Ինչպե՞ս հաղթահարել «հավես չունեմ»-ը և անցնել գործի

Հաճախ մենք հրաժարվում ենք մեր նպատակից ոչ թե այն պատճառով, որ այն իրականացնելն անհնար է, այլ այն պատճառով, որ այդ նպատակի իրականացման ճանապարհին մեզ է տիրում «հավես չունեմ»-ի զգացողությունը։

 

Անկախ նրանից՝ ծրագրավորման նոր լեզու եք սովորւմ, թե ձգտում եք զարգացնել Ձեր մարզական հմտությունները,  այդ գործընթացում Ձեզ անխուսափելիորեն հյուր է գալու ձանձրույթը։

 

Այս երևույթը կարելի է բացատրել հետևյալ կերպ․ մեր ուղեղի առաջնային գործառույթներից մեկն է պահպանել մեր էներգիան՝ թե՛ մտավոր, թե ֆիզիկական։

 

Այդ իսկ պատճառով, ցանկացած իրավիճակում մեր ուղեղը ձգտում է գտնել A կետից B կետին հասնելու ամենակարճ ուղին, իսկ այն դեպքերում, երբ այդ ուղին երկարում է, կամ առաջ են գալիս դժվարություններ, մեզ մոտ առաջանում է ձանձրույթի զգացողություն, և մենք ոչ մի կերպ չենք տրամադրվում անել անհրաժեշտ աշխատանքը։

 

Սակայն շատ կարևոր է գիտակցել, որ ձանձրույթը հաղթահարելու պատրաստակամությունն է, որ որոշիչ գործոն է դառնում մեր նպատակն իրականացնելու համար։

 

Շատ մարդիկ «հավես չունեմ»-ի և ձանձրույթի առկայությունը շփոթում են սխալ ճանապարհի վրա լինելու հետ։ Նրանց թվում է, որ եթե իրենք զբաղվում են իրենց սիրելի գործով, ապա երբեք չպետք է ձանձրույթի զգացողություն ունենան։

 

Որպես կանոն՝ նման մտածելակերպ ունեցող մարդիկ սկսում են որևէ գործով զբաղվել՝ սկզբնապես շատ ոգևորված լինելով։ Որոշ ժամանակ անց, սակայն, ի հայտ է գալիս առաջին խոչընդոտը, և սկզբնական ոգևորվածությունից այլևս ոչինչ չի մնում։

 

Դա է հավանաբար պատճառը, որ մարդկանց մեծ մասը Հունվարի 1-ը դիմավորում է մեծ նպատակներով, իսկ Փետրվարի 1-ին այդ նպատակների մեծ մասն արդեն մոռացության է մատնված լինում։

 

Իրականում, ձանձրույթը յուրաքանչյուր մեծ նպատակի իրականացման ճանապարհի անքակտելի մասն է։ Հիշե՛ք՝ անկախ նրանից՝ ինչ ճանապարհ եք ընտրել, լինելու են պահեր, երբ Ձեր ոգեշնչվածությունն ասես անհետ կորած լինի, Դուք դժվարություններ եք ունենալու, Ձեզ տիրելու է ձանձրույթը, և Դուք հավես չեք ունենալու կատարել Ձեզ անհրաժեշտ հմտությունները զարգացնելուն նպաստող  միապաղաղ աշխատանքը։

 

Սակայն եթե միայն կարողանաք կամք գործադրել և շարունակել աշխատել Ձեր նպատակի ուղղությամբ՝ անկախ նրանից՝ որքան ձանձրալի է գործընթացը դառնում, վստահեցնում եմ Դուք շա՜տ մեծ արդյունքների եք հասնելու։

 

 

Որպես օրինակ դիտարկենք Techstars Chicago-ի հաջողության պատմությունը։ 

 

Techstars Chicago-ն ստարտափերի զարգացմամբ զբաղվող ծրագիր է, որը 3 ամիս ժամանակահատվածով իր հովանու տակ է առնում 10 խոստումնալից ստարտափերի և օգնում է նրանց զարգանալ։

 

Դրանից հետո յուրաքանչյուր ստարտափի ղեկավար ելույթ է ունենում հարյուրավոր պոտենցիալ ներդրողների առաջ՝ սեփական գաղափարը ներկայացնելու և, ամենակարևորը, հենց իր ստարտափում ներդրում ստանալու նպատակով։

 

Հանրային ելույթի մարտահրավերային բնույթը հաշվի առնելով՝ Techstars Chicago-ի տնօրենը պահանջում է յուրաքանչյուր ելույթ ունեցողից սեփական ելույթը փորձարկել նվազագույնը 100 անգամ։

 

Ի՞նչ եք կարծում՝ ինչպիսի՞ն կլինի Ձեր ելույթի որակը, եթե Դուք այն փորձեք 100 անգամ։ Դժվար չէ կռահել, որ այն իսկապես կգերազանցի Ձեր սպասելիքները։

 

Այս հնարքի շնորհիվ Techstars Chicago-ի բոլոր խոսնակները հրաշալի ելույթներ են ունենում։ Եվ պատճառն այն չէ, որ հանրային ելույթ ունենալը նրանց ուժեղագույն հատկանիշն է։

 

Իրական պատճառն այն է, որ նրանք քրտնաջան աշխատում են՝ ցուցաբերելով կամք, հաստատակամություն և հաղթահարելով միևնույն տեքստը տասնյակ անգամներ կրկնելու ձանձրույթը։ Այո՛, նման դեպքում հաջողությունն ապահովված է։

 

Ամեն անգամ, երբ մտածում եք Ձեր նպատակի մասին և Ձեզ տիրում է վախը, հարցրե՛ք ինքներդ Ձեզ՝ արդյոք պատճառը հենց վա՞խն է, թե այն, որ Դուք պարզապես հավես չունեք անհրաժեշտ միջոցները ձեռնարկել և հավուր պատշաճի աշխատել Ձեր նպատակի ուղղությամբ։

 

Վախն առաջին արձագանքն է, որ մարդիկ ունենում են՝ մտածելով սեփական նպատակների և դրանց հասնելու մշուշոտ ու մառախլապատ ուղիների մասին։ Վախը, սակայն, ամենակարևոր գործոնը չէ, որ կանգնած է Ձեր և Ձեր նպատակի միջև։

 

Իրական խոչընդոտը այն է, որ Ձեր նպատակի իրականացման ճանապարհը չափից ձանձրալի ու խճճված է թվում, և սեփական ձանձրույթը հաղթահարելու անկարողությունը Դուք բարդում եք վախի կամ ինքնավստահության պակասի վրա։

 

Ցանկացած վախ կարելի է հաղթահարել, եթե Դուք պատրաստակամ եք շարունակել աշխատել՝ անկախ նրանից, թե որքան դժվար, միապաղաղ ու ձանձրալի է դառնում այդ գործընթացը։

 

Ձգտե՛ք Կատարելության,

Արևիկ 

 

Հ.Գ. Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին (Կայզեն TV), որտեղ կգտնեք մասնագիտական օգտակար խորհուրդներ՝ Ձեր նպատակները ամենօրյա փոքրիկ քայլերով իրականացնելու, երջանիկ ու ներդաշնակ կյանքով ապրելու համար:  

 

 

Please reload

Ի՞նչ է քոուչինգը. քոուչինգի սկզբունքները

1/1
Please reload

New Food for Thought
Նոր մտքեր
Please reload

© 2016-2019 by Kaizen Mastery

People Development Institute

  • LinkedIn Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
  • Facebook Social Icon
  • images

Email: kaizenmastery@gmail.com

Phone: +374 (0) 55 345219

Yerevan, Armenia