Հոգեկան առողջություն. սահմանում
Առողջության միջազգային կազմակերպությունը սահմանում է հոգեկան առողջությունը որպես անձի հոգեբանական բարօրության վիճակ, որում նա կարողանում է իրացնել իր ներուժը, հաղթահարել առօրյա սթրեսները, արդյունավետ և բեղմնավոր աշխատել, ինչպես նաև ներդրում ունենալ իր համայնքում:
Այս տեսանյութը դիտելով՝ կհասկանաք, թե ինչու է հոգեկան առողջությունը կարևոր և ինչպես Դուք կարող եք հոգ տանել Ձեր հոգեկան առողջության մասին:
Ֆիզիկական առողջություն
Շատերս գիտենք, թե որքան կարևոր է մարդու համար իր ֆիզիկական առողջությունը, ու թեպետ ոչ բոլորն են ակտիվ հետևում իրենց ֆիզիկական առողջությանը, այնուամենայնիվ մեզանում ընդունված է, որ մարդ պետք է հետևի իր ֆիզիկական առողջությանը, մեծամասնությունը համակարծիք է ֆիզիկական առողջության կարևորության հարցի շուրջ, շատերն են տարին մեկ անգամ գնում պրոֆիլակտիկ բուժզննման, օրինակ՝ արյան անալիզ հանձնում, գնում ատամնաբույժի մոտ և այլն:
Բայց արի ու տես, որ մենք՝ մարդ էակներս, ավելին ենք, քան միայն մեր մարմինը, մեր ֆիզիկական օրգանները: Մենք ունենք հոգեկան ներաշխարհը, ու թեև այն տեսանելի չէ ու մենք չենք կարող այն շոշափել, բայց այն ամենը, ինչ կատարվում է մեր ներաշխարհում (լինեն դրանք դրական կամ բացասական հույզեր, էմոցիաներ, առօրյա սթրեսներ, անսպասելի իրադարձություններ, անցյալի ինչ-որ իրադարձություններ, որոնք դեռ հետապնդում են մեզ, անցյալից եկող ցավեր, որ դեռ բաց չենք թողել, մարդիկ, ում դեռ չենք ներել և այլն) անչափ կարևոր ազդեցություն ունի մեր կյանքի որակի վրա, ինքներս մեզ հետ ունեցած հարաբերությունների վրա, շրջապատող աշխարհի, մարդկանց հետ մեր փոխհարաբերությունների վրա
Ու, այո՛, այդ ամենը ազդում է նաև մեր ֆիզիկական առողջության վրա. շատ առողջական խնդիրներ ծագում են ճնշված, չարտահայտված, լիովին չապրված էմոցիաների, մեր ներաշխարհում իրենց լուծումը չգտած բազմաթիվ խնդիրների պատճառով:
Շատ կարևոր է հասկանալ, որ
Այսինքն եթե Ձեր բժշկական անկետայում նշված չէ, որ Դուք որևէ հոգեբանական խնդիր ունեք, ապա դա դեռ չի նշանակում, որ Դուք հոգեպես առողջ եք: Հոգեկան առողջությունը դինամիկ է, փոփոխվող, ինչպես նաև մեր ֆիզիկական առողջությունը:
Հոգեկան առողջությունը կարող է ազդվել մի շարք գործոններից՝ մեր գենետիկայից, այն սոցիալ-տնտեսական պայմաններից, որում մեծացել ենք, մեր դաստիարակությունից, կյանքում առաջ եկող տարբեր հանգամանքներից, ինչպես նաև տարբեր տեսակի սթրեսներից, որ ապրում ենք առօրյա կյանքում:
Էմոցիաներ
Մենք բոլորս էլ ունենում ենք տարբեր էմոցիաներ. բարկանում ենք, լարվում ենք կամ սթրեսի մեջ ենք լինում, տխրում ենք, հիասթափվում ենք, անհանգստանում ենք կամ տագնապի զգացում ենք ունենում: Սրանցից յուրաքանչյուրը միանգամայն նորմալ, մարդկային էմոցիա է: Բայց երբ այս էմոցիաները սրվում են ու դառնում են շարունակական, սկսում են ազդել մեր առօրյա կյանքի որակի վրա, շրջապատի մարդկանց հետ հարաբերությունների վրա, ապա այս իրավիճակը կարող է բերել հոգեբանական բազմապիսի խնդիրների: Եթե մենք ճիշտ ժամանակին չառերեսվենք այդ խնդիրներին, դրանք կարող են դառնալ խրոնիկ ու երկարատև:
Մինչդեռ, եթե մենք մեր մեջ զարգացնենք համապատասխան հմտություններ, որոնք մեզ թույլ կտան առավել լավ ճանաչել և հասկանալ մեր ներաշխարհում տեղի ունեցող պրոցեսները, ավելի լավ հասկանալ մեր էմոցիաները, աշխատել մեր էմոցիաների հետ, այլ ոչ թե ճնշել, թաքցնել դրանք կամ փորձել ամեն կերպ շեղել մեզ՝ լինի դա օրական 16 ժամ աշխատելով, լինի դա առավոտից երեկո հեռուստացույց նայելով, սոցիալական ցանցերում ժամանակ անցկացնելով կամ գուցե խմելով, ինչպես դա անում են շատ մարդիկ, ապա կտեսնենք, թե ինչպես է փոխվում մեր կյանքի որակը, ինչպես ենք օր առ օր ավելի ներդաշնակ դառնում:
Հոգեբանի խորհրդատվություն
Մեզանից շատերը չունեն այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են սեփական հոգեկան առողջության մասին հոգ տանելու համար: Ահա թե ինչու այդքան կարևոր է դիմել համապատասխան մասնագետի օգնությանը: Իհարկե, մեր հասարակության մեջ, ինչու չէ նաև ամբողջ աշխարհում, կան բազում կարծրատիպեր, որոնք ամոթի ստիգմա են առաջացնում, մարդիկ մտածում են, որ եթե հանկարծ դիմեն հոգեբանի օգնությանը, ապա դա կնշանակի, որ իրենք թույլ են, որ մյուսները իրենց ամոթով կտան:
Շատ կարևոր է գիտակցել, որ մեր հոգեկան առողջությունը պահպանելը հետևողական աշխատանքի արդյունք է. ոչ մեկի ներաշխարհում, ոչ մեկի կյանքում ներդաշնակությունը ուղղակի չի ստեղծվում, այն ստեղծվում է մեր ամենօրյա քայլերի միջոցով ու այն հոգատար մոտեցումի շնորհիվ, որ մենք դրսևորում ենք մեր հոգեկան առողջության նկատմամբ:
Անհատի հոգեկան առողջությունը կարևոր է ամեն տեղ և ցանկացած տարիքում:
Այն կարևոր է դպրոցից սկսած, բուհում, աշխատավայրում՝ լինի դա բիզնես ընկերություն, թե պետական հաստատություն, բանակում ու սպորտային թիմերում:
Ինչ մասնագիտության տեր մարդ էլ լինեք, Դուք պետք է լրջորեն հոգ տանեք Ձեր հոգեկան առողջություն մասին ու հիշեք, որ մեզանից ոչ մեկ անխոցելի չէ: Հոգեկան առողջության մասին հոգ չտանելը կարող է բերել նրան, որ հոգեբանական խնդիրը վերածվի հոգեբուժական խնդրի, ինչ էլ, անտեսված մնալու դեպքում, կարող է բերել անդառնալի հետևանքների:
Մեր հոգեբանական բարօրության մասին հոգ տանելը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է, քանի որ եթե մենք հոգեպես առողջ չեք կամ չենք լուծել մեր ներքին խնդիրները, ապա դա ուղղակիորեն անդրադառնալու է մեզ հետ կոնտակտի մեջ մտնող ցանկացած մարդու վրա, լինի դա մեր կինը, ամուսինը, թե երեխան, մեր գործընկերը, թե աշխատակիցը, հարևանը, թե հաճախորդը:
Հոգ տանելով Ձեր հոգեկան առողջության մասին՝ Դուք նաև հոգ եք տանում Ձեր շրջապատի մարդկանց հոգեկան առողջության ու նրանց բարօրության մասին:
Շնորհակալ ենք Կայզեն TV-ի այս հաղորդմանը հետևելու համար:
Եթե այն օգտակար էր Ձեզ համար, ապա կիսվեք այս տեսանյութով սոցիալական մեդիայի Ձեր էջերում և բաժանորդագրվեք մեր ալիքին:
Ուրախ կլինենք իմանալ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ այս տեսանյութի վերաբերյալ: Վստա՛հ գրեք այն: :)
Եվ եթե ուզում եք, որ Ձեր հարցը հնչի և իր պատասխանը ստանա ԿայզենTV-ի եթերում, ապա ուղարկեք մեզ Ձեր հարցերը նամակի տեսքով Kaizen Mastery ֆեյսբուքյան էջին:
Ձգտե՛ք Կատարելության...
Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտ
Comments