top of page
Search
  • Arevik Hayrapetyan

Բարությունը կփրկի աշխարհը, մարդահաճությունը՝ ոչ

Բարություն, թե՞ մարդահաճություն


Արտաքուստ բարեհամբույր մարդկանց մասին


ԿայզենTV-ի այսօրվա թողարկմանը ցանկանում եմ խոսել այն մարդկանց մասին, ովքեր սիրում են հաճոյանալ ուրիշներին: Արտաքուստ այս մարդիկ շատ անուշիկ են ու բարեհամբույր, բարի ու հոգատար, բոլորին ձեռք մեկնող ու աջակցող, նրանք միշտ համաձայնվում են ամեն առաջարկին ու խնդրանքին: Որպես կանոն՝ այս մարդիկ դրական համբավ ունեն իրենց շրջապատում:


Առաջին հայացքից կարող է թվալ, որ նման մարդիկ շատ երջանիկ են ու ապրում են ներդաշնակ կյանքով, բայց իրականում դա այդպես չէ: Նման մարդիկ ունեն բազում հոգեբանական խնդիրներ, որոնք նրանք փորձում են կոծկել ուրիշներին հաճոյանալու միջոցով:


Ցածր ինքնագնահատական


Մարդկանց հաճոյանալու մեր կարիքը բխում է ցածր ինքնագնահատականից և ինքներս մեր նկատմամբ սիրո պակասից: Այն մարդիկ, ովքեր ունեն ցածր ինքնագնահատական, չգիտեն սեփական արժեքը ու չեն սիրում իրենք իրենց, ձգտում են բավարարել սիրված ու գնահատված լինելու իրենց կարիքը այլ մարդկանց միջոցով, այլ մարդկանց կողմից սիրված լինելու, նրանց դրական կարծիքին արժանանալու միջոցով:


Աշխարհում ոչ մեկը չի ծնվում այլ մարդկանց հաճոյանալու հակումով: Մենք ձևավորում ենք այլ մարդկանց հաճոյանալու հմտությունը՝ որպես գոյատևման մեխանիզմ՝ աշխարհում մեր տեղը գտնելու համար: Եթե որպես մեծահասակ Դուք Ձեր մեջ նկատում եք հաճոյանալու հակումը, ապա ամենայն հավանականությամբ Ձեր մանկության տարիներին շրջապատի մարդիկ Ձեզ չեն սիրել ու ընդունել այնպիսինը, ինչպիսինը Դուք եղել եք: Նրանց կողմից «սիրվելու» ու նրանց մտերմությունը վաստակելու միակ ճանապարհն այն էր, որ Դուք անեիք այն ամենը, ինչն արժանանում էր այդ մարդկանց հավանությանը՝ նույնիսկ եթե այդ ամենն անելու համար Դուք պետք է հրաժարվեիք Ձեր սեփական կարիքներից ու ցանկություններից:


Մենք սոցիալական էակներ ենք


Լքված լինելու զգացումը ցավոտ է


Այսպիսով, մեզանից շատերը այս կամ այն չափով ձևավորել են այլ մարդկանց հաճոյանալու հակումը, քանի որ մեր մեջ արմատացած է այն գաղափարը, որ եթե մենք հանկարծ չհաճոյանանք այլ մարդկանց, չանենք նրանց համար այն, ինչ նրանք մեզնից ակնկալում են, ապա մեզ չեն սիրի, մեր մասին վատը կմտածեն, մեզ կլքեն և մենք մենակ կմնանք: Չընդունված ու լքված լինելու զգացումն անչափ ցավոտ է յուրաքանչյուր մարդկային էակի համար. չէ՞ որ մենք սոցիալական էակներ ենք:


Հարկ է շատ անկեղծ լինել ինքներս մեզ հետ ու ընդունել այն փաստը, որ այլ մարդկանց հաճոյանալը քողարկված մանիպուլյացիա է: Եթե օրինակ մենք ինչ-որ մեկի համար անում ենք որևէ բան ոչ թե այն պատճառով, որ իսկապես ցանկանում ենք անել այդ բանը դիմացինի համար, այլ որպեսզի այդ մարդը հանկարծ վատը չմտածի մեր մասին, ապա մեր այդ քայլը նպատակ ունի կառավարել դիմացինի՝ մեր մասին ունեցած պատկերացումները: Քանի որ մենք չունենք առողջ ինքնագնահատական, մենք փորձում ենք ուրիշին մանիպուլացնելու և նրա դրական կարծիքին արժանանալու շնորհիվ ձևավորել մեր ինքնագնահատականը: Սա, իհարկե, ապակառուցողական մոտեցում է:


Հարկ է հասկանալ, որ եթե ինչ-որ մեկի հետ մեր հարաբերությունների պահպանման երաշխիքն այն է, որ մենք պետք է շարունակաբար հաճոյանանք այդ մարդուն, շարունակաբար անտեսենք մեր սեփական կարիքներն ու ցանկությունները այդ մարդու ցանկությունները բավարարելու համար, ապա այդ հարաբերությունը առողջ ու կառուցողական չէ:

բարությունը կփրկի աշխարհը - աֆորիզմներ

Մարդահաճությունը մանիպուլյացիա է


Շատ մարդիկ շփոթում են բարի լինելը և այլ մարդկանց հաճոյանալու հակումը, մինչդեռ դրանք երկու միանգամայն տարբեր բաներ ենք: Երբ մենք իսկապես բարի ենք, մեր բարությունը նպատակ չունի կառավարել դիմացինի՝ մեր մասին ունեցած ընկալումները, դիմացինի՝ մեր նկատմամբ վարքագիծը: Մենք բարություն ենք դրսևորում, քանի որ ի սրտե ցանկանում ենք դա անել, և բարություն անելը մեզ խորագույն հաճույք է պատճառում:


Հարկ է գիտակցել, որ շարունակաբար այլ մարդկանց հաճոյանալը պատճառ է դառնում խորը հիասթափության: Երբ մենք որևէ մեկի համար ինչ-որ բան ենք անում, բայց չենք ստանում մեր ակնկալած արդյունքը, օրինակ՝ այդ մարդը չի գնահատում մեր արածը կամ որոշում է լքել մեզ, մենք սկսում ենք ափսոսալ, նույնիսկ դառնանալ, քանի որ հասկանում ենք, որ մեր կողմից կիրառված հնարքները ապարդյուն էին:


Անկախ նրանից գիտակից ենք մեր վարքագծի մասին, թե ոչ, այլ մարդկանց հաճոյանալը խորապես վնասում է մեզ: Հաճոյանալը դավաճանություն է ինքներս մեր նկատմամբ, հաճոյանալով մենք լռեցնում ենք մեր ներքին ճշմարտությունը, մոռացության ենք մատնում մեր սեփական ցանկություններն ու կարիքները: Հաճոյանալով այլ մարդկանց՝ մենք շարունակում ենք չսիրել ու չգնահատել մեզ ու փորձում ենք այլ մարդկանց սերը վաստակելու միջոցով լրացնել ինքներս մեր նկատմամբ սիրո պակասը:


Սովորե՛նք սիրել ինքներս մեզ


Ամեն անգամ, երբ որևէ մեկի համար որևէ բան եք անում, տվե՛ք Ձեզ հետևյալ հարցը. «ես ի սրտե ուզու՞մ եմ անել այս բանը դիմացինի համար, թե՞ ցանկանում եմ հաճոյանալ դիմացինին, որպեսզի նա ինձ գովեստի խոսքեր ասի, որպեսզի չնեղանա ինձնից, հանկարծ վատը չմտածի իմ մասին ու որպեսզի նա չլքի ինձ»:


Երբ սովորում ենք սիրել ինքներս մեզ, մենք այլևս կարիք չենք ունենում հաճոյանալ դիմացինին: Երբ սովորում ենք սիրել ինքներս մեզ, մեր ինքնագնահատականը այլևս կախված չի լինում այլ մարդկանց՝ մեր նկատմամբ ունեցած կարծիքից՝ լինի այն դրական, թե բացասական: Երբ սովորում ենք սիրել ինքներս մեզ, բարություն անելն ու հոգատար լինելը դառնում է մեր սերն աշխարհին տալու, այլ ոչ թե ուրիշներին հաճոյանալու շնորհիվ սեր վաստակելու միջոց:

 

Շնորհակալ ենք Կայզեն TV-ի այս հաղորդմանը հետևելու համար: Եթե այն օգտակար էր Ձեզ համար, ապա կիսվեք այս տեսանյութով սոցիալական մեդիայի Ձեր էջերում և բաժանորդագրվեք մեր ալիքին:


Ուրախ կլինենք իմանալ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ այս տեսանյութի վերաբերյալ: Վստա՛հ գրեք այն: :) Եվ եթե ուզում եք, որ Ձեր հարցը հնչի և իր պատասխանը ստանա ԿայզենTV-ի եթերում, ապա ուղարկեք մեզ Ձեր հարցերը նամակի տեսքով Kaizen Mastery ֆեյսբուքյան էջին:


Ձգտե՛ք Կատարելության...

Kaizen Mastery

0 comments
bottom of page