top of page
Search
  • Արևիկ Հայրապետյան

Ինչպե՞ս են ընթանում քոուչի և հաճախորդի հանդիպումները

Քոուչինգի սկզբունքները


Թեև քոուչինգն ունի իր հիմնարար սկզբունքները, յուրաքանչյուր հաճախորդի հետ աշխատանքը անհատական է, ինչը հնարավորություն է տալիս առավելագույնս բավարարել տվյալ հաճախորդի յուրօրինակ կարիքները:


Առաջին հանդիպում

Առաջին հանդիպման ժամանակ հաճախորդը քոուչի հետ միասին գնահատում է իր կյանքը՝ բոլոր առումներով: Համատեղ քննարկման արդյունքում հաճախորդն ընտրում է այն թեմաները, որոնց նվիրված են լինելու հետագա հանդիպումները: Այնուհետ, հաճախորդը քոուչի հետ միասին սահմանում է իր համար կարևոր մեկ կամ մի քանի նպատակ և մշակում գործողությունների իրականացման ծրագիր: Հենց առաջին հանդիպումից հետո անհատը սկսում է իրական քայլեր կատարել իր նպատակի ուղղությամբ:


Մենթորություն

Kaizen Mastery-ում մենք յուրօրինակ կերպով միաձուլում ենք քոուչինգի և մենթորության լավագույն տարրերը: Դրա շնորհիվ հանդիպումների ընթացքում քոուչը կատարում է նաև մենթորի դեր: Նա հաճախորդին է ներկայացնում անհատական զարգացմանը վերաբերող կենսական թեմաներ՝ փոխանցելով իր գիտելիքները և կիսվելով սեփական փորձառությամբ:


Ինչպե՞ս փոխել կյանքը

Հաճախորդը ստանում է իր անձնական աճը խթանող առաջադրանքներ, որոնք պետք է կատարվեն մինչև հաջորդ հանդիպումը: Յուրաքանչյուր հանդիպման ընթացքում քննարկվում են անցած շաբաթվա ընթացքում հաճախորդի կատարած բացահայտումները, նրա ձեռնարկած գործողությունները, առաջ եկած մարտահրավերները, դրանք հաղթահարելու հնարավոր տարբերակները, ինչպես նաև անդրադարձ է կատարվում առաջիկա անելիքներին:

Հատկանշական է, որ անհատի կյանքի որևէ ոլորտում դրական փոփոխությունն արդեն իսկ նպաստում է կյանքի մյուս ոլորտների բարելավմանը:

Հանդիպումների ընթացքում քոուչը լսում է հաճախորդին, հարցեր տալիս և դիտարկումներ անում: Ճիշտ պահին տրված դիպուկ հարցի շնորհիվ հաճախորդը կարող է երևան հանել այնպիսի հնարավորություններ, որոնք մինչ այդ պահը անտեսանելի էին նրա համար: Քոուչի օգնությամբ նա վեր է հանում իր մարտահրավերները հաղթահարելու մի շարք այլընտրանքներ:

քոուչինգ սեսիա - Արեւիկ Հայրապետյան

Ի՞նչ է քոուչինգը


Քոուչինգը տեղի է ունենում դրական, ոգեշնչող և ստեղծարար մթնոլորտում, որտեղ հաճախորդն իրեն միանգամայն ապահով է զգում՝ արտահայտելու սեփական անհատականությունը և ազատ խոսելու սեփական երազանքների, ձգտումների մասին՝ առանց խոցելի կամ թույլ երևալու մտավախության:

Այս ամենը հնարավոր է՝ քոուչինգի էթիկական նորմերին հետևելու շնորհիվ: Դրանք են՝ կոնֆիդենցիալությունը, փոխադարձ վստահությունը, հարգանքը, ազնվությունը, ինչպես նաև միմյանց և ստեղծված համագործակցության առջև պատասխանատվության զգացումը:


Հասնել նպատակին և դառնալ հաջողակ

Քոուչինգը երկարաժամկետ համագործակցություն է հաճախորդի և քոուչի միջև: Հաճախորդի համար շոշափելի արդյունքների հասնելու նպատակով համագործակցության օպտիմալ տևողությունը 3 ամիս է, շաբաթական 1 օր՝ 1 ժամ տևողությամբ: Կախված հաճախորդի կարիքներից՝ համագործակցության տևողությունը և հանդիպումների հաճախականությունը կարող են վերանայվել: Որոշ դեպքերում հաճախորդը կարող է ցանկություն հայտնել շարունակել համագործակցությունը՝ նոր նպատակի ուղղությամբ աշխատելու համար:


Օնլայն սեսիա քոուչի հետ


Քոուչի և հաճախորդի համագործակցությունը կարող է տեղի ունենալ թե՛ անհատական հանդիպումների, թե առցանց հաղորդակցման միջոցներով (օրինակ՝ Skype-ով): Սա հնարավորություն է տալիս գործունյա մարդկանց օգտվել քոուչի ծառայություններից՝ գտնվելով իրենց համար առավել հարմարավետ վայրում և խնայելով սեփական ժամանակը:

Հանդիպումներից դուրս քոուչի և հաճախորդի կապը պահպանվում է էլ. փոստի կամ հեռախոսի միջոցով, որի ընթացքում հաճախորդը հնարավորություն ունի տալ իրեն հուզող բոլոր հարցերը, ինչպես նաև հանդես գալ առաջարկներով:

Համագործակցությունը սկսելուց առաջ կողմերի միջև կնքվում է պայմանագիր, որտեղ հստակ նշվում են համագործակցության բոլոր մանրամասները:

Քոուչինգի ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է լրացնել այս հարցաթերթը:

Ձգտե՛ք կատարելության,

Kaizen Mastery

Հ.Գ. Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին (Կայզեն TV), որտեղ կգտնեք մասնագիտական օգտակար խորհուրդներ՝ Ձեր նպատակները ամենօրյա փոքրիկ քայլերով իրականացնելու, երջանիկ ու ներդաշնակ կյանքով ապրելու համար:

0 comments
bottom of page