Նպատակների դերը կյանքում հաջողակ դառնալու գործում (կարևոր է)

17/02/2019

Հավանաբար առաջին անգամը չէ, որ լսում եք նպատակ ունենալու կարևորության մասին, ու հաստատ վերջինն էլ չէ։

 

Բայց եթե հիմա փորձեք մեկ նախադասությամբ հստակ ձևակերպել Ձեր N1 նպատակը առաջիկա մեկ տարվա համար, վստահ ենք՝ Դուք կսկսեք մտածել ու դեռ երկա~ր կմտածեք։ 

 

Մենք բոլորս էլ մեծ ու փոքր ցանկություններ ունենք կյանքում․ կան մարդիկ, ովքեր ցանկանում են թողնել ծխելը կամ Հայաստանում սեփական բիզնեսը հիմնել, մյուսները՝ ինչ-որ հեղինակավոր համալսարանում սովորել կամ ինչ-որ ոլորտում մասնագիտանալ, ոմանք երազում են Օլիմպիական չեմպիոն դառնալ կամ ելույթ ունենալ համաշխարհային բեմերում։

 

Գուցե չհավատաք, բայց բոլոր այս ցանկություններն իրականանալի են, եթե միայն մեր աղոտ ցանկությունները վերածենք հստակ նպատակների և քայլեր կատարենք այդ նպատակների ուղղությամբ։

 

Ահա թե ինչու, Կայզեն TV-ի հերթական թողարկմանը լայֆ քոուչ Արևիկ Հայրապետյանը ներկայացնում է 3  կարևոր պատճառ՝ հստակ նպատակներ ունենալու համար:

 

 

Պատճառ N 1

Նպատակ ունենալը կարևոր է, քանի որ հենց նպատակ ունենալու շնորհիվ է, որ Դուք չեք կորցնի Ձեր ճանապարհը այսօրվա քաոսային իրականության մեջ և բարեհաջող տեղ կհասնեք։

 

Եկե՛ք մի փոքր երևակայենք։ Պատկերացրե՛ք երկու նավ դուրս են գալիս օվկիանոս։ Նրանցից մեկի նավապետը հստակ գիտի նավի նպատակակետը։ Իսկ մյուս նավի նավապետը ոչ մի նպատակակետ էլ չունի։

 

Հարց․ ըստ Ձեզ՝ ո՞ր նավն առավել մեծ հավանականություն ունի ինչ-որ տեղ հասնելու։ Կարծում եմ՝ ինքներդ էլ գիտեք պատասխանը։

Ավելին, երկու նավերի ճանապարհին գուցե մառախուղ կամ փոթորիկներ լինեն։  Եվ այն նավի նավապետը, ով գիտի՝ ուր է գնում, կօգտագործի կողմնացույցը կամ արևի դիրքը՝ իր նպատակակետին հասնելու համար։

 

 

Պատճառ N 2

Նպատակ ունենալը կարևոր է, քանի որ նպատակները մեզ վեր քաշող ձգողական ուժ ունեն։ Յուրաքանչյուրիս կյանքում էլ անխուսափելիորեն առաջ են գալիս մարտահրավերներ և դժվարություններ։

 

Այն մարդիկ, ովքեր աննպատակ են, առավել հակված են ընկճվելու և թևաթափ լինելու առաջ եկած խոչընդոտներից։ Մինչդեռ նրանք, ովքեր ժամանակ են հատկացնում հստակեցնելու սեփական նպատակները, ասես ձեռք են բերում մի անտեսանելի, բայց շատ հավատարիմ ընկեր, ով վեր է բարձրացնում իրենց ամեն անգամ, երբ իրենք ընկնում են և օգնում է հասնել այն բոլոր նպատակներին, որոնք կարևոր են իրենց համար։

 

 

Պատճառ N 3

Նպատակ ունենալը կարևոր է, քանի որ մեր նպատակներն օգնում են մեզ բացահայտել և կյանքի կոչել մեր թաքնված տաղանդներն ու լավագույն որակները։ 

 

Կան մարդիկ, ում նպատակը կյանքում Ա կետից Բ կետ տեղափոխվելն է։ Սակայն լայֆ քոուչ Արևիկ Հայրապետյանի խորին համոզմամբ՝ կյանքում նպատակներ ունենալու ամենակարևոր պատճառը ինքնազարգացումն է և ինքնակատարելագործումը։

 

Ահա թե ինչու, նա հետևյալ խորհուրդն է տալիս՝ «Եթե Դուք հստակ գիտեք, թե ինչպես եք հասնելու Ձեր առջև դրված նպատակին, ապա իմաստ չունի գնալ այդ նպատակի հետևից։ Նման նպատակով Դուք անձնային աճ չեք գրանցելու»։

 

Փոխարենը, Ձեր առջև դրե՛ք այնպիսի նպատակներ, որոնք Ձեզ դուրս են հանում Ձեր հարմարավետության գոտուց, և Դուք գաղափար անգամ չունեք, թե ինչպես եք հասնելու այդ նպատակին։

 

Մի պահ մտածե՛ք Ձեր ամենակարևոր նպատակի մասին կյանքում․ դե ի՞նչ, ի՞նչ եք զգում։ Եթե Ձեր նպատակի մասին մտքից  անգամ Ձեր սիրտը չի սկսում արագ բաբախել, Դուք չեք սկսում հուզվել ու նույնիսկ մի փոքր վախենալ, ապա Ձեր նպատակը չափից փոքր է Ձեզ համար։

 

Դուք կարող եք ավելին։

 

Այս թեմայի շուրջ խոսելիս կարևոր է հիշել մեծն Միքելանջելոյին, ում կերտած գլուխգործոցները՝ հռչակավոր «Դավիթը», «Սիքստինյան կապելլայի» որմնանկարները, գալիս են փաստելու, թե որքան կարևոր են մեծ նպատակները՝ մեր լավագույն կարողությունները կյանքի կոչելու գործում։

 

Միանգամայն տրամաբանական կլինի ամփոփել այսօրվա թեման հենց Միքելանջելոյի իմաստուն խոսքերով․

 

«Մեզ սպառնացող մեծագույն վտանգն այն չէ, որ շատ մեծ նպատակներ ենք դնում մեր առջև և ձախողում ենք, այլ այն, որ չափից փոքր նպատակներ ենք դնում մեր առջև և հասնում ենք դրանց»։

 

Հույս ունենք՝ Միքելանջելոյի այս հանճարեղ միտքը Ձեզ դեռ երկա~ր մտածելու տեղիք կտա և կօգնի Ձեզ վերանայել ու վերաիմաստավորել Ձեր նպատակները կյանքում: 

 

 

Շնորհակալ ենք Կայզեն TV-ի այս հաղորդմանը հետևելու համար:

Եթե այն օգտակար էր Ձեզ համար, ապա կիսվեք այս տեսանյութով սոցիալական մեդիայի Ձեր էջերում և բաժանորդագրվեք մեր ալիքին:

 

Ուրախ կլինենք իմանալ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ այս տեսանյութի վերաբերյալ: Վստա՛հ գրեք այն: :)

 

 

Ձգտե՛ք Կատարելության...

Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտ

 

Please reload

Ի՞նչ է քոուչինգը. քոուչինգի սկզբունքները

1/1
Please reload

New Food for Thought
Նոր մտքեր
Please reload

© 2016-2019 by Kaizen Mastery

People Development Institute

  • LinkedIn Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
  • Facebook Social Icon
  • images

Email: kaizenmastery@gmail.com

Phone: +374 (0) 55 345219

Yerevan, Armenia