top of page
Search
  • Kaizen Mastery

Ինչպե՞ս հավատալ քո ուժերին, երբ ոչ ոք չի հավատում քեզ

Քայլ դեպի նորաձևության աշխարհ


ԿայզենTV-ում կրկին «ՀարցուՊատասխան» շարքի հերթական թողարկումն է, որի ընթացքում քոուչ Արևիկ Հայրապետյանը պատասխանում է ԿայզենTV-ի հետևորդների հետաքրքիր հարցերին:

Այսպիսով, այսօրվա հարցը մեզ է ուղարկել Անահիտը՝

«Բարև Ձեզ, Արևիկ: Ինձ շատ են ոգևորում և ուժ տալիս Ձեր հաղորդումները: Մեկ տարի է, ինչ ավարտել եմ ուսումս ու ժամանակավորապես աշխատում եմ հյուրանոցում, բայց երազանքս է կայանալ նորաձևության աշխարհում: Թեև շատ եմ սիրում հագուստի էսքիզներ անել, այնուամենայնիվ, շրջապատի մարդիկ չեն հավատում ուժերիս, ու դա ստիպում է, որ ես ինքս էլ թերահավատ դառնամ իմ կարողությունների ու երազանքիս նկատմամբ: Ինչպե՞ս վարվեմ նման իրավիճակում:

Նախապես շնորհակալ եմ»:

Քոուչինգը Հայաստանում


Ի պատասխան Անահիտի հարցին՝ քոուչ Արևիկ Հայրապետյանը կիսվում է իր անձնական պատմությամբ։

«Երբ նոր-նոր առաջին քայլերս էի անում Հայաստանում քոուչինգը կայացնելու ուղղությամբ, ես մի շատ հետաքրքիր օրինաչափություն էի նկատում: Դա այն էր, որ գրեթե ոչ ոք չէր հավատում ինձ. շատ մարդիկ չէին զլանում կրկնել, թե իբր չեմ կարող ոչնչի հասնել, թե իբր չափից երիտասարդ եմ, և ինձ պակասում է տարիների փորձը, թե իբր իմ ձգտումները չափից մեծ են և այլն։

Թեև արտաքուստ ես տեղի չէի տալիս այդ «խորհուրդներին», հոգուս խորքում մտավախություններ ունեի, որ գուցե այդ մարդիկ ճիշտ են: Կյանքի հենց այդ փուլում ինձ համար պարզ դարձավ մի բան. կապ չունի՝ որքան շատ արժանիքներ ես ունեմ, որքան շատ եմ աշխատում ինձ վրա կամ որքան շատ բան ունեմ տալու աշխարհին, ինձ ոչ ոք չի հավատալու, քանի դեռ ես ինքս անմնացորդ չեմ հավատում իմ ուժերին և իմ կարողություններին։

Եվ հենց այդ ժամանակվանից ի վեր, ես շատ մեծ եռանդով սկսեցի հավատ սերմանել ինքս իմ մեջ՝ իմ հնարավորությունների, իմ կարողությունների, իմ արժանիքների նկատմամբ:

Եթե կա այս աշխարհում մեկը, ով պարտադիր պետք է հավատա Ձեզ և Ձեր ուժերին, դա Դուք եք։ Դուք պետք է սովորեք անկոտրում հավատ ձևավորել ինքներդ Ձեր նկատմամբ, հավատալ ինքներդ Ձեզ, մինչև ինչ-որ մեկը երբևէ կանի դա»։


Ինչպե՞ս դառնալ ինքնավստահ. օգտակար խորհուրդներ

Լայֆ քոուչ Արևիկ Հայրապետյանը կիսվում է իր անձնական փորձով համեմված մի քանի խորհուրդներով, որոնք կարող են արժեքավոր լինել նաև Ձեզ համար։

