Մտքեր սիրո մասին
Ռոմանտիկ գրքեր, ֆիլմեր ու երգեր սիրո մասին
Վերջերս դիտում էի Նարեկ Դուրյանի «Սիրո մենյու» ներկայացումը: Թեև այն զավեշտալի էր, ներկայացման ժամանակ հնչեցին մտքեր, որոնք հասկացրին ինձ, թե որքան սխալ պատկերացումներ ու սահմանափակող համոզմունքներ կան մեզանում սիրո, մարդկային հարաբերությունների մասին:
Այս թյուրընկալումները շարունակում են ամրապնդվել մեզանում ռոմանտիկ գրքերի, ֆիլմերի ու երգերի միջոցով: Արդյունքում մարդիկ, հավատալով սիրո մասին այդ գրքերում ու ֆիլմերում արտահայտվող գաղափարներին, հաճախ չեն էլ վերանայում այդ գաղափարները և իրենց կյանքը, մարդկային հարաբերությունները կառուցում են այդ գաղափարների վրա:
Ահա թե ինչու այսօր ցանկանում եմ խոսել այն մասին, թե ինչպես ենք սիրահարվում մարդկանց, ինչու հենց տվյալ մարդուն, այլ ոչ թե ուրիշին և հաջորդ թողարկման ընթացքում կանդրադառնամ նրան, թե ինչպես կարող ենք վերափոխել սիրո մասին մեր ունեցած սխալ պատկերացումները:
Ծնող-երեխա հարաբերություններ
Առաջին հերթին մենք պետք է հասկանանք, որ սիրո մասին մեր պատկերացումները և որևէ տեսակի զուգընկերոջ նկատմամբ հակումները ձևավորվում են մեր կյանքի հենց առաջին տարիներից սկսած:
Յուրաքանչյուր երեխայի համար աշխարհում ամենաթանկ մարդիկ իր ծնողներն են: Յուրաքանչյուր երեխա ընկալում է իր ծնողների վարքագիծը, վերաբերմունքն ու ասած ամեն խոսքը որպես բացարձակ ճշմարտություն: Յուրաքանչյուր երեխայի համար աշխարհի մոդելը ստեղծվում է իր ընտանիքի մոդելի հիման վրա: Յուրաքանչյուր երեխայի համար մարդկային հարաբերությունների, այդ թվում սիրային հարաբերությունների մասին պատկերացումները, սերում են իր ընտանիքում տիրող հարաբերություններից:
Մենք սիրային հարաբերություններից ակնկալում ենք հենց այն տեսակի «սեր», որը մենք ստացել ենք մեր ծնողներից, անկախ նրանից, թե ինչպիսին է եղել այդ «սերը»: Այսինքն՝ այն վերաբերմունքը, որը երեխան ստանում է իր ծնողից դառնում է ակնկալիք այլ մարդկանցից սպասվող վերաբերմունքի համար:
Ինչպիսի՞նն է եղել Ձեր մանկությունը
Ֆիզիկական և էմոցիոնալ բռնություն
Սա նշանակում է, որ եթե օրինակ Ձեր ծնողներից մեկը ենթարկել է Ձեզ ֆիզիկական կամ էմոցիոնալ բռնության, նսեմացրել և նվաստացրել է Ձեզ, ապա հենց երեխա ժամանակվանից Ձեր ներաշխարհում, Ձեր ուղեղում, Ձեր մարմնում ձևավորվել է սիրո հետևյալ բնորոշումը՝ «սերը հավասարազոր է բռնությանը» կամ «առանց բռնության չի կարող լինել սեր»:
