top of page
Search
  • Արևիկ Հայրապետյան

Ինչո՞վ են քոուչինգը և մենթորությունը տարբերվում մասնագիտական այլ ծառայություններից

Մասնագիտություններ


Դիտարկենք քոուչինգը մասնագիտական այլ (հարակից) ծառայությունների համեմատությամբ՝

Հոգեբանական խորհրդատվություն


Այս մասնագիտական ծառայությունը անդրադառնում է անհատի հոգեբանական խնդիրներին` հաճախ անդրադարձ կատարելով անհատի՝ անցյալում ունեցած փորձառությանը, դժվարություններին, որոնք էլ կարող են խանգարել նրա բնականոն էմոցիոնալ գործունեությանը ներկայումս: Քոուչինգը, սակայն, չի ձգտում լուծել անհատի հոգեբանական խնդիրները:

Քոուչինգ


Քոուչինգը ապագայամետ է: Այն կենտրոնանում է ապագա հնարավորությունների, այլ ոչ թե անցյալի «սխալների» վրա: Քոուչի հետ աշխատելիս չկան սխալներ, կա միայն փորձառություն, որից պետք է սովորել, չկա մեղքի կամ ափսոսանքի զգացում, կա պատասխանատվություն սեփական արարքների հանդեպ:

Քոուչինգը չի կետրոնանում նրա վրա, թե անհատը ինչպիսին է եղել անցյալում: Անցյալը չէ, որ անհատի կարողությունների կամ հնարավորությունների չափանիշ է: Անցյալին անդրադառնալիս ուշադրությունն ուղղվում է առավելապես դրական փորձառության և ձեռքբերումների վրա:


Քոուչ և հոգեբան

Հարկ է նշել, որ քոուչը մասնագիտությամբ հոգեբան չէ (բացառությամբ այն քոուչերի, ովքեր ունեն հոգեբանի կրթություն) և իրավասու չէ տրամադրել հոգեբանական խորհրդատվության ծառայություն:


Բիզնես խորհրդատվություն

Խորհրդատվություն՝ այս ծառայության մատուցման ժամանակ խորհրդատուն, ով որոշակի ոլորտի փորձագետ է, հրավիրվում է հարթակ (օրինակ՝ բիզնես ընկերություն) ախտորոշելու առկա խնդիրը, դրա առաջացման պատճառները: Այնուհետև, հիմնվելով իր հետազոտության արդյունքների վրա՝ փորձագետը հանդես է գալիս իրավիճակի բարեփոխմանը նպաստող լուծումներով և առաջարկություններով:

հոգեբանական խորհրդատվություն

Քոուչինգի դեպքում խորհրդատվություն չի տրամադրվում, քոուչը լուծումներ չի թելադրում, քանի որ կա այն համոզմունքը, որ անձը կամ կազմակերպությունն ունեն իրենց համար լավագույն լուծումները գտնելու բոլոր անհրաժեշտ ռեսուրսները: Քոուչինգը հիմնված է հավասար հարաբերությունների վրա:

Քոուչն օժանդակ դեր է կատարում՝ օգնելով անհատին կամ կազմակերպությանը ստեղծարար մտածելակերպի միջոցով նոր տեսանկյունից դիտարկել իրավիճակը, տեսնել այնպիսի հնարավորություններ, որոնք մինչ այդ անտեսված էին:


Մենթորություն

Մենթորությունը համագործակցություն է անհատների կամ անհատի և կազմակերպության միջև, որի ընթացքում որոշակի ոլորտում գիտելիքներ, հմտություններ և փորձառություն ունեցող անձը՝ մենթորը, փոխանցում է դրանք անհատին կամ խմբին:

Եթե քոուչինգը օգնում է սովորել, ապա մենթորությունը սովորեցնում է:

Ո՞վ է մենթորը


Մենթորության մեզ հայտնի լավագույն օրինակներից մեկը Մենթորի և Տելեմաքոսի հարաբերություններն են Հոմերոսի «Ոդիսականը» պոեմում: Տրոյա մեկնելիս Ոդիսևսն իր ընկեր Մենթորին է հանձնում իր տան ղեկավարումը և որդու՝ Տելեմաքոսի դաստիարակությունը, ասելով՝ «Սովորեցրու՛ նրան այն ամենը, ինչ գիտես»: Վերջին արտահայտությունը լավագույնս ներկայացնում է մենթորության էությունը:

Այսպիսով, թե՛ քոուչինգը, թե՛ մենթորությունը կենտրոնանում են անհատի ներկայի և ապագա հնարավորությունների վրա, միտված են հստակ նպատակների սահմանմանը, գործողությունների ծրագրի մշակմանը, դրա իրականացմանը և անհատի անձնական ու մասնագիտական կյանքում դրական փոփոխությունների խթանմանը:

Քոուչինգի ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է լրացնել այս հարցաթերթը:

Ձգտե՛ք կատարելության,

Արևիկ

Հ.Գ. Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին (Կայզեն TV), որտեղ կգտնեք մասնագիտական օգտակար խորհուրդներ՝ Ձեր նպատակները ամենօրյա փոքրիկ քայլերով իրականացնելու, երջանիկ ու ներդաշնակ կյանքով ապրելու համար:

0 comments

Comentários


bottom of page