Գնահատված և սիրված լինելու կարիքի մասին
ԿայզենTV-ում «ՀարցուՊատասխան» շարքի հերթական թողարկումն է, որի ընթացքում քոուչ Արևիկ Հայրապետյանը պատասխանում է ԿայզենTV-ի հետևորդների հետաքրքիր հարցերին:
Այսօրվա հարցը մեզ է ուղարկել Ալինան, ով նեղսրտած է շրջապատի մարդկանց վերաբերմունքից.
«Մի տեսակ չեմ ստանում այն ուշադրությունն ու հարգանքը, որին արժանի եմ: Մարդիկ ինձ լավ են վերաբերվում, երբ իմ կարիքն են ունենում, ես էլ օգնում եմ նրանց: Բայց առհասարակ ես ինձ գնահատված ու հարգված չեմ զգում»:
Օգտակար խորհուրդներ առողջ հարաբերությունների համար
Մարդկային հարաբերությունները անչափ կարևոր ազդեցություն ունեն մեր կյանքի որակի վրա: Որպեսզի կարողանաք շրջապատի մարդկանց հետ առողջ, ներդաշնակ հարաբերություններ կառուցել, քոուչ Արևիկ Հայրապետյանը առաջարկում է Ձեզ հետևյալ խորհուրդները՝
Ձեր կարիքները և պահանջմունքները կարևոր են
Խորհուրդ 1-ին՝ Հստակեցրե՛ք Ձեր ակնկալիքները, Ձեր կարիքները մարդկային հարաբերություններից: Հստակեցրե՛ք՝ ինչպիսի վերաբերմունք եք ակնկալում Ձեր նկատմամբ, և ինչպիսի վերաբերմունքն է անընդունելի Ձեզ համար:
Մարդիկ տարբեր են, և յուրաքանչյուրս ունի իր սեփական կարիքները երջանիկ լինելու համար, սա միանգամայն տեղին է նաև մարդկային հարաբերություններում:
Բայց եթե Դուք Ձեզ համար չեք որոշել՝ որ վերաբերմունքն է հարգալից, որը անհարգալից Ձեզ համար, ապա մարդիկ կարող են շատ անհարգալից լինել Ձեր նկատմամբ, իսկ Դուք չեք էլ իմանա դրա մասին, իսկ երբ իմանաք, արդեն չափից ուշ կլինի:
Երբ հանդուրժողականությունը շատ է...
Խորհուրդ 2-րդ՝ Ցանկացած հարաբերության մեջ դրե՛ք սահմաններ, որոնք ոչ ոք իրավունք չունի հատել: Մենք սովորեցնում ենք մարդկանց, թե ինչպես վերաբերվեն մեզ այն ամենով, ինչը մենք հանդուրժում ենք ու ինչը չենք հանդուրժում:
Եթե Դուք շարունակաբար հանդուրժում եք, որ այլ մարդիկ, լինի դա Ձեր ընտանիքի անդամը, Ձեր ընկերը կամ ընկերուհին, Ձեր կոլեգան, Ձեզ հետ անհարգալից վերաբերվեն, մանիպուլացնեն ու շահագործեն Ձեզ, ապա դա հենց այն վերաբերմունքն է, որին Դուք շարունակաբար արժանանալու եք:
Դուք չեք կարող այլ մարդկանց մեղադրել նրանում, որ նրանք այդպես են վարվում. չէ՞ որ Դուք եք պատասխանատու սեփական ստանդարտները դնելու և դրանք պաշտպանելու համար:
Սովորե՛ք ասել «ոչ»
Խորհուրդ 3-րդ՝ Սովորե՛ք բարձրաձայնել Ձեր կարիքները: Հաճախ մենք վախենում են ասել «ոչ», հրաժարվել ինչ-որ մեկի առաջարկից կամ մերժել գործընկերոջ խնդրանքը, քանի որ վախենում ենք, որ այդ մարդիկ այլևս չեն սիրի մեզ, կնեղանան, կհիասթափվեն մեզնից ու նույնիսկ կլքեն մեզ:
Այդ վախից դրդված՝ մենք հաճախ անում ենք բաներ, որ չենք ուզում անել, երբեմն նույնիսկ հակառակ ենք գնում մեր ներքին ձայնին՝ ինչ-որ մեկին հաճոյանալու համար:
Բայց հավատացա՛ծ եղեք՝ այն հարաբերությունները, որոնք Դուք պահպանում եք Ձեր անձնական կարիքները արհամարհելու հաշվին, առողջ չեն, ու նման հարաբերություններում Դուք չեք կարող երջանիկ լինել:
Այն մարդիկ, ովքեր գնահատում են Ձեզ հետ ունեցած հարաբերությունը, այլ ոչ թե միայն այն, ինչ կարող են պոկել-ստանալ Ձեզնից, ամենայն հավանականությամբ կհասկանան Ձեզ, երբ ասեք, որ այս անգամ չեք կարող օգնել իրենց, նրանք ներողություն կխնդրեն, երբ ասեք, որ իրենց պահվածքը Ձեզ վիրավորել է:
Շատ մարդիկ չեն բարձրաձայնում սեփական կարիքները, չեն արտահայտվում, երբ դիմացինի պահվածքի մեջ ինչ-որ բան իրենց դուր չի գալիս՝ հիմնականում իրենց նախկին փորձից ելնելով. չէ՞ որ գուցե անցյալում Դուք փորձել եք խոսել Ձեր էմոցիաների մասին, իսկ դիմացինն ասել է, որ Դուք չափից սենտիմենտալ եք կամ որ ամեն մանրուքից մեծ բան եք սարքում:
Եվ եթե հավատացել եք այդ մարդկանց, տրվել եք նրանց մանիպուլյացիաներին, ապա ամենայն հավանականությամբ հիմա ամոթ եք զգում սեփական զգացմունքների համար, ինչ-որ տեղ գուցե մեղադրում եք Ձեզ այդ ստանդարտների համար:
Բայց հիմա ժամանակն է խոսել սեփական կարիքների, էմոցիաների մասին՝ առանց ամաչելու կամ մեղավոր զգալու: Եվ պետք է դա անել հարգալից ձևով՝ առանց գերէմոցիոնալ դառնալու: Պետք չէ լինել հարձակվողական, պետք չէ կռիվ անել: Պարզապես պետք է լինել այնքան հստակ ու համոզված Ձեր մոտեցման մեջ, որ դիմացինին Ձեր խոսքը նույնպես վստահություն ներշնչի:
Կարող եք ասել. «Նման վարքագիծն ինձ համար անընդունելի է: Եթե քեզ համար կարևոր է ինձ հետ առողջ հարաբերություններ կառուցելը, ապա պետք է փոխես վարքագիծդ, իսկ եթե ոչ, ես հարգում եմ քո որոշումը, բայց այդ պարագայում մեր ներկայիս հարաբերությունը չի կարող շարունակվել»:
Նման մոտեցումը ցույց է տալիս դիմացինին, որ այդ խոսքերը բխում են ինքն իրեն հարգող անհատից: Դա հարգալից է նաև այդ մարդու նկատմամբ:
Մարդկային հարաբերությունների աուդիտ
Խորհուրդ 4-րդ՝ Մի՛ վախեցեք ինչ-որ մարդկանց բաց թողնել Ձեր կյանքից: Շատ մարդիկ վախենում են բարձրաձայնել, որ դիմացինի պահվածքը իրենց դուր չի գալիս, լինի դա անձնական կյանքում, թե աշխատավայրում, քանի որ մտածում են, որ այդ մարդիկ կհեռանան իրենցից, ու իրենք մենակ կմնան:
Այո՛, այդ մարդիկ կարող են լքել Ձեզ, բայց ավելի լավ է մտածեք Ձեր ինքնագնահատականը պահպանելու, քան ուրիշին հաճոյանալու մասին, այն դեպքում, երբ այդ ուրիշի համար մեկ եք Դուք և Ձեր ապրումները:
