top of page
Search
  • Arevik Hayrapetyan

Ինչպե՞ս ազատվել սթրեսից և գերհոգնածությունից

Գերհոգնածության պատճառները


Գերհոգնածությունը կարող է լինել մտավոր, ֆիզիկական, էմոցիոնալ, հոգևոր: Դրա արդյունքում մեր առօրյա բնականոն գործունեությունը կարող է խաթարվել, մենք կարող ենք մեզ քամված զգալ, լինել անարդյունավետ:

Սթրես


Շատ մարդիկ համարում են, որ առօրյա սթրեսն է նպաստում գերհոգնածությանը և որ ժամանակակից աշխարհում ապրելը ուղղակիորեն ենթադրում է սթրեսի բարձր մակարդակ: Բայց ես կիսովչափ եմ համաձայն այդ կարծիքի հետ: Խնդիրը ոչ թե այն է, որ մենք սթրեսի մեջ ենք հայտնվում (չէ՞ որ սթրեսը մարդկային կյանքի նորմալ մասնիկն է), այլ այն, որ մենք անհրաժեշտ քայլերը չենք անում սթրեսը տրանսֆորմացնելու համար, արդյունքում՝ մեր հոգեկան առողջությունը դնում ենք վտսնգի տակ:


Աշխատանքային սթրես


Ոմանք համարում են, որ մարդիկ գերհոգնում են այն պատճառով, որ այսօր գործատուի պահանջները չափից շատ են, աշխատակիցները պարզապես չեն հասցնում այդ պահանջները բավարարել: Այսպիսով՝ աշխատանքի ծավալը և նրա սթրեսային բնույթը առաջացնում է գերհոգնածություն:


Հարկ է սակայն հասկանալ, որ գերհոգնածությունը առավել հավանական է այն դեպքում, երբ Դուք անում եք աշխատանք, որը Ձեզ հաճույք չի պատճառում, Դուք իմաստ չեք տեսնում Ձեր արած աշխատանքի մեջ, Ձեր էությունը և կարիքները չեն համապատասխանում այն բիզնես մշակույթին, որում Դուք գործում եք: Այս ամենի արդյունքում՝ Դուք չեք լիցքավորվում Ձեր արած աշխատանքով, փոխարենը շարունակաբար սպառվում և քամվում եք:


Առողջ քուն. ինչպե՞ս կարգավորել քունը


Գերակտիվ աշխատող ուղեղը, անընդհատ շրջապատի ակնկալիքներին արձագանքող և հանգստանալու հնարավորություն չունեցող ուղեղը ևս կարող է գերհոգնածության պատճառ դառնալ: Որքան քիչ եք քնում, այդքան Ձեզ համար դժվար է դառնում աշխատանքի վրա կենտրոնանալը, Դուք անարդյունավետ եք լինում օրվա ընթացքում, դանդաղ եք մտածում և սխալներ եք թույլ տալիս: Որքան անարդյունավետ եք, այդքան ավելի մեծ կարիք ունեք երկար աշխատելու, ինչի արդյունքում քնելու ժամերը պակասում են: Ահա թե ինչու այդքան կարևոր է առաջնահերթություն տալ որակյալ ու անհրաժեշտ քանակությամբ քնին. սա գերհոգնածությունը կանխարգելող քայլ է:


Հատկապես եթե միշտ արել եք ավելին, քան պետք է, միշտ մի կերպ ստիպել եք Ձեզ ևս մի նպատակ իրագործել, ամեն ինչում կատարյալ լինել, Ձեզ կարող է թվալ, որ գերհոգնած լինելը նորմալ է: Բայց հարկ է հասկանալ, որ Դուք ռոբոտ չեք, այլ մարդկային էակ, ու գալիս է պահ, երբ Ձեր մարմինը չի կարող այլևս լռել ու այն սկսում է ավելի ուժգին ձևով ցույց տալ, որ Դուք պետք է կանգ առնեք և սկսեք հոգ տանել Ձեր ֆիզիկակակ, էմոցիոնալ ու հոգևոր կարիքների մասին:


Հանգիստ էկզոտիկ երկրում


Եթե Դուք անդադար աշխատում եք այն հույսով, որ լիքը փող կաշխատեք, ինչի արդյունքում կգնաք որևէ էկզոտիկ երկրում հանգստանալու, հարկ է հասկանալ, որ անդադար աշխատանքի դեպքում Դուք վերածվում եք ռոբոտի, ինչի արդյունքում հետ եք վարժվում լավ հանգստանալուց և պահը վայելելուց, արդյունքում՝ նույնիսկ էկզոտիվ երկրում հանգստանալը Ձեզ չի տա այն ներքին բավարարվածությունը, որին այդքան ձգտում եք:


Մարդկային հարաբերություններ


Գերհոգնածությունը կարող է առաջ գալ չստացված մարդկային հարաբերությունների արդյունքում, ու որքան շատ եք կառչում այդ հարաբերություններից, այդքան էլ ավելի ու ավելի եք քամվում, սպառվում, արդյունքում՝ արատավոր ցիկլ է ստացվում: Գերհոգնածության ժամանակ մենք հակված ենք մարդկանց հեռու վանել մեզանից՝ մտածելով, որ մեզ պետք է մենակ մնալ: Այո՛, մենակ մնալը կարևոր է, բայց հաճախ մենք ոչ թե հենց մենակ մնալու կարիք ունենք, այլ պետք է օգնություն խնդրենք այն մարդկանցից, ովքեր պատրաստակամ են մեզ օգնել:


Ամեն ինչ վերահսկելու մոլուցք


Գերհոգնածությունը առաջ է գալիս նաև այն դեպքում, եթե մենք ունենք կյանքում ամեն ինչ վերահսկելու մոլուցք: Կան մարդիկ, ովքեր իրենց կյանքի կարևորագույն իրադարձություններին, օրինակ՝ հարսանիքին պատրաստվելիս գերսպառված են լինում: Պատճառն այն է, որ նրանք չեն վայելել պրոցեսը, այլ ավելի շատ մտածել են ամեն ինչ վերահսկելու և կատարյալ անելու մասին:

ինչպես ազատվել սթրեսից և գերհոգնածությունից

Նկարի աղբյուրը՝ unsplash.com


Գերհոգնածության նշանները


Գերհոգնածության նշան է այն, որ դարձել եք շատ դյուրագրգիռ, հեշտ եք բարկանում և նյարդայնանում: Պատճառն այն է, որ ահագին ժամանակ կուտակել եք չարտահայտված էմոցիաները Ձեր մեջ ու հիմա արդեն ոչ մի կերպ չեք կարողանում զսպել այդ էմոցիաները, ու նրանք պարզապես դուրս են թափվում Ձեր ներսից, հաճախ այլ մարդկանց վրա՝ առանց որևէ էական պատճառի: Դրա արդյունքում Դուք կարող եք մեղքի զգացում ունենալ ու նախատել Ձեզ, ինչից Ձեր էմոցիոնալ հոգեվիճակը էլ ավելի է վատթարանում:


Գերհոգնածությունից՝ դեպրեսիա


Երբեմն գերհոգնածությունը կարող է բերել ապատիայի, ինչի արդյունքում Դուք սկսում եք միանգամայն անտարբեր լինել նույնիսկ Ձեր կարիքների նկատմամբ, օրինակ ընդհանրապես հավես չունեք Ձեր ֆիզիկական կարիքների մասին հոգ տանել կամ Ձեր ընկերների հետ որևէ տեղ գնալ:


Գերհոգնածության մեկ այլ նշան է այն, որ Դուք զգում եք ներքին դատարկություն, մոտիվացիայի կորուստ, շատ բան ուղղակի անիմաստ է թվում: Այն, ինչ Ձեզ առաջ հաճույք էր պատճառում, հիմա միանգամայն անէական է Ձեզ համար: Դուք խուսափում եք ինչ-որ նոր քայլեր ձեռնարկելուց, որովհետև մտածում եք, որ կապ չունի՝ ինչ եք անում, ամեն բան անիմաստ է, դրա համար էլ հանձնվում եք:


Ու քանի որ տեսնում եք, որ շրջապատի մարդիկ լիքը ծրագրեր են անում, հաջողություններ են ունենում, արդյունավետ են, իսկ Դուք ընդհանրապես ոչ մի բան չեք անում և հավես էլ չունեք անելու, Ձեզ թվում է, թե Ձեզ հետ ինչ-որ բան այն չէ:

Կարդալով սա՝ գուցե մտածեք, որ սրանք դեպրեսիայի նշաններ են: Այո՛, իսկ առավել հստակ՝ սրանք դեպրեսիայի նախանշաններն են. գերհոգնածությունը կարող է հանգեցնել դեպրեսիայի, եթե համապատասխան քայլեր չանեք Ձեր հոգեկան առողջության մասին հոգ տանելու համար:

Հաղթահարել գերհոգնածությունը

Գերհոգնածությունը բաց թողնելու կարևորագույն բաղադրիչներն են լիցքաթափվելը և լիարժեք լիցքավորվելը: Դուք կարող եք ասել՝ ես չեմ կարող ինձ թույլ տալ հանգստանալ, բայց իրականում Դուք չեք կարող չհանգստանալ, քանի որ չհանգստանալու հետևանքները կարող են անդառնալի լինել, ազդել Ձեր կյանքի տարբեր ոլորտների վրա: Որակյալ հանգստանալը ոչ այնքան ուղղակի հաճույք է, դա պարտադիր պայման է թե՛ Ձեր բարօրության համար, թե սիրելի մարդկանց հետ որակյալ հարաբերությունների համար:


Լիարժեք հանգստանալ


Եթե որակյալ չեք հանգստանում, մեծ է հավանականությունը, որ կսկեք դառնալ ավելի դյուրագրգիռ, կկորցնեք ոգևորվածությունը այն աշխատանքի համար, որն իրականում սիրում եք անել: Հարկ է հասկանալ, որ հանգստանալ պետք է ոչ միայն տարին մի քանի անգամ, այլև կանոնավոր ձևով: Կախված Ձեր ֆինանսներից՝ կարող եք կազմակերպել հանգստի փոքրամասշտաբ ու պարզ տարբերակներ, Դուք կարիք չունեք սպասելու ինչ-որ մեծ առիթների հանգստանալու համար


Լիարժեք հանգստանալը ամեն մեկի համար յուրովի է, մեզանից յուրաքանչյուրը պետք է որոշի ինքը ինչ հանգստի կարիք ունի՝ գուցե ընկերների հետ ժամանակ անցկացնել կամ գնալ մերսման, գուցե բնության գրկում լինել, արվեստով զբաղվել կամ ձեռքերով ինչ-որ բան ստեղծել, գնալ սարեր արշավի կամ ֆիլմ նայել, գիրք կարդալ կամ գնալ ներկայացման, սրճարանում մի գավաթ սուրճ ըմպելով նայել անցորդներին: Հարկ է հասկանալ, որ ընդհանրապես ոչինչ չանելը ևս միանգամայն ընդունելի ձև է հանգստանալու համար:


Եթե զբաղվում եք մտավոր աշխատանքով, ապա անհրաժեշտ է հանգստանալ ամեն 50 րոպեն մեկ՝ թեկուզ 5 րոպեով: Կարևոր է նաև շաբաթը գոնե մեկ օր լիարժեք հանգստանալ, թու՛յլ տվեք Ձեզ կտրվել ինֆորմացիայի հոսքից, անջատել հեռախոսը, լինել ինքներդ Ձեզ հետ կամ սիրելի մարդկանց հետ միասին որակյալ ժամանակ անցկացնել: Լսե՛ք Ձեր ներքին ձայնին, արե՛ք այն, ինչ ներքուստ կոչված եք զգում անել:

 

Շնորհակալ ենք Կայզեն TV-ի այս հաղորդմանը հետևելու համար: Եթե այն օգտակար էր Ձեզ համար, ապա կիսվեք այս տեսանյութով սոցիալական մեդիայի Ձեր էջերում և բաժանորդագրվեք մեր ալիքին:


Ուրախ կլինենք իմանալ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ այս տեսանյութի վերաբերյալ: Վստա՛հ գրեք այն: :) Եվ եթե ուզում եք, որ Ձեր հարցը հնչի և իր պատասխանը ստանա ԿայզենTV-ի եթերում, ապա ուղարկեք մեզ Ձեր հարցերը նամակի տեսքով Kaizen Mastery ֆեյսբուքյան էջին:


Ձգտե՛ք Կատարելության...

Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտ

0 comments
bottom of page