Համոզմունքներ և ինքնագնահատական
Ասում են՝ յուրաքանչյուրիս կյանքն արտացոլում է այն, ինչ կա մեր ներսում:
Կյանքում մեր ունեցած հաջողությունները, մեր կյանքի որակը գրեթե բոլոր առումներով բխում է նրանից, թե ինչպես ենք մենք ընկալում մեզ, ինչ կարծիք ունենք մեր կարողությունների ու հնարավորությունների մասին, ինչպես ենք գնահատում կյանքում հաջողելու ու երջանիկ կյանքով ապրելու մեր շանսերը:
Այսինքն՝ մեզանից յուրաքանչյուրը, անկախ նրանից՝ գիտակից է, թե ոչ, ունի համոզմունքների մի ամբողջ համակարգ, որով ընկալում է ինքն իրեն ու շրջապատող աշխարհը:
Մեր այդ համոզմունքները պարտադիր չէ, որ լինեն օբյեկտիվ ճշմարտություն, պարզապես այդ համոզմունքները լինում են կա՛մ սահմանափակող ու հետ պահող, կա՛մ մեզ զորացնող և առաջ մղող:
Գումար աշխատել և հարստանալ
Եթե օրինակ ցանկանում եք ֆինանսական հաջողությունների հասնել, բայց հոգու խորքում ունեք համոզմունք, որ ինչքան էլ աշխատեք, մեկ է, չեք կարող հարստանալ, ապա Դուք կարող եք օրական 16 ժամ աշխատել, բայց մեկ է, չեք հասնելու այն արդյունքներին, որոնց ձգտում եք, ոչ թե այն պատճառով, որ հարստանալը անհնար է Ձեզ համար, այլ այն պատճառով, որ Դուք ինքներդ Ձեր ունեցած համոզմունքներով սահմանափակում եք ինքներդ Ձեզ:
Շատ մարդիկ, սակայն, անընդհատ ձգտում են փոխել արտաքին հանգամանքները. օրինակ՝ 8 ժամի փոխարեն աշխատում են 16 ժամ կամ անընդհատ նոր մարդկանց են փնտրում, ում հետ կարող են հարաբերություն կառուցել, չհասկանալով անգամ, որ փոփոխությունը տեղի է ունենում ներսում, ու մինչև կարգի չբերեն այն, ինչ կա ներսում, ռեալ փոփոխություններ իրենց կյանքում չեն լինելու:
Չէ՞ որ ծառի առողջ պտուղները խոսում են այդ նույն ծառի առողջ արմատների մասին: Ինչպես ծառի արմատները, այնպես էլ մարդու համոզմունքները տեսանելի չեն, բայց պտուղների կամ մեր արդյունքների միջոցով մենք շատ լավ կարող ենք հասկանալ, թե ինչ վիճակում են գտնվում այդ արմատներն ու համոզմունքները:
Ինչպե՞ս փոխել կյանքը և հաջողության հասնել
Սա իրականում շատ լավ է, քանի որ եթե կյանքում մեր ունեցած արդյունքները բխում են մեր համոզմունքներից, մեր ինքնագնահատականից, ապա բարեփոխելով մեր համոզմունքները՝ մենք կարող ենք շատ մեծ հաջողությունների հասնել:
Վախ՝ հրապարակախոսական ելույթ ունենալուց
Խորհուրդ N 1 ՝ Մեր համոզմունքները փոխելու առաջին քայլն այն է, որ նախևառաջ գիտակից լինենք նրա մասին, թե որոնք են մեր ներկա համոզմունքները ինքներս մեր ու շրջապատող աշխարհի մասին, ինչպես նաև հասկանանք՝ որտեղից են եկել այդ համոզմունքները, ինչ իրադարձություններ են եղել մեր կյանքում, որոնք ձևավորել են այդ համոզմունքները:
Օրինակ, շատ մարդիկ միանգամայն վստահ են, որ իրենք սարսափելի են ներկայանում լսարանի առաջ, որ ելույթ ունենալը իրենց համար չէ:
Բայց արի ու տես, որ այդ համոզմունքը ծագել է կյանքի այս կամ այն փորձառությունից հետո, օրինակ՝ երբ փորձել են դպրոցում ելույթ ունենալ ու իրենց մոտ այնքան էլ լավ չի ստացվել: Եվ իրենք շարունակում են կառչել այդ փորձառությունից, թեև դրանից հետո անցել է 20 կամ 30 տարի:
Գուցե փոքր ժամանակ ինչ-որ կարծիք եք հայտնել, իսկ Ձեր ծնողը կամ ուսուցիչն ասել է՝«Ձայնդ կտրի՛ր, քո կարծիքը ոչ ոք չի հարցնում»: Այդ միջադեպը սերմեր է տվել այն համոզմունքին, որ Դուք անկարևոր եք, Ձեր կարծիքը որևէ մեկին չի հետաքրքրում, իսկ եթե Դուք հանկարծ ասեք այնպիսի մի բան, որը տարբերվում է շրջապատող մարդկանց կարծիքից, ապա Ձեզ կքննադատեն:
Թեև այդ ժամանակվանից անցել են շատ տարիներ, այդ համոզմունքը շարունակում է կառավարել Ձեզ, ձևավորել Ձեր ինքնագնահատականը, և մարդկանց հետ շփման ժամանակ՝ լինի տանը, թե աշխատավայրում՝ Դուք ձգտում եք հնարավորինս քիչ արտահայտվել. չէ՞ որ Դուք հավատում եք նրան, որ Ձեր ասածը ոչ մեկին պետք չէ, ու ավելի լավ է լուռ մնաք:
Ահա թե ինչու այդքան կարևոր է, որ սկսեք գիտակից դառնալ այն բոլոր համոզմունքների մասին, որոնք լռելյայն կառավարում են Ձեր կյանքը:
Ամաչկոտություն և անինքնավստահություն
Խորհուրդ N 2` Կարևոր է գիտակցել, որ այն իրադարձությունները, որոնք եղել են Ձեզ հետ անցյալում, գուցե ճիշտ են եղել անցյալի համար, բայց Դուք պարտավոր չեք շարունակել Ձեր մեջ կրել այդ իրադարձությունների բեռը:
Այն փաստը, որ Դուք ժամանակին եղել եք ամաչկոտ կամ անինքնավստահ, չի նշանակում, որ Դուք դատապարտված եք շարունակել մնալ այդպիսին Ձեր ամբողջ կյանքի ընթացքում:
Դուք իրավունք ունեք և ի զորու եք թողնել Ձեր ինքնության այդ մասնիկն անցյալում և սկսել նորովի ընկալել Ձեզ ու Ձեր հնարավորություններն այս կյանքում:
Ինչպե՞ս փոխել բացասական համոզմունքները
Խորհուրդ N 3՝ Այն պահից սկսած, երբ քայլ առ քայլ բացահայտում եք բոլոր այն սահմանափակող համոզմունքները, որ կան Ձեր մեջ, միաժամանակ սկսեք նաև հատ առ հատ փոխարինել այդ սահմանափակող համոզմունքը այնպիսի դրական համոզմունքով, որին հավատում եք:
Օրինակ՝ «Ես ամաչկոտ եմ» համոզմունքը կարող եք փոխարինել «Ես աշխատում եմ ինձ վրա՝ ինքնավստահ դառնալու ուղղությամբ» համոզմունքով:
Կարիք չկա միանգամից փոխարինել «Ես ամաչկոտ եմ» համոզմունքը «Ես ինքնավստահ եմ» համոզմունքով: Պատճառը պարզ է. եթե տարիներ շարունակ Դուք ընկալել եք Ձեզ որպես խիստ ամաչկոտ մարդ, «Ես ինքնավստահ եմ» պնդումը գուցե չափից օտար լինի Ձեզ համար:
Դա նույնն է, ինչ որ կյանքում առաջին անգամ գնալ մարզասրահ ու փորձել 20 կգ ծանրաձող բարձրացնել:
Ի գործ
Խորհուրդ N 4՝ Ձեր նոր համոզմունքը Ձեր մեջ ամրապնդելու համար չկա ավելի զորեղ բան, քան հենց այդ նոր համոզմունքին համահունչ գործողություններ, քայլեր անելը:
Օրինակ՝ եթե Դուք ինչ-որ մտքեր ունեք, որոնք ցանկանում եք բարձրաձայնել աշխատանքի վայրում, բայց Ձեր նախկին համոզմունքը ամեն կերպ Ձեզ հետ է պահում ու հիշեցնում է Ձեզ, որ Ձեր կարծիքը ոչ մեկին պետք չէ, հենց այդ պահին Դուք պետք է գիտակցաբար ընտրություն կատարեք անել այդ քայլը ու բարձրաձայնել Ձեր կարծիքը աշխատանքի վայրում:
Փոքրիկ քայլերի արվեստը
Խորհուրդ N 5՝ Պատրաստ եղեք նրան, որ փոփոխությունը մի օրում չի լինելու: Սա պրոցես է, որի ընթացքում Դուք քանիցս հակված եք լինելու վերադառնալ Ձեր նախկին ինքնագնահատականին, Ձեր նախկին համոզմունքներին, գուցե 3 քայլ առաջ անեք, հետո 5 քայլ հետ:
Սա նորմալ է, պետք չէ մտածել, որ եթե հանկարծ ինչ-որ պահերի Ձեր նախկին համոզմունքները գլուխ բարձրացնեն, ուրեմն Դուք էլ երբեք չեք կարող փոխվել:
Պարզապես հիշեք, որ Ձեր նոր ինքնագնահատականը ձևավորելը պրոցես է, ու որքան շատ Ձեր նոր համոզմունքներին համահունչ ապրեք, այնքան ավելի հեշտ կլինի Ձեզ համար այդ նոր համոզմունքները ինտեգրել Ձեր կյանքում:
Կայզեն TV-ի մասին
Շնորհակալ ենք Կայզեն TV-ի այս հաղորդմանը հետևելու համար:
Եթե այն օգտակար էր Ձեզ համար, ապա կիսվեք այս տեսանյութով սոցիալական մեդիայի Ձեր էջերում և բաժանորդագրվեք մեր ալիքին:
Ուրախ կլինենք իմանալ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ այս տեսանյութի վերաբերյալ: Վստա՛հ գրեք այն: :)
Եվ եթե ուզում եք, որ Ձեր հարցը նույնպես հնչի ԿայզենTV-ի եթերում, ապա ուղարկեք մեզ Ձեր հարցերը նամակի տեսքով Kaizen Mastery ֆեյսբուքյան էջին:
Ձգտե՛ք Կատարելության...
Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտ
Comentarios