Կասկածներ և կպչուն մտքեր

Խորհուրդ N 1

Պատրա՛ստ եղեք նրան, որ Ձեր կարողությունների նկատմամբ կասկածանքով լի մտքերը ժամանակ առ ժամանակ գլուխ են բարձրացնելու։ Նման մտքերի ի հայտ գալը թուլության նշան չէ, հակառակը, այդ մտքերը առաջ են գալիս հենց այն պատճառով, որ Դուք ինչ-որ համարձակ, նշանակալից քայլ կատարելու ճանապարհին եք։

Յուրաքանչյուր մարդ, նույնիսկ Ձեր ճանաչած ամենահաջողակ մարդիկ ևս ժամանակ առ ժամանակ կորցնում են վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, նրանք ևս ունենում են հուսահատության պահեր ու բացասական մտքեր:

Պարզապես հաջողության հասած մարդիկ սովորել են արժանի պատասխան տալ այդ մտքերին: Նույնը կարող եք անել նաև Դուք։

Օրինակ, երբ Ձեզ մոտ գլուխ է բարձրացնում «Ես չեմ կարող դա անել» միտքը, պատասխանե՛ք նրան հետևյալ կերպ՝ «Ես դեռ չգիտեմ՝ ինչպես դա անել, բայց անպայման կգտնեմ պատասխանը»։ Կամ «Իսկ ի՞նչ, եթե ինձ մոտ չստացվի» մտքի դեպքում կարող եք պատասխանել նրան հետևյալ կերպ՝ «Ես նորից կփորձեմ, և վաղ, թե ուշ ինձ մոտ անպայման կստացվի»։

Ի գործ. նոր էջ ինստագրամում


Խորհուրդ N 2

Թույլ մի՛ տվեք, որ վախը խանգարի Ձեզ, փոխարենը գործի՛ անցեք։ Հիշե՛ք՝ Դուք չեք կարող հավատ ձևավորել ինքներդ Ձեր նկատմամբ ու ինքնավստահ դառնալ՝ ձեռքներդ ծալած նստելով և երևակայության մեջ Ձեր բացասական մտքերի դեմ պայքարելով։

Փոխարենը սկսե՛ք քայլ առ քայլ դուրս գալ Ձեր հարմարավետության գոտուց, օրինակ՝ կարող եք մասնակցել տարբեր ցուցադրությունների, ներկայացնել Ձեր էսքիզները նորաձևության ոլորտի առաջատարներին և իմանալ նրանց մասնագիտական կարծիքը, գուցե էջ բացեց Ինստագրամում և աշխատեք Ձեր՝ որպես հագուստի մոդելավորողի բրենդը կայացնելու ուղղությամբ:

Այսինքն՝ իրական օրինակներով ցու՛յց տվեք, որ Դուք ավելին եք, քան ցանկացած վախ, որ հետ է պահում Ձեզ: Ու կապ չունի՝ ինչ արդյունք կունենաք սկզբում. որքան շատ անեք այն, ինչից ամենաշատն եք վախենում, որքան շատ աշխատեք Ձեր անձնային ու մասնագիտական որակների վրա, այնքան թերահավատ մտքերն աստիճանաբար լռելու են, և այնքան ավելի է ամրապնդվելու Ձեր հավատը սեփական ուժերի նկատմամբ։

 

Կայզեն TV-ի մասին


Շնորհակալ ենք Կայզեն TV-ի այս հաղորդմանը հետևելու համար:

Եթե այն օգտակար էր Ձեզ համար, ապա կիսվեք այս տեսանյութով սոցիալական մեդիայի Ձեր էջերում և բաժանորդագրվեք մեր ալիքին:

Ուրախ կլինենք իմանալ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ այս տեսանյութի վերաբերյալ: Վստա՛հ գրեք այն: :)

Եվ եթե ուզում եք, որ Ձեր հարցը նույնպես հնչի ԿայզենTV-ի եթերում, ապա ուղարկեք մեզ Ձեր հարցերը նամակի տեսքով Kaizen Mastery ֆեյսբուքյան էջին:

Ձգտե՛ք Կատարելության...

Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտ

0 comments
bottom of page