top of page
Search
  • Kaizen Mastery

Ինչպե՞ս դառնալ ավելի լավ առաջնորդ Ձեր թիմի համար

Առաջնորդության մասին


ԿայզենTV-ում «ՀարցուՊատասխան» շարքի հերթական թողարկումն է, որի ընթացքում լայֆ քոուչ Արևիկ Հայրապետյանը պատասխանում է ԿայզենTV-ի հետևորդների հետաքրքիր հարցերին:

Այսպիսով, այսօրվա հարցը մեզ է ուղարկել Կարենը՝

«Հարգելի՛ Արևիկ, կյանքումս առաջին անգամ ինձ վստահել են ղեկավարի պաշտոն: Մի կողմից դա հաճելի է, ու ես իմ մասնագիտությունը լավ գիտեմ, մյուս կողմից ես ուժեղ նյարդայնանում եմ, երբ տեսնում եմ, որ իմ աշխատողները սխալներ են անում կամ իմ ուզածով չեն անում գործը: Վախենում եմ, որ գլուխ չեմ հանի մարդկանց ղեկավարելու հարցում:

Ի՞նչ անեմ նման իրավիճակում»:

Էնդրյու Կարնեգիի հաջողության պատմությունը


Կարենի հարցին պատասխանելու համար քոուչ Արևիկ Հայրապետյանը պատմում է Միացյալ Նահանգների և առհասարակ համաշխարհային պատմության ամենահարուստ մարդկանցից և բարեգործներից մեկի՝ Էնդրյու Կարնեգիի մասին:

Կարնեգին ծնվել ու մեծացել է Միացյալ Նահանգներ ներգաղթած շոտլանդական մի հասարակ ընտանիքում: Երիտասարդ տարիքից նա մեծ եռանդով աշխատում էր և իր վաստակած գումարով ներդրումներ կատարում այդ ժամանակ հեռանկարային համարվող բիզնեսների մեջ:

Կարնեգին՝ Միացյալ Նահանգների ամենահարուստ մարդը


Եվ ահա եկավ մի պահ, երբ Էնդրյու Կարնեգին դարձավ Միացյալ Նահանգների ամենահարուստ մարդը: Ավելին՝ նրա ենթակայության տակ աշխատող մարդկանցից 43-ը միլիոնատերեր էին: Նշենք, որ 1800-ականներին միլիոնատեր լինելը բավական հազվադեպ երևույթ էր:

Մի անգամ լրագրողներից մեկը հարցնում է Կարնեգիին. «Ինչպե՞ս եք հաջողացրել միանգամից 43 միլիոնատիրոջ վարձել` որպես Ձեր ընկերության աշխատող»:

Կարնեգին պատասխանում է. «Այդ մարդիկ միլիոնատերեր չէին, երբ սկսեցին ինձ մոտ աշխատել, նրանք դարձան միլիոնատեր ինձ մոտ աշխատելու արդյունքում»:

Լրագրողի հաջորդ հարցը. «Իսկ ինչպե՞ս է Ձեզ մոտ ստացվել այդ մարդկանց այնքան զարգացնել, որ նրանք դառնան այնչափ արժեքավոր Ձեզ համար, որ Դուք էլ նրանց միլիոններ վճարեք»:

Կարնեգին էլ իր հերթին պատասխանում է. «Մարդկանց զարգացնելու իմ մոտեցումը ես համեմատում եմ ոսկին արդյունահանելու պրոցեսի հետ:

Երբ ոսկի եք արդյունահանում, ստիպված եք տոննաներով փոշի ու կեղտ տեղաշարժել, որպեսզի ի վերջո հասնեք մի քանի գրամ ոսկուն»:

Լայֆ քոուչ Արևիկ Հայրապետյանը նշում է. «Թեև ես գիտակցում եմ հանքարդյունաբերության պոտենցիալ վտանգները շրջակա միջավայրի համար, այնուամենայնիվ, կիսում եմ Ձեզ հետ այս պատմությունը, քանի որ իմ կարծիքով շատ խորը իմաստություն կա նրանում»:

Առաջնորդի հատկանիշները


Անկախ նրանից` Դուք բիզնեսմեն եք, ով տասնյակ, հարյուրավոր կամ գուցե հազարավոր աշխատակիցներ ունի, թե ընդամենը 1 երեխայի ծնող եք, կարևոր է գիտակցել, որ Դուք չեք կարող օգնել Ձեր թիմակցին կամ երեխային վերհանել սեփական ուժեղ կողմերը, Դուք չեք կարող օգնել նրան դառնալ ավելի լավ մասնագետ ու ավելի լավ մարդ, աճել ու զարգանալ, եթե Դուք անընդհատ կենտրոնանում եք նրանց թերությունների, արած սխալների կամ Ձեր ակնկալիքները չարդարացնելու վրա:

Որքան շատ կենտրոնանաք նրանց արած սխալների վրա, այդքան ավելի շատ առիթներ են լինելու այդ մարդկանց սխալները տեսնելու. չէ՞ որ մենք հակված ենք ամենուր նկատել միայն այն, ինչի վրա սովոր ենք ուշադրություն դարձնել:


Տեսե՛ք ամենալավը Ձեր աշխատողի, աշակերտի կամ երեխայի մեջ


Ահա թե ինչու, ամեն իրավիճակում նպատակային կերպով ձգտե՛ք տեսնել հենց ամենալավը Ձեր աշխատողի, աշակերտի կամ երեխայի մեջ, տեսնել այն, ինչը լավ է ստացվում, նկատել նրա ուժեղ կողմերը, նրա արժանիքները, նրա ներդրած ջանքերը:

Եվ մի՛ զլացեք բարձրաձայնել Ձեր դրական կարծիքը, մի՛ զլացեք գովեստի խոսք ասել, թե՛ առանձին, թե՛ այլ մարդկանց ներկայությամբ:

Այո՛, այս մոտեցումը Ձեզնից ջանք է պահանջելու, այն Ձեզնից համբերություն ու ժամանակ է պահանջելու, ինչպես և տոննաներով փոշի ու կեղտ տեղաշարժելը:

Բայց համոզվա՛ծ եղեք, որ ժամանակի ընթացքում կտեսնեք, թե ինչպես են այդ մարդիկ սկսում ոսկու նման փայլել և իրենց լավագույնը տալ աշխարհին:

 

Կայզեն TV-ի մասին


Շնորհակալ ենք Կայզեն TV-ի այս հաղորդմանը հետևելու համար:

Եթե այն օգտակար էր Ձեզ համար, ապա կիսվեք այս տեսանյութով սոցիալական մեդիայի Ձեր էջերում և բաժանորդագրվեք մեր ալիքին:

Ուրախ կլինենք իմանալ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ այս տեսանյութի վերաբերյալ: Վստա՛հ գրեք այն: :)

Եվ եթե ուզում եք, որ Ձեր հարցը նույնպես հնչի ԿայզենTV-ի եթերում, ապա ուղարկեք մեզ Ձեր հարցերը նամակի տեսքով Kaizen Mastery ֆեյսբուքյան էջին:

Ձգտե՛ք Կատարելության...

Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտ

0 comments
bottom of page