top of page
Search
  • Arevik Hayrapetyan

Ինչպե՞ս ապրել գիտակից և փոխել կյանքը

Ինչպե՞ս ենք վերաբերվում կյանքին


Վերջերս սկսել եմ խորհել այն հարցի շուրջ, թե ինչպես ենք մենք՝ մարդկային էակներս, վերաբերվում կյանքին: Ցավոք սրտի, ամենօրյա թոհուբոհի մեջ մենք հաճախ մոռանում ենք այն մասին, որ մենք կենդանի ենք, որ մեզ տրված է ապրելու հնարավորություն այն դեպքում, երբ շատ շատերն այլևս չունեն այդ հնարավորությունը:

Ահա թե ինչու այսօր ցանկանում եմ խոսել այն մասին, թե ինչու է այդքան կարևոր սովորել մտադրաբար արժևորել մեր կյանքը և ինչպես այդ վերաբերմունքը կարող է բարելավել մեր կյանքի որակը և օգնել մեզ ավելի ու ավելի լիարժեք կյանքով ապրել: Շատ կարևոր է, որ մենք սովորենք արժանին մատուցել կյանքին և սովորենք հարգանքով վերաբերվել նրան: Իսկ ի՞նչ է նշանակում հարգել կյանքը:


Ի՞նչ է նշանակում հարգել կյանքը


Երախտագիտություն


Իմ խորին համոզմամբ՝ հարգել կյանքը նախևառաջ նշանակում է ամեն օր արթնանալով լինել անկեղծորեն երախտապարտ նոր օր ապրելու հնարավորության համար: Սա չի նշանակում, որ մենք պետք է ձևացնենք, թե իբր ամեն բան լավ է, երբ իրականում կան խնդիրներ ու դժվարություններ: Սա չի նշանակում, որ մենք չենք կարող ինչ-որ օր տխուր կամ հիասթափված արթնանալ: Երախտապարտ լինել նոր օրն ապրելու հնարավորության համար նշանակում է արժևորել կյանքն իր բոլոր գույներով բացահայտելու հնարավորությունը:


Նույնիսկ երբ կան դժվարություններ, ամեն նոր օրը հնարավորություն է ինքներս մեզ ավելի լավ ճանաչելու և այդ դժվարություններից դասեր քաղելու, սովորելու և իմաստուն դառնալու: Այո՛, կյանքը կարող է տալ մեզ դժվարություններ, բայց այդ դժվարություններն աննպատակ չեն: Նրանցից յուրաքանչյուրը նպատակ ունի օգնել մեզ բացահայտել մեր ներուժը, գտնել այնպիսի ռեսուրսներ մեր ներսում, որոնց մասին մենք գաղափար անգամ չունեինք: Հենց այս մոտեցման շնորհիվ մենք կարող ենք սովորել սիրել ու գնահատել կյանքը, երախտապարտ լինել ապրելու հնարավորության համար, նույնիսկ երբ դժվար է:


Կյանքը վատնելու մասին


Հարգել կյանքը նշանակում է նաև դադարել վատնել այն: Տվե՛ք Ձեզ հետևյալ հարցը՝ «ինչպե՞ս եմ ես վատնում իմ կյանքը»: Այս հարցին պատասխանելու համար Ձեզ կօգնի գիտակից դառնալ այն ամենի մասին, ինչին Դուք ուղղում եք Ձեր էներգիան ու ժամանակը, բայց դրանից Ձեր կյանքը ոչ թե լցվում է, այլ սպառվում: Օրինակ, գուցե Ձեր կյանքում կան մարդիկ, ովքեր չեն գնահատում Ձեզ, բայց Դուք շարունակում եք պայքարել այդ մարդկանց սերը վաստակելու համար այն հույսով, որ այդ մարդիկ ինչ-որ մի օր կփոխվեն ու կգիտակցեն Ձեր արժեքը:


Իհարկե, Դուք իրավունք ունեք վարվելու այնպես, ինչպես Դուք եք ճիշտ գտնում, բայց հավատացա՛ծ եղեք, որ այն մարդիկ, ովքեր իսկապես արժանի են Ձեր կյանքում տեղ ունենալուն, չեն թերագնահատի Ձեզ: Շրջապատելով Ձեզ այնպիսի մարդկանցով, ում հետ շփումը հիասթափեցնում ու սպառում է Ձեզ՝ Դուք անհարգալից վերաբերմունք եք ցուցաբերում կյանքի նկատմամբ, դրանով Դուք ասես անտեսում եք երջանիկ կյանքով ապրելու, Ձեզ սիրող մարդկանցով Ձեզ շրջապատելու բազում այն հնարավորությունները, որը կյանքը տալիս է Ձեզ ամեն օր:

ինչպես լինել երջանիկ - ինչպես փոխել կյանքը

Յուրաքանչյուրիս տրված առաքելությունը


Հարգել կյանքը նշանակում է նաև հարգանքով ու հոգատարությամբ վերաբերվել բոլոր այն ընդունակություններին ու տաղանդներին, որոնցով օժտել է մեզ կյանքը: Կան մարդիկ, ովքեր վատնում են սեփական կյանքը՝ անելով աշխատանք, որը չեն սիրում, կան մարդիկ, ովքեր գիտակցելով սեփական ընդունակությունները, այնուամենայնիվ ծուլանում են, մնում են իրենց հարմարավետության գոտում՝ միջակության մեջ և չեն ինքնառեալիզացվում:


Շատ կարևոր է գիտակցել, որ կյանքը մեզանից յուրաքանչյուրին, առանց բացառության, տվել է ընդունակություններ ու տաղանդներ, յուրօրինակություն ու ինքնատիպություն, ինչը կյանքի կոչելով մենք ոչ միայն ինքնառեալիզացվում ենք՝ որպես անհատներ, այլ նաև մեր դրական ներդրումն ենք ունենում շրջապատող աշխարհի մեջ ու մարդկանց կյանքում: Անտեսել մեր առաքելությունը կյանքում նշանակում է չհարգել կյանքը:


Հարգել կյանքը նշանակում է հարգել մեզ տրված ամեն բան՝ փոքրից մեծ, հարգել մեր մարմինը՝ նրա մասին հոգ տանելով, առողջ սնվելով, ֆիզիկապես ակտիվ լինելով:

Հարգել կյանքը նշանակում է հարգել մեր ժամանակն ու մեր էներգիան՝ դրանք ուղղելով բոլոր այն մարդկանց ու այն ամենին, ինչը խորապես լցնում է մեզ լույսով ու դրականով:


Հարգել կյանքը նշանակում է հարգել բնությունը ու հարգել մեզ ժառանգված մշակույթը:


Հարգել կյանքը նշանակում է անել մեզանից կախված ամեն բան՝ երջանիկ կյանքով ապրելու և շրջապատող աշխարհը մեր ինքնությամբ լուսավորելու համար:

 

Շնորհակալ ենք Կայզեն TV-ի այս հաղորդմանը հետևելու համար: Եթե այն օգտակար էր Ձեզ համար, ապա կիսվեք այս տեսանյութով սոցիալական մեդիայի Ձեր էջերում և բաժանորդագրվեք մեր ալիքին:


Ուրախ կլինենք իմանալ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ այս տեսանյութի վերաբերյալ: Վստա՛հ գրեք այն: :) Եվ եթե ուզում եք, որ Ձեր հարցը հնչի և իր պատասխանը ստանա ԿայզենTV-ի եթերում, ապա ուղարկեք մեզ Ձեր հարցերը նամակի տեսքով Kaizen Mastery ֆեյսբուքյան էջին:


Ձգտե՛ք Կատարելության...

Kaizen Mastery

0 comments
bottom of page