Search
  • Arevik Hayrapetyan

Ոգեշնչող մտքեր Ձեր հոգեկան առողջության մասին հոգ տանելու համար

Թյուրընկալումներ հոգեկան առողջության մասին


Հոգեկան առողջության մասին կան բազում միֆեր և թյուրընկալումներ, որոնք թույլ չեն տալիս մարդկանց գիտակցել հոգեկան առողջության կարևորությունը, ինչպես նաև անհրաժեշտ հոգատարությամբ վերաբերվել սեփական հոգեկան առողջությանը:


Հոգեկան առողջությունը կարևոր է


1-ին սխալն այն է, որ մարդիկ ընդհանրապես չեն մտածում այն մասին, որ հոգեկան առողջությունը իրենց կյանքի կարևորագույն հիմնասյուներից մեկն է: Ինչպես մեր ֆիզիկական առողջությունը, մեր կյանքում առկա մարդկային հարաբերությունները, մեր աշխատանքը, մեր հոբբիները, մեր ֆինանսները, այնպես էլ մեր հոգեկան առողջությունը մեր կյանքի կարևոր մասն են կազմում: Ահա թե ինչու այդքան կարևոր է, որ մենք սկսենք մեր ժամանակն ու էներգիան ուղղել մեր հոգեկան առողջության մասին հոգ տանելուն:

Հոգեկան առողջությունը հարաբերական հանգիստը չէ


2-րդ սխալն այն է, որ մարդիկ հոգեկան առողջությունը հավասարեցնում են իրենց կյանքում հարաբերական հանգստի ու անդորրի հետ: Կան մարդիկ, ովքեր ասում են` «ես չեմ ուզում այս հարցի մասին այլևս մտածել» կամ «ես չեմ ուզում այս կամ այն հարցը քննարկել, չեմ ուզում այդ կոնֆլիկտային թեմայի շուրջ խոսել, քանի որ նախընտրում եմ հանգիստ մնալ և ինձ սթրեսի չենթարկել»:


Այդ մարդկանց սխալմամբ թվում է, թե նման մոտեցմամբ նրանք հոգ են տանում իրենց հոգեկան առողջության մասին, բայց իրականում դա այդպես չէ: Պատճառն այն է, որ հոգեպես առողջ անհատ լինել նշանակում է առողջ ու կառուցողական մոտեցում ցուցաբերել կյանքում առաջ եկող խնդիրներին ու կոնֆլիկտներին (լինեն նրանք ներքին, թե արտաքին կոնֆլիկտներ), այլ ոչ թե փախչել դրանցից, ձևացնել, թե իբր ոչինչ չի եղել ու հույս ունենալ, որ խնդիրը կամ կոնֆլիկտը ինքնաբերաբար կգտնի իր լուծումը:


Խնդիրներից փախչելու մոտեցումը ոչ միայն չի օգնում հոգ տանել մեր հոգեկան առողջության մասին, այլ նաև մեծապես վնասում է այն: Պատճառն այն է, որ երբ մենք մեզ հուզող որևէ խնդիր փորձում ենք հերքել, ճնշել կամ ձևացնել, թե իբր այն չկա, դրանով մենք անգիտակցաբար կուտակում ենք այդ խնդրի ամբողջ բացասական էներգիան ու ծանրությունը մեր հոգեկան ներաշխարհում և մեր մարմնի մեջ:


Խնդրից փախչելը չի կարող լուծել այն


Այս մոտեցումը կարող է օգտակար թվալ կարճաժամկետ տեսանկունից. չէ՞ որ նման դեպքում մենք ստիպված չենք առերեսվել խնդիրը կամ կոնֆլիկտը լուծելու անհարմարավետությանը ու կարող ենք «հանգիստ գլխով» ապրել կյանքը: Ցավոք, երկարաժամկետ տեսանկյունից, նման պահվածքով մենք միմիայն խորացնում ենք խնդիրը, ընթացքում վնասում մեր ֆիզիկական առողջությունը, փչացնում (երբեմն անդառնալիորեն) մարդկային հարաբերությունները և զրկվում կյանքը լիարժեք ու լիաթոք ապրելու հնարավորությունից:


Ավելին, մեր կողմից ճնշված ու անտեսված խնդիրը անխուսափելիորոն իմաց է տալու իր գոյության մասին: Սա ոչ թե սուբյեկտիվ կարծիք է, այլ կյանքի հիմնարար օրենքներից մեկը: Կյանքը փորձում է օգնել մեզ, որ մենք դասեր քաղենք մեզ հետ տեղի ունեցող բոլոր իրադարձություններից, իսկ դրա համար պետք է քաջություն ունենանք առերեսվելու առաջ եկած խնդիրներին: Միմիայն դրանից հետո մենք իրապես կկարողանանք առաջ շարժվել կյանքում՝ վստահ լինենով, որ ճնշված ու անտեսված խնդիրները այլևս մեզ չեն հետապնդի, քանի որ արդեն ստացել են իրենց լուծումը:


Թեև խնդիրներից փախչելով՝ Դուք փորձում եք Ձեզ ապահովագրել սթրեսից ու անհարմարավետ էմոցիաներից, իմացե՛ք, որ նման մոտեցմամբ Դուք միմիայն պարարտ հող եք նախապատրաստում խորը հոգեբանական խնդիրների առաջացման համար: Ահա թե ինչու մենք պետք է առաջնահերթ համարենք մեր հոգեկան ներաշխարհում առաջ եկող յուրաքանչյուր խնդրի լուծումը:

հոգեբանական խորհուրդներ - հոգեկան առողջություն

Նկարի աղբյուրը


Հոգեբանական խնդիրները ունեն իրենց լուծումը


3-րդ սխալն այն է, որ մարդիկ իրենց դատապարտված են համարում հոգեկան առողջությանը վերաբերող խնդիրներով ապրելուն: Նրանց թվում է, թե սթրեսն ու լարվածությունը, վախերն ու տագնապները, սեփական էմոցիաները կառավարելու անկարողությունը, ցածր ինքնագնահատականն ու անինքնավստահությունը, իրենց կյանքում կրկնվող խնդիրներն ու միատեսակ կոնֆլիկտները կյանքի անբաժանելի մասն են կազմում ու որ իրենք անզոր են որևէ բան անել՝ այս ամենը փոխելու համար:


Ուզում եմ Ձեզ վստահեցնել, որ անկախ նրանից, թե ինչպիսի հոգեբանական խնդրի եք Դուք բախվել կամ ինչպիսի խնդիրներ են առաջ եկել միջանձնային հարաբերություններում, դրանց գերակշռող մեծամասնությունն ունի իր առողջ ու կառուցողական լուծումը: Ձեզանից միմիայն պահանջվում է սկսել փնտրել Ձեզ հուզող հարցերի պատասխանները:


Մեր ժամանակաշրջանում ապրելու առավելություններից մեկն այն է, որ մեզանից յուրաքանչյուրին հասանելի է օգտակար ինֆորմացիա ցանկացած թեմայի վերաբերյալ: Դուք կարող եք համացանցում փնտրել Ձեր խնդրի մասին ինֆորմացիա, կարդալ գրքեր ու դիտել տեսանյութեր, որտեղ մասնագետները լուծումներ են առաջարկում, Դուք կարող եք անհատապես աշխատել համապատասխան մասնագետի հետ:


Վստահեցնում եմ Ձեզ, որ Դուք պարտավոր չեք ապրել Ձեր կյանքը սովորության ուժով, Դուք կարող եք ապրել շատ ավելի լիարժեք ու ներդաշնակ կյանքով: Այդ ամենը սկսվում է Ձեր կյանքի համար պատասխանատվություն ստանձնելու որոշումից: Ընտրությունը միշտ Ձերն է:

Շնորհակալ ենք Կայզեն TV-ի այս հաղորդմանը հետևելու համար: Եթե այն օգտակար էր Ձեզ համար, ապա կիսվեք այս տեսանյութով սոցիալական մեդիայի Ձեր էջերում և բաժանորդագրվեք մեր ալիքին:


Ուրախ կլինենք իմանալ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ այս տեսանյութի վերաբերյալ: Վստա՛հ գրեք այն: :) Եվ եթե ուզում եք, որ Ձեր հարցը հնչի և իր պատասխանը ստանա ԿայզենTV-ի եթերում, ապա ուղարկեք մեզ Ձեր հարցերը նամակի տեսքով Kaizen Mastery ֆեյսբուքյան էջին:


Ձգտե՛ք Կատարելության...

Kaizen Mastery

0 comments