Ինչպե՞ս ազատվել պատրվակներից և գործի անցնել

10/03/2019

Եթե նպատակ ունեք շատ մեծ ձեռքբերումների հասնել կյանքում և ապրել այն կյանքը, որի մասին երազում եք, ապա ԿայզենTV-ի այս թողարկումը հենց Ձեզ համար է: 

 

Լայֆ քոուչ Արևիկ Հայրապետյանը կիսվում է իր այն դիտարկմամբ, որ մարդիկ հաճախ խուսափում են իրենց կյանքում ինչ-որ դրական քայլ նախաձեռնելուց, թեև դրա համար բազում հնարավորություններ կան։

 

Եվ ի պատասխան այն հարցին, թե որն է այդ անգործության պատճառը՝ մարդիկ մեկը մյուսի հետևից պատրվակներ են առաջ բերում։ Ահա թե ինչու կարևոր է, որ սովորենք մեկընդմիշտ տարանջատել պատճառը պատրվակից։ 

 

Եվ որպեսզի տարբերակումն առավել հստակ լինի, բերենք հետևյալ օրինակը՝ Դուք ասում եք. «Շա~տ կուզենայի ամեն առավոտ վազել, գնալ մարզասրահ, բայց ափսոս ժամանակ չունեմ․․․»։

 

Ձեր այս արտահայտության մեջ ժամանակ չունենալը պատրվակ է, որով Դուք արդարացնում եք Ձեր ծուլությունը կամ ժամանակը ճիշտ օգտագործելու անկարողությունը։

 

Իրական պատճառ կլիներ այն, որ օրինակ ոտքի վնասվածք ունենայիք, և դա միանգամայն ընդունելի հիմք կլիներ ժամանակավորապես վազել չկարողանալու համար։

 

Եթե անկեղծ լինենք ինքներս մեզ հետ, ապա յուրաքանչյուրս էլ մեր կյանքի այս կամ այն ոլորտում կարող է վերհանել առնվազն մեկ վարքագիծ, որը բարեփոխվելու կարիք ունի։ Բայց մենք այդ բարեփոխումը տարիներ շարունակ չենք անում, քանի որ անընդհատ միևնույն պատրվակն ենք առաջ բերում։

 

Ռոբին Շարման հրաշալի ձևակերպում է տվել այս երևույթին․ «Որքան շատ ես կրկնում միևնույն պատրվակդ, այնքան ավելի շուտ է այն դառնում քո համոզմունքը և, որպես կանոն, ձևավորում քո իրականությունը»։

 

Ցանկացած իրավիճակում էլ, ինչքան էլ որ շատ լինեն հնարավորությունները մեզ համար, մենք միշտ էլ կարող ենք պատրվակներ առաջ բերել և արդարացնել մեր անգործությունը։ 

 

Եթե օրինակ Դուք առավոտից երեկո կրկնում եք, որ ժամանակ չունեք Ձեր առողջությանը հետևելու համար, եթե անընդհատ կրկնում եք, որ չեք հասցնում այս կամ այն բանը անել, ապա վստա՛հ եղեք, որ ենթագիտակցաբար վատնելու եք Ձեր ժամանակը ամենատարբեր գործողությունների վրա, միայն թե ժամանակ չունենաք Ձեր առողջությանը հետևելու և, որպես արդյունք, օրվա վերջում ևս մեկ անգամ համոզվելու եք, որ իսկապես ժամանակ չունեք։

 

Որպեսզի վերջ տանք այս արատավոր շղթային, լայֆ քոուչ Արևիկ Հայրապետյանն առաջարկում է, որ վերցնենք թուղթն ու գրիչը և իր հետ միասին անենք հետևյալ փոքրիկ վարժությունը:

 

1․ Մտածե՛ք Ձեզ համար կարևոր որևէ նպատակի մասին, որը Դուք անընդհատ հետ եք գցում կամ հապաղում եք ինչ-որ քայլեր անել այդ նպատակի ուղղությամբ, գուցե դա առավոտյան վաղ արթնանալն է, գուցե ծխելուց հրաժարվելը, նոր լեզու սովորելը և այլն:
 

2․ Թղթի վրա մեկ նախադասությամբ գրե՛ք այն պատրվակը, որի պատճառով չեք կարողանում իրագործել Ձեր նպատակը։ 

Օրինակ՝ «Ես շա~տ եմ ուզում մասնագիտությունս փոխել, բայց վախենում եմ՝ ինչ կմտածեն իմ մասին իմ ծանոթները»: 

 

3․ Հենց հիմա խա՛չ քաշեք այդ պատրվակի վրա: 

 

4․ Մեկ այլ թղթի վրա գրե՛ք Ձեր նպատակը և այն, թե ինչպես եք հաղթահարելու այն պատրվակը, որը խանգարում է Ձեզ իրագործել Ձեր նպատակը:

Օրինակ՝ «Ես շա~տ եմ ուզում մասնագիտությունս փոխել և ես դա կանեմ, քանի որ իմ արժեքներին հավատարիմ լինելը ավելի կարևոր է, քան այն, թե ինչ կմտածեն իմ մասին այլ մարդիկ»:

 

5․ Փակցրե՛ք այդ թուղթն այնպիսի մի տեղ, որ այն շարունակաբար Ձեր տեսադաշտում լինի, և ամեն անգամ հենց Ձեր պատրվակն ուզենա գլուխ բարձրացնել, պարզապես մի քանի անգամ բարձրաձայն կարդացեք թղթի վրա գրվածը։

 

Հիշե՛ք՝ Ձեր կյանքն արժեքավոր ապրելն առավել կարևոր է, քան ինչ-որ պատրվակների զոհը դառնալը։

 

Հաղորդման վերջում փոքրիկ մարտահրավեր Ձեզ. կարո՞ղ եք արդյոք  առաջիկա մեկ շաբաթում արմատախիլ անել ամեն տեսակի պատրվակները Ձեր կյանքից:

 

Ավելին, կրկնապատկե՛ք Ձեր նպատակի համար արվող քայլերի քանակը և կտեսնեք՝ ինչ մեծ դրական փոփոխություններ են տեղի ունենում Ձեր կյանքում։

 

Շնորհակալ ենք Կայզեն TV-ի այս հաղորդմանը հետևելու համար:

Եթե այն օգտակար էր Ձեզ համար, ապա կիսվեք այս տեսանյութով սոցիալական մեդիայի Ձեր էջերում և բաժանորդագրվեք մեր ալիքին:

 

Ուրախ կլինենք իմանալ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ այս տեսանյութի վերաբերյալ: Վստա՛հ գրեք այն: :)

 

Եվ եթե ուզում եք, որ Ձեր հարցը նույնպես հնչի ԿայզենTV-ի եթերում, ապա ուղարկեք մեզ Ձեր հարցերը նամակի տեսքով Kaizen Mastery ֆեյսբուքյան էջին:

 

Ձգտե՛ք Կատարելության...

Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտ

 

Please reload

Ի՞նչ է քոուչինգը. քոուչինգի սկզբունքները

1/1
Please reload

New Food for Thought
Նոր մտքեր
Please reload

© 2016-2019 by Kaizen Mastery

People Development Institute

  • LinkedIn Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
  • Facebook Social Icon
  • images

Email: kaizenmastery@gmail.com

Phone: +374 (0) 55 345219

Yerevan, Armenia