top of page
Search
  • Arevik Hayrapetyan

Էքստրավերտներ և ինտրովերտներ

Էքստրավերսիա և ինտրովերսիա

էքստրավերսիան և ինտրովերսիան անձի հոգեբանական տեսակներ են, այս տերմինների հեղինակը Կարլ Յունգն է: Շատերն են խոսում էքստրավերսիայի և ինտրովերսիայի մասին ու շատերն են հետաքրքրված արդյոք իրենք էքստրավերտ են, թե ինտրովերտ:


Հարկ է հասկանալ, որ էքստրավերսիան և ինտրովերսիան տեղակայված են սպեկտրի վրա: Թեև կան մարդիկ, ովքեր գտնվում են այդ սպեկտրի մի ծայրին, մյուսները՝ մյուս ծայրին, այդպիսով դրսևորելով ընդգծված ինտրովերսիա կամ էքստրավերսիա, մարդկանց մեծամասնությունը տեղակայված է այդ սպեկտրի միջնամասում: Այսինքն՝ ունենալով մի շարք հատկանիշներ, որոնք Ձեզ դարձնում են էքստրավերտ, այնուամենայնիվ Դուք կարող եք ժամանակ առ ժամանակ դրսևորել ինտրովերտին բնորոշ հատկանիշներ և հակառակը: Մարդկանց մեծամասնությունը դրսևորում է թե՛ էքստրավերսիայի, թե՛ ինտրովերսիայի հատկանիշներ, կախված իրավիճակից ու տվյալ պահի իրենց կարիքներից: Նրանց անվանում են ամբիվերտներ:

էքստրավերտներ


Թեև ժամանակակից աշխարհում էքստրավերտները շատ ավելի են գնահատվում, հարկ է իմանալ, որ անձի հոգեբանական այս տեսակներից ոչ մեկը ավելի լավը կամ վատը չէ: Ամեն տեսակն ունի իր դրական ու բացասական կողմերը, յուրաքանչյուրն իր հետ բերում է հնարավորություններ ու սահմանափակումներ: Իմանալով Ձեր հակումները՝ Դուք հնարավորություն կունենաք կատարել ճիշտ որոշում Ձեր մասնագիտության և Ձեզ շրջապատող մարդկանց ընտրության հարցում:


Էքստրավերտները լիցքավորվում են սոցիալական շփումներից, նրանք «ասող-խոսող» են, սիրում են խոսել ամեն ինչի մասին (երբեմն էլ կարող են տարվել բամբասելով), հեշտ են իրենց գտնում նոր միջավայրում ու ընկերանում մարդկանց հետ, սիրում են թիմային աշխատանքը: Նրանք ունեն զանազան հետաքրքրություններ և հաղորդակցման լավ հմտություններ: Էքստրավերտները սիրում են սովորել՝ ինչ-որ բան անելով, սխալվելով ու նորից փորձելով: Այս ամենը հաշվի առնելով՝ կարող ենք նշել, որ էքստրավերտներին առավել համապատասխանում են այնպիսի մասնագիտություններ, որոնք ենթադրում են մարդկանց հետ շարունակական շփում, հաղորդակցում, ճամփորդություններ ու նոր արկածներ:

Էքստրավերտներին կարող են խանգարել հետևյալ հատկանիշները՝ նրանք երբեմն կարող են չափից շատ տարվել ուշադրության կենտրոնում լինելու մտքով, նրանց համար դժվար է կենտրոնանալը, նրանք հեշտ են շեղվում: Էքստրավերտները ավելի շատ խոսում են, քան լսում, երբեմն կարող են չմտածված բաներ ասել, նույնիսկ ռիսկային քայլերի դիմել:


Էքստրավերտներին բնորոշ կարևորագույն հատկանիշն այն է, որ նրանք չեն սիրում ու չեն կարողանում մենակ մնալ, կարիք ունեն անընդհատ մարդկանցով շրջապատված լինելու, անընդհատ նոր ինֆորմացիա ստանալու, անընդհատ նոր բաներ փորձելու և նոր տեղեր գնալու: Այդ ամենի պակասը բերում է ներքին անհանգստության, ինչից նրանք փորձում են ամեն կերպ փախչել: Փոխաբերաբար ասած՝ Էքստրավերտների մեջ կա մի հսկայական դատարկություն, որը նրանք ցանկանում են լցնել, նրանց թվում է, թե այն, ինչ կա իրենց ներսում բավարար չէ, հետաքրքիր չէ, դրա համար նրանք կարիք ունեն արտաքին ազդակների՝ սեփական կյանքը լցնելու համար:


Անձնական կյանքում էքստրավերտները կարիք ունեն ստեղծել հարաբերություններ այնպիսի մարդկանց հետ, ովքեր ընդունում և հարգում են նրանց անհատականության յուրահատկությունները:


Ինտրովերտներ


Ինտրովերսիան անձի հոգեբանական տեսակ է. ինտրովերտը նախընտրում է կենտրոնանալ իր սեփական ներաշխարհի, իր մտքերի ու զգացմունքների, այլ ոչ թե արտաքին աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Ի տարբերություն էքստրավերտների՝ ինտրովերտները սպառվում են սոցիալական շփումներից. մեծ հավաքույթներին մասնակցելուց հետո ինտրովերտները կարիք ունեն միայնակ մնալու, որպեսզի վերալիցքավորվեն ու վերագտնեն իրենց բալանսը: Ինտրովերտը կնախընտրի մնալ տանը և գիրք կարդալ, մենակ ժամանակ անցկացնել բնության գրկում, քան թե գնալ ինչ-որ մեծ հավաքույթի մասնակցելու:

Ինտրովերտները առավել զգայուն են. բարձր երաժշտությունը, աղմկոտ աշխատանքային միջավայրը քամում են նրանց: Ի տարբերություն էքստրավերտի՝ ինտրովերտը շատ ավելի մեծ քանակով ինֆորմացիա է ստանում արտաքին աշխարհից, ահա թե ինչու նա կարիք ունի «մարսելու» այդ ինֆորմացիան, որպեսզի չհեղդվի այդ ինֆորմացիայի հորձանուտում:


Քանի որ ինտրովերտները սոցիալական շփումների ժամանակ շատ էներգիա են սպառում, նրանք նախընտրում են մոտ ընկերների հետ շփումը, այլ ոչ թե անընդհատ նոր մարդկանց հետ ծանոթանալը: Նրանք չեն բավարարվում մարդուն մակերեսայնորեն ճանաչելով, դրա փոխարեն նախընտրում են խորը, իմաստալից հարաբերություններ ստեղծել մի քանի հոգու հետ:


Ինտրովերտները համեմատաբար զուսպ են և քչախոս, ավելի շատ են լսում, քան խոսում, բայց դա չպետք է շփոթել ամաչկոտության հետ, նրանք պարզապես սիրում են նպատակային օգտագործել իրենց էներգիան ու չեն սիրում անկարևոր խոսակցությունների վրա ժամանակ ծախսել: Նրանք սիրում են իմաստալից զրույցներ ունենալ մտերիմ մարդկանց հետ:


Ինտրովերտները ունեն ինքնագիտակցության բարձր մակարդակ, սիրում են զբաղվել ինքնավերլուծությամբ, հասկանալ սեփական հույզերն ու ապրումները: Նրանք սովորում են՝ նայելով, թե ուրիշները ինչպես են անում ինչ-որ գործողություն, մինչև կլինեն բավականաչափ ինքնավստահ տվյալ գործողությունն ինքնուրույն անելու համար: Քանի որ նրանք սիրում են մենակ մնալ, նրանց համար առավել հեշտ է կենտրոնանալը, ինչի շնորհիվ առավել լավ են վարպետանում իրենց ընտրած մասնագիտության մեջ:


Ինտրովերտները սիրում են անել այնպիսի աշխատանք, որը ենթադրում է անկախություն և համեմատաբար ավելի քիչ շփում մարդկանց հետ: Օրինակ՝ եթե ինտրովերտն աշխատի հյուրանոցի ընդունարանում կամ որպես վաճառքի մասնագետ, նա միանգամայն կսպառվի:


Էքստրավերտները բնակչության առավել մեծ տոկոսն են կազմում, քան ինտրովերտները: Աշխարհում ամեն 3 էքստրովետրին բաժին է ընկնում 1 ինտրովերտ: Ահա թե ինչու ինտրովերտները երբեմն իրենց չհասկացված են զգում, մտածում են, որ գուցե իրենց հետ ինչ-որ բան այն չէ: Այս ենթադրությունը, իհարկե, իրականությանը չի համապատասխանում:


Ինտրովերտների և էքստրավերտների միջև հարաբերությունները կարող են լի լինել խոչընդոտներով: Օրինակ, էքստրավերտները կարող են չափից շատ ինֆորմացիայով գերծանրաբեռնել ինտրովերտներին, ովքեր իրենց հերթին կարող են անտարբեր մարդու տպավորություն թողնել: Ինտրովերտները չեն սիրում, երբ իրենց շեղում են, էքստրավերտները դրա մեջ խնդիր չեն տեսնում: Ինտրովերտ-էքստրավերտ զույգի մեջ կարող են ծագել կոնֆլիկտներ, քանի որ ինտրովերտը, օրինակ, կարող է նախընտրել օրվա ավարտին ինքն իրենով մենակ մնալ, մինչդեռ էքստրավերտը կարող է նախընտրել ինչ-որ միջոցառման գնալու տարբերակը: Ինտրովերտները խուսափում են կոնֆլիկտներից, էքստրավերտները, հակառակը, առավել հակված են բարձրաձայնել սեփական կարիքները և գնալ ընդհարման:


Պետք չէ տարվել պիտակներով. ինտրովերտը կարող է հանձն առնել էքստրավերտի դրական որակները, իսկ էքստրավերտը՝ ինտրովերտի դրական որակները, և միայն այդ դեպքում անհատը կարող է ապրել լիարժեք կյանքով՝ իմանալով, թե որ իրավիճակում որ հատկանիշը կիրառել՝ ըստ կարիքի:Ինտրովերտների համար ինքնազարգացման հնարավորություն է նախաձեռնել նոր մարդկանց հետ շփվելը: Որքան էլ անհարմարավետ լինի, տվե՛ք Ձեզ հնարավորություն բացահայտել նոր մարդկանց ու նոր հորիզոններ: Էքստրավերտների համար ինքնազարգացման հնարավորություն է մենակ մնալը և սեփական ներաշխարհը բացահայտելը. գրե՛ք Ձեր մտքերը օրագրում, կարդացե՛ք գրքեր, խորհե՛ք, մինչև գործի անցնելը:

 

Շնորհակալ ենք Կայզեն TV-ի այս հաղորդմանը հետևելու համար: Եթե այն օգտակար էր Ձեզ համար, ապա կիսվեք այս տեսանյութով սոցիալական մեդիայի Ձեր էջերում և բաժանորդագրվեք մեր ալիքին:


Ուրախ կլինենք իմանալ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ այս տեսանյութի վերաբերյալ: Վստա՛հ գրեք այն: :) Եվ եթե ուզում եք, որ Ձեր հարցը հնչի և իր պատասխանը ստանա ԿայզենTV-ի եթերում, ապա ուղարկեք մեզ Ձեր հարցերը նամակի տեսքով Kaizen Mastery ֆեյսբուքյան էջին:


Ձգտե՛ք Կատարելության...

Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտ

0 comments
bottom of page