանալու լիաթոք շնչել, ապրել լիարժեք կյանքով ու մեր լավագույնով հանդես գալ աշխարհում:

Մինչև չսովորեք ներել ու բաց թողնել այն ամեն ցավն ու վիրավորանքը, որ կա Ձեր սրտում, Դուք անխնա վատնելու եք Ձեր էներգիան՝ անցյալը հիշելու վրա, գուցե նույնիսկ վրիժառության մտքեր ունենաք:

Այստեղ պատեհ է հիշել չինական մի ասացվածք, որի համաձայն՝ «Նա, ով վրեժի է ձգտում, երկու գերեզման է փորում»։

Դժվար թե ինչ-որ մեկն իր կյանքի վերջում կարող է երջանիկ ու բավարարված լինել այն մտքից, որ ամբողջ կյանքում շղթայված է եղել վիրավորանքով, բարկությամբ կամ ցավի կապանքներով։ Այդ ժամանակ արդեն չափից ուշ կլինի շղթաներից ազատվելու համար։

Այն ժամանակ, երբ կարողանաք ներել նրան, ով աններելի է Ձեզ համար, կյանքը միանգամայն ուրիշ կլինի, այն միանգամայն ուրիշ երանգներ, ուրիշ համ ու հոտ կունենա, կյանքը պարզապես ավելի լավը կլինի Ձեզ համար։

Իհարկե, ներելու մասին շատ ավելի հեշտ է խոսել, քան իրականում ներել։ Ներելը մի վայրկյանում տեղի չունենում. այն պահանջում է ժամանակ, այն պահանջում է շատ ջանքեր, բայց ներելուն ուղղված մեր ջանքերը անհետևանք չեն մնալու, ու ժամանակի ընթացքում ներելու շնորհիվ մենք կարողանալու ենք ամոքել այն վերքերը, որոնք մեզ հետ են պահում լիարժեք կյանքով ապրելուց:

Հիմա հարց՝ ինչպե՞ս ներել: Լայֆ քոուչ Արևիկ Հայրապետյանը կիսվում է իր անձնական փորձով համեմված մի քանի խորհուրդներով, որոնք օգտակար կլինեն Ձեզ համար:

Խորհուրդ 1-ին՝ Ամենակարևոր բանն այն է, որ Դուք իսկապես պատրաստակամ լինեք ներել ու հավատաք, որ կարող եք ներել։ Հիշե՛ք մեզանից և ոչ մեկ չի ծնվել ներելու գերբնական հատկանիշներով։

Ձեզ կարող է թվալ, թե իբր Մայր Թերեզան կամ Նելսոն Մանդելան ի վերուստ օժտված են եղել ներելու՝ միայն ընտրյալներին բնորոշ հատկանիշով։ Այդպես չէ։ Այդ մարդիկ պարզապես գիտակցված որոշում են կայացրել՝ ազատագրել իրենց բարկության և վրեժի ծանր շղթաներից:

Մանդելան նրանցից մեկն էր.

«Այն պահին, երբ ես դուրս էի գալիս այն դարպասներից, որոնք իմ առաջ բացում էին ազատությունը, ես գիտակցում էի, որ եթե ես անցյալում չթողնեի դառնությունն ու ատելությունը, ես կշարունակեի բանտարկված մնալ»։

Խորհուրդ 2-րդ՝ Նույնիսկ փորձ մի՛ արեք ներել մեկ այլ մարդու, քանի դեռ Դուք չեք ներել ինքներդ Ձեզ Ձեր սեփական սխալների համար։ Ոչ մի մարդ այս աշխարհում կատարյալ չէ: Մենք բոլորս էլ սխալներ ենք գործել․ մեր կյանքի այս կամ այն փուլում մենք ևս ցավ ենք պատճառել՝ գուցե գիտակցաբար, գուցե ոչ և մենք ինքներս ներված լինելու կարիք ենք ունեցել։

Միևնույն ժամանակ կարևոր է հիշել, որ կյանքի ցանկացած պահի մենք վարվել ենք այնպես, ինչպես թույլ է տվել տվյալ պահի մեր գիտակցությունը, մեր ունեցած կյանքի փորձը, մեր հասունության մակարդակը: Որքան էլ տարօրինակ է հնչում, այնուամենայնիվ մեր արած այդ քայլը ամենալավն էր մեր կյանքի տվյալ փուլի համար:

