top of page
Search
  • Kaizen Mastery

Ի՞նչ գիրք կարդալ. «Կյանքի իմաստի որոնումներում» (Վիկտոր Ֆրանկլ)

Ի՞նչ գիրք կարդալ. պարտադիր ընթերցանություն

Վիկտոր Ֆրանկլի «Կյանքի իմաստի որոնումներում» կամ «Կյանքին ասել այո» գիրքը լայֆ քոուչ Արևիկ Հայրապետյանի առաջարկն է ընթերցանության համար:

«Ամեն բան կարելի է խլել մարդուց, բայց ոչ երբեք մարդկային ազատություններից ամենակարևորը՝ ցանկացած հանգամանքում սեփական վերաբերմունքը ձևավորելու, սեփական ճանապարհն ընտրելու ազատությունը»:

Եթե դեռ հնարավորություն չեք ունեցել կարդալու Վիկտոր Ֆրանկլի «Կյանքի իմաստի որոնումներում» գիրքը, ապա կարող եք դիտել ԿայզենTV-ի լայվ թողարկման տեսագրությունը, որտեղ լայֆ քոուչ Արևիկ Հայրապետյանը ներկայացնում է իմաստուն մտքեր այս հանճարեղ գրքից:

Կյանքի իրադարձությունները

Ինչի՞ վրա ունենք ազդեցություն


Վիկտոր Ֆրանկլը հիշեցնում է մեզ այն մեծագույն իմաստությունը, որ հաճախ մենք ազդեցություն չունենք այն հանգամանքների վրա, որում հայտնվել ենք, բայց մենք ի զորու ենք մեր վերաբերմունքը ձևավորել այդ հանգամանքների նկատմամբ: Այս գաղափարը կարելի է կիրառել կյանքի ցանկացած իրավիճակում. օրինակ երբ Ձեզ ազատել են աշխատանքից կամ մի ծրագիր, որի վրա Դուք երկար ժամանակ աշխատել եք ու որին ամբողջությամբ նվիրվել եք, պարզապես չի ստացվում: Մարդկանց մեծամասնությունը իր էներգիան ու ժամանակը ծախսում է այնտեղ, որտեղ չունի ազդեցություն ու ոչ մի բան չի անում այնտեղ, որտեղ ունի այդ ազդեցությունը:


Վիկտոր Ֆրանկլը սովորեցնում է մեզ, որ ցանկացած իրադարձություն, որ տեղի է ունենում մեր կյանքում ինքնին զուրկ է որևէ կոնկրետ իմաստից: Ոչ մի երևույթ կյանքում միանշանակ չէ. երկու մարդ միևնույն իրավիճակում լիովին տարբեր կերպ են մտածում, լիովին տարբեր որոշումներ կայացնում: Մեզանից յուրաքանյուրը յուրովի է մեկնաբանում ցանկացած իրավիճակ, որում հայտնվում է:


Ցանկացած դժվարության մեջ մենք սովորաբար երկու տարբերակ ունենք՝

  1. նեղսրտել, վատ զգալ, բողոքել, որ մենք այս կամ այն իրավիճակի մեջ ենք հայտնվել ու մեղադրել բոլորին

  2. այնպիսի իմաստ վերագրել այդ իրավիճակին, որը մեզ ուժ կտա, առաջ կմղի, այլ ոչ թե թևաթափ կանի

Ֆրանկլը խոստովանում է, որ ինքը կարողացավ դիմանալ ու փրկվել այն պատճառով, որ կարողացավ իմաստ գտնել այն զրկանքների ու տանջանքների մեջ, որոնց միջով ստիպված էր անցնել: Դժվարությունները դադարում են դժվարություն լինել, եթե մենք կարողանում ենք դրական, մեզ զորացնող իմաստ ներդնել նրանց մեջ՝

  • աշխատանքից ազատել են՝ լիքը ազատ ժամանակ է առաջ գալիս վաղեմի սիրելի գործով զբաղվելու համար

  • կոտրել եք Ձեր սիրելի ծաղկամանը՝ Ձեզ համար հնարավորություն է ազատվել իրերի նկատմամբ կախվածությունից

Երբ ինչ-որ բան է լինում, մենք միշտ ազատ ենք ընտրել, թե ինչպես արձագանքել, այլ ոչ թե վարվել այնպես ինչպես ընդունված է վարվել նմանատիպ իրավիճակում: Եթե մտածում եք, որ այս կամ այն իրավիճակում պետք է վարվել այս կամ այն կերպ զուտ այն պատճառով, որ բոլորը այդպես են վարվում, դրանով միմիայն վնասում եք Ձեզ:

Ամեն ինչ կախված է ոչ թե այն հանգամանքներից, որում հայտնվել ենք, այլ այն որոշումներից, որ կայացնում ենք, երբ հայտվում ենք այդ իրավիճակում: Մենք միշտ հնարավորություն ունենք ընտրելու, թե ինչպես ենք արձագանքում ցանկացած իրավիճակի:


Մեր առաքելությունը

Որտե՞ղ գտնել երջանկությունը


Մեզանից յուրաքանչյուրն ինչ-որ կարևոր առաքելություն ունի այս կյանքում: Ֆրանկլի կարևոր գաղափարն այն է, որ մարդ ոչ թե կարիք ունի հեշտ կյանքի, այլ այնպիսի մի կյանքի, որն ապրում է հանուն մի նպատակի, որը կարևոր է իր համար, որն արժանի իրեն և հենց այդ դեպքում է, որ անհատը ռեալիզացնում է իր ներուժը: Ո՞րն է Ձեր առաքելությունն այս աշխարհում, ի՞նչ Դուք կարող եք տալ այլ մարդկանց ու աշխարհին:


Եթե Ձեզ թվում է, թե իբր Դուք անտաղանդ եք կամ շատ փոքր՝ ինչ-որ մեծ բան անելու համար, ապա ես կարող եմ վստահեցնել, որ Դուք պարզապես սխալմամբ հավատացել եք այն բոլոր ստերին, որ ասել են Ձեզ այլ մարդիկ:


Վիկտոր Ֆրանկլը նշում է, որ պետք չէ վազել հաջողության կամ երջանկության հետևից: Որքան շատ եք հաջողության հետևից վազում, այնքան այն ավելի է հեռվանում: Երջանիկ չենք դառնում՝ երջանկության հետևից վազելով, երջանիկ դառնում ենք՝ երջանկությունը մեր մեջ գտնելով:


Երբ գիտեք՝ ինչու եք անում այն, ինչ անում եք, Դուք կարող եք դիմակայել ցանկացած փորձության ու դժվարության, քանի որ Ձեր առաքելության ուժը ինքնին Ձեզ առաջ է մղում:

 

Կայզեն TV-ի թողարկումներում Դուք կգտնեք օգտակար խորհուրդներ՝ Ձեր նպատակները քայլ առ քայլ իրականություն դարձնելու համար։

Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)

Ձգտե՛ք Կատարելության,

Kaizen Mastery

0 comments
bottom of page