top of page
Search
Arevik Hayrapetyan

Ի՞նչ է կոնֆլիկտը. միջանձնային կոնֆլիկտների առանձնահատկությունները

Ի՞նչ է կոնֆլիկտը


Կոնֆլիկտները մարդկային հարաբերությունների անբաժանելի մասնիկն են, իսկ մեր կյանքում առկա մարդկային հարաբերությունների որակը կանխորոշում է մեր կյանքի որակը: Ահա թե ինչու մենք պետք է սովորենք լինել բավականաչափ գիտակից՝ հասկանալու համար կոնֆլիկտների դերը մեր կյանքում, ինչպես նաև գտնել կառուցողական լուծումներ այդ կոնֆլիկտները հաղթահարելու համար:


Դրա համար մենք պետք է նախևառաջ հասկանանք, թե ինչ է կոնֆլիկտը: Պարզ մեկնաբանմամբ՝ կոնֆլիկտը մարդկանց կարիքների բախումն է: Ինչպես գիտեք, յուրաքանչյուր մարդ ունի կարիքներ՝ ֆիզիոլոգիական կարիքներ, էմոցիոնալ, մտավոր, հոգևոր կարիքներ: Երջանիկ կյանքով ապրելու գրավականն այն է, որ մենք տեսնենք ու զգանք, որ այդ կարիքները բավարարվում են: Շատ կարևոր է հասկանալ, որ մենք չենք կարող ազատվել մեր կարիքներից, նույնիսկ եթե մենք ձևացնենք, թե իբր չունենք այս կամ այն կարիքը, փորձենք խաբել ինքներս մեզ, ճնշել այդ կարիքը, մեկ է այդ կարիքը չի անհետանալու: Փոխարենը մենք փորձելու ենք անուղղակի ձևերով, դիմացինին մանիպուլացնելու միջոցով բավարարել այդ կարիքը:

Մանիպուլյացիայի օրինակներ


Ենթադրենք Դուք ունեք ուշադրության ու Ձեզ կարևորված զգալու կարիք, ինչը միանգամայն նորմալ, մարդկային կարիք է: Բայց եթե Դուք այնպիսի հարաբերության մեջ եք, որտեղ Դուք չեք ստանում այն ուշադրությունը, որի կարիքը ունեք կամ ամաչում եք Ձեր կարիքի համար և ուղղակիորեն չեք բարձրաձայնում Ձեր կարիքը, Դուք անխուսափելիորեն սկսելու եք անուղղակի ձևերով, մանիպուլյացիայի միջոցով բավարարել այդ կարիքը: Գուցե վիճաբանություն հրահրեք, գուցե հիվանդանաք, գուցե փորձեք անտարբեր ու անհասանելի ձևանալ: Այս ամենը, որքան էլ «անիմաստ» թվա, այնուամենայնիվ նպատակ ունի Ձեզ տալ այն ուշադրությունը, որի կարիքը ունեք:


Ահա թե ինչու, այդքան կարևոր է սովորել առողջ ու կառուցողական ձևերով բավարարել մեր կարիքները: Դրա համար անհրաժեշտ է ինքներս մեզ հետ լինել լիովին անկեղծ ու մեր ամեն քայլն անելիս՝ տալ մեզ հետևյալ հարցը՝ «իմ ո՞ր կարիքն եմ փորձում բավարարել այս քայլով»: Եթե իսկապես անկեղծ լինեք ինքներդ Ձեզ հետ՝ կհասկանաք, որ Դուք ամենատարբեր ու հաճախ անարդյունավետ քայլերի եք դիմում՝ փորձելով բավարարել Ձեր խորքային կարիքներից որևէ մեկը: Կոնֆլիկտի առաջացման ու խորացման կարևորագույն պատճառներից է այն, որ մենք գիտակից չենք մեր իրական կարիքների մասին, այն, որ ամաչում ենք մեր կարիքները բարձրաձայնելուց, քանի որ վախենում ենք, որ մեզ կքննադատեն այդ կարիքների համար:


