Քոուչինգ բիզնես ղեկավարների համար

Յուրաքանչյուր ղեկավար ունի իր թիմում  կատարողականության տարբեր մակարդակների վրա գտնվող աշխատակիցներ:

 

Ոմանք շարունակաբար զարգանում և կատարելագործվում են՝ ձգտելով մասնագիտական վերելքի, ոմանք էլ մշտապես կատարողականության նույն մակարդակի վրա են, անում են այն, ինչ իրենցից ակնկալվում է. նրանք պաշտոնի բարձրացման ձգտումներ չունեն և չեն ցանկանում հավելյալ պատասխանատվություն ստանձնել:

 

Որպես ղեկավար՝ Դուք հավանաբար ունեք նաև այնպիսի աշխատակիցներ Ձեր թիմում, ովքեր շարունակաբար  թերանում են իրենց աշխատանքում. նրանց կատարողականության ցուցանիշերն անընդհատ ընկնում են:

 

Նշված 3 մակարդակների վրա գտնվող աշխատակիցներն էլ ունեն քոուչինգի կարիք՝ յուրահատուկ մոտեցմամբ: Հոդվածում կներկայացնեմ Կրիս Պլեկիի (Առաջնորդության քոուչ) մոտեցումները՝ կատարողականության տարբեր մակարդակների վրա գտնվող աշխատակիցների հետ առավել արդյունավետ քոուչինգ իրականացնելու համար: 

 

 

Քոուչինգի սկզբունքները մասնագիտական առաջընթացի ձգտող աշխատակիցների համար

 

Նման աշխատակիցներին շատ հեշտությամբ կարելի է առանձնացնել մյուսներից: Նրանք ապրում են իրենց աշխատանքով, անում են շատ ավելին, քան իրենցից  կարելի է ակնկալել, նրանք նախաձեռնող են և ձգտում են տեղյակ լինել կազմակերպությունում տեղի ունեցող բոլոր գործընթացներից, նույնիսկ եթե դա իրենց անմիջական աշխատանքին չի վերաբերում: 

 

Նրանք մեկ  անգամ չէ, որ հայտնել են կազմակերպության ներսում ավելի բարձր պաշտոն ստանալու իրենց մտադրության մասին:

 

Այս աշխատակիցներն անընդհատ ձգտում են օգտագործել իրենց մասնագիտական և անձնական զարգացման բոլոր հնարավոր միջոցները. հենց այս աշխատակիցներն են, որ ամեն անգամ  ղեկավարին են ներկայանում՝ մի նոր դասընթացի մասնակցելու խնդրանքով:

 

Նրանց համար անչափ կարևոր է հնարավորություն ունենալ՝ սեփական ունակությունները, հմտությունները շարունակաբար կիրառելու, ցույց տալու, որ նրանք իսկապես նվիրված են կազմակերպությանը և կարող են ավելին, քան իրենց ներկա պաշտոնը թույլ է տալիս:

 

Կատարողականության այս մակարդակի վրա գտնվող աշխատակիցների հետ քոուչինգ իրականացնելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ներքոնշյալ երկու կարևոր կետերին՝

 

  1. Պահպանել աշխատակցի կատարողականության բարձր մակարդակը՝ իր առկա պաշտոնի պահանջներին համապատասխան

  2. Աշխատակցի հետ միասին սահմանել վերջինիս մասնագիտական  առաջընթացին վերաբերող նպատակներ

 

Կարևոր է հստակ պարզաբանել աշխատակցին, որ մասնագիտական առաջընթացին վերաբերող նպատակներ ունենալուց առաջ, նա նախ պետք է լինի իսկապես լավագույնը իր ներկա պաշտոնին:

 

Մասնագիտական առաջընթացին վերաբերող նպատակ կարող է լինել աշխատակցի՝ իրենից  պակաս փորձառու թիմակցի համար մենթոր դառնալը: Ղեկավարի դերը աշխատակցին ուղղորդելն է մենթորության ձևաչափ մշակելու հարցում: Ղեկավարը և իր աշխատակիցը  միասին  պետք է նպատակներ սահմանեն այն մասին, թե ինչ է ակնկալվում մենթորությունից և որ դեպքում այն հաջողված կհամարվի: Աշխատակիցը և իրենից  պակաս փորձառու թիմակիցը նույնպես պետք է համանման նպատակներ սահմանեն, ինչը թույլ կտա գնահատել նրանց համագործակցության առաջընթացը, ինչպես նաև բացթողումները լրացնելու հնարավորություն կտա:  

 

Ղեկավարը պետք է պարբերաբար իր աշխատակցին հանձնարարի վերջինիս մասնագիտական առաջընթացին միտված առաջադրանքներ: Դրանք այնպիսի հանձնարարություններ են, որոնք դուրս են աշխատակցի փորձառության սահմաններից: Բնական է, որ աշխատակիցն իր ղեկավարի աջակցության և ուղղորդման կարիքն է  ունենալու այդ ընթացքում: Ղեկավարը պետք է պարբերաբար կիսվի աշխատակցի հետ իր հմտություններով և ուղղորդի նրան՝ հավելյալ փորձառություն կամ հմտություններ պահանջող  հանձնարարությունները կատարելիս:

 

 

Քոուչինգի սկզբունքները կայուն կատարողականություն ցուցաբերող աշխատակիցների համար

 

