top of page
Search
  • Արևիկ Հայրապետյան

Դեպի հանճար տանող ուղին. (դժվար, բայց ոչ անհնար)

Հաջողակ մարդկանց մասին


«10000 ժամի կանոնը․ ո՞րն է Մոցարտի հանճարի գաղտնիքը հոդվածում» Ձեր ուշադրությանը ներկայացրինք վերջին 50 տարիների ընթացքում կատարված մի շարք գիտական ուսումնասիրությունների արդյունքներ, որոնք ձեռնոց են նետում «ի ծնե հանճար» գաղափարին։

Մոցարտի, Միքելանջելոյի, Բոբի Ֆիշերի և այլ հանճարեղ անհատների օրինակները ուսումնասիրելով՝ հետազոտողները շարունակում են գիտական մակարդակում ամրապնդել «10000 ժամի» կանոնը։


Վերջինիս համաձայն` ենթադրվում է, որ իր գործունեության մեջ բարձրագույն մակարդակի հասնելու համար անհատը տվյալ բնագավառում պետք է խորապես և լրջորեն աշխատի նվազագույնը «10000 ժամ» կամ մոտավորապես 10-ը տարի։

Մենք նաև նշեցինք, որ անհատի կողմից 10000 ժամի ներդրումը շատ կարևոր, բայց ոչ միակ նախապայմանն է իր գործունեության ոլորտում հանճար դառնալու համար։ Իսկապես, եթե հանճար դառնալու միակ նախապայմանը ժամանակային ներդրումը լիներ, ապա ցանկացած մարդ, ով օրինակ 15 տարի աշխատում է որևէ բնագավառում, վաղուց արդեն պետք է հանճար կոչվելու իրավունքը վաստակած լիներ։


Ինչպե՞ս դառնալ հաջողակ

Այս հոդվածում կներկայացնենք հետազոտողների կողմից վերհանված այն սկզբունքները, որոնք կիրառվել են իրենց գործունեության մեջ հանճարեղ մակարդակի հասած անհատների կողմից՝ սեփական հմտությունները զարգացնելու համար։

Ի դեպ, այս սկզբունքներն օրինաչափ են միանգամայն տարբեր ոլորտներում՝ սպորտից մինչև արվեստ, բիզնեսից մինչև գիտություն։ Այսպիսով, յուրաքանչյուր անհատ՝ լինի նա մարզիկ, թե արվեստագետ, բժիշկ, թե մաթեմաթիկոս, կարող է կիրառել ներկայացվելիք սկզբունքները՝ սեփական հմտությունները զարգացնելու և իր ներուժն առավելագույնս իրագործելու համար։

Հմտությունների զարգացում


Կրկնություն

Գաղտնիք չէ, որ անկախ նրանից` Դուք սովորում եք ջութակ նվագել, թե շախմատ խաղալ, Դուք պետք է շարունակաբար կրկնեք տվյալ հմտությունը զարգացնելու համար անհրաժեշտ վարժությունները։

Հարկ է նշել, սակայն, որ լավ ջութակահարին հանճարեղ ջութակահարից տարբերակող սկզբունքներից մեկը հետևյալն է․ լավ ջութակահարը պարապում է այնքան, մինչև տվյալ երաժշտական ստեղծագործությունը նվագելն իր մոտ բավական լավ է ստացվում, հանճարեղ ջութակահարը, սակայն, պարապում է այնքան, մինչև տվյալ ստեղծագործությունը գերազանց կատարելն իր մոտ ուղղակի չի կարող չստացվել։

հանճարների իմաստուն մտքերը

Հոգեբան Անդերս Էրիկսոնի մտքերը


Կանխամտածված պրակտիկա

Միևնույն վարժությունը կամ հնարքն անընդհատ կրկնելուն զուգահեռ, Դուք պետք է առաջնորդվեք նաև շվեդ հոգեբան Անդերս Էրիկսոնի կողմից առաջարկված «կանխամտածված պրակտիկայի» սկզբունքով։

Ուսումնասիրելով տարբեր ոլորտների անգերազանցելի ներկայացուցիչների աշխատելաոճը, հետազոտողը նշում է, որ այդ անհատները շարունակաբար զարգացրել են այն հմտությունները, որոնք իրենց մոտ ցածր մակարդակի վրա են եղել։

Նրանք աշխատել են ամենադժվար հնարքների և ամենաբարդ վարժությունների վրա՝ անընդհատ սխալվելով և ձգտելով ուղղել այդ սխալները։ Լավ ցուցանիշներ ունեցող մարզիկը գտնում է իր հարմարավետության գոտին և դոփում է տեղում, Օլիմպիական ոսկե մեդալակիրն անընդհատ մեկ քայլ դուրս է գտնվում իր հարմարավետության գոտուց և ընդառաջ է գնում առավել մեծ մարտահրավերների։ Նա անհարմարավետության մեջ իրեն հարմարավետ է զգում :)

Հարմարավետության գոտի


Հարմարավետության գոտու ընդլայնման մասին

Մարդկային ներուժի զարգացման ոլորտում հայտնի հեղինակ Դանիել Քոյլը նշում է, որ իր հարմարավետության գոտում անհատը անսխալական է 80% դեպքերում։

Ձեր կատարողականության մակարդակը արդյունավետ կերպով բարձրացնելու համար Դուք պետք է անցում կատարեք դեպի «հմտությունների զարգացման գոտի»․ այստեղ մարտահրավերների եք հանդիպելու և սխալներ եք թույլ տալու, միևնույն ժամանակ Ձեր ունեցած հմտությունների և կատարած աշխատանքի շնորհիվ, հաջողության եք հասնելու 50-80% դեպքերում։

