3 օգտակար խորհուրդներ մոտիվացվելու համար

11/02/2019

Այսօր ԿայզենTV-ում մեկնարկում է «ՀարցուՊատասխան» թողարկումների շարքը, որի ընթացքում քոուչ Արևիկ Հայրապետյանը պատասխանում է ԿայզենTV-ի հետևորդների հետաքրքիր հարցերին:

 

Այսպիսով, այսօրվա հարցը մեզ է ուղարկել Լուսինեն՝ 

 

«Բարև Ձեզ, Արևիկ: Տարվա սկզբից ինձ համար մի քանի նպատակ եմ դրել, որոնց անպայման ուզում եմ հասնել: Սկսել եմ ինչ-որ քայլեր անել, բայց նախկին փորձս հաշվի առնելով վախենում եմ, որ որոշ ժամանակ անց մոտիվացիաս ուղղակի կընկնի ու չեմ կարող շարունակել սկսածս: Ի՞նչ խորհուրդ կարող եք տալ ինձ մոտիվացիաս պահպանելու համար: Շնորհակալություն»:

 

Ի պատասխան Լուսինեի հարցին՝ քոուչ Արևիկ Հայրապետյանը ներկայացնում է հետևյալ 3 օգտակար խորհուրդները:  

 

 

Խորհուրդ N 1՝ Կենտրոնացե՛ք ոչ թե Ձեր նպատակի կամ ցանկալի վերջնարդյունքի վրա, այլ այդ նպատակն իրականացնելու համար անհրաժեշտ քայլերի վրա:

 

Կարող է փոքր-ինչ հակասական թվալ, բայց որքան քիչ ենք մտածում վերջապես մեր նպատակին հասնելու մասին, այնքան ավելի հեշտ ենք մոտիվացվում և կենտրոնանում անհրաժեշտ քայլերի վրա:   

 

Օրինակ, եթե Դուք ուզում եք 3 ամսում 10 կգ նիհարել, ապա մի՛ կենտրոնացեք նրա վրա, թե երբ եք վերջապես ազատվելու այդ 10 կգ-ից:

 

Փոխարենը կենտրոնացե՛ք ամեն օր առողջ սնվելու և ֆիզիկապես ակտիվ լինելու վրա: Այս եղանակով Դուք և՛ կհասնեք Ձեր նպատակին, և՛ այդ 3 ամիսները Ձեզ համար այնքան տանջալից չեն լինի, որքան պատկերացնում եք:

 

Խորհուրդ N 2՝ Մի՛սպասեք ոգեշնչման, ինքներդ ոգեշնչե՛ք Ձեզ:

Լինում են չէ՞ այնպիսի պահեր օրվա ընթացքում, երբ ոչինչ անելու տրամադրություն չունեք:

Գուցե պատճառը անձրևոտ ու ամպամած եղանակն է, գուցե Դուք հոգնած եք, իսկ գուցե ուղղակի ծուլանում եք:

Նման պահերին հավանաբար մտածում եք՝ «Ինձ մի քիչ ոգեշնչում է պետք, հենց ոգեշնչվեմ, կանցնեմ գործի»:

Ու այդպես ձեռքերը ծալած սպասում եք, թե երբ եք վերջապես տրամադրվելու, որ գործի անցնեք:

 

Ասում են՝ ախորժակն ուտելիս է բացվում: Նմանապես, ինչ-որ գործ անելու համար պարտադիր չէ, որ հենց սկզբից տրամադրված լինեք: Ուղղակի սկսեք, իսկ որոշ ժամանակ անց չեք էլ զգա, թե որքան եք խորասուզվել Ձեր գործի մեջ:

 

Իհարկե, առանց տրամադրված լինելու ինչ-որ գործ սկսելն այնքան էլ հաճելի չէ, գուցե ինչ-որ տեղ ձանձրալի կամ անհետաքրքիր:

 

Ենթադրենք, օրինակ, պլանավորել եք աշխատանքից հետո մարզասրահ գնալ, բայց արի ու տես, որ ընդհանրապես տրամադրված չեք մարզվելու: Դրան էլ գումարած ձյուն է գալիս, ու շատ ցուրտ է:

 

Ի՞նչ անել նման իրավիճակում: Դե իհարկե, անպայման գնալ մարզասրահ: Չէ՞ որ նման քայլով Դուք և՛ կբարելավեք Ձեր ինքնազգացողությունը, և՛ կբարձրացնեք Ձեր ինքնագնահատականը:

 

Այսպիսով, եթե միայն փոքր-ինչ ջանք գործադրեք և ուղղակի անեք այն, ինչ պետք է արվի տվյալ պահին, լավ տրամադրությունն ինքն-իր ոտքով կգա Ձեզ այցի:

 

 

Խորհուրդ N 3՝ շրջապատե՛ք Ձեզ լավատես մարդկանցով և դրական ամեն ինչով։

Քոուչ Արևիկ Հայրապետյանը խորհուրդ է տալիս, որ ամեն Ձեր օրը սկսեք որևէ մոտիվացնող աֆորիզմով, շաբաթվա ընթացքում դիտեք մոտիվացնող ֆիլմեր ու ԿայզենTV-ի տասնյակ տեսանյութերից որևէ մեկը, կարդաք ոգեշնչող պատմություններ։

Եվ ժամանակի ընթացքում կտեսնեք, թե որքան եք մոտիվացվում, և որքան է լուսավորվում Ձեր կյանքը:

 

Դե ինչ, այսքանով ամփոփենք քոուչ Արևիկ Հայրապետյանի առաջարկած  3 խորհուրդները՝ մոտիվացվելու և Ձեր մոտիվացիան պահպանելու համար:

Հաճախակի կիրառեք դրանք Ձեր կյանքում, և արդյունքը չի ուշանա:

 

 

Շնորհակալ ենք Կայզեն TV-ի այս հաղորդմանը հետևելու համար:

Եթե այն օգտակար էր Ձեզ համար, ապա կիսվեք այս տեսանյութով սոցիալական մեդիայի Ձեր էջերում և բաժանորդագրվեք մեր ալիքին:

 

Ուրախ կլինենք իմանալ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ այս տեսանյութի վերաբերյալ: Վստա՛հ գրեք այն: :)

 

Եվ եթե ուզում եք, որ Ձեր հարցը նույնպես հնչի ԿայզենTV-ի եթերում, ապա ուղարկեք մեզ Ձեր հարցերը նամակի տեսքով Kaizen Mastery ֆեյսբուքյան էջին:

 

Ձգտե՛ք Կատարելության...

Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտ

 

 

 

Please reload

Ի՞նչ է քոուչինգը. քոուչինգի սկզբունքները

1/1
Please reload

New Food for Thought
Նոր մտքեր
Please reload

© 2016-2019 by Kaizen Mastery

People Development Institute

  • LinkedIn Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
  • Facebook Social Icon
  • images

Email: kaizenmastery@gmail.com

Phone: +374 (0) 55 345219

Yerevan, Armenia