Ինչպես արդեն նշել եմ, կատարողականության կայուն մակարդակի վրա գտնվող աշխատակիցները հազվադեպ են թերանում, սակայն չեն էլ ձգտում անել ավելին, քան պահանջվում է իրենցից: Նրանք կազմակերպությանը նվիրված աշխատակիցներ են, սիրում են իրենց աշխատանքը, թիմակիցներին և հաճախորդներին: Նրանք նպատակ չունեն առավել մեծ պատասխանատվություն կամ պաշտոն ստանձնել կազմակերպության ներսում:

 

Հարկ է նշել, որ այս մակարդակի աշխատակիցները փոփոխություններ չեն սիրում և հաճախ ընդդիմանում են ամեն տեսակի փոփոխությանը: Դա է պատճառը, որ ղեկավարը պետք է կիրառի քոուչինգը՝ որպես գործիք՝ աջակցելու նման աշխատակիցներին առավելագույնս սահուն կերպով իրականացնել այդ անցումը:

 

Թեև կայուն կատարողականություն ցուցաբերող աշխատակիցները չեն ձգտում ավելի շատ պատասխանատվության, դա չի նշանակում, որ նրանք չեն ձգտում զարգանալ: Նրանց իրենց առկա պաշտոնում զարգանալու հնարավորություններ տալը շատ կարևոր է, օրինակ կարելի է նման աշխատակցի տալ որևէ դասընթացի մասնակցելու և այնուհետ իր ստացած գիտելիքները թիմի հետ կիսելու հնարավորություն:

 

Քոուչինգային հանդիպումների ընթացքում պարբերաբար հարցրե՛ք կայուն կատարողականություն ցուցաբերող Ձեր աշխատակցին, թե զարգացման ինչպիսի հնարավորությունների կարիք նա ունի: Տվե՛ք այդ հնարավորությունները  նրան:

 

 

Քոուչինգի սկզբունքները կատարողականություն ցածր մակարդակ ցուցաբերող աշխատակիցների համար

 

Աշխատակցի թերանալու պատճառները կարելի է բաժանել երկու հիմնական խմբի՝ հմտությունների պակաս կամ կազմակերպության գաղափարներին անհամապատասխան մտածելակերպ:

Այստեղ տեղին  է կիրառել Ջիմ Քոլլինսի կողմից առաջարկված ավտոբուսի անալոգիան,  որի համաձայն կազմակերպությունը կարելի է համեմատել ավտոբուսի հետ:  Կան աշխատակիցներ, ովքեր  թերանում են, քանի որ նրանք «ավտոբուսի» մեջ իրենց համապատասխան տեղում չեն նստած, այսինքն՝ իրենց հմտություններն առավել կիրառական կլինեն՝ տվյալ կազմակերպության մեջ մեկ այլ պաշտոն զբաղեցնելով: Այսպիսով՝ «ավտոբուսի» մեջ նման աշխատակիցների տեղը պարզապես պետք է փոխել, և թերացումներն շուտով կնվազեն:

 

Նշված դեպքում հրաշալի տարբերակ  է հմտությունների փոխանցման քոուչինգը անձամբ ղեկավարի,  ինչպես նաև թիմակիցների կողմից:

 

Մեկ այլ դեպքում, աշխատակիցն ունի բոլոր անհրաժեշտ հմտությունները, սակայն նրա մտածելակերպը չի համապատասխանում կազմակերպության գաղափարախոսությանը և հիմնարար արժեքներին, ինչն էլ իր հերթին թերացումերի պատճառ  է  դառնում: Այս դեպքում, ընդունված է ասել, որ աշխատակիցը իր ճիշտ տեղում է, սակայն սխալ «ավտոբուս» է նստել: Այսինքն՝ նա պարզապես իրեն անհամապատասխան կազմակերպությունում է գտնվում:  Նման իրավիճակում ղեկավարը կարող է օգնել աշխատակցին նոր մտածելակերպ ձևավորել և ինտեգրել կազմակերպության արժեքները և գաղափարախոսությունը: 

 

Սակայն, եթե որոշակի փորձերից հետո Դուք համոզվում եք, որ ուղղակի ժամանակ եք վատնել, ապա լավագույն լուծումը կլինի օգնել Ձեր աշխատակցին՝ իր համար ավելի համապատասխան «ավտոբուս» գտնել:

 

Կարևոր է փաստել, որ Ձեր աշխատակիցների զարգացման մեջ ներդրում  կատարելով և նպաստելով նրանց մասնագիտական առաջընթացին՝ Դուք ուղղակիորեն ձևավորում եք Ձեր՝ որպես պրոֆեսիոնալ ղեկավարի բրենդը:

 

Այդ բրենդի շնորհիվ Դուք կկարողանաք շարունակաբար Ձեզ թիմ ներգրավել տաղանդավոր և մեծ ձգտումներ ունեցող նորանոր աշխատակիցների:

 

Քոուչինգի ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է լրացնել այս հարցաթերթը

 

Ձգտե՛ք Կատարելության,

Արևիկ

 

Հ.Գ. Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին (Կայզեն TV), որտեղ կգտնեք մասնագիտական օգտակար խորհուրդներ՝ Ձեր նպատակները ամենօրյա փոքրիկ քայլերով իրականացնելու, երջանիկ ու ներդաշնակ կյանքով ապրելու համար: 

 

Please reload

Ի՞նչ է քոուչինգը. քոուչինգի սկզբունքները

1/1
Please reload

New Food for Thought
Նոր մտքեր
Please reload

© 2016-2019 by Kaizen Mastery

People Development Institute

  • LinkedIn Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
  • Facebook Social Icon
  • images

Email: kaizenmastery@gmail.com

Phone: +374 (0) 55 345219

Yerevan, Armenia