top of page
Search
Kaizen Mastery

Հաջողակ դառնալու ամենամեծ վտանգը

ԿայզենTV-ի այսօրվա թողարկմանը լայֆ քոուչ Արևիկ Հայրապետյանը անդրադառնում է մի երևույթի, մի մտածելակերպի, որին հաճախակի է ականատես լինում առօրյայում՝ շփվելով միանգամայն տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ:

Հաջողության գաղտնիքը


Խոսքը գնում է այն մարդկանց մասին, ովքեր արդեն հասել են որոշակի հաջողությունների իրենց կարիերայում, իրենց անձնական կյանքում:

Խիստ հպարտ լինելով սեփական հաջողություններով՝ այդ մարդիկ, թվում է, համարում են, որ իրենք էլ ոչինչ չունեն անելու, որ արդեն տեղավորվել են կյանքում, իրենց ընտրած մասնագիտական ոլորտում, ու արդեն ժամանակն է միմիայն վայելել իրենց հաջողությունը: Այսինքն՝ ժողովրդի լեզվով ասած այդ մարդիկ առիթավորվում են իրենց ձեռքբերումներով, իրենց վերելքներով:


Ուինսթոն Չերչիլի հայտնի խոսքերը

Այստեղ տեղին է հիշել բրիտանացի քաղաքական գործիչ Ուինսթոն Չերչիլի հայտնի խոսքերը, ով ասում էր. «Ոչինչ այնքան չի նպաստում ձախողելուն, որքան ինքը՝ հաջողությունը»։

Այս միտքը կարող է փոքր-ինչ հակասական թվալ, բայց փաստն այն է, որ անկախ նրանից՝ ինչ բարձունքի, ինչ նվաճումների եք հասել, եթե սկսեք չափից շատ տարվել Ձեր հաջողությամբ կամ մտածեք, որ էլ ոչինչ չունեք անելու և վայելելու ժամանակը եկել է, հենց այդ պահից սկսելու է Ձեր անկումը։

Դառնալ օլիմպիական չեմպիոն


Մի բան է հասնել հաջողության Ձեր կարիերայում, մի բան է մեկ անգամ նվաճել օլիմպիական ոսկին, մի բան է առաջին տեղը գրավել երաժշտական մրցույթում, մի բան է սիրով ու համերաշխությամբ սկսել Ձեր ընտանեկան կյանքը:

Մեկ այլ բան է տարիներ շարունակ պահպանել Ձեր մասնագիտական հաջողությունները, մեկ այլ բան է շարունաբար վերանվաճել օլիմպիական ոսկին կամ տասնամյակներ հետո ունենալ նույնքան սիրառատ ու ջերմ ընտանիք, որքան ամենասկզբում:

Հենց հաջողությամբ չափից շատ տարվելու պատճառն է, որ այս տարի Ռեալ Մադրիդին այլևս չենք տեսնի Չեմպիոնների Լիգայում: Ակումբը, ինչպես գիտեք, նախորդ մի քանի տարիների ընթացքում այս մրցաշարի անբեկանելի չեմպիոնն էր:


Բիզնես հաջողություն

Հենց հաջողությամբ չափից շատ տարվելու պատճառն է, որ շատերիս առաջին հեռախոսները մատակարարած Նոկիա ընկերությունը արդեն անցյալի խորհրդանիշ է:

Երևի մտածում եք` սա պատահականություն է կամ սրանք ընդամենը մի քանի օրինակներ են կամ որ հաջողությունը շատ այլ գործոններից է կախված:


Նպատակին հասնելուց և հաջողակ դառնալուց հետո

Իհարկե, բայց ինչպիսինն էլ լինեն հանգամանքները, մենք ոչ մի կերպ չենք կարող ժխտել այն փաստը, որ հաջողությունն իր հետ բերում է ինչ-որ չափի գոռոզություն, ինչ-որ չափի բավարարվածության զգացում ու հանգստություն այն իմաստով, որ դու քո հաջողությամբ վաստակել ես ծուլանալու իրավունք:


Մարզիկ, սպորտային թիմ, թե բիզնես ընկերություն

Օրինակ՝ եթե մարզիկ ես, ուրեմն էլ կարիք չունես նույնքան նվիրված ու քրտնաջան աշխատել, չէ՞ որ դու արդեն չեմպիոն ես, եթե արդեն ամուսնացել ես քո սիրած էակի հետ, ուրեմն էլ կարիք չունես Ձեր հարաբերությունների վրա աշխատել. չէ՞ որ արդեն նվաճել ես քո սիրած էակի սիրտը:

Կամ եթե խոսքը հեղինակավոր բիզնես ընկերության մասին է, էլ ի՞նչ կարիք կա վերստին վաստակել հաճախորդների վստահությունը. չէ՞ որ նրանք արդեն ամենալավի համբավն ունեն շուկայում: Որպես արդյունք, նրանք այնքան են տարվում իրենց ստեղծած բրենդով, որ սկսում են արհամարհել հաճախորդների կարծիքներն ու կարիքները: Գուցե բրենդի ճանաչելիությունը որոշ ժամանակ օգնի իրենց, բայց երկարաժամկետ տեսանկյունից տապալումն անխուսափելի է:

Դա է պատճառը, որ կարևոր է զգոն լինել թե՛ մեր նպատակի ճանապարհին, թե այդ նպատակին հասած ժամանակ: Եթե Դուք հիմա Ձեր կյանքի այն փուլում եք, երբ Ձեզ թվում է, որ հասել եք հաջողության կյանքի այս կամ այն բնագավառում կամ գուցե բոլոր բնագավառներում միասին վերցրած, հավանաբար մտածում եք. «Լավ, բա ի՞նչ անեմ, որ պահպանեմ հաջողությունս»:


Եղե՛ք խոնարհ

Լայֆ քոուչ Արևիկ Հայրապետյանի պատասխանն է՝ Խոնարհ եղեք:

Մեր լեզվամտածողության մեջ, ցավոք, «խոնարհ» բառը կամ «խոնարհություն» բառը առաջնային տեղերում չեն: Իսկ ինչպես գիտեք, այն բառերը, որոնք ամենաշատն են օգտագործվում տվյալ հասարակության անդամների կողմից, ձևավորում են այդ հասարակության անդամների մտածողությունը, նրանց վարքագիծը:

Մի՛ կարծեք, որ լինելով խոնարհ՝ Դուք պետք է ցածր ինքնագնահատական ունենաք կամ երբևէ չհպարտանաք Ձեր ունեցած հաջողություններով:

Պարզապես անկախ նրանից, թե որքան մեծ հաջողությունների եք հասնում, միշտ հիշե՛ք, թե ինչ քրտնաջան աշխատանքի շնորհիվ եք հասել այդ հաջողություններին ու շարունակե՛ք նույնքան քրտնաջան աշխատել այդ հաջողությունը պահպանելու և կրկնապատկելու համար:


Հայտնի բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի մասին

Աշխարհի լավագույն մարզիկները, օրինակ Մայքլ Ջորդանը, նույնիսկ իրենց ամենամեծ հաղթանակից հետո շարունակում են մարզվել այնպիսի ինտենսիվությամբ, ասես նրանք դեռ նոր պետք է ինչ-որ նշանակալից բարձունք նվաճեն: Նույնը խորհուրդ ենք տալիս անել նաև Ձեզ:

Եվ թու՛յլ տվեք ամփոփել այսօրվա հաղորդումը մի շատ խորիմաստ ասացվածքով, որի համաձայն՝ այն ծառը, որն ամենաշատ բերքն է տալիս, հաճախ ամենացածրն է խոնարհվում երկրին: Եղե՛ք այդ ծառի նման:

 

Կայզեն TV-ի մասին

Շնորհակալ ենք Կայզեն TV-ի այս հաղորդմանը հետևելու համար:

Եթե այն օգտակար էր Ձեզ համար, ապա կիսվեք այս տեսանյութով սոցիալական մեդիայի Ձեր էջերում և բաժանորդագրվեք մեր ալիքին:

Ուրախ կլինենք իմանալ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ այս տեսանյութի վերաբերյալ: Վստա՛հ գրեք այն: :)

Ձգտե՛ք Կատարելության...

Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտ

0 comments

Comments


bottom of page