Սակայն եթե փորձեք հագուրդ տալ Ձեր ներքին մղումին և միանգամից շատ հեռանաք Ձեր հարմարավետության գոտուց, ապա հայտնվելու եք այսպես կոչված «խուճապի» գոտում։

Բավարար չափով հմտություններ չունենալու պատճառով Դուք հիմնականում ձախողելու եք, ինչը կարող է հիասթափության և հանձնվելու պատճառ դառնալ։ Այնպես որ՝ համբերատար և հետևողական եղեք։

Սպորտի հոգեբանություն

Հետադարձ կապ

Իրենց գործունեության մեջ բարձրագույն մակարդակին ձգտող անհատները մշտապես աչալուրջ են իրենց կատարողականության վերաբերյալ հետադարձ կապին։

Նրանք շարունակաբար հարցնում են իրենց մարզիչներից կամ ուսուցիչներից, թե ինչն է իրենց մոտ ճիշտ ստացվում և ինչը կարելի է զարգացնել։

Դա նրանց հնարավորություն է տալիս իրազեկ դառնալ իրենց թույլ տված ամենաչնչին սխալների նկատմամբ և բարելավել իրենց կատարողականության ամենափոքր էլեմենտները։ Հիշե՛ք՝ սխալները ոչ միայն անխուսափելի են, այլև շատ կարևոր անհրաժեշտ հմտությունները զարգացնելու համար։

Կենտրոնանալ աշխատանքի վրա


Խորասուզված աշխատանք

Հանճարեղ անհատների շրջանում մեկ այլ կարևոր օրինաչափություն է այն, որ նրանք իրենց մեջ զարգացրել են երկար ժամանակ կենտրոնացած աշխատելու ունակությունը։

Հունգարացի հոգեբան Միհալի Չիկսենմիհալիի բնորոշմամբ կենտրոնացման նման մակարդակն անհատին դնում է այսպես կոչված «հոսքի» մեջ։ Համաձայն նրա ուսումնասիրությունների արդյունքի՝ անհատի մոտ առաջ է գալիս «հոսքի» մեջ լինելու զգացողություն, երբ իր աշխատանքը մարտահրավերային է․ պահանջում է մտավոր կամ ֆիզիկական լարում, միևնույն ժամանակ այդ մարտահրավերն այնքան հեռու չէ անհատի հարմարավետության գոտուց, որ նրան անկարողության զգացում պատճառի։


Ինչպե՞ս կենտրոնացնել ուշադրությունը

Նման դեպքում անհատն ասես լրիվ անջատվում է իրականությունից և ամբողջովին խորասուզվում է իր աշխատանքի մեջ։ Հիշե՛ք Դուք պարզապես չեք կարող որակյալ աշխատանք կատարել կամ որևէ հմտություն զարգացնել, եթե Ձեր ուշադրությունն անընդհատ շեղվում է և ուղղվում է, օրինակ, դեպի սոցիալական կայքերի «այդքան կարևոր» իրադարձություններին կամ վերջին նորություններին հետևելուն։

Ինչպես տեսնում ենք, հանճարեղ անհատների շրջանում վերհանված այս օրինաչափությունները ոչ մի կապ չունեն նրանց գենետիկ ժառանգության հետ։ Վերջինս վստահաբար ունի իր դերը․ բարձրահասակ լինելը միանշանակ կարևոր առավելություն է բասկետբոլում, իսկ ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակակրի զավակ լինելը այդ բնագավառում հաջողություններ գրանցելու նախապայման կարող է լինել։

Սակայն մարդկային ներուժի վերաբերյալ գիտական ուսումնասիրությունների արդյունքները գալիս են փաստելու, որ անհատը շա՜տ ավելի մեծ դեր ունի սեփական հանճարը կերտելու գործում, քան ընդունված է կարծել։


Աշխատասիրության մասին

Մեկ այլ հարց է այն, թե որքան պատրաստակամ է անհատը վճարելու հանճար դառնալու գինը․ չէ՞ որ վերը նշված յուրաքանչյուր սկզբունքի կիրառումը պահանջում է մաքսիմալ ջանք և աշխատասիրություն, համբերատարություն և հետևողականություն, անկոտրում կամք և նվիրվածություն՝ այս ամենը տարիներ և տասնամյակներ շարունակ։ Յուրաքանչյուր անհատ չէ, որ պատրաստ է այդքան թանկ վճարել։ Եվ դա միանգամայն հասկանալի է։

Իսկ ահա նրանք, ովքեր վճարում են այդ գինը, հայտնվում են Օլիմպիական պատվանդանին, սահմանում են նորանոր համաշխարհային ռեկորդներ, մեծագույն հիացմունք առաջացնող հնարքներ են կատարում թենիսի կորտում և ֆուտբոլային խաղահրապարակում, նրանք կերտում են գլուխգործոցներ, որոնք շարունակում են ապրել և հուզել դարեր շարունակ, նրանք անում են բացահայտումներ, որոնք առաջ են մղում մարդկությանը․․․

Եվ վերջապես, նրանք գալիս են ապացուցելու, որ «Անհնարինը ոչինչ է»։

Ձգտե՛ք Կատարելության, Արևիկ

Հ.Գ. Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին (Կայզեն TV), որտեղ կգտնեք մասնագիտական օգտակար խորհուրդներ՝ Ձեր նպատակները ամենօրյա փոքրիկ քայլերով իրականացնելու, երջանիկ ու ներդաշնակ կյանքով ապրելու համար:

0 comments
bottom of page