top of page
Search
  • Arevik Hayrapetyan

Իմաստուն մտքեր երջանիկ լինելու համար

Մասլոուի պահանջմունքների բուրգը


ԿայզենTV-ի այսօրվա թողարկմանը ցանկանում եմ անդրադառնալ մարդկային կարիքներին, նրան, թե որքան կարևոր է բավարարել մեր կարիքները՝ երջանիկ ու ներդաշնակ կյանքով ապրելու համար:


Ցանկացած մարդ այս աշխարհում ունի կարիքներ՝ ֆիզիոլոգիական և էմոցիոնալ, մտավոր և հոգևոր կարիքներ: Այդ կարիքներից յուրաքանչյուրի բավարարումը շատ կարևոր է և ապահովում է մեր բարօրությունը: Ներկայացնում եմ Ձեզ 3 օգտակար խորհուրդներ, որոնք կօգնեն Ձեզ բավարարել Ձեր կարիքները:




Օգտակար խորհուրդներ


Խորհուրդ 1-ին՝ սկսե՛ք ճանաչել և հասկանալ Ձեր կարիքները, պահանջմունքներն ու ցանկությունները. այն, ինչի կարիքը ունեք և ինչի կարիքը չունեք, այն, ինչ ուզում եք և այն, ինչ չեք ուզում, այն, ինչ շատ սիրում եք անել ու այն, ինչ ընդհանրապես չեք սիրում անել, բայց ստիպված անում եք:


Թեև մարդկային կարիքները համանման են, կարևոր է հասկանալ, որ համընդհանուր կարիքների ներքո յուրաքանչյուրիս կարիքները առանձնահատուկ են: Օրինակ՝ բոլորս ունենք քնի կարիք, բայց մի մարդու համար օրական 7 ժամ քունը բավարար է, մյուսին հարկավոր է նվազագույնը 9 ժամ քուն՝ լիարժեք հանգստանալու համար: Բոլորս ունենք սիրված ու գնահատված լինելու կարիք, բայց երկու տարբեր մարդկանց համար սիրված ու գնահատված լինելու դրսևորումները շատ տարբեր կարող են լինել, և դա միանգամայն նորմալ է:


Ահա թե ինչու խորհուրդ եմ տալիս, որ անպայման գրի առնեք Ձեր կարիքները թղթի վրա՝ հնարավորինս մանրամասն և առանց ամաչելու, առանց մտածելու, որ Ձեր այս կամ այն կարիքը սխալ է կամ վատն է կամ ընդունելի չի լինի այլ մարդկանց համար:


Հաղորդակցման դերը հարաբերություններում


Խորհուրդ 2-րդ՝ սովորեք բարձրաձայնել Ձեր կարիքները: Հաճախ մի ծիծաղելի բան է տեղի ունենում. մենք չենք բարձրաձայնում մեր կարիքները և հոգու խորքում ակնկալում ենք, որ դիմացինը պետք է գուշակի, թե մենք ինչի կարիք ունենք: Օրինակ՝ ինչ-որ մեկի խնդրանքին ի պատասխան՝ մենք կարող ենք ասել՝ «այո՛, ես դա կանեմ», այն դեպքում, երբ ընդհանրապես չենք ուզում անել տվյալ բանը և հոգու խորքում հույս ունենք, որ դիմացինը ինչ-որ ձև կհասկանա, որ մենք չենք ուզում տվյալ բանը անել: Ահա, թե ինչու անկեղծ հաղորդակցումը այդքան կարևոր դեր ունի մարդկային փոխհարաբերություններում:


Ցավոք, շատ երեխաների փոքրուց սովորեցնում են, որ սեփական կարիքները բարձրաձայնելը ընդունելի չէ: Եվ եթե մենք սկսենք բարձրաձայնել մեր կարիքները, ապա մարդիկ մեզ չեն սիրի, նրանք կնեղանան մեզնից, կլքեն մեզ ու մենք մենակ կմնանք:


Այո՛, ինչ-որ մարդկանց կարող է ընդհանրապես դուր չգալ այն փաստը, որ Դուք սկսում եք արժևորել ու բարձրաձայնել Ձեր կարիքները, բայց դա արդեն Ձեր ազդեցության սահմաններում չէ:


Բարի գործ, թե՞... անձնազոհություն


Օրինակ, պատկերացնենք, որ պլանավորել եք հանգստյան օրերին զբաղվել Ձեր հոբբիներից մեկով: Բայց արի ու տես, որ Ձեր ընկերներից մեկը զանգահարում է Ձեզ և խնդրում, որ Դուք օգնեք նրան այս կամ այն հարցում: Ու քանի որ Դուք երբևէ չեք մերժել Ձեր ընկերոջ խնդրանքը, նա վստահ է, որ Դուք այս անգամ ևս կօգնեք նրան: Դուք վախենում եք, որ եթե մերժեք Ձեր ընկերոջ խնդրանքը, ապա այդ փաստը կարող է դուր չգալ նրան, և փաստացի այդ պահին Ձեր ընկերությունը կարող է հօդս ցնդել:


Բայց մեկ այլ գեղեցիկ բան էլ կարող է տեղի ունենալ: Ձեր ընկերը կարող է ողջունել հոբբիով զբաղվելու Ձեր նախաձեռնությունը և ի սրտե ուրախ լինել Ձեզ համար: Այսինքն՝ բարձրաձայնելով Ձեր կարիքները՝ Դուք տեսնում եք, թե Ձեր շրջապատի մարդկանցից ովքեր են իրապես գնահատում Ձեզ և ովքեր են Ձեր կյանքում՝ միայն նրա համար, թե ինչ կարող եք Դուք անել նրանց համար:


Իհարկե, մարդկանց օգտակար լինելը հրաշալի որակ է, բայց եթե մենք օգնում ենք այլ մարդկանց՝ ոտնահարելով մեր սեփական կարիքները, անտեսելով մեր ցանկությունները, ու հատկապես, եթե սա շարունակական բնույթ է կրում, դրանով մենք ասում ենք ինքներս մեզ, թե որքան մենք չենք սիրում ինքներս մեզ, որքան չենք գնահատում ինքներս մեզ:


Առողջ ինքնագնահատական


Խորհուրդ 3-րդ՝ Մենք պետք է սովորենք ասել «այո» և «ոչ» այնպես, որ «այո»-ն բխի մեր ներքին «այո»-ից, իսկ «ոչ»-ը՝ «ոչ»-ից: Շատ դեպքերում մենք կարող ենք ասել «այո» այնպիսի բաներին, որոնք ոչ միայն մեզ համար օգտակար չեն, այլև ուղղակիորեն վնասում են մեզ: Հիշե՛ք՝ ցանկացած բան, որին Դուք ասում եք «այո», ենթադրում է, որ Դուք մեկ այլ բանի ասում եք «ոչ» և հակառակը: Այսինքն՝ եթե Դուք հանդուրժում եք, որ մարդիկ Ձեզ հետ անհարգալից վերաբերվեն, ինչից բխում է, որ Դուք նման վերաբերմունքին ասում եք՝ «այո», դա նշանակում է, որ Դուք անուղղակիորեն ասում եք «ոչ» հարգալից վերաբերմունքին Ձեր նկատմամբ: Կամ եթե Դուք անում եք մի բան, որը չեք ուզում, Դուք նույն ժամանակ չեք անում հենց այն բանը, որը ուզում եք անել:


Համաձայն եմ՝ կան իրավիճակներ կյանքում, երբ մենք պետք է անենք մի բան, որը գուցե մեր նախընտրությունը չէ, օրինակ՝ դիմակ կրելը, բայց հավատացնում եմ Ձեզ, որ եթե Դուք ապրում եք Ձեր արժեքներին հավատարիմ կյանքով, ապա նման դեպքերը ուղղակի բացառություններ են, իսկ օրինաչափությունն այն է, որ մենք ապրում ենք մեր կյանքը՝ հարգելով մեր կարիքները:


Իմաստուն խոսքեր կյանքի մասին


Այո՛, հնարավոր է հարգել այլ մարդկանց և նրանց կարիքները, միևնույն ժամանակ հարգել մեր սեփական կարիքները: Իհարկե, կան դեպքեր, երբ մեր ու մեկ այլ մարդու կարիքները կարող են տարբերվել, նույնիսկ լինել հակառակ բևեռներում:

Նման դեպքերում ծայրահեղությունների մեջ ընկնելու փոխարեն, մենք պարզապես պետք է բարձրաձայնենք մեր կարիքները, լսենք ու հասկանանք դիմացինի կարիքները և միասին փորձենք այնպիսի լուծում գտնել, որ երկու կողմերի կարիքները լինեն բավարարված:

Կան դեպքեր, երբ մարդկանք կարիքները այնքան իրարամերժ են, որ նրանք պարզապես չեն կարող համատեղվել: Բայց վստահեցնում եմ Ձեզ, որ 10-ից 9-ը դեպքերում, եթե կողմերի միջև կա ցանկություն, հոգատարություն դիմացինին հասկանալու, դիմացինի կարիքները արժևորելու, վստահաբար հնարավոր կլինի լուծում գտնել:


Վստահեցնում եմ Ձեզ՝ Ձեր կյանքը որակապես այնքան կփոխվի, եթե քաջություն ունենաք Ձեր ճնշված, երբևէ չարտահայտած կարիքները բարձրաձայնել և առողջ ու կառուցողական ձևերով բավարարել այդ կարիքները:

Շնորհակալ ենք Կայզեն TV-ի այս հաղորդմանը հետևելու համար:

Եթե այն օգտակար էր Ձեզ համար, ապա կիսվեք այս տեսանյութով սոցիալական մեդիայի Ձեր էջերում և բաժանորդագրվեք մեր ալիքին:


Ուրախ կլինենք իմանալ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ այս տեսանյութի վերաբերյալ: Վստա՛հ գրեք այն: :)


Եվ եթե ուզում եք, որ Ձեր հարցը հնչի և իր պատասխանը ստանա ԿայզենTV-ի եթերում, ապա ուղարկեք մեզ Ձեր հարցերը նամակի տեսքով Kaizen Mastery ֆեյսբուքյան էջին:


Ձգտե՛ք Կատարելության...

Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտ

0 comments
bottom of page