top of page
Search
  • Արևիկ Հայրապետյան

Կամքի ուժի ֆիննական բանաձևը. սիսու

Ունենալ կամքի ուժ


Կամքի ուժը կարևոր նախապայման է հաջողության հասնելու համար: Մարդկության պատմության էջերում՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, կարելի է գտնել բազմաթիվ ոգեշնչող պատմություններ այն մասին, թե ինչպես տարբեր անհատներ, լինելով անելանելի թվացող իրավիճակներում, կարողացել են ուժ գտել իրենց մեջ և արժանապատվորեն դիմակայել առաջ եկած մարտահրավերներին։

Այս ունակությունը բնութագրելու բառեր, կարծում եմ, կան աշխարհի բոլոր լեզուներում, ինչպես օրինակ՝ «հաստատակամություն», «տոկունություն», «կամքի ուժ» բառերը հայերերում։


Ֆիննական մշակույթ. սիսու

Այնուամենայնիվ, ինձ համար ուշագրավ էր բացահայտել, որ Եվրոպայի հյուսիսում ապրող ֆինլանդացիները ունեն մշակութային մի կոնստրուկտ, որը կոչվում է «սիսու», և կոչված է մատնանշելու անբացատրելի մի ուժ անհատի ներսում, որն օգնում է նրան հաղթահարել մեծագույն դժվարություններն անգամ։

կամքի ուժ - մոտիվացիա

«Սիսուն» շատ ավելին է, քան պարզապես հերթական մի բառ ֆիններեն լեզվում, այն ֆինլանդացիների ազգային ինքնության անքակտելի մասն է։ Ֆինլանդացիներն իրենք բացատրում են «սիսու»-ն՝ որպես «ֆիննական ոգի»։ Ասում են նույնիսկ, որ ֆինլանդացիներին անհնար է լիովին հասկանալ, առանց հասկանալու «սիսու»-ի գաղափարը։

Հաշվի առնելով Ֆինլանդիայի աշխարհագրական դիրքը և կլիմայական պայմանները՝ կարելի է ենթադրել, որ ֆինլանդացիների համար իսկապես դժվար կլիներ գոյատևել, առավել ևս զարգացվածության նման բարձր մակարդակի հասնել, եթե ամեն ֆինլանդացի գոնե մի քիչ «սիսու» չունենար :)


Աալտոյի համալսարան. Հելսինկի

Աալտոյի համալսարանի (Հելսինկի) հետազոտող Էմիլիա Լաթին բնորոշում է «սիսու»-ն՝ որպես մեծագույն մարտահրավերին վճռականորեն ընդառաջ գնալու ունակություն։ «Սիսու»-ի առանցքային գաղափարն է այն, որ յուրաքանչյուրիս մեջ կա ավելի մեծ ուժ, քան մենք կարող ենք պատկերացնել։

Ըստ էության, «սիսու»-ն դրսևորվում է այն ժամանակ, երբ մենք արդեն շատ մոտ ենք մեր պատկերացրած մտավոր կամ ֆիզիկական «հնարավոր»-ի սահմանները հատելուն։ «Սիսու» մղում է մեզ ընդառաջ գնալ անորոշությանը և անել այն, ինչից մենք ամենաշատն ենք վախենում։ Չէ՞ որ մենք երբեք չենք կարող վստահ իմանալ, թե ինչի ենք ընդունակ մինչև չհատենք մեր կողմից նախանշված «հնարավոր»-ի սահմանը։


Ռալֆ Ուալդո Էմերսոնի իմաստուն մտքերը

Թեև «սիսու»-ն ֆիններեն հասկացություն է, այն մարմնավորող գաղափարը համամարդկային է։ Մարդիկ՝ աշխարհի տարբեր անկյուններում, տարբեր ժամանակաշրջաններում դարձել և դառնում են «սիսու» հասկացության մարմնավորումը և ապացույցը Ռալֆ Ուալդո Էմերսոնի հետևյալ արտահայտությանը՝

«Այն, ինչ մնացել է մեր հետևում և այն, ինչ մեր առջևում է, աննշան են՝ համեմատած նրա, թե ինչ կա մեր ներսում»։

Ձգտե՛ք Կատարելության, Արևիկ

Հ.Գ. Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին (Կայզեն TV), որտեղ կգտնեք մասնագիտական օգտակար խորհուրդներ՝ Ձեր նպատակները ամենօրյա փոքրիկ քայլերով իրականացնելու, երջանիկ ու ներդաշնակ կյանքով ապրելու համար:

0 comments
bottom of page