Ի՞նչ անել, երբ Ձեր հույսերն ու սպասումները չեն իրականանում

21/04/2019

ԿայզենTV-ի այսօրվա թողարկման ընթացքում քոուչ Արևիկ Հայրապետյանն անդրադառնում է երջանիկ լինելու կարևորագույն թեմային: 

 

 

Ենթադրենք Դուք պատրաստվում եք Ձեր սիրելու մարդու հետ գնալ ճամփորդության, Դուք ամբողջովին լցված եք սպասումներով, անընդհատ Ձեր մտքում պլանավորում եք, թե ինչպես է անցնելու Ձեր արձակուրդը, ինչ երջանիկ եք լինելու ծովափի տաք ավազների վրա պառկած:

 

Եվ ահա մեկնում եք այդքան երկար սպասված արձակուրդին, բայց արի ու տես, որ Ձեր բոլոր սպասումները հօդս են ցնդում. առավոտից երեկո անձրև է գալիս, իսկ ծովափի տաք ավազները գոյություն ունեն միայն Ձեր երևակայության մեջ:

 

Հետաքրքիր է՝ ի՞նչ կանեք, ի՞նչ կզգաք Դուք նման իրավիճակում:

 

Եթե նման եք մարդկանց մեծամասնությանը, ապա Ձեր սպասումների և իրականության միջև այս բախումից Դուք անպայման կտխրեք, կսկսեք դիմադրել ու բողոքել. «Բայց ես չէի ուզում, որ անձրև գար», «Բայց ինչու՞ է անձրև գալիս», «Անձրև չպետք է գար»:

 

Ձեր դիմադրությանը ու բոլոր բողոքներին ի պատասխան՝ բնությունը շարունակում է իր գործն անել: Ձեր այդքան սպասված արձակուրդն էլ մոտենում է ավարտին: Դուք վերադառնում եք տուն՝ շարունակելով դիմադրել ու բողոքել մի բանից, որն արդեն իրականություն է, Դուք միանգամայն վստահ եք, որ հենց անձրևն էր մեղավոր, որ Դուք շատ երջանիկ կլինեինք Ձեր արձակուրդի օրերին, եթե միայն անձրև չլիներ:  

 

Մեզանից ոչ ոք ապահովագրված չէ նրանից, որ մեր հույսերը, սպասումները կարող են մի վայրկյանում հօդս ցնդել, երբ մենք հայտնվենք այնպիսի իրավիճակում, որը չի համապատասխանում մեր ակնկալիքներին ու պլաններին: Վերոնշյալ իրավիճակը ամենաթեթև հիասթափության օրինակներից է, որում կարող ենք հայտնվել:

 

Այստեղից հարց է ծագում՝ ինչպե՞ս լինել երջանիկ, երբ այն իրականությանը, որի մեջ հայտնվում ենք, չի համապատասխանում ու գուցե ինչ-որ տեղ լրիվ հակառակ է մեր սպասումներին ու ակնկալիքներին, մեր պլաններին ու ծրագրերին:

 

Լայֆ քոուչ Արևիկ Հայրապետյանի խորհուրդն է՝ «Սովորե՛ք ընդունել ու սիրել այն, ինչ կա, այնպես, ինչպես դա տեղի է ունենում: Սա նշանակում է ընդունել պահը այնպիսին, ինչպիսին այն կա՝ առանց փորձելու փոխել իրավիճակը, առանց մտածելու, թե ինչպիսին կուզեիք, որ լիներ այդ պահը կամ ինչպիսին պետք է լիներ իրավիճակը»:

 

Առաջին հայացքից սա կարող է տարօրինակ հնչել. չէ՞ որ շատերս ամբողջ օրը զբաղված ենք պլաններ կազմելով, մեր առջև նպատակներ դնելով ու անելով ամեն բան, որ ամեն ինչ մեր պլանավորածով ընթանա: Պլանավորելը, ծրագրեր կազմելը, հույսեր ու սպասումները ունենալը, իհարկե, կարևոր է, և ամեն մեկն իր տեղն ունի մեր կյանքում:

 

Պարզապես կարևոր է նաև խոհեմ լինել ու գիտակցել, որ կյանքում ու աշխարհում կան բազում հանգամանքներ, որոնց վրա մենք որևէ ազդեցություն չունենք:

 

Անկախ նրանից՝ որքան մեծ ուժով ենք փորձում փոխել այդ հանգամանքները, մեկ է, նրանք չեն փոխվելու: Ինչքան ավելի շատ ենք փորձում փոխել իրավիճակը, դիմադրել, բողոքել, այնքան ավելի ենք հիասթափվում ու զրկում ինքներս մեզ երջանիկ լինելու հնարավորությունից:

 

Այստեղ տեղին է կիսվել արևելյան իմաստության ոսկի մտքերից մեկով՝ «Ցավն անխուսափելի է, իսկ տառապանքը մեր ընտրությունն է»:

 

Օրինակ՝ արձակուրդի մեկնած մեր հերոսը ոչ մի ազդեցություն չուներ եղանակի վրա: Նա չընդունեց այն իրողությունը, որում գտնվում էր, տվյալ դեպքում՝ անձրևը, այդ իսկ պատճառով նա վատնեց իր ամբողջ արձակուրդը՝ փորձելով փոխել մի բան, որը նա ի զորու չէր փոխելու:

 

Այն պահից սկսած, երբ մենք սկսում ենք պայքարել մի բանի դեմ, որն ի զորու չենք փոխել, մենք սկսում ենք տառապել: Ու ինչպես արևելյան իմաստությունն է հուշում մեզ, տառապանքը մեր ընտրությունն է:

 

Ի՞նչ կարող էր անել մեր հերոսը բողոքելու ու դիմադրելու փոխարեն: Նա կարող էր ընդունել այն փաստը, որ անձրև է գալիս՝ «Լավ, իսկ ի՞նչ, եթե փորձեմ նկատել անձրևի գեղեցկությունը, ի՞նչ կարող եմ անել, որ անցկացնեմ իմ երբևէ ունեցած արձակուրդներից ամենաուրախը»:

 

Այդ պահից սկսած մեր հերոսը ներքուստ իրեն լավ կզգար. չէ՞ որ նա այլևս չէր սպասի արտաքին հանգամանքների փոփոխության՝ երջանիկ լինելու համար, նա վերցրած կլիներ երջանկության ղեկն իր ձեռքը, նա պատասխանատու կզգար սեփական երջանկության համար:

 

Անկախ նրանից՝ որքան Ձեզ դուր եկավ այս գաղափարը, պատրա՛ստ եղեք, որ վաղն աշխատանքի գնալիս, երբ խցանման մեջ հայտնվեք, առաջին բանը, որ անելու եք, Ձեր մտքում բարկանալն է կամ բարձրաձայն բողոքելը, ինչպես հաճախ տեղի է ունենում երթուղայիններում:

 

Դուք սովորության համաձայն սկսելու եք դիմադրել, բողոքել. «Էս խցանումն էր պակաս», «Ախր ես ուշանում եմ», «Ես հանդիպման եմ», «Հենց իմ ճանապարհի վրա պետք է լիներ էս խցանումը»:
 

Նման մտքեր ունենալը նորմալ է և մարդկային: Պետք չէ հիմա էլ դրա համար Ձեզ դատապարտել: Փոխվելու առաջին քայլը գիտակից դառնալն է: Այն պահին, երբ գիտակցում եք, որ սկսել եք ընդդիմալ ներկա պահին, պարզապես հիշեցրե՛ք Ձեզ, թե ինչ եք սովորել ԿայզենTV-ի այս տեսանյութում, խորը շու՛նչ քաշեք, մտքում կրկնե՛ք. «Ես ընդունում եմ ներկա պահը, ես ընդունում եմ այն, ինչ տեղի է ունենում: Այն, ինչ տեղի է ունենում այս պահին, լավագույնն է, որ կարող է տեղի ունենալ այս պահին»:

 

Նույնիսկ եթե սկզբում թերահավատ եք, շարունակե՛ք մտքում կրկնել այս արտահայտությունները և փորձե՛ք վստահություն սերմանել Ձեր մեջ այս գաղափարի նկատմամբ: Որքան շատ պրակտիկայում կիրառեք այս գաղափարը, այնքան այն Ձեզ համար ավելի հարազատ կդառնա:

 

Լայֆ քոուչ Արևիկ Հայրապետյանը նշում է. «Իմ կյանքում եղել են դեպքեր, երբ այն իրավիճակը, որում ես հայտնվել եմ, հակառակ համեմատական էր իմ սպասումներին, առաջին զգացողությունս տվյալ իրավիճակում եղել է խորը հիասթափությունը, ու ես գաղափար չեմ ունեցել, ինչպես եմ դուրս գալու այդ իրավիճակից կամ հաղթահարելու այն:

 

Բայց այն պահից սկսած, երբ սկսել եմ հավատալ, որ սա այն իրավիճակն է, որը պետք է ինձ կյանքի այս փուլում, երբ հավատով եմ լցվել այդ իրավիճակի նկատմամբ, սկսել եմ ընդունել ու նույնիսկ սիրել այդ իրավիճակը, ներքին այնպիսի խաղաղություն, ներդաշնակություն եմ գտել, որն օգնել է ինձ առաջ շարժվել»:

 

Շնորհակալ ենք Կայզեն TV-ի այս հաղորդմանը հետևելու համար:

Եթե այն օգտակար էր Ձեզ համար, ապա կիսվեք այս տեսանյութով սոցիալական մեդիայի Ձեր էջերում և բաժանորդագրվեք մեր ալիքին:

 

Ուրախ կլինենք իմանալ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ այս տեսանյութի վերաբերյալ: Վստա՛հ գրեք այն: :)

 

 

Ձգտե՛ք Կատարելության...

Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտ

 

Please reload

Ի՞նչ է քոուչինգը. քոուչինգի սկզբունքները

1/1
Please reload

New Food for Thought
Նոր մտքեր
Please reload

© 2016-2019 by Kaizen Mastery

People Development Institute

  • LinkedIn Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
  • Facebook Social Icon
  • images

Email: kaizenmastery@gmail.com

Phone: +374 (0) 55 345219

Yerevan, Armenia