Ինչպե՞ս գտնել բալանս աշխատանքի և անձնական կյանքի միջև (3 պարզ քայլ)

20/05/2019

Ձեզ երբևէ հանդիպե՞լ են մարդիկ, ովքեր անդադար աշխատում են, աշխատում են առանց հանգստյան օրերի և հպարտորեն հայտարարում են, որ չեն հիշում, թե երբ են վերջին անգամ արձակուրդ գնացել:

 

Նրանք ասում են. «Ինձ համար հանգստանալու ժամանակ չկա: Կհանգստանամ, երբ ծերանամ: Որպեսզի ավելի շատ բաների հասնեմ, պետք է ավելի ու ավելի շատ աշխատեմ»:

 

Հարկ է գիտակցել, որ նման մտածելակերպը գալիս է Արդյունաբերական հեղաշրջման ժամանակաշրջանից. ինչքան երկար ժամեր աշխատեին ֆաբրիկաների աշխատողները, այնքան ավելի մեծ թվով ապրանք կարտադրվեր ֆաբրիկայում:

 

Հարկ է նաև հիշել, որ մենք հիմա միանգամայն այլ ժամանակաշրջանում ենք ապրում: Առաջնորդվելով մի մոտեցմամբ, որը մարդկային չէ ու վաղուց իր դարն ապրել է՝ մենք միմիայն վնասում ենք մեզ:   

 

 

Գուցե Դուք հենց նոր խոստովանեցիք ինքներդ Ձեզ, որ Դուք էլ եք հակված երկար ժամեր աշխատելու՝ համարելով հանգիստը անտեղի շռայլություն Ձեզ համար:

 

Լայֆ քոուչ Արևիկ Հայրապետյանը խոստովանում է, որ այս մտածելակերպն ու ապրելակերպը բավական ծանոթ են իրեն. 

«Մինչև վերջին մի քանի տարին ես ինքս այնքան տարված էի սովորելով կամ աշխատելով, անընդհատ ինչ-որ բան անելով, անընդհատ հերթական նպատակը իմ առջև դնելով և նրան հասնելով, այսինքն՝ անընդհատ «ինչ-որ բան անելու» ռեժիմի մեջ էի, որ մոռացել էի` ինչ է նշանակում ուղղակի լինել, ուղղակի ապրել:

Օրինակ՝ ես կարող էի հրաժարվել երեկոյան այգում զբոսնելուց, քանի որ համարում էի, որ սովորելը կամ աշխատելը ավելի կարևոր է, ավելի առաջնահերթ է:

Ու անընդհատ մտածում էի, որ հիմա կարևորը լիքը աշխատելն է, ու կգա ժամանակ, երբ արդեն կունենամ որոշակի հաջողություններ, ու ինչ-որ մի օր ապագայում կսկսեմ ապրել ավելի բալանսավորված կյանքով:

Բայց արի ու տես, որ այդ օրը չէր գալիս, որքան շատ էի աշխատում, այնքան շատ աշխատելը դառնում էր սովորություն, որքան հաջողություններ էի ունենում, այդքան ավելի շատ հաջողությունների էի ձգտում ու էլի շարունակում էի ավելի շատ աշխատելը»:

 

Այո՛, կան ինչ-որ փուլեր կյանքում, երբ աշխատանքը կարող է առաջնահերթ դեր գրավել մեր կյանքում, բայց դա չպետք է դառնա մեր ապրելակերպը:

 

Չէ՞ որ մարդկային էակը մեքենա չէ. այն չի կարող անդադար աշխատել և միևնույն անթերի արդյունքը ցույց տալ տասնյակ ժամեր աշխատելուց հետո, ինչպես դա անում է հզոր մեքենան:

 