Միջանձնային հարաբերություններ


Մեզանից ոչ մեկ չի ապրում քարանձավում, և յուրաքանչյուր օր մենք շփվում ենք տարբեր մարդկանց հետ: Առողջ հարաբերությունն այն է, երբ հարաբերության երկու կողմերը գիտեն, արժևորում ու հարգում են միմյանց կարիքները: Երբ հարաբերության մի կողմը կամ երկու կողմերն էլ չեն տեսնում կամ պատրաստակամ չեն տեսնել ու հարգել դիմացինի կարիքները, առաջանում է կոնֆլիկտ: Օրինակ, եթե Ձեր սիրելի մարդը ցանկություն ունի Ձեզ հետ լավ ժամանակ անցկացնել, իսկ Դուք նախընտրում եք աշխատել ու այդ ժամանակը չանցկացնել Ձեր սիրելի մարդու հետ, ապա առաջանում է կոնֆլիկտ: Եթե Դուք նրա հետ եք ժամանակ անցկացնում, աշխատելու Ձեր կարիքը մնում է չբավարարված: Եթե Դուք որոշում եք աշխատել, ապա Ձեր կարիքը բավարարվում է, իսկ Ձեր սիրելի մարդու կարիքը մնում է չբավարարված:


Դուք կարող եք փորձել չնկատելու տալ այս կոնֆլիկտը կամ փորձել ձևացնել, թե իբր այն չկա: Բայց նման վերաբերմունքը միայն խորացնելու է կողմերից մեկի ներքին անբավարարվածությունը, իսկ երկարաժամկետ կտրվածքում խորապես վնասելու է Ձեր հարաբերությունը: Ահա թե ինչու, եթե Ձեզ համար իսկապես կարևոր է պահպանել այդ հարաբերությունը, Դուք պետք է ժամանակ և էներգիա տրամադրեք՝ փորձելու լուծում տալ առաջ եկած կոնֆլիկտին:

Կոնֆլիկտի փոխակերպում


Ո՞րն է Ձեր թաքնված կարիքը


Քայլ 1-ին՝ Ձեզանից յուրաքանչյուրը պետք է ինքն իր մեջ հասկանա՝ որն է իր խորքային կարիքը այս իրավիճակում: Օրինակ՝ եթե Դուք անկեղծ լինեք ինքներդ Ձեզ հետ, ապա գուցե հասկանաք, որ Դուք ոչ թե աշխատելու կարիք ունեք, այլ Ձեզ հաջողակ զգալու: Իսկ Ձեզ հաջողակ զգալու կարիքի տակ էլ թաքնված է Ձեզ սիրված ու արժանի զգալու կարիքը: Այսինքն՝ ստացվում է այնպես, որ Դուք հրաժարվում եք Ձեր սիրելիի հետ ժամանակ անցկացնելուց, քանի որ փորձում եք շատ աշխատելու և հաջողակ դառնալու շնորհիվ՝ Ձեզ սիրված ու արժանի զգալ, մինչդեռ չեք գիտակցում, որ կարող եք Ձեզ սիրված զգալ հենց Ձեր սիրելիի հետ որակյալ ժամանակ անցկացնելու շնորհիվ:


Քայլ 2-րդ՝ Դուք և Ձեր սիրելի մարդը պետք է իրար հետ անկեղծ ու սրտաբաց խոսակցություն ունենաք այն մասին, թե որն է յուրաքանչյուրիդ կարիքը այս կամ այն իրավիճակում ու ինչ հստակ քայլեր է նա ակնկալում դիմացինից: Ինչպես միշտ, անկեղծ լինելն անչափ կարևոր է, ավելին՝ կարևոր է ըմբռնումով մոտենալ դիմացինի կարիքներին՝ առանց դատելու կամ ամոթանք տալու դիմացինին իր կարիքների համար: Օրինակ՝ եթե դիմացինը անկեղծորեն ասում է Ձեզ, որ ինքն ունի ուշադրության ու մտերմության կարիք, կամ ամեն երեկո Ձեզ հետ 1 ժամ անցկացնելու կարիք, կամ շաբաթվա մեջ մեկ օր լիովին ինքն իրեն հետ լինելու կարիք, այս կարիքներից ոչ մեկը «վատ» կամ «սխալ» կամ «ամոթալի» կարիք չէ: Հստակ ձևակերպումները շատ կարևոր են. օրինակ՝ Դուք կարող եք մտածել, որ դիմացինին տալիս եք անհրաժեշտ ուշադրությունը՝ նրան թանկարժեք նվերներ տալով, բայց արի ու տես, որ դիմացինի համար ուշադրությունը դրսևորվում է նրա հետ ժամանակ անցկացնելու Ձեր պատրաստակամությամբ:


Անհամատեղելի կարիքներ


Քայլ 3-րդ՝ դիմացինի կարիքները ըմբռնումով և առանց քննադատության լսելուց հետո, Դուք պետք է պատասխանեք այն հարցին, թե արդյոք Դուք կարող եք, ուզում եք ու արդյոք պատրաստակամ եք դիմացինի կարիքները բավարարել, թե ոչ: Ինչպես միշտ, Դուք պետք է լինեք լիարժեք անկեղծ ինքներդ Ձեզ հետ, ինչպես նաև դիմացինի հետ: Պատճառը պարզ է. մենք չենք կարող ազատվել մեր կարիքներից կամ ձևացնել, թե նրանք չկան: Դուք չեք կարող առողջ հարաբերություն ունենալ որևէ մեկի հետ, եթե այդ հարաբերությունում ոտնահարված են Ձեր կամ դիմացինի կարիքները:


Եթե Ձեր կյանքի այս փուլում Դուք չեք կարող կամ չեք ուզում դիմացինին տալ այն ուշադրությունը, որի կարիքը նա ունի, պետք չէ պատրվակներ հորինել, պետք չէ խաբել դիմացինին կամ զբաղվել ինքնախաբեությամբ: Որքան էլ ցավոտ լինի այդ գիտակցումը, նման դեպքում Դուք պետք է ընդունեք, որ Ձեր և դիմացինի կարիքները պարզապես անհամատեղելի են, դրանում մեղավոր չէ ոչ ոք, պարզապես Դուք ունեք տարբեր կարիքներ:

Կոնֆլիկտի լուծում


Կոնֆլիկտի լուծումը այս իրավիճակում ենթադրում է, որ Դուք պարզապես պետք է գնաք տարբեր ճանապարհներով: Թեև սա կոնֆլիկտի լուծման տարբերակներից մեկն է, շատ հաճախ հնարավոր է գտնել այնպիսի լուծում, որտեղ հարաբերության երկու կողմերի կարիքներն էլ բավարարված կլինեն: Դա պահանջում է շարունակական հաղորդակցում միմյանց հետ, առաջ եկող կոնֆլիկտներին առերեսվելու ցանկություն, այլ ոչ թե փախուստ կոնֆլիկտներից: Որքան ավելի հստակ գիտակցեք Ձեր կարիքները, այնքան Ձեր կյանքը կլցվի մարդկանցով, ովքեր պատրաստակամ են բավարարել այդ կարիքները:


Հավելյալ ընթերցանության համար կարող եք դիտարկել հետևյալ հոդվածը՝


 

Շնորհակալ ենք Կայզեն TV-ի այս հաղորդմանը հետևելու համար: Եթե այն օգտակար էր Ձեզ համար, ապա կիսվեք այս տեսանյութով սոցիալական մեդիայի Ձեր էջերում և բաժանորդագրվեք մեր ալիքին:


Ուրախ կլինենք իմանալ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ այս տեսանյութի վերաբերյալ: Վստա՛հ գրեք այն: :) Եվ եթե ուզում եք, որ Ձեր հարցը հնչի և իր պատասխանը ստանա ԿայզենTV-ի եթերում, ապա ուղարկեք մեզ Ձեր հարցերը նամակի տեսքով Kaizen Mastery ֆեյսբուքյան էջին:


Ձգտե՛ք Կատարելության...

Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտ

0 comments

Comentários


bottom of page