top of page
Search
Kaizen Mastery

1 կարևոր քայլ՝ անհնարինից դեպի հնարավոր

Հետաքրքիր բիզնես պատմություն


Տարիներ առաջ մի երիտասարդ ձեռներեց հուսահատ նստած էր այգու նստարանին և գլուխ էր կոտրում՝ մի ելք գտնելու իր բիզնես ընկերությունը սնանկացումից փրկելու համար։

Հանկարծ մի ծերունի է մոտենում նրան, ներկայանում որպես Ջոն Ռոքֆելլեր և հարցնում՝ ինչով կարող է օգնել երիտասարդին։

Հետաքրքիր է իմանալ արդյոք ծերունին կարողացավ օգնել երիտասարդին:

Ջոն Ռոքֆելլեր. ամենահարուստ մարդը


Երիտասարդի պատմությունը լսելուց հետո, ծերունին ասում է. «Ինձ թվում է՝ ես կարող եմ քեզ օգնել»։

Ծերունին հարցնում է երիտասարդի անունը և մի չեկ է գրում նրա անունով: Տալով չեկը երիտասարդին՝ ծերունին ասում է. «Վերցրու՛ սա, կարգավորի՛ր գործերդ, մեկ տարի հետո նույն օրը կհանդիպենք այստեղ ու ինձ կվերադարձնես գումարը»։

Մինչ երիտասարդը զարմացած նայում էր չեկին, ծերունին անհետացավ։

Երիտասարդը տեսավ, որ չեկի վրա գրված էր կես միլլիոն դոլար և ստորագրված էր Ջոն Ռոքֆելլերի կողմից։ Ինչպես գիտեք, Ջոն Ռոքֆելլերը համաշխարհային պատմության մեջ երբևէ ապրած ամենահարուստ մարդն էր։

Իր ծերության օրոք Ջոն Ռոքֆելլերը շարունակում էր մարդկանց օգնել և իր կարողության հսկայական մասն անընդհատ ուղղում էր բարեգործությանը։ Նա հայտնի էր փողոցում իրեն հանդիպող մարդկանց գումար բաժանելու սովորութամբ։

Այսպիսով, երիտասարդը ոչ այնքան զարմացավ, որ Ռոքֆելլերը այդ չեկը տվեց իրեն, այլ իրեն շատ երջանիկ համարեց, որ այս անգամ Ռոքֆելլերի բարեգործության թիրախը հենց ինքն է:

Հաջողության պատմություն բիզնեսում


Երիտասարդը սկզբում մտածեց կանխիկացնել չեկի գումարը և օգտագործել այն իր բիզնեսում։ Սակայն մի փոքր մտածելով՝ նրա որոշեց, որ իր մոտ կպահի այդ չեկը, սակայն չի օգտագործի գումարը։

Այսինքն՝ զուտ չեկի առկայությունն արդեն ապահովության ու լավատեսության զգացողություն տվեց նրան, և նա որոշեց համարձակորեն անել ամեն հնարավոր բան՝ իր բիզնեսը սնանկացումից փրկելու համար։

Հենց այդ լավատեսության և ինքնավստահության շնորհիվ նա շատ ավելի ձեռնտու բանակցություններ էր վարում և ամիսներ հետո կարողացավ լիովին ազատվել պարտքերից ու նորից գումար վաստակել։

Ծերունուն հանդիպելուց ուղիղ մեկ տարի հետո երիտասարդը գնում է այդ նույն այգին և տեսնում է, որ ծեր մարդն արդեն նստած է նստարանին։ Հենց երիտասարդն ուզում էր ծերունուն վերադարձնել չեկը և պատմել այն մասին, թե ինչպես հասավ հաջողության առանց գումարը օգտագործելու, մի բուժքույր վազելով մոտեցավ նրանց և ասաց երիտասարդին. «Հուսամ՝ մեր ծերունին Ձեզ շատ չի անհանգստացրել։ Նա անընդհատ փախչում է ծերանոցից և իրեն հանդիպած մարդկանց ասում, որ ինքը Ջոն Ռոքֆելլերն է»։

Շուտով ծերունին և բուժքույրը հեռանում են։


Ինչպե՞ս դառնալ ինքնավստահ

Երիտասարդը ապշած նստած է մնում նստարանին։ Մի ամբողջ տարի նա առուծախի, բանակցությունների մեջ էր, մի ամբողջ տարի նա ինքնավստահ ռիսկի էր դիմում՝ համոզված, որ կես միլլիոն դոլար ունի իր հաշվին։

Եվ հանկարծ նա հասկացավ, որ ոչ թե փողը վճռական դեր ունեցավ իր հաջողության մեջ, այլ իրեն սահմանափակող համոզմունքներից վեր կանգնելը, ինքնավստահություն դրսևորելը և գործելու համարձակությունը։

Այսպիսով, առաջարկում ենք, որ Դուք էլ խորը հայացք գցեք այն համոզմունքներին, որոնք խանգարում են Ձեզ և թույլ չեն տալիս ինչ-որ բան ձեռնարկել։ Ինչպես ասում են՝ չկան խանգարող հանգամանքներ, կա խանգարող մտածելակերպ։

Հարցրե՛ք ինքներդ Ձեզ՝ ի՞նչ կանեի ես, եթե չլինեին խանգարող հանգամանքները․․․ Մտածե՛ք այս հարցի շուրջ որոշ ժամանակ, և վստահեցնում ենք, որ անպայման կգտնեք Ձեր պատասխանը։ Իսկ երբ գտնեք այն, կիսվեք մեզ հետ Ձեր հաջողության պատմությամբ...

 

Կայզեն TV-ի թողարկումներում Դուք կգտնեք օգտակար խորհուրդներ և պրակտիկ գործիքներ՝ Ձեր նպատակները քայլ առ քայլ իրականություն դարձնելու համար։

Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նոր նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)

Ձգտե՛ք Կատարելության,

Kaizen Mastery

0 comments

Commentaires


bottom of page