Ինչպես հողը, որը պետք է ժամանակ առ ժամանակ հանգստանա, որպեսզի կարողանա ապագայում առատ բերք տալ, այնպես էլ մենք՝ մարդկային էակներս, պետք է կարողանանք լիարժեք հանգստանալ ժամանակ առ ժամանակ, որպեսզի երկարաժամկետ կտրվածքում կարողանանք արդյունավետ լինել, կարողանանք ստեղծագործել ու արարել:

 

Այլապես, մենք մեզ դնում ենք հյուծվելու, սպառվելու ու տարբեր ձևերով մեզ վնասելու վտանգի տակ:

 

Այն մարդիկ, ում կյանքը կառուցված է բացառապես աշխատանքի ու իրենց արած աշխատանքով ինչ-որ հաջողությունների հասնելու շուրջ, հաճախ ունեն խնդիր: Եվ դա կոչվում է փախուստ կյանքի մյուս ոլորտներին առերեսվելուց: 

 

Այսինքն՝ մարդիկ լրիվ միահյուսվում են իրենց աշխատանքին, իրենց ինքնագնահատականը կապում են իրենց ունեցած հաջողություններին:

 

Դրա համար կարևոր է հասկանալ, թե ինչ ենք ձգտում ստանալ երկար ժամեր աշխատելով, արդյոք շատ ենք աշխատում, քանի որ իսկապես վայելում ենք մեր աշխատանքային պրոցեսը, թե ավելի խորը պատճառով: Օրինակ այն պատճառով, որ հույս ունենք, թե իբր մեր աշխատանքային հաջողությունները կլցնեն այն ներքին դատարկությունը, որը ինքներս ոչ մի կերպ չենք կարողանում լցնել:

 

Եթե չկան հաջողությունները, ապա անհատի ինքնագնահատականը հարվածի տակ է հայտնվում:

 

Եվ որպեսզի կարողանան պահպանել իրենց ինքնագնահատականը, մարդիկ հաճախ գնում են ամենածայրահեղ քայլերին, ինչից բնական է տուժում է իրենց առողջությունը, իրենց կյանքում գոյություն ունեցող մարդկային հարաբերությունները:

 

Դրա համար կարևոր է, որ մենք այնքան գիտակից լինենք, որ թույլ չտանք, որ աշխատանքը, աշխատանքում ունեցած հաջողությունները կամ անհաջողությունները բնորոշեն մեզ:

 

Բալանսավորված կյանքով ապրելու ամենաարդյունավետ մեթոդներից մեկն այն է, որ առաջին հերթին հայացք գցեք Ձեր ներկա կյանքին ու փորձեք հասկանալ, թե կյանքի որ ոլորտներն եք միանգամայն աչքաթող արել:

 

Այս փոքրիկ վերլուծությունը անելուց հետո գուցե պարզ դառնա, որ հիմա լիովին անտեսում եք Ձեր առողջությունը, թեև ժամանակին մեծ հաճույքով ամեն առավոտ գնում էիք մարզասրահ:

 

Այս վերլուծության ընթացքում Ձեզ համար գուցե պարզ դառնա, որ հիմա այնքան եք տարված Ձեր աշխատանքով, որ չեք էլ հիշում, թե երբ եք Ձեր ընտանիքի անդամների կամ ընկերների հետ որակյալ ժամանակ անցկացրել:

  

Այս վերլուծությունը անելուց հետո շատ կարևոր է, որ Դուք սկսեք մտածել, թե ինչպես եք այսուհետ կազմակերպելու Ձեր կյանքը, Ձեր աշխատանքային առօրյան կամ Ձեր շաբաթը, որպեսզի այն ընդգրկի այն ամենը, ինչն իսկապես կարևոր է Ձեզ համար:  

 

Օրինակ՝ Ձեր առաջիկա շաբաթը պլանավորելիս նպատակային կերպով ժամանակ հատկացրեք թեկուզ մեկ անգամ մարզասրահ հաճախելուն կամ շաբաթվա մեջ գոնե մեկ օր լիովին նվիրելու Ձեզ մտերիմ մարդկանց հետ որակյալ ժամանակ անցկացնելուն:

 

Ձեր կյանքը բալանսավորված ապրելու համար Դուք պետք է նպատակային մոտեցում ցուցաբերեք, գիտակցաբար որոշում կայացնեք, որ անկախ նրանից՝ որքան շատ գործեր կարող են առաջ գալ, Դուք պահելու եք Ձեր խոստումը:

 

Իսկ եթե Ձեր ցանկությունները ինքնահոսի թողնեք, ապա էլի վերադառնալու եք Ձեր հին ապրելակերպին:

 

Թեև շաբաթվա մեջ մեկ օր մարզասրահ հաճախելը կարող է առաջին հայացքից փոքրիկ քայլ թվալ, այդ քայլը անելով՝ Դուք հիշեցնում եք ինքներդ Ձեզ, որ Դուք ավելին եք, քան Ձեր աշխատանքը, աշխատանքում ունեցած հաջողությունները կամ անհաջողությունները:  

 

Որքան ավելի բալանսավորված կյանքով ապրեք, որքան հետևողական ձևով պլանավորեք հանգստանալը, աշխատանքից լիովին կտրվելը, լիցքաթափվելը Ձեր առօրյայի մեջ, մի գեղեցիկ բան է կատարվելու:

 

Ի զարմանս Ձեզ՝ հանգստանալու, լիցքաթափվելու, լիցքավորվելու շնորհիվ Դուք ավելի շատ էներգիա ձեռք կբերեք, ինչի շնորհիվ ավելի կրեատիվ ու արդյունավետ կլինեք:

 

Դուք կզարմանաք, թե որքան հեշտ կտրվեն բազում խնդիրների լուծումները, ինչքան հետաքրքիր, թարմ ու որակյալ գաղափարներ կունենաք, ինչի շնորհիվ էլ կարիք չեք ունենա երկար ժամեր աշխատել:

Որպես արդյունք ավելի շատ ժամանակ կունենաք Ձեր կյանքը լիարժեք ապրելու համար:

 

Այն ժամանակը, որ Դուք տրամադրում եք լիարժեք հանգստանալուն, լիցքաթափվելուն և վերալիցքավորվելուն, երբեք կորած չէ. դա երկարաժամկետ ներդրում է, որ Դուք անում եք Ձեր ֆիզիկական, մտավոր, հոգևոր առողջության համար, Ձեր բիզնեսի ու կարիերայի առաջընթացի համար, Ձեր հարաբերությունների ու Ձեր կյանքի որակը բարձրացնելու համար:

 

Հետաքրքիր է իմանալ ի՞նչ մեթոդներ եք կիրառում Դուք լիարժեք հանգստանալու, լիցքաթափվելու և վերալիցքավորվելու համար:

 

Շնորհակալ ենք Կայզեն TV-ի այս հաղորդմանը հետևելու համար:

Եթե այն օգտակար էր Ձեզ համար, ապա կիսվեք այս տեսանյութով սոցիալական մեդիայի Ձեր էջերում և բաժանորդագրվեք մեր ալիքին:

 

Ուրախ կլինենք իմանալ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ այս տեսանյութի վերաբերյալ: Վստա՛հ գրեք այն: :)

 

Եվ եթե ուզում եք, որ Ձեր հարցը հնչի ԿայզենTV-ի եթերում, ապա ուղարկեք մեզ Ձեր հարցերը նամակի տեսքով Kaizen Mastery ֆեյսբուքյան էջին:

 

Ձգտե՛ք Կատարելության...

Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտ

 

Please reload

Ի՞նչ է քոուչինգը. քոուչինգի սկզբունքները

1/1
Please reload

New Food for Thought
Նոր մտքեր
Please reload

© 2016-2019 by Kaizen Mastery

People Development Institute

  • LinkedIn Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
  • Facebook Social Icon
  • images

Email: kaizenmastery@gmail.com

Phone: +374 (0) 55 345219

Yerevan, Armenia