Դա հենց այն քայլն էր, դա հենց այն որոշումն էր, որ Դուք պետք է անեիք, որպեսզի հայտնվեիք հենց այնտեղ, որտեղ այսօր եք:

Սա գիտակցելը օգնում է մեզ դառնալ առավել կարեկցող ու ներողամիտ այլ մարդկանց նկատմամբ, հասկանալ և ընդունել նրանց սխալների մարդկային բնույթը։

Եթե ինչ-որ մեկը Ձեզ վիրավորել է, խաբել է Ձեզ կամ անմարդկային է վարվել Ձեր նկատմամբ, դա հենց այն էր, ինչին նրանք ընդունակ էին տվյալ պահին՝ իրենց ունեցած հասունություն մակարդակով, գիտակցությամբ, իրենց համոզմունքներով:

Որքան շատ եք զարգանում որպես անհատ՝ Ձեր սխալների համար պատասխանատվություն ստանձնելով ու ներողություն խնդրելով, այնքան ավելի բնական ու հեշտ է դառնում Ձեզ համար ներել այլ մարդկանց սխալները։

Խորհուրդ 3-րդ՝ Ներելն անհնար է առանց տեղի ունեցածն ընդունելու պատրաստակամության: Եթե ուզում եք ներել, պետք է կարողանաք բաց թողնել այն միտքը, որ այն, ինչ տեղի է ունեցել, չպետք է տեղի ունենար:

Դրա համար է կարևոր, որ մենք սովորենք ընդունել այն, ինչ տեղի է ունեցել, նույնիսկ եթե դա այն չէր, ինչը մենք ուզում էինք:

Խորհուրդ 4-րդ՝ Այն պահին, երբ մենք պատասխանատվություն ենք ստանձնում մեր երջանկության համար, շատ ավելի հեշտ է այլ մարդկանց ներելը: Մեր երջանկությունը այլևս այլ մարդկանց ձեռքում չէ:

Խորհուրդ 5-րդ՝ Որևէ անհատի ներելու Ձեր պատրաստակամությունը և վճռականությունն իսկապես առաջնային է ու կարևոր։ Սակայն, պատրա՛ստ եղեք, որ վիրավորանքի զգացողություններն այցելելու են Ձեզ ժամանակ առ ժամանակ, հատկապես այն պահերին, երբ Դուք տխուր եք։

Պարզապես շարունակե՛ք հիշեցնել ինքներդ Ձեզ, որ ինչ-որ մեկին ներելը չի նշանակում, որ Դուք թույլ եք կամ որ չեք հարգում Ձեզ։ Ներելու Ձեր ընտրությունը նշանակում է, որ Դուք այնքան եք գնահատում Ձեզ, որ ընտրում եք լինել ազատ և ապրել այն կյանքը, որին իսկապես արժանի եք։

Եթե մենք ցանկանում ենք ապրել այնպիսի մի հասարակության մեջ, որտեղ մարդիկ սիրում են միմյանց ու հոգ տանում իրար համար, մենք առաջինը պետք է սիրենք, նույնիսկ նրանց, ովքեր սխալ են վարվել մեզ հետ։

Շնորհակալ ենք Կայզեն TV-ի այս հաղորդմանը հետևելու համար:

Եթե այն օգտակար էր Ձեզ համար, ապա կիսվեք այս տեսանյութով սոցիալական մեդիայի Ձեր էջերում և բաժանորդագրվեք մեր ալիքին:

Ուրախ կլինենք իմանալ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ այս տեսանյութի վերաբերյալ: Վստա՛հ գրեք այն: :)

Եվ եթե ուզում եք, որ Ձեր հարցը նույնպես հնչի ԿայզենTV-ի եթերում, ապա ուղարկեք մեզ Ձեր հարցերը նամակի տեսքով Kaizen Mastery ֆեյսբուքյան էջին:

Ձգտե՛ք Կատարելության...

Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտ


© 2016-2020 by Kaizen Mastery

People Development Institute

  • LinkedIn Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
  • Facebook Social Icon
  • images

Email: kaizenmastery@gmail.com

Phone: +374 (0) 55 345219

Yerevan, Armenia