Search
  • Arevik Hayrapetyan

Դժվարությունների դերը մեր կյանքում


Կորոնավիրուս. դժվարություն, մարտահրավեր, թե՞...


Այսօր ցանկանում եմ խոսել դժվարությունների մասին:


Ոչ միայն այն պատճառով, որ վերջին ամիսներին մարդկությունը բախվել է միանգամայն անսպասելի մարտահրավերի, այլ նաև այն պատճառով, որ դժվարությունները կամ մարտահրավերները, կարևոր տեղ են զբաղեցնում յուրաքանչյուր անհատի կյանքում:


Ես չեմ խոսում առօրյա կենցաղային դժվարությունների մասին, այլ ռեալ դժվարությունների մասին՝ գուցե կորցրել եք Ձեր աշխատանքը կամ Ձեր բիզնեսի, կարիերայի հետ կապված պլանները չիրականացան, գուցե սիրելի մարդուց եք բաժանվել կամ առողջական խնդիրներ ունեք:


Բնական է՝ սրանցից ոչ մեկը Ձեր նախընտրությունը չէր: Ձեր առաջին արձագանքը առաջ եկած դժվարությանը հիասթափությունն է, տխրությունը, ինչ-որ տեղ դառնությունը, ինչը միանգամայն հասկանալի է. չէ՞ որ Դուք մարդ եք: Ես ոչ մի կերպ չեմ ուզում նսեմացնել, փոքրացնել այն դժվարությունը, որի միջով հիմա անցնում եք կամ անցել եք, չեմ ասում, թե Ձեզ համար հեշտ է, կամ եղածը «ստից բան» է:


Ու այս տեսանյութը կիսում եմ Ձեզ հետ հենց այն մտադրությամբ, որ օգնեմ Ձեզ առաջ եկող դժվարություններին նոր լույսի ներքո նայել:



Ինչպե՞ս հաղթահարել դժվարությունները


Որպես առաջին քայլ՝ շատ կարևոր է հասկանալ, որ դժվարությունները ուղղակի կամ անկապ տեղը չեն հայտնվում մեր կյանքում: Դժվարությունները կարևոր առաքելություն ունեն մեր կյանքում, նրանք բացահայտում են մեզ, նրանք հայելու դեր են կատարում և ցույց են տալիս, թե ինչ կա մեր ներսում, նրանք ջրի երես են հանում մեր վախերը, մեր բարդույթները, մեր չլուծված խնդիրները, որոնք մենք այդքան զգուշորեն փորձել էինք թաքցնել աշխարհից ու ինքներս մեզնից:


Այսինքն՝ ստացվում է, որ խնդիրը կորոնավիրուսի կամ ինքնամեկուսացման մեջ չէ, այն մտքերն ու էմոցիաները, որոնք առաջ են գալիս այս պրոցեսում միշտ եղել են մեզ հետ, բայց մենք, առօրյա թոհուբոհով մեզ զբաղեցնելով, փորձել ենք չնկատել ու մեզնից հեռու վանել դրանք:


Ու քանի դեռ մենք մեր մեջ քաջություն չենք գտել մեր ներքին խնդիրներին առերեսվելու և լուծելու դրանք, այդ դժվարությունները անընդհատ հետապնդելու են մեզ:


Օրինակ, ենթադրենք՝ Դուք անընդհատ դժվարության եք հանդիպում Ձեր անձնական կյանքում, տարբեր մարդկանց հետ Ձեր հարաբերությունները իրար շատ նման պատճառներով ավարտվում են, ու Դուք ամեն անգամ մեղադրում եք այդ մարդկանց, ովքեր Ձեզ թողեցին կամ վատ վարվեցին Ձեզ հետ կամ Ձեզ բավականաչափ չսիրեցին:

Արի ու տես, որ այդ նույն դժվարությունը տարբեր մարդկանց միջոցով գալիս է Ձեզ այցի, որպեսզի Դուք վերջապես քաջություն ունենաք անկեղծ լինելու ինքներդ Ձեզ հետ: Օրինակ՝ այն մարդիկ, ովքեր Ձեզ չեն հարգում կամ սեր չեն տալիս, գալիս են Ձեր կյանք՝ ամեն անգամ հիշեցնելու, որ Դուք ինքներդ Ձեզ չեք հարգում, ինքներդ Ձեզ սեր չեք տալիս, ինքներդ Ձեր կարիքներին աչալուրջ չեք:


Ահա թե ինչու Դուք կարիք չունեք բողոքելու, մեղադրելու առաջ եկած հանգամանքներին, դժվարություններին: Չէ՞ որ այդ դժվարությունները ընդամենը օգնում են մեզ գիտակից լինել մեր խնդիրների մասին ու լուծում տալ դրանց:

Բայց սրանով պատմությունչ չի ավարտվում:


Չէ՞ որ դժվարությունները նաև ջրի երես են հանում այն հսկայական ուժը, ներուժը, որ մենք միշտ ունեցել ենք մեր մեջ ու երբևէ չենք պատկերացրել, որ կարող ենք այդչափ ուժեղ լինել: Այսինքն՝ ստացվում է, որ դժվարությունները մեկ այլ կարևոր դեր ունեն, նրանք ուզում են մեզ հիշեցնել, թե որքան ուժեղ ենք մենք ու ինչքան շատ հնարավորություններ ունենք, որոնց մասին գաղափար անգամ չենք ունեցել:


Դժվարությունը՝ որպես ուսուցիչ


Կարծում եմ՝ այս մոտեցումը լսելուց հետո, այլևս թշնամաբար չեք վերաբերվում այն դժվարություններին, որոնց միջով անցնում եք, փոխարենը հասկանում եք՝ որքան շատ բան ունեն նրանք Ձեզ տալու:


Դրա համար խնդրում եմ հիմա մտածեք այն ամենամեծ դժվարության մասին, որը կա Ձեր կյանքում հիմա ու հարց տվեք Ձեզ՝ ի՞նչ դեր է կատարում այս դժվարությունը իմ կյանքում, ի՞նչ է ուզում ինձ ասել կամ սովորեցնել այս դժվարությունը:


Որպես ամփոփում ասեմ՝ դժվարությունները մեզ չեն փոխում, նրանք ցույց են տալիս մեզ, թե ով ենք մենք: Երբ նայում ենք ներս, ու մեզ դուր չի գալիս այն, ինչ տեսնում ենք, մենք միշտ ունենք ազատություն և ընտրություն՝ փոխվելու, հղկելու մեր բնավորության գծերը, պատասխանատվություն ստանձնելու ու որոշելու, թե ինչպիսինն ենք ուզում լինել:


Ուզում ենք մնալ վախկոտի դերում, թե՞ դառնալ քաջ ու համարձակ, ուզում ենք շարունակել ամեն ինչի վրա թքած ունենալ, թե՞ մեր առջև նպատակներ դնել ու քայլ առ քայլ հասնել դրանց, ուզում ենք մեկը մյուսի հետևից ձախողված հարաբերություններ ունենալ, թե՞ մտադրված ենք ստեղծել առողջ, կառուցողական հարաբերություններ:

Մեզ մնում է միայն կատարել մեզ զորացնող ընտրությունը և շարժվել առաջ:


Երբ որոշ ժամանակ հետո հետ նայենք, մենք միմիայն երախտագիտությամբ կհիշենք այն փուլը կյանքի, որը մեզ այդքան դժվար էր թվում, որովհետև առանց այդ դժվարության մենք երբեք չէինք լինի այնտեղ, որտեղ մենք կանք այսօր:



Շնորհակալ ենք Կայզեն TV-ի այս հաղորդմանը հետևելու համար:

Եթե այն օգտակար էր Ձեզ համար, ապա կիսվեք այս տեսանյութով սոցիալական մեդիայի Ձեր էջերում և բաժանորդագրվեք մեր ալիքին:


Ուրախ կլինենք իմանալ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ այս տեսանյութի վերաբերյալ: Վստա՛հ գրեք այն: :)


Եվ եթե ուզում եք, որ Ձեր հարցը հնչի և իր պատասխանը ստանա ԿայզենTV-ի եթերում, ապա ուղարկեք մեզ Ձեր հարցերը նամակի տեսքով Kaizen Mastery ֆեյսբուքյան էջին:


Ձգտե՛ք Կատարելության...

Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտ

© 2016-2020 by Kaizen Mastery

People Development Institute

  • LinkedIn Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
  • Facebook Social Icon
  • images

Email: kaizenmastery@gmail.com

Phone: +374 (0) 55 345219

Yerevan, Armenia