top of page
Search
  • Arevik Hayrapetyan

Ծնող - երեխա հարաբերություններ

Էմոցիաներ և կարիքներ


Այսօր ցանկանում եմ խոսել այն մարդկանց մասին, ովքեր ոչինչ չեն զգում, ում զգալու ունակությունն ասես բթացած լինի, ովքեր անտարբեր են ամեն ինչի նկատմամբ, նրանք ո՛չ ցավ են զգում, ոչ էլ ուրախություն, նույնիսկ կարող է զգացողություն լինել ասես իրենք իրենց մարմնում չեն ապրում: Այս թեմայի շրջանակներում կարևոր է անդրադառնալ նաև այն մարդկանց, ովքեր չգիտեն, թե իրենք ինչ են ուզում կյանքում, ովքեր ասես մոլորված են ու նրանց թվում է՝ կյանքն ուղղակի անցնում է իրենց կողքով:

Մանկան հոգեբանություն


Իհարկե, նման հոգեվիճակներին նպաստող տարբեր գործոններ կարող են լինել, բայց այսօր ցանկանում են անդրադառնալ դրանցից ամենակարևորին: Այդ նպատակով մենք պետք է ճամփորդություն կատարենք դեպի մեր կյանքի վաղ տարիները: Կարևոր է արձանագրել, որ երեխաները աշխարհն ու շրջապատող մարդկանց ընկալում են իրենց էմոցիաների միջոցով և արտահայտում են դրանք:


Օրինակ եթե մեր սիրելի խաղալիքը կոտրվում էր, մենք հոնգուր-հոնգուր լաց էինք լինում, եթե ճաշիկի համը մեզ դուր չէր գալիս, մենք ասում էինք, որ չենք ուզում ուտել այդ ճաշիկը, եթե մեզ արգելում էին անել մի բան, որը մենք այդքան ուզում էինք անել, մենք սկսում էինք բարկանալ:


Հարկ է հասկանալ, որ երեխայի համար աշխարհը պտտվում է իր և իր կարիքների, իր էմոցիաների շուրջը, և դա միանգամայն նորմալ է: Այդ եսակենտրոն փուլը անհատի զարգացման կարևորագույն փուլերից մեկն է: Բայց արի ու տես, որ շրջապատող մարդկանց, հատկապես ծնողների ոչ ճիշտ մոտեցման արդյունքում, շատ երեխաների մոտ այդ փուլը անցնում է ոչ միայն ապակառուցողական ձևով, այլև հետագայում շատ մեծ բացասական հետևանքներ է ունենում նրանց զարգացման վրա, նրանց հասուն կյանքում:



Այսպիսով՝ ի՞նչ կապ կա մեր մանկության տարիների էմոցիաների և հասուն տարիքում զգալու անկարողության հետ: Այդ կապը հասկանալու համար դիտարկենք հետևյալ օրինակները՝ երեխան կոտրել է իր սիրելի խաղալիքը և հոնգուր-հոնգուր լաց է լինում, ի՞նչ են ասում ամենից հաճախ երեխային նման դեպքում. «Բան չկա, ինչու՞ ես լաց լինում, մի՛ լացիր, վա~յ, բա տղան լա՞ց կլինի, չի կարելի, արի ես քեզ կոնֆետ կտամ, որ չլացես»:


Երեխան վախենում է և չի ուզում մանկապարտեզ կամ դպրոց գնալ, նա սկսում է ընդվզել, նույնիսկ բարկանալ, որից հետո լսում է հետևյալ արտահայտությունը իր ծնողից. «Մյուս երեխաները լավ էլ գնում են դպրոց, իսկ դու համերգներ ես տալիս, ինձ չի հետաքրքրում՝ ուզում ես դպրոց գնալ, թե չէ, գնում ենք և վերջ»:


