top of page
Search
  • Kaizen Mastery

Օգտակար է իմանալ. ի՞նչ անել, եթե Ձեզ մերժել են

Հաղթահարել մերժվելու վախը


Օգտակար է իմանալ, որ մերժումը պարզապես ինչ-որ մեկի կարծիքն է. այն բացարձակ ճշմարտություն չէ, որով պետք է պայմանավորեք Ձեր հետագա գործողությունները:

Լայֆ քոուչ Արեւիկ Հայրապետյանը ներկայացնում է մի քանի օգտակար խորհուրդներ, որոնք կօգնեն Ձեզ հաղթահարել մերժվելու վախը և գործի անցնել:

Ինչպե՞ս համարձակ լինել


Չէ՞ որ յուրաքանչյուր մարդ կյանքում գոնե մեկ անգամ հաստատ զգացել է մերժված լինելու վախը, ինչը թույլ չի տվել իրեն անել այն, ինչն ինքը կաներ, եթե մերժված լինելու սարսափը չհետապնդեր իրեն։

Երբ ինչ-որ մեկը Ձեզ մերժում է, դա ավելի շատ խոսում է տվյալ մարդու մասին, քան Ձեր մարդկային որակների մասին, տվյալ մարդու նախասիրությունների, կյանքի նկատմամբ նրա ունեցած հայացքների, քան Ձեր մասին

Ոչ մի մերժում Ձեզ համար դատավճիռ չէ:

Այդ դեպքում հարց է ծագում՝ ինչու ենք այդքան վատ զգում, երբ մեզ մերժում են: Պատճառն այն է, որ մենք հաճախ ընկալում ենք մերժումը՝ որպես հարված մեր «ես»-ին և սկսում ենք մեղադրել ինքներս մեզ այդ մերժման համար:

Ցանկացած պատասխան, որ Դուք ստանում եք այլ մարդկանցից կախված է բազմաթիվ գործոններից, որոնց վրա Դուք ոչ մի տեսակի ազդեցություն չունեք․ օրինակ՝ թե ինչ պայմաններում եք հանդես գալիս Ձեր առաջարկով, երբ եք դա անում և, ամենակարևորը՝ ում եք ուղղում այդ առաջարկը:

Հաջողակ մարդիկ. Գալիլեո Գալիլեյ


Այն մարդիկ, ովքեր տարբեր ժամանակներում հաջողության են հասել, գիտակցել են, որ մերժումը ժամանակավոր է և իրավիճակից բխող: Ամենակարևորը, այդ մարդիկ չեն համարել որևէ մերժում վերջնական վճիռ իրենց հնարավորությունների և կարողությունների վերաբերյալ:

Երբ Ձեզ մերժում են, դա կարող է նաև վկայություն լինել առ այն, որ Ձեր գաղափարն իսկապես արտասովոր է: Եկե՛ք չմոռանանք, Գալիլեո Գալիլեյի գաղափարը, որ երկիրը պտտվում է արեգակի շուրջ և ոչ հակառակը: Այս և շատ այլ գաղափարներ պարզապես չեն ընդունվել ժամանակակիցների կողմից, բայց դա չի նշանակում, որ դրանք արժանի գաղափարներ չէին:


Առողջ ինքնագնահատական

Այսպիսով, ամեն անգամ, երբ ցանկանաք որևէ գաղափար ներկայացնել կամ առաջարկ անել ինչ-որ մեկին, իսկ Ձեր էգոն գլուխ բարձրացնի և սկսի ամեն տեսակի սցենարներ մշակել առ այն, թե ինքան ցավոտ է լինելու մերժում ստանալու պահը, հիշեցրե՛ք ինքներդ Ձեզ, որ այն, ինչ զգում եք, նորմալ է ու մարդկային, միևնույն ժամանակ Ձեզ հետ ոչ մի լուրջ բան չի պատահի, եթե հանկարծ ինչ-որ մեկը Ձեզ մերժի:

Լինե՛նք գիտակից և ընդունե՛նք այն փաստը, որ յուրաքանչյուր մարդ ունի սեփական կարծիքը ունենալու և որոշ դեպքերում մեզ մերժելու իրավունք: Միևնույն ժամանակ լինե՛նք գիտակից այն հարցում, որ մեզանից յուրաքանչյուրը ունի իր գաղափարները, մտքերը այլ մարդկանց ներկայացնելու իրավունք: Եվ մեր բարոյական պարտքն է աշխարհի ու մարդկության նկատմամբ՝ չվախենալ ու կյանքի կոչել այդ մտքերն ու գաղափարները։

Կայզեն TV-ի մասին


Կայզեն TV-ի թողարկումներում Դուք կգտնեք օգտակար խորհուրդներ և պրակտիկ գործիքներ՝ Ձեր նպատակները քայլ առ քայլ իրականություն դարձնելու համար։

Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)

Ձգտե՛ք Կատարելության,

Kaizen Mastery

0 comments
bottom of page