top of page
Search
  • Արևիկ Հայրապետյան

Ի՞նչ է քոուչինգը. քոուչինգի սկզբունքները

Քոուչինգի միջազգային ֆեդերացիա


Քոուչինգի միջազգային ֆեդերացիան (International Coach Federation) սահմանում է քոուչինգը որպես՝ ստեղծարար համագործակցություն քոուչի և հաճախորդի միջև, որը ոգեշնչում է հաճախորդին առավելագույնս օգտագործել իր անձնական և մասնագիտական ներուժը:


Քոուչինգի մասին

Քոուչինգի գաղափարախոսության համաձայն` յուրաքանչյուր անհատ

  • ունի իրեն անհրաժեշտ բոլոր ռեսուրսները` սեփական կյանքը լիարժեք ապրելու համար: Շատ դեպքերում, սակայն, մարդիկ ապրում են մի ամբողջ կյանք՝ առանց գիտակցելու իրենց մեջ թաքնված հսկայական ներուժը: Քոուչի հետ աշխատանքը օգնում է բացահայտել այդ ռեսուրսները և մոբիլիզացնել դրանք:

  • ունակ է գտնելու իր համար կենսական բոլոր հարցերի պատասխանները: Քոուչի հետ երկխոսությունների շնորհիվ անհատն անցնում է ինքնաբացահայտման ճանապարհով, որը թույլ է տալիս գտնել այդ պատասխանները՝ նայելով դեպի իր ներսը և փնտրելով դրանք սեփական «ես»-ի, այլ ոչ թե ուրիշների մեջ: Սոկրատեսի հետևյալ արտահայտությունը հրաշալի կերպով ներկայացնում է քոուչինգի այս սկզբունքը՝ «Յուրաքանչյուր մարդ գիտի ճշմարտությունը: Ես մանկաբարձի դեր եմ կատարում՝ օգնելով այդ ճշմարտությանը լույս աշխարհ գալ»:

  • ազատ է կերտելու սեփական ճանապարհը: Գոյություն չունի մեկ հստակ ճանապարհ, որը ճշմարիտ է բոլորի համար. չէ՞ որ յուրաքանչյուր մարդ անկրկնելի է: Քոուչինգն օգնում է անհատին երևան հանել և կյանքի կոչել սեփական յուրահատկությունը: Այն հնարավորություն է անհատի համար՝ թռիչք տալու սեփական երևակայությանը, արարելու և քայլ առ քայլ բացահայտելու սեփական երազանքները, իղձերն ու ցանկությունները: Այդպիսով, անհատն իր առջև սկսում է դնել այնպիսի նպատակներ, որոնք իսկապես իրենն են, բխում են իր սրտից, այլ ոչ թե պարտադրված են ծնողների, ընտանիքի, ընկերների, հասարակության կողմից:

քոուչինգ - հոգեբանական խորհրդատվություն

Սպորտ, հոգեբանություն և բիզնես


Հարկ է նշել, որ քոուչինգը հրաշալի կերպով միավորում է բիզնեսի, սպորտի, հոգեբանության, արվեստի մի շարք հատկանիշներ: Բիզնեսից քոուչինգը ընդօրինակում է ռազմավարություն մշակելը և նպատակներ սահմանելը, սպորտից՝ հաստատակամ աշխատանքի կարևորությունը հաղթանակի հասնելու համար, հոգեբանությունից՝ վերջինիս հումանիստական ուղղության սկզբունքները, արվեստից՝ ստեղծարար մտածողությունը և երևույթին բազմակողմանի նայելու կարողությունը:

Քոուչինգի սկզբունքները

  • Քոուչի և հաճախորդի համագործակցությունը կարող է տեղի ունենալ միմիայն այն դեպքում, երբ անհատը պատրաստակամ է պատասխանատվություն ստանձնել սեփական կյանքը բարեփոխելու, շարունակաբար զարգանալու և ինքնակատարելագործվելու համար: Հենց սա է քոուչինգի հաջողության կարևորագույն գրավականը:

  • Քոուչինգի ընթացքում անհատը քոուչի աջակցությամբ սահմանում է նպատակներ և հետևողական գործողությունների շնորհիվ քայլ առ քայլ հասնում է այդ նպատակներին:

  • Լինելով միանգամայն պատասխանատու սեփական որոշումների և իրականացրած գործողությունների համար՝ անհատը լիովին պատասխանատվություն է կրում նաև սեփական ձեռբերումների համար:

Չկա ավելի գեղեցիկ զգացողություն, քան սեփական կյանքիդ համար պատասխանատվություն ստանձնելու շնորհիվ հաջողության հասնելու բերկրանքը: Այնպես չէ՞:

Քոուչինգի ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է լրացնել այս հարցաթերթը:

Ձգտե՛ք կատարելության,

Արևիկ

Հ.Գ. Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին (Կայզեն TV), որտեղ կգտնեք մասնագիտական օգտակար խորհուրդներ՝ Ձեր նպատակները ամենօրյա փոքրիկ քայլերով իրականացնելու, երջանիկ ու ներդաշնակ կյանքով ապրելու համար:

0 comments
bottom of page