Ահա թե ինչու մեծանալով՝ Ձեզ սկսում են գրավել հենց այնպիսի մարդիկ, ովքեր Ձեզ շատ վատ են վերաբերվում և ամեն ձևով հիշեցնում են այն վերաբերմունքը, որը ստացել եք Ձեր ծնողից: Ամենացավալին այն է, որ Դուք շարունակում եք մնալ նման հարաբերություններում, և անկախ ամեն ինչից Ձեզ շարունակում է թվալ, որ այդ մարդը շատ է սիրում Ձեզ, Դուք էլ՝ նրան: Այդ զգացմունքները առաջ են գալիս, քանի որ Ձեր նյարդային համակարգը, Ձեր հորմոնները տարիների ընթացքում վարժեցվել են ասոցացնել սերը հենց բռնության հետ:
Ահա թե ինչու Դուք պետք է գիտակից լինեք այն փաստի մասին, որ երբ ինչ-որ մարդու նկատմամբ զգացմունքներ եք ունենում, այդ զգացմունքները միշտ չէ, որ իրական սիրո ապացույց են: Եվ Դուք չպետք է աներկբայաբար առաջնորդվեք այդ զգացմունքներով:
Անտարբերություն
Մեկ այլ օրինակ՝ գուցե մեծացել եք այնպիսի ընտանիքում, որտեղ Ձեր ծնողներից ոչ մեկը Ձեզ ֆիզիկական բռնության չի ենթարկել: Բայց ցավոք սրտի, Ձեր ծնողներից մեկը, օրինակ Ձեր հայրը, եղել է միանգամայն սառը, Ձեր կարիքներով ու զգացմունքներով չհետաքրքրվող մարդ: Որպես երեխա՝ Դուք ընդունել եք նման վերաբերմունքը՝ որպես հիմք առ այն, թե ինչպիսի վերաբերմունք կարող եք ակնկալել աշխարհից: Ահա թե ինչու Ձեր հասուն կյանքում Դուք կարող եք գտնել հստակ օրինաչափություն. Ձեզ գրավում են մարդիկ, ովքեր շատ նման են Ձեր հայրիկին: Նրանք սառն են, նրանք ներդրված չեն Ձեզ հետ հարաբերություններ ստեղծելու մեջ, Դուք անընդհատ ստիպված եք վազել նրանց հետևից, որպեսզի կարողանաք գեթ մի փոքր ուշադրություն ստանալ նրանցից:
Ավելին, այն պահից սկսած, երբ ինչ-որ մեկը սկսում է հետաքրքրություն ցուցաբերել Ձեր նկատմամբ, փորձում է Ձեզ սեր կամ ուշադրություն տալ, Դուք միանգամից կորցնում եք Ձեր հետաքրքրությունն այդ մարդու նկատմամբ: Ստացվում է այնպես, որ Ձեզ գրավում են միմիայն անհասանելի մարդիկ, մարդիկ, ում հետևից Դուք շարունակաբար վազում եք, բայց այդպես էլ չեք հասնում նրանց: Պատճառն այն է, որ Ձեր ամբողջ նյարդային համակարգը, Ձեր հորմոնները վարժեցված են այն ծրագրով, որ «իսկական սերն այն է, երբ Ձեր սիրած էակը անհասանալի է»: Արդյունքում Դուք սիրուն վերագրվող զգացողություններ եք ունենում միմիայն սառը, իրենց հեռու պահող և անհասանելի մարդկանց նկատմամբ:
Նման օրինակները բազմազան են. չէ՞ որ յուրաքանչյուրիս մեջ կա սիրային հարաբերությունների վերաբերյալ մանկությունից եկող մի «ծրագիր», որն իր հերթին թելադրում է, թե ինչպիսի մարդիկ են մեզ գրավում և ինչպիսի մարդիկ են մեզ վանում:
Կապ չունի, թե գիտակցական մակարդակում Դուք ինչ եք ուզում սիրային հարաբերություններից: Պատճառն այն է, որ եթե Ձեր ենթագիտակցական համոզմունքները հակասում են Ձեր գիտակցական ցանկություններին, ապա վերջիններս միշտ մղվում են երկրորդային պլան:
Հետաքրքիր վարժություն