Երեխային դուր չի գալիս այն ճաշիկի համը, որը նրան այդքան շատ ուզում են կերակրած լինել, բայց նրան ասում են. «Ո~նց չես ամաչում, տատիկը քո համար ճաշ է պատրաստել, իսկ դու չես ուտում: Գիտե՞ս, որ աշխարհում լիքը սոված երեխաներ կան: Եթե ճաշիկը չուտես, այն գլխիդ կլցնեմ»:


Դաստիարակության մեթոդները


Որքան էլ որ նման սցենարները ծիծաղելի թվան կամ առաջին հայացքից անվնաս (չէ՞ որ ծնողը փորձում է ամեն կերպ սփոփել երեխային, տանել նրան դպրոց և կերակրել նրան), հարկ է վերջապես հասկանալ, որ նման վերաբերմունքը մեծապես վնասում է երեխային հետևյալ ձևերով՝


1-ին՝ անտեսվում է երեխայի կողմից տվյալ պահին ապրվող էմոցիան


2-րդ՝ փորձ է կատարվում երեխային շեղել տվյալ պահի իր բնական հոգեվիճակից, օրինակ՝ կոնֆետով կամ նրան ամոթանք տալով


3-րդ՝ երեխան սկսում է մտածել, որ իր հետ ինչ-որ բան այն չէ. չէ՞ որ այս աշխարհում իրեն ամենահարազատ մարդիկ՝ նրա մայրիկը, հայրիկը, տատիկն ու պապիկը, բոլորը համոզված ասում են, որ նա չպետք է լաց լինի, այն դեպքում, երբ իր ամբողջ ներաշխարհը տակնուվրա է եղած կամ որ նա պետք է ուտի մի բան, որը նրա մոտ տհաճություն է առաջացնում:


4-րդ՝ երեխան սկսում է կորցնել վստահությունն իր ու սեփական էմոցիաների նկատմամբ, քայլ առ քայլ նա սկսում է անջատվել ինքն իրենից, նա սկսում է մտածել, որ այն, ինչ նա զգում է, իրականում նա չի զգում, այն ինչ նա ուզում է, այդ բանը պետք չէ ուզել:


5-րդ՝ երեխան տեսնում է, որ սեփական կարիքներն ու զգացմունքները արտահայտելը առաջ է բերում իր սիրելի մարդկանց զայրույթը, ինչի արդյունքում նա կորցնում է նրանց կողմից սիրված լինելու հնարավորությունը: Ահա թե ինչու նա սկսում է ակտիվորեն ճնշել իր այն բոլոր էմոցիաները, որոնք կարող են կոնֆլիկտ առաջացնել սիրելի մարդկանց հետ: Ժամանակի ընթացքում այդ սովորությունը բերում է նրան, որ անհատը մեծանում է և հասնում մի կետի, երբ նա ասես կորցնում է զգալու ունակությունը, նա այլև ոչինչ չի զգում, ոչ լավն է նրան ուրախացնում, ոչ վատն է ցավ պատճառում, նրա համար ամեն ինչ դառնում է միագույն:


Էմոցիաները որպես կողմնացույց


Կարևոր է հասկանալ, որ մեզանից յուրաքանչյուրը անհատականություն է: Մեր անհատականությունը ասես մի խճանկար է, որը բաղկացած է մեր նախասիրություններից ու նախընտրություններից, մեր կարիքներից և արժեքներից: Եվ որպեսզի մենք բացահայտենք մեր նախընտրություններն ու ցանկությունները, մեզանից յուրաքանչյուրին տրված է կողմնացույց, որով մենք պետք է առաջնորդվենք կյանքում:


Այդ կողմնացույցը մեր էմոցիաներ են: Կյանքի վաղ տարիներից հենց մեր էմոցիաներն են օգնում մեզ հասկանալ, թե ինչ ենք մենք ուզում և ինչ չենք ուզում, ինչն է մեզ դուր գալիս և ինչը մեզ դուր չի գալիս, հենց մեր էմոցիաներն են օգնում մեզ հասկանալ ինչի կարիքը մենք ունենք և ինչի կարիքը մենք չունենք, ինչն է մեզ համար կարևոր, ինչը անկարևոր:


Օրինակ, երկու երեխա միաժամանակ կարող են վերցնել մատիտը և սկսել նկարել: Ինչպե՞ս են այդ երեխաները իմանում՝ արդյոք նկարելը իրենց դուր է գալիս, թե ոչ: Դե իհարկե, այն էմոցիաների միջոցով, որոնք առաջ են գալիս նկարելու ժամանակ: Նրանցից մեկը կարող է զգալ մեծ ոգևորվածություն, իսկ մյուսը ձանձրույթ միևնույն բանը անելիս:

Էմոցիոնալ ինտելեկտ


Անկախ նրանից՝ որքան ենք ճնշել մեր էմոցիաները տարիներ, գուցե տասնամյակներ շարունակ, մենք կարող ենք վերականգնել կապը մեր էմոցիաների հետ և սովորել վերստին զգալ, քանի որ զգալու մեր ունակությունը ոչ թե անհետ կորել է, այլ պարզապես մենք ենք անջատվել մեր էմոցիաներից:


Մեր էմոցիաների հետ կապը վերահաստատելուց առաջ կարևոր է հասկանալ և ընդունել մի փաստ. մարդկային էմոցիաներից յուրաքանչյուրը՝ թե՛ «բացասական», թե՛ «դրական» համարվող էմոցիաները բնական են և կարևոր են մեզ համար: Մենք պետք է ընդառաջ գնանք էմոցիաների բազմազանությանը, մենք պետք է թույլ տանք մեզ զգալ էմոցիաների ամբողջ սպեկտրը, էմոցիաներից յուրաքանչյուրը որևէ կարևոր մեսիջ ունի մեզ համար և մենք պետք է լսենք այդ մեսիջը: Օրինակ՝ բարկության էմոցիան գուցե օգնի մեզ հասկանալ, որ մենք անբավարարված ենք ներկա իրավիճակով և ինչ-որ բան փոխելու կարիք կա մեր մեջ կամ մեր կյանքում:


Սովորում ենք զգալ


էմոցիաները ապրում են մարմնում


Անհրաժեշտ է, որ մենք վերստեղծենք կապը մեր մարմնի հետ, էմոցիաները ապրում են մարմնում, նրանք տեղակայվում են մարմնի տարբեր մասերում: Դրա համար անհրաժեշտ է օրվա ընթացքում՝ տարբեր պահերի (որքան շատ, այնքան լավ) դադար վերցնել և ուշադրությունը կենտրոնացնել մեր մարմնի վրա, օրինակ փորձե՛ք նկարագրել, թե ինչ զգացողություններ կան Ձեր մարմնի տարբեր մասերում տվյալ պահին, օրինակ՝ գուցե ծանրություն զգաք Ձեր ուսերին կամ ձգվածություն Ձեր որովայնի հատվածում կամ կծկվածություն կրծքավանդակի հատվածում:


Լիովին զգացե՛ք այդ զգացողությունը, ընթացքում խորը շնչե՛ք, գրե՛ք Ձեր դիտարկումները Ձեր օրագրում և հիմնվելով Ձեր զգացողությունների վրա՝ փորձեք անվանել այն էմոցիան, որ զգում եք: Օրինակ՝ գուցե որովայնում ձգվածության զգացողությունը փորձում է Ձեզ հասկացնել, որ ինչ-որ բան Ձեզ անհանգստացնում է, որպեսզի դա իմանալով՝ Դուք լուծում տաք այն խնդրին, որ Ձեզ անհանգստացնում է:


Ի՞նչ նոր զգացողություններ ունեք


Օրվա ընթացքում եղեք շատ ուշադիր Ձեր ներաշխարհի նկատմամբ, նույնիսկ ամենափոքր փոփոխություններին, որ տեղի են ունենում Ձեր ներաշխարհում՝ արտաքին իրադարձություններին ի պատասխան: Օրինակ՝ գուցե աշխատավայրում ինչ-որ մեկի ծննդյան օրն է և Ձեր տրամադրությունը փոքր-ինչ բարձրացել է: Տվե՛ք Ձեզ հնարավորություն նկատելու նույնիսկ ամենափոքրիկ փոփոխությունը, որ տեղի է ունեցել Ձեր ներաշխարհում, տվե՛ք Ձեզ հնարավորություն զգալ այդ էմոցիան, նկարագրե՛ք, թե ինչպես է այդ էմոցիան արտահայտվում Ձեր մարմնում, գուցե այնպիսի զգացողություն է ասես Ձեր կրծքավանդակում կրակ է վառվում կամ ասես սառույցի կտոր է հալվում:


Բացահայտե՛ք նորը


Փորձե՛ք նոր բաներ անել և անել այդ ամենը մանկական հետաքրքրությամբ ու առանց որևէ ակնկալիքի, թե ինչպիսին պետք է լինի վերջնարդյունքը: Ձեր առօրյայից դուրս նոր բաներ անելը կտա Ձեզ զգալու նոր հնարավորություններ. գուցե սովորեք հաց թխել կամ հաճախել թատերական խմբակ կամ նոր լեզու սովորել: Գուցե այն, ինչ անեք, Ձեզ դուր չգա, դա ևս բնական է. իմանալով ինչը Ձեզ դուր չի գալիս, Դուք մեկ քայլով մոտենում եք նրան, ինչը Ձեզ դուր կգա: Ցանկացած բան փորձելիս՝ ուշադրությամբ հետևեք Ձեր մարմնի զգացողություններին, ուշադի՛ր լսեք Ձեր էմոցիաներին և թու՛յլ տվեք նրանց առաջնորդել Ձեզ՝ Ձեր ինքնաճանաչման ճանապարհին:


Վստահել էմոցիաներին, թե՞...


Կան դեպքեր, երբ մենք չպետք է վստահենք մեր էմոցիաներին: Շատերիս էմոցիաներն այնքան են խառնված, որ մենք կարող ենք չուզենալ անել այն, ինչը մենք իրականում ուզում ենք անել օրինակ այն պատճառով, որ մեր մեջ ամրապնդված է այն համոզմունքը, որ մեզ համար հաճելի որևէ բան անելը եսասիրական է: Ահա թե ինչու տվյալ բանը անելու ցանկության հետ մեկտեղ կարող է առաջ գալ դիմադրության զգացողություն: Դրան կնվիրենք առանձին տեսանյութ:


Վերստին էմոցիաներ ունենալը, վերստին զգալը մեկ օրում տեղի չի ունենալու, հատկապես եթե Դուք տասնամյակներ շարունակ ճնշել եք Ձեր էմոցիաները, բայց վստա՛հ եղեք, որ հենց Ձեր էմոցիաները զգալու շնորհիվ է, որ Դուք կկարողանաք հասկանալ, թե ով եք Դուք, որոնք են Ձեր արժեքներն ու կարիքները: Կյանքը ոչ թե կանցնի Ձեր կողքով, այլ Դուք կկարողանաք ապրել Ձեր կյանքը՝ լիարժեքորեն և իր բոլոր գույներով:

 

Շնորհակալ ենք Կայզեն TV-ի այս հաղորդմանը հետևելու համար: Եթե այն օգտակար էր Ձեզ համար, ապա կիսվեք այս տեսանյութով սոցիալական մեդիայի Ձեր էջերում և բաժանորդագրվեք մեր ալիքին:

Ուրախ կլինենք իմանալ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ այս տեսանյութի վերաբերյալ: Վստա՛հ գրեք այն: :) Եվ եթե ուզում եք, որ Ձեր հարցը հնչի և իր պատասխանը ստանա ԿայզենTV-ի եթերում, ապա ուղարկեք մեզ Ձեր հարցերը նամակի տեսքով Kaizen Mastery ֆեյսբուքյան էջին:

Ձգտե՛ք Կատարելության...

Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտ

0 comments
bottom of page