top of page
Search
  • Arevik Hayrapetyan

Ինչպե՞ս հաղթահարել տագնապը. մտքեր ապագայի մասին

Մտքեր ապագայի մասին


Կորոնավիրուս և պատերազմ


ԿայզենTV-ի այսօրվա թողարկմանը ցանկանում եմ անդրադառնալ մեր հետևորդներից Նարինայի այն հարցին, թե ինչ իմաստ ունի երազանքներ ունենալ և նպատակներ սահմանել, երբ կյանքն այդքան անորոշ է:


Ինչպես կորոնավիրուսը, այնպես էլ պատերազմը ևս մեկ անգամ հիշեցրին մեզ, թե որքան փխրուն է կյանքը և որքան արագ ամեն բան կարող է փոխվել յուրաքանչյուրիս համար: Անցնելով նման դժվարությունների միջով՝ բնական է, որ մենք սկսում ենք ձևավորել տագնապ, վախեր ապագայի նկատմամբ: Մենք փորձում ենք ամեն կերպ իմաստ գտնել նրանում, թե ինչ տեղի ունեցավ ու սկսում ենք շարունակաբար մտածել նրա մասին, թե ինչ է լինելու ապագայում:


Տագնապ, վախեր և անապահովության զգացում


Նման գերմտահոգվածության պատճառն այն է, որ մենք վախենում ենք, որ այն, ինչ տեղի է ունեցել անցյալում, կարող է տեղի ունենալ ապագայում, այն, ինչ տեղի է ունեցել ուրիշների հետ, կարող է տեղի ունենալ մեզ հետ: Նման մտքերը մեզ հանգիստ չեն տալիս, մենք շարունակաբար ապրում ենք տագնապի, վախի մեջ, մենք մեզ ապահով չենք զգում, մեզ թվում է ասես այն հատակը, որի վրա կանգնած էինք, փուլ է եկել: Մենք հուսակորույս փորձում ենք գտնել մի բան, որից կարելի է կառչել, որը կտա մեզ ապահովություն թեկուզ փոքրիկ զգացում:


Որքան էլ տարօրինակ լինի, շատ մարդկանց համար իրենց ապահով զգալու միակ ճանապարհը շարունակաբար վախի, տագնապի մեջ ապրելն ու վատագույնն ակնկալելն է: Այդ մարդկանց թվում է, որ անընդհատ վատը ակնկալելով, նրանք դառնում են առավել պատրաստված՝ հնարավոր վտանգներին դիմակայելու համար: Նրանց թվում է, որ եթե նրանք շարունակաբար մտածեն հնարավոր վատ բաների մասին, դրանով նրանք կկարողանան կանխել վատը:


Պետք է հասկանալ, որ նման մոտեցումները պարզապես գոյատևման մեխանիզմներ են, և նրանք չեն ստեղծում ապահովության իրական զգացում, դրանք ոչնչով չեն նպաստում երջանիկ կյանքով ապրելուն: Հակառակը, նման մտքերը շարունակաբար պահում են մեզ լարվածության, անհանգստության մթնոլորտում և թույլ չեն տալիս մեզ ապրել ներկայում, վայելել կյանքն այնպիսին, ինչպիսին այն կա այսօր՝ իր բոլոր դրական ու բացասական կողմերով:

ինչպես հաղթահարել տագնապը - ինչպես ազատվել վախերից

Ինչպե՞ս հաղթահարել տագնապը


Հաշտվել անորոշության հետ


Հարց է առաջանում՝ ի՞նչ անել: Այս հարցի պատասխանը բազմաշերտ է: Բնական է, որ մենք ուզում ենք հստակություն ձեռք բերել ապագայի նկատմամբ. չէ՞ որ յուրաքանչյուր մարդկային էակ ձգտում է ազատվել բացասականից ու իր կյանքը լցնել դրականով: Ապագայի մասին շարունակաբար մտածելու պատճառն այն է, որ մենք ուզում ենք ամեն կերպ ապահովագրել մեզ հնարավոր բացասական երևույթներից: Մեզ թվում է, թե վատագույն սցենարների մասին շարունակաբար մտածելով՝ մենք կկարողանանք կանխարգելել նման սցենարների իրականացումը կամ գոնե զերծ կպահենք մեզ հիասթափության զգացողությունից:


Ներդաշնակ կյանքով ապրելու համար մենք պետք է ընդունենք այն փաստը, որ անորոշությունը, անկանխատեսելիությունը կյանքի անբաժան մասնիկն է: Մենք երբեք չենք կարող ամեն ինչ 100 տոկոսով իմանալ, անկախ նրանից, թե որքան պատրաստված լինենք այս կամ այն իրավիճակին, միշտ էլ կարող են ի հայտ գալ չնախատեսված իրավիճակներ ու հանգամանքներ:


Ահա թե ինչու մենք պետք է ազատվենք կյանքը, կյանքում տեղի ունեցող բոլոր իրավիճակներն ու հանգամանքները վերահսկելու մոլուցքից: Մենք պետք է ոչ թե պայքարենք կյանքի՝ անորոշ ու անկանխատեսելի լինելու դեմ, այլ ընդունենք դա՝ որպես իրականություն և ձգտենք դրանով էլ ավելի գեղեցկացնել ու իմաստավորել մեր կյանքը:


Այն, որ կյանքը անկանխատեսելի է, չի նշանակում, որ մենք չպետք է երազանքներ ունենանք կամ երկարաժամկետ նպատակներ սահմանենք ու աշխատենք այդ նպատակների ուղղությամբ: Հակառակը, հենց այն պատճառով, որ կյանքն անկանխատեսելի է, և ամեն վայրկյան ամեն բան կարող է փոխվել, մենք պետք է ձգտենք լիարժեքորեն ապրել ներկայում, լիովին տալ աշխարհին ու մեզ շրջապատող մարդկանց այն ամենը, ինչ մենք կարող ենք տալ՝ մեր յուրօրինակության ու տաղանդների միջոցով:


Հավատ և վստահություն կյանքի նկատմամբ


Լցվե՛նք սովորելու ու կյանքը ճանաչելու ոգևորվածությամբ, ապրե՛նք բաց սրտով ու ընդառա՛ջ գնանք կյանքին այն հավատով, որ մեր ճանապարհին հանդիպող յուրաքանչյուր իրավիճակ մեծ հնարավորություն է մեզ համար՝ սովորելու, առավել իմաստուն դառնալու համար: Ապրե՛նք այն հավատով, որ մենք այնքան ուժեղ ենք, որ կարող ենք դիմակայել և արժանապատվորեն հաղթահարել ցանկացած դժվարություն:


Այս ներքին հավատը կօգնի վստահություն ստեղծել կյանքի և ապագայի նկատմամբ: Երբ սովորում ենք ընդունել կյանքի անորոշությունը որպես փաստ, ապագայի նկատմամբ լցվում ենք ոչ թե վախով, այլ մանկական հետաքրքրասիրությամբ, դառնում ենք սրտաբաց և թույլ ենք տալիս, որ կյանքը զարմացնի մեզ իր անակնկալներով:


Իհարկե, մեզանից յուրաքանչյուրն ունի բազում հնարավորություններ իր կյանքում բացասականը կանխարգելելու համար: Օրինակ՝ եթե չեք ուզում առողջական խնդիրներ ունենալ, ապա Ձեր առողջության մասին հոգ տանելով՝ Դուք մեծապես կարող եք կանխարգելել շատ խնդիրների առաջացումը: Միևնույն ժամանակ ձևավորե՛ք հավատ առ այն, որ Դուք այնքան ուժեղ եք, որ կկարողանաք հաղթահարել առաջ եկող ամեն մի դժվարություն: Ամեն անգամ, երբ ապագայի մասին վախերը գլուխ են բարձրացնում, խորը շու՛նչ քաշեք ու հիշեցրե՛ք Ձեզ այս միտքը:

 

Շնորհակալ ենք Կայզեն TV-ի այս հաղորդմանը հետևելու համար: Եթե այն օգտակար էր Ձեզ համար, ապա կիսվեք այս տեսանյութով սոցիալական մեդիայի Ձեր էջերում և բաժանորդագրվեք մեր ալիքին:

Ուրախ կլինենք իմանալ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ այս տեսանյութի վերաբերյալ: Վստա՛հ գրեք այն: :) Եվ եթե ուզում եք, որ Ձեր հարցը հնչի և իր պատասխանը ստանա ԿայզենTV-ի եթերում, ապա ուղարկեք մեզ Ձեր հարցերը նամակի տեսքով Kaizen Mastery ֆեյսբուքյան էջին:


Ձգտե՛ք Կատարելության...

Kaizen Mastery

0 comments
bottom of page