Առաջարկում եմ անել հետևյալ վարժությունը, ինչի համար անչափ կարևոր է լիովին անկեղծ լինել ինքներդ Ձեզ հետ և կոչել իրերն իրենց անուններով՝ առանց փորձելու որևէ մեկին արդարացնել. չէ՞ որ մենք ոչ մեկին չենք մեղադրում, մենք ընդամենը գիտակից ենք դառնում փաստերի մասին:
Այսպիսով՝ վերցրե՛ք մի մեծ թուղթ, գծով բաժանե՛ք այն երկու մասի: Թղթի ձախ կողմում գրի՛ առեք բոլոր այն բնութագրիչները, որոնք գալիս են Ձեր մտքին Ձեր մանկության տունը հիշելիս, մասնավորապես բոլոր այն հիմնական զգացմունքները, որ զգացել եք որպես երեխա, այն վերաբերմունքը, որ ստացել եք կամ ցանկացել, բայց չեք ստացել Ձեր ծնողներից յուրաքանչյուրից: Եթե ծնողներից որևէ մեկը կամ երկուսը բացակա են եղել Ձեր կյանքից, գրե՛ք, թե ինչպիսի ազդեցություն է դա թողել Ձեզ վրա երեխա ժամանակ: Ձեզ կարող են օգնել հետևյալ հարցերը՝ ինչի՞ հետ եմ ես ասոցացնում սերը, ո՞րն է սիրո իմ բնորոշումը, ինչպե՞ս եմ ես սիրվել, երբ երեխա էի:
Այնուհետև մտաբերե՛ք բոլոր այն մարդկանց, ովքեր երբևէ գրավել են Ձեզ կամ ում հետ հարաբերության մեջ եք եղել: Թղթի աջ կողմում գրի՛ առեք այն մասին, թե ինչպիսինն են այդ մարդիկ և ինչպես եք Ձեզ զգում այդ հարաբերության մեջ:
Այնուհետև սկսե՛ք համեմատել թղթի աջ և ձախ կողմերում նշված բնութագրիչները: Ինքներդ կտեսնեք՝ որքան շատ նմանություններ կան: Այս վարժությունը մեծապես կօգնի Ձեզ առավել լավ հասկանալ Ձեր կյանքում առկա հարաբերությունները: Եթե լիովին բավարարված եք Ձեր հարաբերություններով, լիովին երջանիկ եք Ձեր զուգընկերոջ՝ Ձեր նկատմամբ դրսևորած վերաբերմունքից, ապա հոդվածի շարունակությունը Ձեզ համար չէ:
Ինչպե՞ս հրաժարվել անառողջ հարաբերություններից
Եթե գիտակցում եք, որ Դուք ավելիին եք արժանի, մտածում եք այն մասին, թե ինչպես փոխվել, ինչ անել, որպեսզի Ձեզ այլևս չգրավեն մարդիկ, ում հետ հնարավոր չեն առողջ հարաբերություններ, ապա հաջորդիվ կգտնեք խորհուրդներ առ այն, թե ինչպես կարող եք փոխել Ձեր հակումները, սխալ պատկերացումները, որ ունեք սիրո մասին և մեկընդմիշտ հրաժարվել անառողջ հարաբերություններից:
Ինչպե՞ս եք սիրվել մանուկ ժամանակ
Որպես առաջին քայլ՝ անհրաժեշտ է գիտակից դառնալ այն մասին, թե ինչպես է Ձեր մանկությունը ձևավորել աշխարհի և միջանձնային հարաբերությունների վերաբերյալ Ձեր պատկերացումները և ակնկալիքները: Օրինակ՝ եթե երբեք չեք արժանացել Ձեր ծնողի հավանությանը, երբեք բավարար չեք եղել Ձեր ծնողի համար, մեծանալով՝ Դուք շարունակաբար գրավում եք Ձեր կյանք այնպիսի մարդկանց, ովքեր գալիս ու վերահաստատում են այն համոզմունքը, որ Դուք բավարար չեք այնպիսին, ինչպիսին կաք, ում հավանությանը Դուք ոչ մի կերպ չեք կարողանում արժանանալ:
Նման վերաբերմունքի արժանանալով՝ Ձեզ կարող է թվալ, թե կյանքը Ձեր դեմ է կամ որ Ձեզ պարզապես վիճակված է նման ցավոտ փորձառությունների միջով անցնել և որ Դուք չեք կարող իսկապես սիրված լինել կյանքում: Բայց շատ կարևոր է հասկանալ, որ ամեն անգամ, երբ Դուք նման ցավոտ վերաբերմունքի եք արժանանում, դա հնարավորություն է, որը կյանքը տալիս է Ձեզ՝ բժշկելու մանկությունից եկող ցավը և փոխելու Ձեր կյանքում առկա հարաբերությունների մոդելը:
Զգացմունքներ ունենալը և հարաբերության մեջ լինելը
Երկրորդ քայլն այն է, որ Դուք հստակ որոշում կայացնեք չմնալ անցյալի կապանքների մեջ: Այսինքն՝ եթե հիմա այնպիսի հարաբերության մեջ եք, որը Ձեզ վնասում է, Դուք պետք է աներկբա որոշում կայացնեք առ այն, որ այլևս չեք հանդուրժելու նման վերաբերմունք Ձեր նկատմամբ: Օրինակ՝ եթե հարաբերության մյուս կողմը Ձեզ էմոցիոնալ, ֆիզիկական բռնության է ենթարկում, եթե սառն է Ձեր նկատմամբ և Դուք պետք է շարունակաբար վազեք այդ մարդու հետևից նրա սերը վաստակելու համար, եթե այդ մարդը չի ընդունում Ձեզ այնպիսին, ինչպիսին կաք, այլ պահանջում է, որ Դուք մի կողմ դնեք Ձեր սեփական կարիքները, ցանկությունները և ծառայեցնեք Ձեր կյանքը միմիայն իրեն, ապա այդ մարդը Ձեզ չի սիրում և նա ընդամենը հերթական դրսևորումն է այն բանի, թե ինչպիսի «սեր» եք տեսել Ձեր ընտանիքում երեխա ժամանակ:
Շատ կարևոր է հասկանալ, որ ինչ-որ մեկի նկատմամբ զգացմունքներ ունենալը ուղղակիորեն չի նշանակում, որ Դուք պետք է այդ մարդու հետ լինեք հարաբերության մեջ: Ես արդեն բացատրել եմ, թե որտեղից են սերում այլ մարդկանցով տարվելու նախադրյալները:: Ձեր մարմինը, Ձեր ամբողջ նյարդային համակարգը սովորության ուժով ձգվում է դեպի հենց այն տեսակի «սիրո» ուղղությամբ, որին Դուք ծանոթ եք մանկությունից:
Սիրահարված ժամանակ Ձեր ուղեղը արտազատում է դոֆամին կոչվող հորմոնը, սերոտոնինի մակարդակը բարձրանում է, ինչպես նաև արտադրվում է օքսիտոցին: Ահա թե ինչու տվյալ մարդու հետ շփվելիս կամ նրա մասին մտածելիս Ձեր ամբողջ մարմնում կայծակնային արագությամբ արթնանում են հաճելի զգացողություններ: Սա շատ բնական պրոցես է: Այնուամենայնիվ, ուզում եմ վստահեցնել, որ Դուք ի զորու եք փոխելու, վերավարժեցնելու Ձեր նյարդային համակարգը:
Ներկա՛ եղեք առաջ եկող անհարմարավետ էմոցիաների հետ
Որպես երրորդ քայլ՝ տվե՛ք Ձեզ հնարավորություն լինել բոլոր այդ զգացմունքների հետ, որոնք առաջ են գալիս այն ժամանակ, երբ Ձեզ գրավում է մի մարդ, ով վնասակար է Ձեզ համար կամ երբ Ձեզ մոտ առաջանում է ցանկություն վազել անառողջ հարաբերության հետևից: Երբ այդ մարդուն գրելու կամ զանգահարելու մղումը սկսում է ուժգնանալ, նստե՛ք, խո՛րը շնչեք, և փորձե՛ք զգալ, թե ինչպիսի զգացողություններ են արթնանում Ձեր մարմնի տարբեր մասերում: Ձեր առաջադրանքն է, որքան էլ որ դժվար լինի, ներկա լինել առաջ եկող անհարմարավետ էմոցիաների հետ, շարունակաբար խորը շնչել: Որոշ ժամանակ անց կնկատեք, որ այդ անհարմարավետ էմոցիաների ուժգնությունը թուլացել է, և Ձեզ համար փոքր-ինչ ավելի հեշտ է զերծ մնալ այդ մարդուն գրելուց կամ զանգահարելուց:
Որպես չորրորդ քայլ՝ իմացեք, որ նորմալ է, որ բաժանությունը ցավոտ է: Ձեր ամբողջ նյարդային համակարգի համար մեծագույն սթրես է բաժանվել մի մարդուց, ում նկատմամբ Դուք այդքան մեծ կապվածություն եք զգում: Հիշե՛ք, որ այս փուլում Ձեր նյարդային համակարգը չի տարանջատում «առողջ կապվածությունը» «անառողջ կապվածությունից»:
Սովորե՛ք ընդունել առողջ սերը
Որպես հինգերորդ քայլ՝ գիտակի՛ց եղեք բոլոր այն դեպքերի մասին, երբ ինչ-որ մեկը տալիս է Ձեզ առողջ հարաբերություն ունենալու հնարավորություն, իսկ Դուք մերժում եք այն:
Ենթադրենք Ձեր նյարդային համակարգը սովորել է, վարժեցվել է նրան, որը «իսկական սերը» պետք է լինի լի դրամաներով, կռիվներով ու էմոցիոնալ վայրիվերումներով լի՝ իրարից հեռվանալով, հետո մոտենալով: Երբ ինչ-որ մեկը տալիս է Ձեզ առողջ հարաբերություն ունենալու հնարավորություն, այսինքն՝ հարաբերություն, որտեղ դրամաների փոխարեն կա առողջ երկխոսություն, փոխըմբռնում, Դուք սկսում եք ձանձրանալ, դա Ձեզ հետաքրքիր չէ, դա չի առաջացնում Ձեզ մոտ հորմոնների այն հսկայական տարափը, որին Դուք այդքան ծանոթ եք ու որին այդքան սովոր եք:
Ահա թե ինչու Դուք պետք է տաք Ձեր նյարդային համակարգին հնարավորություն՝ սովորել սիրո առողջ տեսակին: Սա չի նշանակում, որ Դուք պետք է պարտադրեք Ձեզ հարաբերության մեջ լինել մի մարդու հետ, ում հետ չեք ուզում լինել հարաբերության մեջ: Այնուամենայնիվ, շատ կարևոր է, որ Դուք թույլ տաք Ձեզ ընդունել սիրո առողջ տեսակը, որը մարդիկ տալիս են Ձեզ: Ինչպես նախորդ օրինակում, այնպես էլ այստեղ, որքան էլ որ դժվար լինի, ներկա լինել առաջ եկող անհարմարավետ էմոցիաների հետ, շարունակաբար խո՛րը շնչեք և թու՛յլ տվել Ձեր մարմնին ընդունել և զգալ առողջ սերը: Որոշ ժամանակ անց նկատեք, որ այդ անհարմարավետ էմոցիաների ուժգնությունը թուլացել է, և Ձեզ համար փոքր-ինչ ավելի հեշտ է դառնում ընդունել սիրո առողջ տեսակը:
Շնորհակալ ենք Կայզեն TV-ի այս հաղորդմանը հետևելու համար: Եթե այն օգտակար էր Ձեզ համար, ապա կիսվեք այս տեսանյութով սոցիալական մեդիայի Ձեր էջերում և բաժանորդագրվեք մեր ալիքին:
Ուրախ կլինենք իմանալ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ այս տեսանյութի վերաբերյալ: Վստա՛հ գրեք այն: :) Եվ եթե ուզում եք, որ Ձեր հարցը հնչի և իր պատասխանը ստանա ԿայզենTV-ի եթերում, ապա ուղարկեք մեզ Ձեր հարցերը նամակի տեսքով Kaizen Mastery ֆեյսբուքյան էջին:
Ձգտե՛ք Կատարելության...
Kaizen Mastery
Comments