top of page
Search
  • Arevik Hayrapetyan

Սթրեսի հաղթահարում. ի՞նչ անել սթրեսի դեպքում

Սթրես, տագնապ, լարվածություն, բարկություն


Մեզանից բացառապես յուրաքանչյուրը ժամանակ առ ժամանակ հայտնվում է լարված, սթրեսային իրավիճակում: Փոխազդելով տարբեր մարդկանց ու երևույթների հետ՝ մենք կարող ենք անհանգստանալ, տագնապի զգացում ունենալ, բարկանալ և այլն:


Ու ի՞նչ ենք անում նման պահերին. ամենից հաճախ, մենք սկսում ենք այլ մարդկանց կամ արտաքին հանգամանքներին մեղադրել նրա համար, որ մենք բարկացել ենք կամ դուրս ենք եկել հավասարակշռությունից:


Օրինակ՝ «Ես բարկացա, քանի որ դու ինձ ասացիր այս կամ այն բանը»: «Ես անհանգստացա, քանի որ դու ինչ չզանգեցիր»:

Մեզանից յուրաքանչյուրը իր կյանքում գոնե մեկ անգամ ասել է նման բան: Ես հաստատ ասել եմ: Բայց քանի որ ԿայզենTV-ն դիտում են ինքնազարգացմանը նվիրված մարդիկ, կարծում եմ, արդեն գուշակում եք, որ ուզում եմ այս թեմայի վերաբերյալ Ձեզ առաջարկել լիովին նոր տեսակետ:

Ինչպե՞ս կառավարել էմոցիաները, մտքերը


Երբ մենք մեր ունեցած էմոցիաների համար մեղադրում ենք այլ մարդկանց, ապա դա նշանակում է, որ մենք կամովի մեզ դնում ենք անզորության, զոհի կարգավիճակում, մենք մոռանում ենք այն ոսկե կանոնը, որ ոչ ոք այս աշխարհում չի կարող մեզ դրդել անելու ինչ-որ բան, որը մենք չենք ուզում անել: Այսինքն՝ մեր սեփական էմոցիաների համար ուրիշներին մեղադրելով, մենք պարզապես փախչում ենք, խուսափում ենք պատասխանատվությունից:


Սեփական կյանքի, սեփական էմոցիաների, մտքերի, և ամենակարևորը՝ սեփական քայլերի համար 100 տոկոս պատասխանատվություն ստանձնելը մեր կյանքը փոխելու, ավելի լավը դառնալու կարևորագույն քայլն է:


Մենք ունենք ընտրություն՝ նույնիսկ ամենալարված, ամենասթրեսային իրավիճակում պատասխանատվություն ստանձնելու և ընտրելու, թե ինչպես ենք մենք որոշում վարվել: Ես չեմ ասում սա հեշտ է, բայց միանգամայն հնարավոր է, և որքան շատ աշխատենք մեզ վրա, այնքան մեզ համար ավելի հեշտ կլինի նույնիսկ ամենալարված իրավիճակում հիշել, որ մենք ունենք ընտրության հնարավորություն, այսինքն՝ ընտրելու, թե ինչպես ենք արձագանքում այս կամ այն իրավիճակում:



Այստեղ մեզ օգնության է գալիս մի շատ պարզ, օգտակար ու արժեքավոր մեթոդ, որը լինելով այդքան պարզ, հաճախ ուղղակի անտեսվում է:


Երբ հայտնվում եք լարված իրավիճակում, երբ ինչ-որ մեկի ասած խոսքերը, թվում է, Ձեր մեջ իսկական հրաբուխ են արթնացնում, թվում է, Ձեզ էլեկտրական շոկի են ենթարկում, հենց այդ պահին Դուք պետք է պարզապես շնչեք՝ խորը, իսկական, բնական շնչով: Գիտեմ՝ սա միանգամայն պարզ է թվում, բայց սա իսկապես անչափ օգտակար է: Բացատրեմ՝ ինչու:



Երբ մենք լարված ենք լինում, բարկանում ենք կամ երբ ինչ-որ երևույթ մեզ համար ընկալվում է որպես սթրեսային, մեր շնչառությունը դառնում է միանգամայն մակերեսային ու մենք սկսում ենք արագ շնչել, շնչում ենք կրծքավանդակով ու կոպիտ ասած՝ սկսում ենք անորակ շնչել:


Կրծքավանդակով շնչելը, այսինքն՝ մակերեսային շնչելը մեր ուղեղին ասում է, որ մենք սթրեսի մեջ ենք, ու որքան շատ ենք մակերեսային շնչում, այնքան սթրեսը, լարվածությունը խորանում է, ու որքան շատ է լարվածությունը, սթրեսը խորանում, այնքան մենք ավելի մակերեսային ենք շնչում:


Ու այսպես մենք մնում ենք արատավոր շրջանի մեջ, ավելի ու ավելի հունից դուրս ենք գալիս, ավելի ու ավելի ենք բարկանում, փոքրիկ լարվածությունը վերածվում է մեծ լարվածության:


Ինչպե՞ս ճիշտ շնչել


Մինչդեռ երբ լարված իրավիճակում մենք սկսում ենք խորը շնչել, այսինքն՝ շնչառությունը հասնում է մեր որովայնին, դա մեր ուղեղին ասում է, որ մենք տիրապետում ենք իրավիճակին, ինչն էլ իր հերթին օգնում է մեզ ավելի հանգստանալ: Երբ մենք լարված իրավիճակում սկսում ենք մեզ տիրապետել հենց խորը շնչելու շնորհիվ, դրանից մենք ներքուստ մեզ ավելի ուժեղ ու կայուն ենք զգում, ու որքան ուժեղ ու կայուն ենք մեզ զգում, այնքան ավելի հեշտ է մեզ համար դառնում խորը շնչելը:


Դա մեզ թույլ է տալիս դադարել իմպուլսիվ լինելուց, ու դրա փոխարեն մենք սկսում ենք իրավիճակին առավել օբյեկտիվ ու ռացիոնալ նայել: Այն, ինչը մեզ ընդամենը մի քանի վայրկյան առաջ բարկացրեց կամ անհանգստացրեց, հիմա իր ուժը կորցրել է մեզ վրա:


Ինչպե՞ս ճիշտ որոշում կայացնել


Ի~նչ լավ կլինի, եթե ծնողը իր երեխայի վրա բղավելու կամ նրան վատաբանելու իմպուլս ունենալու ժամանակ իրեն հիշեցնի խորը շնչել, ինչքան շատ երեխաներ կազատվեն մանկության տրավմաների հետագա հետևանքներից:


Կամ ինչ լավ կլինի, եթե մեր անձնական հարաբերություններում կամ գործընկերների հետ հարաբերություններում, երբ ցանկություն ենք ունենում նրանց այս կամ այն բանի համար մեղադրելու, գուցե կոպտելու, մենք խորը շնչենք, մեզ տանք ժամանակ ու տարածություն, իրավիճակին օբյեկտիվորեն ու ռացիոնալ նայելու: Վստահաբար, շատ հարաբերություններ ուղղակի կփրկվեն հենց այս փոքրիկ քայլի շնորհիվ:


Մեր կյանքի, կարիերայի, հարաբերությունների վերաբերյալ որոշումներ կայացնելիս վստահ լինենք, որ մենք ոչ թե մակերեսային, այլ խորն ենք շնչում ու էմոցիաների հրաբուխի տակ որոշում չենք կայացնում:


Իհարկե, ես հասկանում եմ, որ Դուք հիմա մտածում եք. «բայց չէ՞ որ նման լարված իրավիճակում ես այնքան լարված եմ, որ շնչելը ամենավերջին բանն է, որի մասին ես հիշում եմ»: Ես միանգամայն համաձայն եմ:


Ինձ հետ էլ է եղել իրավիճակ, երբ ես այնքան բարկացած ու լարված եմ եղել, որ ընդհանրապես մոռացել եմ խորը շնչելու մասին ու հետո մտածել եմ. «ախր, ինչու՞ չհիշեցի խորը շնչելու մասին»:


Փոքրիկ քայլերի արվեստը


Հավատացնում եմ՝ այս խնդրին ևս լուծում կա. հատկապես այս մեթոդը կիրառելու սկզբնական փուլում Դուք պետք է փորձեք արտաքին ազդակների միջոցով հիշեցնել Ձեզ շնչելու մասին, օրինակ՝ ես ունեմ հաճախորդ, ով ձեռքի վրա նշան է անում, կան մարդիկ, ովքեր թևկապ են կրում՝ հատուկ իրենց հիշեցնելու, որ խորը շնչեն առհասարակ ու հատկապես տարված իրավիճակներում:


Եթե փոքրիկ կամ մանրուք թվացող իրավիճակներում մենք սովորենք պատասխանատվություն ստանձնել մեր էմոցիաների ու մեր գործողությունների համար, ապա երբ հերթը գա առավել մեծ ու նշանակալից իրավիճակներին, մենք առավել պատրաստված կլինենք, ու մեզ համար առավել հեշտ կլինի հիշել ու կիրառել խորը շնչելու այս անչափ օգտակար մեթոդը:

 

Շնորհակալ ենք Կայզեն TV-ի այս հաղորդմանը հետևելու համար:

Եթե այն օգտակար էր Ձեզ համար, ապա կիսվեք այս տեսանյութով սոցիալական մեդիայի Ձեր էջերում և բաժանորդագրվեք մեր ալիքին:

Ուրախ կլինենք իմանալ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ այս տեսանյութի վերաբերյալ: Վստա՛հ գրեք այն: :)


Եվ եթե ուզում եք, որ Ձեր հարցը հնչի և իր պատասխանը ստանա ԿայզենTV-ի եթերում, ապա ուղարկեք մեզ Ձեր հարցերը նամակի տեսքով Kaizen Mastery ֆեյսբուքյան էջին:


Ձգտե՛ք Կատարելության...

Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտ

0 comments
bottom of page