top of page
Search
  • Արևիկ Հայրապետյան

Դարձի՛ր քո կյանքի առաջնորդը (կարևոր է)

Առաջնորդության մասին


Հիշում եմ՝ առաջնորդության գաղափարին ծանոթացա դպրոցական տարիներին: Այս թեմային վերաբերող դեռ որևէ գիրք չէի կարդացել և շատ աղոտ պատկերացում ունեի առաջնորդության մասին:

Միևնույն ժամանակ շատ լավ հասկանում էի իմ մի քանի դասընկերների վարքագծի պատճառները: Նրանք իսկապես տարված էին առաջնորդ ընկալվելու գաղափարով: Հիշում եմ մի քանի ակնառու դեպքեր, երբ նրանք իսկական ճակատամարտ էին տալիս առաջնորդ լինելու տպավորություն ստեղծելու համար: Չէ՞ որ «առաջնորդ» լինելու հանգամանքը կամ առաջնորդի տիտղոսը նրանց տալու էր մի շարք առավելություններ, օրինակ՝ անվիճարկելի իշխանություն այլոց որոշումների նկատմամբ, հեղինակություն, ուրիշներին սեփական կամքը թելադրելու հնարավորություն, այն է՝ ինչ անել, ինչպես անել և այլն:


Ո՞վ է առաջնորդը

Ինձ համար, սակայն, այս ամենը մեղմ ասած անհեթեթ էր: Պատանեկան պատկերացումներիս համաձայն՝ մարդ այնքան բան պետք է անի, մինչև ուրիշներին առաջնորդելու մասին մտածելն անգամ: Իմ մտքում հետևյալ հարցն էր անընդհատ պտտվում՝ արդյոք ես ինքս ինձ համար իսկապես լավ առաջնորդ եմ, որ սկսեմ ուրիշներին առաջնորդելու մասին մտածել:

Այս հարցն «ապրում» է իմ մեջ մինչ օրս: Չափազանցություն չի լինի ասել, որ այս հարցը շատ առումներով կերտել է նաև իմ ինքնությունը:

Մինչ այլ մարդկանց առաջնորդելը, սեփական «ես»-ի առաջնորդը դառնալու միտքն օգնել է ինձ գիտակցված ապրել իմ կյանքը և պատասխանատվություն կրել սեփական գործողությունների համար: Մենք բոլորս էլ անընդհատ հայտնվում ենք այնպիսի իրավիճակներում, երբ առաջանում է մեր սեփական նպատակների իրականացման, մեր թիմի, համայնքի, մեր երկրի ու աշխարհի բարօրության համար քայլ կատարելու կարիքը:

Ես շատ լավ գիտակցում եմ, որ կան այնպիսի հանգամանքներ, որոնց վրա ես ոչ մի տեսակ ազդեցություն չունեմ, սկսած նրանից, թե ինչպիսի եղանակ կլինի այսօր, վերջացրած նրանով, թե ինչպիսի տեղաշարժեր կլինեն համաշխարհային տնտեսության մեջ:

Միևնույն ժամանակ ես խորապես համոզված եմ, որ որպես գիտակից մարդ ես կարող եմ կայացնել կշռադատված որոշումներ և անել ինձնից կախված ամեն բան յուրաքանչյուր իրավիճակում:

առաջնորդություն - ով է առաջնորդը

Առաջնորդի հատկանիշները


Հենց իմ սեփական փորձառության հիման վրա վստահաբար կարող եմ ասել, որ Տիեզերքը պարգևատրում է նրանց, ովքեր քաջ են ու խիզախ և պատասխանատվություն են վերցնում սեփական կյանքի համար:

Կյանքի մեծագույն դասերից մեկը, որ ես ստացել եմ առ այսօր այն է, որ առաջնորդությունը սկսվում է ներքուստ, յուրաքանչյուրիս մեջ: Գուցե Դուք ծանոթ եք առաջնորդության մասին բազմաթիվ տեսությունների, գուցե բազմաթիվ գրքեր եք կարդացել առաջնորդության վերաբերյալ և գուցե ինչ-որ տեղ կարողացել եք հաջողությամբ կիրառել այդ տեխնիկաները և մարդիկ սկսել են հետևել Ձեզ՝ որպես առաջնորդի... Հրաշալի է:

Առանց որևէ կերպ թերագնահատելու առաջնորդության մասին տեսություններն ու գրքերը (նրանք իսկապես օգտակար են մեզ բոլորիս համար), ես կարծում եմ, որ Ձեր հետևորդներին հիացնող առաջնորդ դառնալու ուղին հետևյալն է՝

Դուք պետք է Ձեր մեջ մշակեք սեփական անձն առաջնորդելու հատկանիշը՝ օր առ օր:

Կարծում եմ՝ ինքնաառաջնորդումն առաջնորդության բոլոր տեսակներից ամենամարտահրավերայինն է:


Առաջնորդի հմտությունները

Փորձե՛ք Ձեր կյանքի համար լիովին պատասխանատու դառնալ, դարձե՛ք կարգապահ, առավոտյան բոլորից շու՛տ արթնացեք, շարունակե՛ք մարզվել թեկուզ այն ժամանակ, երբ իսկապես ուժասպառ եք, կատարե՛ք այն զանգը, որի մասին միտքն անգամ Ձեզ սարսափեցնում է, սկսե՛ք այդ անհարմարավետ խոսակցությունը, որն անընդհատ հետաձգում եք, ավարտեք այն ծրագիրը, որը վաղուց սկսել եք, ներե՛ք այն մարդուն, ով Ձեզ համար աններելի է, դարձե՛ք այն փոփոխությունը, որը ցանկանում եք տեսնել Ձեր շուրջը կամ այլ մարդկանց մեջ:

Այո, արե՛ք այս ամենը և շուտով կհամոզվեք, որ կամա թե ակամա Դուք դառնում եք այլ մարդկանց մեջ մեծագույն հիացմունք առաջացնող առաջնորդ: Ձեր արտաբերած յուրաքանչյուր բառն այնքան անկեղծ է, քանի որ այն արտացոլում է Ձեր ներսում ապրող անհաղթելի առաջնորդին: Կարճ ժամանակ անց մարդիկ սկսում են հավաքվել Ձեր շուրջը, քանի որ նրանք շարունակաբար հիանում են այն անհատականությամբ, որը Դուք կերտել եք: Այո, Դուք դարձել եք այն առաջնորդը, ով օրինակ է ծառայում և ով ոգեշնչում է:

Այն պահին, երբ դուք որոշում եք օգտագործել Ձեր մեծ թաքնված ներուժը, դուք պատրաստ եք շողալու: Տվե՛ք Ձեզ այդ հնարավորությունը:

Ձգտե՛ք կատարելության,

Արևիկ

Հ.Գ. Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին (Կայզեն TV), որտեղ կգտնեք մասնագիտական օգտակար խորհուրդներ՝ Ձեր նպատակները ամենօրյա փոքրիկ քայլերով իրականացնելու, երջանիկ ու ներդաշնակ կյանքով ապրելու համար:

0 comments
bottom of page