top of page
Search

Ինչպե՞ս դադարել համեմատվել ուրիշների հետ

Kaizen Mastery

Մարդաբանությունը և գոյատևման բնազդը


Երբևէ համեմատե՞լ եք Ձեզ ուրիշների հետ:

Եթե ​​Ձեր պատասխանն է «Ո՛չ», ապա դա նշանակում է երկու բան՝ կա՛մ Դուք ստում եք, կա՛մ Դուք մարդկային էակ չեք: Կներեք: :)

Ինքներս մեզ այլ մարդկանց հետ համեմատելը միանգամայն մարդկային երևույթ է: Ավելին՝ այն ծրագրավորված է մեր ուղեղում և սերտորեն կապված է մեր գոյատևման բնազդի հետ:


Նախամարդը և ցեղախումբը

Ինչպես մարդաբանության ոլորտի մասնագետներն են նշում, հարյուր հազարավոր տարիներ առաջ նախամարդը պարտավոր էր անընդհատ համեմատել իր գործողությունները իր ցեղի մյուս անդամների վարքի հետ և այնպայման համապատասխանեցներ իր վարքը ցեղախմբում ընդունված կանոններին:

Եթե օրինակ նախամարդը սխալմամբ աներ այնպիսի մի քայլ, որը չընդունվեր ցեղախմբի մյուս անդամների կողմից, ապա նրան պարզապես դուրս կվռնդեին ցեղախմբից, ու նա ստիպված կլիներ մեն-մենակ դիմակայել սովին, ցրտին ու վայրի գազաններին, ինչը գրեթե անհնար էր:

Այսպիսով, սեփական գործողությունները իր ցեղակիցների գործողությունների հետ համեմատելու բնազդը օգնել է նախամարդուն մնալ իր ցեղախմբի հետ ու գոյատևել:

Ուղեղի կարևոր գործառույթը


Հավանաբար մտածում եք՝ ի՞նչ կապի ունի այս ամենը ժամանակակից աշխարհում ապրող մարդու հետ, ի՞նչ կապ ունի մեր վարքը նախամարդու վարքի հետ:

Թեև ժամանակակից աշխարհում մենք կարիք չունենք ամեն քայլափոխի մտածելու մեր գոյատևման մասին, այնուամենայնիվ մենք պետք է հասկանանք, որ մեր ուղեղի կարևորագույն գործառույթը մեր գոյատևումը պահպանելն է:

Ահա թե ինչու հարյուր հազարավոր տարիներ առաջ մեր ուղեղում ծրագրավորված այս բնազդը, այսինքն՝ մեզ ուրիշների հետ համեմատելը շարունակում է մնալ մարդկային էության մասնիկը և կարևոր դերակատարում ունի մեր գոյատևման համար:

Խնդիրը առաջ է գալիս այն դեպքում, երբ ուրիշների հետ համեմատվելը մեզանում վերածվում է մոլուցքի,

Շատ մարդիկ անդադար համեմատում են իրենց այլ մարդկանց հետ, օրինակ՝ իրենց ունեցած աշխատանքը իրենց ծանոթների աշխատանքի հետ, համեմատում են իրենց՝ իրենցից ավելի տարիքով կամ երիտասարդ մարդկանց հետ, նրանց հետ, ովքեր թվում է ունեն ավելի լավ արտաքին, առավել կայացած են իրենց կարիերայում, ավելի երջանիկ են անձնական կյանքում, ֆինանսապես ավելի լավ են ապրում և առհասարակ, թվում է, ունեն այն ամենը, ինչն իրենք չունեն:

Ինտերնետը և սոցիալական մեդիան


Կարևոր է հասկանալ, որ հեռուստատեսությունը, ինտերնետը, սոցիալական մեդիան քանիցս մեծացնում են մեզ ու մեր կյանքը այլ մարդկանց հետ համեմատելու առիթները:

Օրինակ, եթե սոցիալական մեդիայի օգտատեր ես ու ամեն օր տեսնում ես այլ մարդկանց իդեալական թվացող կյանքը, որտեղ բոլորը միմիայն հաջողություններ են գրանցում, բոլորը երջանիկ են իրենց անձնական կյանքում, բոլորը միմիայն վայելում են իրենց հանգիստը իրենց ընկերների հետ, այս ամբողջ պատկերավոր ինֆորմացիայի ազդեցության տակ շատ ավելի հեշտ է դառնում մտածել, որ եթե կա այս աշխարհում մեկը, ում անձնական կյանքը չի դասավորվում կամ ով չի կարողանում իր երազած աշխատանքին ընդունվել կամ ով տխրության ու անզորության պահեր է ունենում, ապա դա դու ես, միմիայն դու:

Եվ որպեսզի Դուք այլևս չտարվեք այս խաբկանքով ու դադարեք մոլեգին կերպով համեմատել Ձեզ շրջապատի մարդկանց հետ, լայֆ քոուչ Արևիկ Հայրապետյանը առաջարկում է Ձեզ հետևյալ խորհուրդները:


Օգտակար խորհուրդներ երջանիկ լինելու համար


Ինստագրամի և Ֆեյսբուքի իրականությունը


Խորհուրդ 1-ին՝ Հիշե՛ք, որ ոչ մեկի կյանքը իդեալական չէ. այն, ինչ տեսնում եք սոցիալական մեդիայում կամ նորություններում, յուրաքանչյուր անհատի բազմաշերտ իրականության միմիայն փոքրիկ, հաճախ սիրուն ձևով ֆիլտրված մասն է:

Չէ՞ որ յուրաքանչյուր անհատ ուզում է իրեն հնարավորինս լավ դրսևորել, հնարավորինս լավ կարծիք ձևավորել իր մասին. մեկը կարող է շատ ջերմ ու ժպիտներով լեցուն ընտանեկան նկարներ տեղադրել սոցիալական մեդիայում, բայց դժվար թե այդ նույն մարդը նկարի իրեն իր կնոջ կամ ամուսնու հետ վիճելու կամ իր երեխայի վրա բղավելու պահին ու այդ նկարը տեղադրի սոցմեդիայում՝ ի ուշադրություն համայն աշխարհի:

Պետք չէ մտածել, որ ամեն բան է կեղծ սոցիալական մեդիայում, պարզապես պետք է հասկանալ, որ դա իրականության փոքրիկ մասնիկն է միայն: Ու եթե Դուք էլ դատելու լինեք Ձեր կյանքի որակը միմիայն հիմնվելով Ձեր ֆեյսբուքյան իրականության վրա, ապա հավանաբար Դուք էլ Ձեզ կհամարեք աշխարհի ամենաերջանիկ մարդը:

Ահա թե ինչու երբեք մի՛ մոռացեք այն պարզ ճշմարտությունը, որ յուրաքանչյուր մարդ այս աշխարհում, որքան էլ նրանց կյանքը Ձեզ իդեալական թվա, ունի իր խնդիրները, իր ներքին պայքարն ու դժվարությունները: Եվ Դուք Ձեր դժվարություններով ու խնդիրներով մենակ չեք:

Դուք անկրկնելի եք


Խորհուրդ 2-րդ՝ Յուրաքանչյուր մարդու ճանապարհն այս կյանքում անկրկնելի է, յուրօրինակ է, յուրաքանչյուր մարդ այսօր այնտեղ է իր կյանքում, որտեղ նա պետք է լինի այսօր:

Հաճախ երբ համեմատում եք Ձեզ այլ մարդկանց հետ, Դուք գաղափար անգամ չունեք՝ որտեղից են նրանք սկսել իրենց ճանապարհը ու որքան հեշտ կամ որքան դժվար է եղել այդ ճանապարհը նրանց համար:

Միակ բանը, որ Դուք հաստատ գիտեք այն է, թե որտեղից ես Դուք սկսել Ձեր ճանապարհը, ու ինչեր է պահանջվել Ձեզնից հասնելու այնտեղ, որտեղ կաք:

Քոուչ Արևիկ Հայրապետյանը պատմում է Հռիփսիմեի պատմությունը, ով համալսարան է ընդունվել 28 տարեկան հասակում, ու եթե Հռիփսիմեն իրեն համեմատեր մյուս 28 տարեկան կանանց հետ, ապա նա իրեն գուցե վատ զգար. չէ՞ որ 28 տարեկանում շատ մարդիկ արդեն ասպիրանտուրայում են սովորում, իսկ նա դեռ նոր-նոր ընդունվել է համալսարան:

Բայց երբ իմանում ես այն հսկայական դժվարությունները, որ Հռիփսիմեն հաղթահարել է, որպեսզի 28 տարեկանում ընդունվի համալսարան, սկսում ես մեծապես հպարտանալ նրանով, ու ամեն տեսակի համեմատություն այլ մարդկանց հետ դառնում է անիմաստ. չէ՞ որ աշխարհում կա միմիայն մեկ նման Հռիփսիմե:

Միշտ հիշե՛ք՝ կարևորը ոչ թե այն է, թե որտեղ եք հիմա, այլ այն թե որտեղից եք սկսել և ուր եք գնում:

Խորհուրդ 3-րդ՝ Այն ամբողջ ժամանակն ու էներգիան, որ ծախսում եք այլ մարդկանց հետ համեմատվելու, նրանց ապրած կյանքով տարվելու վրա, այդ ժամանակն ու էներգիան օգտագործեք՝ ստեղծելու այն կյանքը, որի մասին երազում եք: Երբ զբաղված եք ինքներդ Ձեզ վրա աշխատելով, Ձեր երազանքները մեկը մյուսի հետևից կյանքի կոչելով, Դուք, ուզեք էլ, ժամանակ չեք ունենա ինչ-որ մեկի հետ համեմատվելու համար:


Հավատարիմ Ձեր արժեքներին

Խորհուրդ 4-րդ՝ Ձգտե՛ք երջանկություն փնտրել ոչ թե ինչ-որ մեկից ավելի լավը լինելու մեջ, այլ սեփական արժեքներին համահունչ ապրելու մեջ:

Չէ՞ որ անկախ նրանից՝ որքան հաջողակ լինեք, մեկ է աշխարհում հաստատ գտնվելու է գոնե մեկ մարդ, ով ավելի հաջողակ է, քան Դուք, ով ավելի հարուստ է, քան Դուք, ով ունի ավելի լավ արտաքին, քան Դուք կամ առհասակ ունի որևէ հատկանիշ, որով Դուք նրան զիջում եք:

Ու եթե Դուք անընդհատ համեմատեք Ձեզ՝ Ձեզ հանդիպած ամեն մարդու հետ, համոզվա՛ծ եղեք՝ դրանից Ձեր կյանքի որակը ավելի լավը չի դառնալու, ու Դուք շարունակաբար մրցավազքի մեջ եք լինելու:

Երախտագիտություն


Խորհուրդ 5-րդ՝ Հաջորդ անգամ, երբ Ձեր մարդկային բնազդի համաձայն սկսեք համեմատել Ձեզ այլ մարդկանց հետ կամ նրանց ունեցածի, նրանց ձեռքբերումների հետ, մի պահ խորը շունչ քաշեք ու հիշեցրեք Ձեզ նրա

մասին, թե որտեղից եք սկսել, ինչերի եք հասել և ուր եք գնում և որ Դուք գիտակցաբար ընտրություն եք կատարում չհամեմատել Ձեզ ոչ մեկի հետ. չէ՞ որ Դուք անկրկնելի եք:

Իհարկե, սա ավելի հեշտ է ասելը, քան անելը, բայց վստա՛հ եղեք, որ ինչպես ցանկացած առաքինություն, Ձեր ճանապարհի վրա կենտրոնանալը հմտություն է, որը Դուք կարող եք զարգացնել անընդհատ գիտակից լինելով:

Ժամանակի ընթացքում այս պրակտիկան կիրառելով կզգաք, թե որքան է բարելավվում Ձեր կյանքի որակը, որքան ոգևորված եք դառնում՝ Ձեր կյանքում դրական փոփոխություններ բերելով ու որքան երախտապար եք դառնում այն ամենի համար, ինչ ունեք:

 

Կայզեն TV-ի մասին


Շնորհակալ ենք Կայզեն TV-ի այս հաղորդմանը հետևելու համար:

Եթե այն օգտակար էր Ձեզ համար, ապա կիսվեք այս տեսանյութով սոցիալական մեդիայի Ձեր էջերում և բաժանորդագրվեք մեր ալիքին:

Ուրախ կլինենք իմանալ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ այս տեսանյութի վերաբերյալ: Վստա՛հ գրեք այն: :)

Եվ եթե ուզում եք, որ Ձեր հարցը նույնպես հնչի ԿայզենTV-ի եթերում, ապա ուղարկեք մեզ Ձեր հարցերը նամակի տեսքով Kaizen Mastery ֆեյսբուքյան էջին:

Ձգտե՛ք Կատարելության...

Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտ

 
 

Comments


© 2016-2024 by Kaizen Mastery

People Development Institute

  • LinkedIn Social Icon
  • YouTube Social  Icon
  • Facebook Social Icon
  • images

Email: kaizenmastery@gmail.com

WhatsApp: +374 (0) 55 345219

Yerevan, Armenia

bottom of page