top of page
Search
  • Kaizen Mastery

Ժամանակն է անցյալին հրաժեշտ տալու

Հետաքրքիր և հուզիչ պատմություն

Հուզիչ պատմություն Մոհինի անունով մի սպիտակ վագրի մասին, որին Հնդկաստանի կառավարությունը նվիրում է Միացյալ Նահանգների նախագահ Դուայթ Էյզենհաուերին։

Լայֆ քոուչ Արեւիկ Հայրապետյանն առաջարկում է մի քանի կարևոր դաս սովորել այս հուզիչ պատմությունից:

Կենդանաբանական այգու մշակույթը


20-րդ դարի կեսերին նույնիսկ համեմատաբար զարգացած երկրներում դեռևս ձևավորված չէր կենդանիների հետ` վերջիններիս կարիքներին համապատասխան վարվելու մշակույթը…

Այսպիսով, Մոհինիին տեղադրում են շատ փոքր մակերես ունեցող մի վանդակում։ Հավանաբար պատկերացրիք, թե որքան դաժան վերաբերմունք էր դա վագրի համար, ով բնազդաբար լայնարձակ տարածությունների էր ձգտում։

Մոհինին փակված մնաց այդ վանդակում, և, ինչպես նկատում էին այգու աշխատողներն ու այցելուները, տարիներ շարունակ վագրն անընդհատ առաջ ու հետ էր քայլում իր վանդակախցում։


Հայտնվում է մի բարերար

Տարիներ անց մի բարերար է հայտնվում, ով տեսնելով Մոհինիին՝ իսկապես խղճում է նրան ու ֆինանսական միջոցներ է հատկացնում, որպեսզի կենդանաբանական այգում Մոհինիի համար առավել ընդարձակ կացարան կառուցվի։

Իսկապես, երբ Մոհինիի նոր կացարանը պատրաստ էր, այն շատ նման էր վագրի բնական հաբիթաթին՝ լայնարձակ, ամբողջովին խոտածածկ, շրջապատված ծառերով, փոքրիկ բլուրներով ու քարանձավով, նույնիսկ արհեստական լճակ էր պատրաստվել Մոհինիի համար։

Բոլորը սպասում էին, թե ինչպես է Մոհինին վայելելու իր առաջին վայրկյաններն իրեն այդքան հարազատ միջավայրում։ Սակայն այն, ինչ տեղի ունեցավ, ապշեցրեց բոլորին։

Վանդակախցից դուրս գալով՝ Մոհինին առանձնացավ իր նոր կացարանի մի փոքրիկ անկյունում, իր համար գծեց իր նախկին վանդակախցի չափ տարածք և, շարունակելով առաջ ու հետ քայլել այդ քառակուսի տարածության մեջ, նույնիսկ ուշադրություն չդարձրեց իր շրջապատի գեղեցկությունը։

Մոհինին այսպես էլ ապրեց իր կյանքի մնացած տարիները՝ մինչև մահ։

Երջանիկ լինելու արվեստը


Մի՛ եղեք Մոհինիի նման, մի՛ ապրեք Ձեր կյանքը, ինչպես դա արեց Մոհինին։

Թեև հիմա 2017 թվականն է, կան մարդիկ, ովքեր դեռ ապրում են 1990-ականներում։ Կան մարդիկ, ում կյանքը դեռ ղեկավարվում է այն իրադարձություններով, որոնք տեղի են ունեցել 2004-ին։

Անցյալում ապրելով՝ չեք կարող ապրել ներկայում, էլ ուր մնաց ապագա կերտեք։ Անկախ նրանից՝ ինչպիսի սահմանափակումներ եք ունեցել անցյալում, Դուք ի զորու եք կոտրել այդ շղթաները հենց այսօրվանից։ Պարզապես նայե՛ք Ձեր շուրջը։

Եթե իսկապես անկեղծ լինեք ինքներդ Ձեզ հետ, Դուք հիմա էլ այն վանդակում չեք, որում առաջ էիք։ Եվ եթե ուժեղ գտնվեք, ապա կխոստովանեք, որ ինքներդ եք ստեղծել Ձեզ համար արհեստական մի վանդակ, որի մեջ սպանում եք Ձեր կյանքի լավագույն տարիները։

Մի՛ սահմանափակեք Ձեր կյանքը, Ձեր հնարավորությունները, այլապես անկախ նրանից, թե որքան հնարավորություններ կան Ձեր շուրջը, Դուք մեկ է մինչև Ձեր կյանքի վերջին օրերը փակված եք մնալու այն վանդակում, որն ինքներդ եք Ձեզ համար հորինել։


Կայզեն TV-ի մասին

Կայզեն TV-ի թողարկումներում Դուք կգտնեք օգտակար խորհուրդներ և պրակտիկ գործիքներ՝ Ձեր նպատակները քայլ առ քայլ իրականություն դարձնելու համար։

Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նոր նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)

Ձգտե՛ք Կատարելության,

Kaizen Mastery

0 comments
bottom of page