Search
  • Kaizen Mastery

Ինչպե՞ս փոխել բնավորության բացասական գծերը (հնարավոր է)


Մարդկանց ամենասիրելի պատրվակներից մեկը հետևյալ արտահայտությունն է՝ «Ես տենց եմ»:

Հաճախ այդ արտահայտությունը դառնում է մարդկանց համար միջոց՝ արդարացնելու իրենց վարքի մեջ որևէ բան փոխելու անպատրաստակամությունը:

Ի հավելումն դրան, մարդիկ հաճախ են ասում «դա իմ բնավորությունն է», այսինքն մի բան է, որը բնությունից այդպես է, ու ես ոչինչ չեմ կարող փոխել:

Այդ մարդիկ սխալմամբ ենթադրում են, որ եթե իրենք ինչ-որ հատկանիշ, օրինակ՝ ծուլություն կամ անհամբերություն են դրսևորել իրենց կյանքի վերջին տարիներին, ապա դա իրենց անհատականության անբաժանելի մասնիկն է, իրենք այդպիսինն են ու վերջ:

Ասելով «ես տենց եմ»՝ մարդիկ հաճախ փակում են թեման:

Ինչպես շատ այլ հարցերում, այս թեմայի վերաբերյալ ևս, լայֆ քոուչ Արևիկ Հայրապետյանը ներկայացնում է ընդունված տեսակետից տարբերվող մեկ այլ տեսակետ:

Դրա համար կարևոր է անդրադառնալ բնավորություն բառի թարգմանությանը այլ լեզուներում: Ինչպես գիտեք, ռուսերենում այն կոչվում է «характер», անգլերենում` «character»:

Հետաքրքիր է, որ այս բառերը ծագում են հունարեն մի բառից, որը թարգմանաբար նշանակում է «դուր» կամ այն, ինչ ստեղծվել է դուրի միջոցով:

Դուրը ձեռքի կամ մեքենայական գործիք է, որը օգտագործվում է տարբեր նյութերի վրա աշխատելիս: Օրինակ՝ դուրով աշխատում է քանդակագործը մարմարի վրա՝ ինչ-որ քանդակ ստեղծելու նպատակով:

Այն, որ հին հունարենում բնավորություն բառի հիմքում ընկած է դուրը, պատահական չէ: Սա վկայում է այն մասին, որ հին հույները հավատում էին, որ մարդու բնավորությունը ոչ թե մի բան է, որը տրված է մեզ բնությունից, ու մենք ամբողջ կյանքում պետք է սահմանափակվենք մեր բնավորության հատկանիշներով, այլ իմաստուն հույները կարծում էին, որ բնավորությունը մի բան է, որ մարդն ինքն է ստեղծում՝ ինքն իր վրա աշխատելով, այսինքն՝ բնավորությունը մի բան է, որ դու ինքդ ես կերտում՝ այնպես, ինչպես քանդակագործը կերտում է քանդակը անմշակ մարմարից:

Հիմա մի պահ պատկերացրեք, որ Դուք քանդակագործն եք, իսկ Ձեր բնավորությունը մի անմշակ մարմարի կտոր է, որի վրա անընդհատ աշխատելով՝ Դուք կարող եք ստեղծել այնպիսի քանդակ կամ այնպիսի բնավորություն, ինչպիսին ցանկանում եք:

Օրինակ, մեծն քանդակագործ Միքելանջելոն հավատում էր, որ ամեն անմշակ մարմարի կտորի մեջ արդեն իսկ գոյություն ունի, արդեն իսկ ապրում է վերջնական քանդակը, որը պետք է արարվի: Ու նրան մնում էր միմիայն հեռացնել, ազատվել ավելորդ մատերիալից:

Նմանապես, մենք էլ պետք է հավատանք, որ այն «ես»-ը, որին ձգտում ենք, այն իդեալական կերպարը, որը կա մեր երևակայության մեջ, արդեն իսկ ապրում է մեր մեջ, այն արդեն իսկ գոյություն ունի, մեզ մնում է միայն հեռացնել այն ամենը, ինչը խանգարում է մեզ կամ չի համապատասխանում այդ իդեալական «ես»-ի կերպարին:

Այն, ինչ հետ է պահում շատ մարդկանց իրենց բնավորության մեջ ինչ-որ բան փոխելուց այն չէ, որ իրենք ընդհանրապես չեն ուզում փոխվել, այլ այն, որ նրանք այնքան են իրենց կրկնել «ես տենց եմ», «ես տենց եմ», «ես տենց եմ», որ դա դարձել է իրենց ինքնության մասնիկը, ու իրենք միանգամայն հավատացած են, որ ուղղակի չեն կարող փոխվել:

Կամ գուցե Դուք ինչ-որ հատկանիշ եք տեսնում այլ մարդկանց մեջ, որը հիացնում է Ձեզ, բայց Դուք սխալմամբ ենթադրում եք, որ այդ գեղեցիկ հատկանիշը, այդ գեղեցիկ մարդկային որակը պարզապես Ձեզ տրված չէ, ու Դուք երբեք չեք կարող լինել այդքան ինքնավստահ, բարի, ազնիվ, հոգատար, աշխատասեր և այլն:

Որպես արդյունք՝ Դուք չեք էլ փորձում Ձեր որևէ բացասական սովորությունից ազատվել կամ որևէ նոր դրական որակ ձևավորել Ձեր մեջ. չէ՞ որ, մեկ է, Դուք ոչինչ չեք կարող փոխել:

Այո՛, կան մարդիկ, ում ավելի հեշտ են տրվում այս կամ այն որակները, օրինակ՝ կան մարդիկ, ովքեր բնությունից որոշակի հակվածություն ունեն լինելու հոգատար կամ պատասխանատու, իսկ մյուսները բնությունից ունեն որոշակի հակվածություն՝ ծուլանալու կամ անհամբեր լինելու:

Բայց վստա՛հ եղեք, որ մեծ ցանկության պարագայում՝ Դուք կարող եք կերտել Ձեր մեջ ցանկացած հատկանիշ, որը ցանկանում եք՝ անկախ նրանից, որքան օտար կամ հեռու կամ անհնար է թվում Ձեզ այդ հատկանիշը:

Ենթադրենք օրինակ, Դուք շատ դժվարությամբ եք կարողանում խոսել Ձեր զգացմունքների մասին կամ լսել դիմացինին, ով խոսում է իր զգացմունքների մասին, դա Ձեզ միշտ խիստ անհարմարավետության մեջ է դրել:

Բայց արի ու տես, որ Ձեր երեխայի հետ հարաբերությունները սկսում են տուժել, քանի որ նրանք կարիք ունեն Ձեզ հետ սրտաբաց խոսելու կամ որ Դուք մի քիչ ավելի ջերմ լինեք նրանց հետ, բայց ցավոք Դուք չեք կարողանում Ձեր սերն արտահայտել:

Երբ Ձեր մտերիմ մարդիկ, խնդրում են, որ ավելի ջերմ լինեք երեխայի հետ, Դուք ասում եք՝ «Չեմ կարող, ես տենց չեմ», բայց նայելով Ձեր շրջապատի ծնողներին՝ Դուք մտածում եք՝ «Ի~նչ լավ կլիներ՝ ես էլ նրանց նման կարողանայի ջերմ լինել իմ երեխայի հետ, բայց նորից Ձեզ այցելում է այն միտքը, որ Դուք չեք կարող լինել այդպիսին, էլ ի՞նչ իմաստ ունի փորձելը»:

Վստա՛հ եղեք, որ դա շատ էլ լավ իմաստ ունի ու դա կարևոր է ոչ միայն Ձեզ համար, այլև Ձեր սիրելի մարդկանց հետ առողջ հարաբերություններ կառուցելու համար:

Ձեր՝ սովորություն դարձած բնավորության գծերը փոխելն այնքան էլ հեշտ չէ, երբեմն՝ շա~տ դժվար: Բայց հավատացա՛ծ եղեք, որ այն անհարմարավետությունը, որ զգալու եք Ձեր բացասական հատկանիշների վրա աշխատելիս, շատ փոքր է՝ համեմատած այն ցավին ու տառապանքին, որ զգալու եք հետագայում, եթե հիմիկվանից չաշխատեք Ձեզ վրա ու չփոխվեք:

Կարևոր է նաև հասկանալ, որ քանդակագործը ոչ թե մեծ մուրճով է աշխատում, այլ փոքրիկ գործիքով: Նմանապես, մենք էլ պետք է գիտակցենք, որ մեր լավագույն «ես»-ին համապատասխան բնավորություն կերտելը մի օրում տեղի չի ունենում, այն անվերջ պրոցես է, և մենք պետք է պատրաստակամ լինենք ամենօրյա փոքրիկ քայլերով կերտել մեր ցանկալի բնավորությունը:

Մի փոքրիկ առաջադրանք Ձեզ. մտածե՛ք նրա մասին, թե Ձեր բնավորության գծերից որ մեկն է խանգարում Ձեզ, որն է հետ պահում Ձեզ կյանքում առաջ գնալուց: Այնուհետև մտածե՛ք նրա մասին, թե ինչպիսի նոր որակ կամ հատկանիշ եք ցանկանում սերմանել Ձեր մեջ:

Հետո թղթի վրա գրե՛ք 3 փոքրիկ քայլ, որ պատրաստակամ եք անել առաջիկա շաբաթվա ընթացքում՝ այդ հատկանիշը Ձեր մեջ սերմանելու համար:

Շնորհակալ ենք Կայզեն TV-ի այս հաղորդմանը հետևելու համար:

Եթե այն օգտակար էր Ձեզ համար, ապա կիսվեք այս տեսանյութով սոցիալական մեդիայի Ձեր էջերում և բաժանորդագրվեք մեր ալիքին:

Ուրախ կլինենք իմանալ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ այս տեսանյութի վերաբերյալ: Վստա՛հ գրեք այն: :)

Եվ եթե ուզում եք, որ Ձեր հարցը նույնպես հնչի ԿայզենTV-ի եթերում, ապա ուղարկեք մեզ Ձեր հարցերը նամակի տեսքով Kaizen Mastery ֆեյսբուքյան էջին:

Ձգտե՛ք Կատարելության...

Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտ


© 2016-2020 by Kaizen Mastery

People Development Institute

  • LinkedIn Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
  • Facebook Social Icon
  • images

Email: kaizenmastery@gmail.com

Phone: +374 (0) 55 345219

Yerevan, Armenia