top of page
Search
  • Kaizen Mastery

Ինչպե՞ս հավատարիմ լինել ինքդ քեզ, արժեքներիդ ու ներքին ձայնիդ

ԿայզենTV-ի այսօրվա թողարկմանը լայֆ քոուչ Արևիկ Հայրապետյանը խոսում է կոնֆորմիզմի կամ հայերեն ասած՝ հարմարվողականության մասին:

Երբևէ եղե՞լ է Ձեզ հետ այնպիսի մի դեպք, երբ Դուք չեք ուզել որևէ բան անել, բայց շրջապատող մարդկանց ճնշումների ազդեցության տակ կամ գուցե նրանց հավանությանը արժանանալու նպատակով՝ արել եք այդ բանը, թեև հոգու խորքում հասկանում էիք, որ դավաճանում եք ինքներդ Ձեզ ու Ձեր արժեքներին:

Վստահ ենք՝ նման իրավիճակում Դուք հաստատ հայտնվել եք ու հավանաբար ավելին, քան մեկ անգամ:


Երեխայի դաստիարակություն

Չէ՞ որ մեզ բոլորիս փոքրուց սովորեցնում են, նույնիսկ պարտադրում են լինել, ինչպես մյուսները, մտածել, ինչպես մյուսները, պահել մեզ այնպես, ինչպես մյուսները և այդպես շարունակ:

Դրան գումարած մեզ անընդհատ հիշեցնում են, որ եթե հանկարծ չլինենք այնպիսին, ինչպիսին ուրիշներն են, եթե փորձ կատարենք տարբերվել մեր հասակակիցներից, ապա մեզանից երես կթեքեն, մեզ այլևս չեն սիրի ու մենք պարզապես մենակ կմնանք:

Կաթիլ առ կաթիլ այդ խոսքերը սպանում եմ մեր մեջ ինքնատիպ լինելու, ինքներս մեր արժեքներին, մեր ներքին ձայնին հետևելու ցանկությունը, և մենք սկսում ենք մեր գողտրիկ տեղը փնտրել մեծամասնության ապաստանում, ամբոխի մեջ:


Հարմարվողականություն կամ կոնֆորմիզմ

Այո՛, հարմարվողականությունը ինչ-որ պահերի կարող է մեզ ապահովության զգացում տալ, կարող է մեզ ապահովագրել այլ մարդկանց առջև խոցելի դառնալուց, բայց երկարաժամկետ տեսանկյունից հարմարվողականությունը մեզ թշվառ է դարձնում և թույլ չի տալիս ապրել լիարժեք կյանքով:

Ահա թե ինչու այդքա~ն կարևոր է, որ մեզանից յուրաքանչյուրն իր մեջ քաջություն գտնի լսելու իր ներքին ձայնին, լինելու ինքնատիպ ու ապրելու սեփական արժեքներին համահունչ:


Հավատարի՛մ եղիր ինքդ քեզ և արժեքներիդ

Այո՛, ուրիշներին կրկնօրինակելը շա՜տ հեշտ է, մինչդեռ ինքդ քեզ հավատարիմ մնալը մեծ քաջություն է պահանջում: Ձեր յուրօրինակությունն արտահայտելու ճանապարհին լինելու են մարդիկ, ովքեր Ձեզ պարզապես չեն հասկանալու։ Նրանցից ոմանք Ձեզ դաժանորեն քննադատելու են, ոմանք էլ ծիծաղելու են Ձեզ վրա։

Ոչ թե այն պատճառով, որ այդ մարդիկ վատն են, պարզապես այդ մարդիկ իրենց մեջ քաջություն չեն գտել՝ սեփական յուրօրինակությունն արտահայտելու։ Եվ նրանց մեծ ցավ է պատճառում տեսնել, որ մեկ ուրիշն անում է դա՝ անկախ ամեն ինչից։

Դրա համար պատրա՛ստ եղեք, որ միշտ էլ գտնվելու են մարդիկ, ովքեր բացասաբար են վերաբերվելու Ձեզ ամեն անգամ, երբ արտահայտեք այն, ինչ իրականում Ձերն է, այն, ինչ իրականում Դուք եք:

Բայց դրան զուգահեռ պատրա՛ստ եղեք, որ Ձեր յուրօրինակությունը արտահայտելով՝ Դուք հիացմունք եք արթնացնելու շատ մարդկանց մոտ, Դուք ոգեշնչելու եք և օրինակ եք ծառայելու այլ մարդկանց համար՝ լինել ինքնատիպ, լինել յուրօրինակ ու ապրել սեփական արժեքներին համահունչ:


Հետաքրքիր պատմություն. ներկի՛ր ինքդ

Լայֆ քոուչ Արևիկ Հայրապետյանը կիսվում է մի պատմությամբ, որը գեղեցիկ ձևով արտահայտում է այս գաղափարը: Այսպիսով, ծնողները իրենց փոքրիկ աղջկան նվիրում են «Ներկի՛ր ինքդ» նկարների գիրք: Երբ ծնողները տեսնում են, որ երեխան չի արտատպում բնօրինակի գույները, այլ իր նախընտրած գույներով է ներկում նկարները, ծնողները հարցնում են. «Ինչու՞ բնօրինակի գույները չես օգտագործում», իսկ փոքրիկ աղջիկը պատասխանում է. «Ես իմ գույներով եմ ներկում, քանի որ սա իմ նկարն է»:

Գուցե ինչ-որ մարդիկ մեկնաբանեն այս պատասխանը որպես երեխայի քմահաճույք, բայց Արևիկ Հայրապետյանի կարծիքով մեծ իմաստություն կա երեխայի պատասխանի մեջ:

Ընտրի՛ր կյանքի քո գույները


Նա հիշեցնում է բոլորիս, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է քաջություն ունենա ընտրելու այն գույները, որոնցով ցանկանում է ներկել իր կյանքը, նույնիսկ եթե այդ գույները տարբերվում են շրջապատի մարդկանց նախընտրած գույներից, մեզանից յուրաքանչյուրը պետք է քաջություն ունենա ընտրելու սեփական ճանապարհը կյանքում և արժանապատվորեն անցնել այն:

Շա~տ հետաքրքիր է իմանալ, թե ինչ ճանապարհ եք Դուք ընտրել Ձեր կյանքում, ընտրել եք հարմարվել, թե՞ ապրել Ձեր արժեքներին համահունչ: Կիսվե՛ք մեզ հետ Ձեր պատմությամբ, Ձեր մտքերով ու խոհերով այս տեսանյութի մեկնաբանություններում:

 

Կայզեն TV-ի մասին

Շնորհակալ ենք Կայզեն TV-ի այս հաղորդմանը հետևելու համար:

Եթե այն օգտակար էր Ձեզ համար, ապա կիսվեք այս տեսանյութով սոցիալական մեդիայի Ձեր էջերում և բաժանորդագրվեք մեր ալիքին:

Ուրախ կլինենք իմանալ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ այս տեսանյութի վերաբերյալ: Վստա՛հ գրեք այն: :)

Եվ եթե ուզում եք, որ Ձեր հարցը նույնպես հնչի ԿայզենTV-ի եթերում, ապա ուղարկեք մեզ Ձեր հարցերը նամակի տեսքով Kaizen Mastery ֆեյսբուքյան էջին:

Ձգտե՛ք Կատարելության...

Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտ

0 comments
bottom of page