top of page
Search
Kaizen Mastery

Բարի լինել և օգնել մարդկանց. երջանիկ լինելու գրավականը

Հասնել նպատակներին և դառնալ հաջողակ


ԿայզենTV-ի թողարկումներում լայֆ քոուչ Արևիկ Հայրապետյանը հաճախ է խոսում այն մասին, թե ինչպես Դուք կարող եք հասնել Ձեր նպատակներին, թե ինչպես Դուք կարող եք լինել ավելի հաջողակ Ձեր կարիերայում ու երջանիկ Ձեր անձնական կյանքում:

Իհարկե, այս բոլորը շատ կարևոր թեմաներ են բոլորիս համար, բայց այսօրվա թողարկմանը Արևիկ Հայրապետյանը խոսում է նրա մասին, թե ինչպես Դուք կարող եք oգնել այլ մարդկանց առաջին հայացքից մանրուք թվացող իրավիճակներում, ինչպես նաև կարող եք oգնել այլ մարդկանց իրենց երազանքի ճանապարհին:

Ինչպե՞ս փոխել աշխարհը


Դուք պարտավոր չեք բժշկի վերնազգեստ հագնել, որպեսզի ինչ-որ մարդու կյանք փրկեք, Դուք պարտավոր չեք դպրոցի ուսուցիչ լինել, որպեսզի ինչ-որ երեխայի ապագայի մեջ կարևոր ներդրում ունենաք: Դուք պարտավոր չեք միլիարդատեր բարերար լինել, որպեսզի որևէ բարի գործ կատարեք Ձեզ շրջապատող ծանոթ կամ անծանոթ մարդկանց համար:

Արևիկ Հայրապետյանի խորին համոզմամբ՝ մարդկանց օգնելու միակ նախապայմանը մարդկանց օգնելու անկեղծ ցանկությունն է, ոչ մի այլ անցագրի կարիք չունենք:

Կապ չունի, թե որտեղ եք այսօր Ձեր կյանքի ճանապարհին, կապ չունի՝ ինչ դիպլոմ ունեք կամ որտեղ եք աշխատում, կապ չունի՝ ինչքան աշխատավարձ եք ստանում կամ ինչքան զբաղված եք Ձեր սեփական գործերով, Դուք ամեն պահի հնարավորություն ունեք դիմացինի համար որևէ բարի բան անելու՝ Ձեր ունեցած հնարավորությունների սահմաններում:

Իմաստուն պատմություն ծովաստղի մասին


Այստեղ Արևիկ Հայրապետյանը կիսվում է իր շատ սիրելի պատմություններից մեկով: Այսպիսով, մի ուժեղ փոթորիկից հետո երեխան իր ծնողների հետ քայլում էր օվկիանոսի ափով ու տեսնում է, որ փոթորիկը հարյուրավոր, գուցե հազարավոր ծովաստղեր էր նետել ափը:

Երեխան սկսում է հատ առ հատ վերցնել այդ ծովաստղերը ու հետ նետել նրանց օվկիանոսի մեջ: Որոշ ժամանակ անց մի մարդ է մոտենում ու ասում այդ երեխային. «Ի՞նչ ես անում, մեկ է դու չես կարող փրկել ափ նետված բոլոր ծովաստղերին: Անիմաստ է, էլ մի՛ շարունակիր»:

Երեխան սկզբում փոքր-ինչ նեղսրտեց այդ մարդու խոսքերից, բայց փոքր-ինչ հետո նա կռացավ, վերցրեց իր ոտքերի մոտ ընկած ծովաստղին, իր ամբողջ ուժով նետեց նրան օվկիանոսի մեջ ու, նայելով այդ մարդուն, ասաց. «Բայց չէ՞ որ հենց նոր ես փրկեցի հենց այս մի ծովաստղին»:

Մարդը ապշած նայեց երեխային, հիացավ երեխայի հաստատակամությամբ ու սկսեց օգնել երեխային՝ ծովաստղերին փրկելու կարևոր գործում: Այս գեղեցիկ պատմությունը ևս մեկ անգամ հիշեցում է առ այն, որ ոչ մի մարդու արած բարի գործ ավելորդ չէ:

Այլ մարդկանց օգնելու համար պետք չէ ակնկալել ծափահարություններ կամ մտածել, որ Դուք մի օր կփրկեք լճում խեղդվող անծանոթին, ու դրանից հետո ամբողջ աշխարհը կիմանա Ձեր մասին ու կխոնարհվի Ձեր առջև:


Անշահախնդիր օգնություն, բարեգործություն

Արևիկ Հայրապետյանը նաև կոչ է անում օգնել մարդկանց՝ անկեղծ ցանկությունից դրդված, ուղղակի օգնել՝ առանց հաշիվ պահելու, առանց մտածելու, թե երբ է դիմացինը պատասխան տալու: Երբ օգնում եք դիմացինին՝ հոգու խորքում որոշակի ակնկալիքներ ունենալով, հաճախ դա այնքան էլ լավ ավարտ չի ունենում, քանի որ դիմացինը, տարբեր պատճառներից ելնելով, գուցե չկարողանա փոխհատուցել Ձեր օգնությունը, իսկ Դուք արդյունքում կհիասթափվեք:

Դրա համար առաջնորդվե՛ք ժողովրդական իմաստությամբ, այն է՝ «Լավությու՛ն արա, գցի՛ր ջուրը»:

Հավանաբար մտածում եք. «Այս ամենը տեսականում շատ լավ է հնչում, բայց իրական կյանքում սա ռոմանտիկայի ժանրից է. եղունգ ունես, գլուխդ քորի՛ր»:


Ահա թե ինչու կարևոր է, որ իմանաք հետևյալ անչափ հետաքրքիր փաստը: Ամեն անգամ, երբ մենք որևէ բարի գործ ենք կատարում, մեր օրգանիզմում արտադրվում են էնդորֆիններ, օքսիտոցին, սերոտոնին:

Բոլոր այս հորմոնները պատասխանատու ենք մեր լավ ինքնազգացողության և երջանկության համար: Այսինքն՝ մենք ֆիզիոլոգիապես մեզ լավ ենք զգում՝ ամեն անգամ ինչ-որ բարի գործ կատարելով: Ավելին՝ երբ մենք բարության որևէ ակտ ենք կատարում, դրանից լավ ենք զգում ոչ միայն մենք ու այն մարդը, ում համար դա անում ենք, այլև այն մարդը, ով ականատես է լինում մեր արած բարի գործին:

Ըստ Ձեզ, սա պատահակա՞ն է: Իհարկե ոչ. չէ՞ որ բնությունն ինքն է խրախուսում մեզ օգնել այլ մարդկանց, որպեսզի մենք՝ որպես մարդկություն, իրար օգնելով, իրար աջակցելով, առաջընթաց ապրենք:


Բարությունը կփրկի աշխարհը


Ի~նչ լավ կլինի, եթե մեր նպատակներին հասնելուն զուգահեռ սկսենք մտածել այն մասին, թե ինչ կարող ենք անել, որ օգնենք մեր գործընկերոջը հաջողության հասնել իր կարիերայում:

Ի~նչ լավ կլինի, եթե սկսենք մտածել նրա մասին, թե ինչ կարող ենք անել, որ օգնենք մեր ընկերոջը կամ ընկերուհուն ավելի ինքնավստահ դառնալ:

Ի~նչ լավ կլինի, եթե սկսենք մտածել, թե ինչ կարող ենք անել, որ օգնենք մեր հարևանին ավելի լավ ծնող դառնալ իր երեխայի համար կամ ուղղակի օգնենք անցորդին՝ առաջարկելով նրան կանգնել մեր անձրևանոցի տակ անձրևի ժամանակ:

Բայց որպեսզի կարողանանք օգնել այն մարդկանց, ովքեր մեր օգնության կարիքն ունեն, նախևառաջ պետք է նկատենք այդ մարդկանց և այն, որ նրանք մեր օգնության կարիքն ունեն:

Բարություն անելու հնարավորությունները շատ են


Ցավոք, երբեմն մենք այնքան ենք տարվում մեր կյանքով, մեր խնդիրներով, մեր ներաշխարհով և մեր հեռախոսի էկրաններով, որ ուղղակի զրկում ենք մեզ հնարավորությունից՝ տեսնելու, թե ինչ է կատարվում մեր ֆեյսբուքյան իրականությունից կամ, ինչպես ժողովուրդն է ասում, մեր քթից այն կողմ:

Բարի գործ կատարելու համար շատ բան հարկավոր չէ. ուղղակի բարձրացրե՛ք Ձեր գլուխը, նայե՛ք Ձեր շուրջը և կտեսնեք բազում հնարավորություններ՝ բարին գործելու համար:

Եվ հիշե՛ք՝ բարությունը կրկնապատկվում է ամեն անգամ, երբ կիսում ենք այն:

 

Կայզեն TV-ի մասին

Շնորհակալ ենք Կայզեն TV-ի այս հաղորդմանը հետևելու համար:

Եթե այն օգտակար էր Ձեզ համար, ապա կիսվեք այս տեսանյութով սոցիալական մեդիայի Ձեր էջերում և բաժանորդագրվեք մեր ալիքին:

Ուրախ կլինենք իմանալ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ այս տեսանյութի վերաբերյալ: Վստա՛հ գրեք այն: :)

Ձգտե՛ք Կատարելության...

Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտ

0 comments

Comentarios


bottom of page