Եթե փոքրիկ աուդիտ անեք Ձեր կյանքում գոյություն ունեցող մարդկային հարաբերություններում, ապա վստահաբար կհասկանաք, որ Ձեր կյանքում կան մարդիկ, ովքեր Ձեզ ոչինչ չեն տալիս, միայն տեղ են զբաղեցնում, միայն ինչ-որ բան են վերցնում Ձեզնից՝ Ձեր ժամանակը, էներգիան, երբեմն էլ նյարդերը:
Բայց քանի որ Դուք շարունակում եք այդ մարդկանց թույլ տալ տեղ զբաղեցնել Ձեր կյանքում, որպես հետևանք, Դուք էլ տեղ չունենք Ձեր կյանքում որակյալ հարաբերությունների համար:
Իհարկե, դժվար է վերջ տալ այնպիսի մի հարաբերության, որը Ձեզ հետ է եղել տարիներ, տասնամյակներ շարունակ. չէ՞ որ գրեթե ցանկացած հարաբերության մեջ կան պահեր, որոնք հիշարժան են, որոնց մասին հիշողությունները ջերմացնում են մեզ:
Միևնույն ժամանակ պետք է սովորենք անկեղծ լինել ինքներս մեզ հետ և խոստովանենք, երբ այդ հարաբերությունը փրկելու բոլոր փորձերից հետո հասկանում ենք, որ այդ հարաբերությունն արդեն սպառել է իրեն: Դրա համար կարևոր է ընդունել մարդկանց այնպիսին, ինչպիսին նրանք կան տվյալ պահին, ոչ թե ինչպիսին եղել են նախկինում:
Հարգանք այլ մարդկանց նկատմամբ
Խորհուրդ 5-րդ՝ Առողջ հարաբերություններ կառուցելու համար կարևոր է, որ մենք ոչ միայն կարողանանք հստակեցնել, բարձրաձայնել մեր կարիքները, այլև կարևոր է, որ մենք սովորենք լսել, ընդունել, հարգանքով վերաբերվել այլ մարդկանց կարիքներին ևս:
Հիշե՛ք՝ ցանկացած մարդ, ում հանդիպում ենք մեր կյանքում կա՛մ ուսուցիչ է կա՛մ աշակերտ: Եթե Դուք անընդհատ բախվում եք այն իրավիճակին, երբ մարդիկ փորձում են Ձեզ շահագործել, ապա համոզվա՛ծ եղեք, որ կյանքը փորձում է Ձեզ սովորեցնել լինել ավելի ուժեղ, հաստատել սեփական սահմանները ու օգնել մարդկանց հարգել այդ սահմանները:
Այն պահից սկսած, երբ կսովորեք սիրել ինքներդ Ձեզ, այլ մարդկանց ասել «ոչ»՝ առանց մեղավոր զգալու, առանց այդ մարդկանց խնդիրները Ձեզ վրա վերցնելու, հենց այդ ժամանակ կտեսնեք, որ մարդիկ սկսում են շատ հարգալից վերաբերվել Ձեզ ու գնահատել Ձեզ հետ ունեցած հարաբերությունը:
Կայզեն TV-ի մասին
Շնորհակալ ենք Կայզեն TV-ի այս հաղորդմանը հետևելու համար:
Եթե այն օգտակար էր Ձեզ համար, ապա կիսվեք այս տեսանյութով սոցիալական մեդիայի Ձեր էջերում և բաժանորդագրվեք մեր ալիքին:
Ուրախ կլինենք իմանալ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ այս տեսանյութի վերաբերյալ: Վստա՛հ գրեք այն: :)
Եվ եթե ուզում եք, որ Ձեր հարցը նույնպես հնչի ԿայզենTV-ի եթերում, ապա ուղարկեք մեզ Ձեր հարցերը նամակի տեսքով Kaizen Mastery ֆեյսբուքյան էջին:
Ձգտե՛ք Կատարելության...
Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտ
Comments